Դումանի Մահուան Շուրջը
Գանձակ, 24 սեպտեմբերի
Վճռւած է Դումանի դիակը տեղափոխել Թիֆլիս և թաղել ազգային Մեծ նահատակ Սիմէօն Զաւարեանի կողքին:
Դիակը Թիֆլիս կը հասնի շաբաթ երեկոյեան և հողին կը յանձնւի կիրակի, սեպտեմբերի 28-ին:
Թաղման և դիակը տեղափոխելու համար կազմակերպւած են յանձնաժողովներ՝ Բագւում և Թիֆլիսում:
Վճռւած է ոչ մի պսակ չդնել և հրաւիրել միայն մի քահանայ:
«Հորիզոն», Թիֆլիս. 1914 Թիւ 214 |
«Այն բնակարանը որտեղ դրուած էր Նիկոլի դիակը, մի սրբատեղի էր դարձել նրանց համար, որոնց համար միայն ապրում էր Նիկոլը: Երբ յայտնի եղաւ որ դիակը Թիֆլիս է տարուելո, վաղ առաւօտուանից նրան պաշտողները, գլխաւորապէս գործարանների և հանքերի բանուորները, խումբ խումբ գալի սէին վերջին հրաժեշտը տալու իրենց պաշտելի Նիկոլին: Կէսօրին մօտ արդէն հաւաքւում է հասարակութիւնը և ժամը 4ի մօտ- երբ կարճ աղօթքից յետոյ դուրս հանուեց դիակը, Ստանիսլաւսկայա փողոցը լեցուած էր հազարաւոր գլխիկոր ամբոխով: Դիակը դուրս բերեցին և մինչև երկաթուղու կայարանը տարան ուսերի վրայ բանուորները և հանգուցեալի ընկերները: Որոշուած էր ո՛չ պսակներ դնել, ո՛չ էլ ճառեր ասել: Դագաղը միայն ծածկուած էր թարմ ծաղիկներով, իսկ առջևից երկու բանուորներ տանում էին երկու ծաղկեալ խաչ: Յուղարկաւորութեան մասնակցում էին տեղական և գլխաւորապէս հանքային մտաւորականներից շատերը, կանայք և օրիորդներ, հանգուցեալի ընկերները և համակրողները: Ժամը չորս ու կէսին դագաղը հասաւ կայարանը և տեղաւորուեց ու կնքուեց յատուկ վակոնում. Իսկ ժամը 6ին Թիֆլիսի գնացքը մեկնեցաւ»:
Դումանի Մահուան Շուրջը
Դումանի մարմինը Թիֆլիս կը հասնի այսօր, շաբաթ կէսօրին: Ճաշից յետոյ ժամը 4-ին դագաղը կը տեղափոխուի Վանքի աւագ եկեղեցին: Թափորը կանցնի Վոգզալնի, Ելիզաւետինսկի և Վարանցովի փողոցներով:
Դումանի Թաղումը
Կիրակի, սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցաւ Նիկօլ-Դումանի թաղումը: Առաւօտից երկսեռ մեծ բազմութիւն լցւեց Վանքի աւագ եկեղեցին, որտեղ թեմիս առաջնորդ Մեսրոպ եպ. ներկայութեամբ տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ: Թէ՛ եկեղեցում և թէ՛ բակում ժողովրդի մէջ կարգ էին պահպանում թաղման կարգադրիչ մասնաժողովի անդամները և ոստիկանութիւնը: Պատարագի ժամանակ Մեսրոպ եպ. մի զգացւած քարոզ խօսեց, ասելով, որ Դումանը այն հազւագիւտ անձերից մէկն էր, որը իր ամբողջ կեանքը նւիրել էր հայ ժողովրդի ազատագրման գործին: Սրբազանը չկարողացաւ վերջացնել իր քարոզը. արցունքները խեղդեցին նրան:
Պատարագից յետոյ սկսւեց յուղարկաւորութիւնը դէպի Խոջիվանքի գերեզմանատունը: Սովորական թափոր չէր այդ թաղումը: Դագաղի առջևից լուռ, առանց եկեղեցական երգերի, գնում էին երկու քահանաներ. դագաղին հետևում էին հանգուցեալի հարազատները, թաղման ներկայացուցիչները, ապա բազմամարդ ժողովուրդը: Պսակների փոխարէն դագաղի վրայ դրւած էին թարմ ծաղիկների փունջեր: Դագաղի առջևից տանում էին նոյնպէս թարմ ծաղիկներից և ոստերից հիւսւած երկու խաչեր: Կարգը պահպանելու համար դագաղի շուրջը շղթայ էր կազմւած:
Յուղարկաւորութիւնը անցնելով Ռուսսկայա փողոցով, Մուխրանեան կամուրջով, Ցիցիանովի վերելքով, Հաւլաբարի հրապարակով՝ հասաւ Խոջիվանքի գերեզմանատուն, որտեղ Նիկօլ-Դումանի մարմինը թաղւեց Ս. Զաւարեանի գերեզմանի կողքին: Թաղումը վերջանալուց յետոյ ժողովուրդը դեռ երկար ժամանակ չէր հեռանում Զաւարեանի գերեզմանի կողքին բարձրացած այդ նոր շիրմից:
Թաղմանը պատգամաւորներ էին եկել:
Աղաջանեան Գ., Արզումանեան Վ., Ամիրեան Թ., Առաքելեան Ա., Բաբաքեխեան Ն., Շահբազեան Աւ., Գրիգորեան Դ., Գիւլխանդանեան., Թաղիանոսեան Ա., Խզմալեան Թ., Կարապետեան Ա., Կարճիկեան Խ., Ղազարեան Գ., Ղազարեան Ա., Ղահրամանեան Ա., Խէչօ., բժ. Մանդինեան., Յովհաննիսեան Տ., Քալանթարեան Լ., Ռոստոմեան Դ., Օհանջանեան Ս., Ջամալեան Ա. ., Նիկ. Աղբալեան և Մարտ. Յարութիւնեան: