Երբ բռնկւում է պատերազմը – զօրաբանակը պատերազմական ոտքի վերա է դրւում, այսինքն՝ ենթարկւում է մօբիլիզացիայի:
Սխալ է սակայն կարծելը, որ միայն զօրաբանակը պիտի ենթարկւի մօբիլիզացիայի:
Մեր հայրենիքի ծանր կացութիւնը, նրան սպառնացող մեծամեծ վտանգները և մեր առաջ դրւած բարձր նպատակները հայրենիքի վերաշինութեան, այն հայրենիքի, որ պիղծ ձեռքերով մեր արիւնարբու թշնամուց նորից ու անվերջ քանդւում է, անհրաժեշտօրէն ստիպում է մեզ, որ ողջ ազգը՝ մեծից մինչև փոքրը, այր, կին, տղայ –
Ենթարկւի մօբիլիզացիայի, որպէսզի ոչ թէ միայն մի կամք դառնանք, բոլորս, այլ և Մի ուժեղ բռունցք:
Երբ այդ ուժեղ բռունցքը մենք ունենանք, այնուհետև մեր յաղթութիւնը ապահովւած է:
Ուրեմն մենք պէտք է ընդունենք իբր փաստ, որ մենք բոլորս – Ենթարկւած ենք մօբիլիզացիայի և կազմում ենք մի բուռնցք:
Ուրեմն մենք բոլորս միասին և ամեն մէկը առանձնապէս պիտի ուժեղ թափով ջանան ազատակամ մեր կառավարութեան օգնութեան գալ ամեն մի պարագայում, ամեն մի րոպէ:
Միակ գուցէ ճանապարհը այդ օգնութեան մեծ չափերով կլինի՝ Մաքրութեան ճանապարհը:
Մենք այնքան խորը ցըցւել ենք արատների կեղտի մէջ, մենք այնքան շատ ապականւել ենք որ անհրաժեշտ է մեզ բոլորիս մաքրւել – ի մեղաց...
Զորն ասեմ, կամ զորն խոստովանեմ...
Որովհետև մի բռունցք կդառնայ միայն մեղքերից, արատներից ու կեղտերից մաքրւած հայութիւնը...
Եւ միայն այդպիսի հայութիւնը կյաղթէ այսօր, պիտի յաղթէ վաղը և ձեռք բերէ մեր աւետեաց երկիրը, այն միացեալ, անկախ Հայաստանը, որ ցնորքից, երազից, այսօր կամաց կամաց իրականանլու վրայ է, բայց դեռ իրականացած չէ, որովհետև չէ ստացել ոսկր, մարմին–
Մենք շատ հետևել ենք նրա իրականացման դե ֆակտօ և դէ ժուրէ, բայց այդ հարկաւոր ոսկրը և մարմինը դեռ չկայ, թէև մեզանից և միայն մեզանից կաւած նրանց տալը...
Եւ վերջապէս բարեպատեհ ժամը հասաւ: Սակայն պէտք է մօտենալ, առնել, ստանալ մաքուր ձեռքերով, մաքուր, սրտով, մաքուր խղճով: