13 September, 2022

Ջարդարարն եւ Նրա Պատուհասումը

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Անցեալ անգամ պատմեցինք ջարդի մասին, որին ենթարկուել էր, 1904 Յուլիս 16ին (հին տոմարով), Օլթիի մերձակայքում, մեր հայդուկների խումբը: Ջարդը տեղի ունեցաւ թրքական հողի վրայ, ռուս-տաճկական սահմանագլխից երկու ու կէս կիլոմետր անդին. բայց ջարդողները ռուսերն եղան, չնայած որ հայդուկները ասպարէզ էին իջել՝ հայութեան վաղեմի թշնամի դէմ կռուելու նպատակով:

Խումբը բնաջնջուեց: Խաւարեց արեւը հայրենասէր հայ երիտասարդների մատաղ կեանքի: Եւ մռայլ լռութիւնն իջաւ նրանց դիակների վրայ: Բայց ջարդողները դրանով չգոհացան: Ողբերգութիւնը տակաւին չէր լրացել: Դրա առաջին արարն էր միայն վերջացել. ու պիտի սկսուէր նաեւ երկրորդը՝ առաջինից աւելի սարսռազդեցիկ, աւելի՛ քսմնտելի:

Բըկով ազգանունով ռուս գնդապետը, որ Օլթիի շրջանի սահմանապահ ռուս զօրամասի հրամանատարն էր, հրամայում է սրախողխող անել այն վեց վիրաւոր հայդուկներին, որոնք թողնուել էին անպաշտպան: Կազակները, որ ամենայն հանգստութեմաբ գնդակահարել էին 27 հոգու, դրանց մէջ նաեւ խեղճ քահանային, միեւնոյն անգթութեամբ կոտորում են նմանապէս վիրաւորներին:

Բըկովի հրամանի հիմքում չկար եւ չէր կարող լինել իրաւական որեւէ պատճառաբանութիւն, որով կարելի լինէր գէթ ձեւականօրէն արդարացնել ջարդը: Միջազգային տարրական ըմբռնումներով՝ անձեռնմխելի են մնում վիրաւորները, միեւնոյնն է՝ դրանք պատերազմիկներ են եղել թէ մասնաւոր մի կռուի մարտիկներ: Ընդհակառակը, թշնամի կողմերից իւրաքանչիւրը վիրաւորներին իր խնամքի տակն է առնում, նրանց տալիս պատսպարան ու բժշկութիւն: Այսպէ՛ս է սովորութիւնը, բարոյական-մարդկային օրէնքը, պատշաճութիւնը:

Սակայն, մարդկութիւն ու խիղճ արժէք չէին ունեցել գնդապետ Բըկովի հասկացողութեամբ: Նրա համար կարեւորը՝ խումբը ջարդելն էր. եւ ջարդել այն «պարզ» պատճառով, որ խումբը հայերից, հայ յեղափոխականներից կազմուած մի հաւաքականութիւն էր:

Կազակներից մէկը, որ գործօն կերպով մասնակցել էր անողորմ ջարդին, իր ընկերների հետ միատեղ, ջարդից վերջ յիմար ու անասնային յոխորտանքով ասում է.- «Լա՛ւ կոտորեցինք հայերին»:

Բայց իր գոհութիւնն արտայայտելուց յետոյ, նոյն այդ կազակը միամտաբար աւելցնում է.- «Եթէ ահյերը կամենային, մեզանից շատերը հիմա ողջ մնացած չէին լինի: Բանն այն է, որ նրանք չուզեցին կռուել մեր դէմ: Հայերի կողմից եւ ոչ մի գնդակ չարձակուեց մեզ վրայ»:

Իսկ ամենաքսմնտելին ու վրդովեցուցիչը այն էր, որ ջարդարար ռուս գնդապետը հրաւիրում է թուրք սպաներին հանդիսատես ու վկայ լինելու, թէ ինչպէս էին իր զինուորները սուինահար անում վիրաւոր հայերին: Եւ թուրք հիւրերն, անշուշտ, հաճոյքով ու երախտագիտութեամբ ներկայ գնտուեցին խողխողումի անարգ ցուցադրանքին: Արդէն արիւնոտ կռուի վախճանին, երբ հայ մարտիկները, ռուսական տեղատարափ գնդակներից այլեւս յուսալքուած ու ուժասպառ էին եղել, եւ երբ նրանց այդ վիճակը տեսնելով, կազակները, ուռռա՜ կանչում ու սկսում են առաջանայ դէպի հայերը, թուրքերն անդին արձագանգելով ռուսերի կանչերին, իրենք եւ խանդավառուած պոռում են.- «Առը՜շ, պապամ»:

Շատ բնակա՜ն էր այդ արձանագը հայ ֆէդայիների ջարդուելուն ի տես: Քանի որ թուրքը հայութեան երդուեալ թշնամին էր եւ լաւ էլ գիտէր, որ հայ յեղափոխական շարժման նպատակն էր հայութիւնն ազատել թրքական տիրապետութիւնից:

Անբնականն ու անհասկանալին՝ ռուսերի կողմից ցուցադրուած թշնամութիւնն էր: Թուման Թումեան, Որսորդ Գէորգ, Լեւոն Քալանթարեան, Անուշաւան Դիլանեան, Ղազար քահանայ եւ բոլոր միւսները կռուի դաշտն էին իջել մի գործի համար, որը ամենեւին հակառուսական բնոյթ չունէր: Ո՛չ Թորգոմի, ո՛չ Գայլ-Վահանի ու Միհրանի, ո՛չ էլ Նիկօլ Դումանի խմբերը, որոնք արշաւանքի էին ելել 1904ի ամրան, ոչ էլ դրանցից աւելի առաջ այլ եւ այլ տարիներին կազմուած բազմաթիւ խմբերից որեւէ մէկը բնա՜ւ նպատակ ու միտում չէր ունեցել զէնքերնին ռուսերի դէմ դարձնելու:

Բացարձակապէս ճշմարիտ էր Թորգոմի զոյգ պատգամախօսների յայտարարութիւնը, թէ իրենց խմբի հաշիւը միայն եւ միայն թուրքի հետն էր: Բայց եւ այնպէս ռուս Բըկովը անտեսում է այդ ճշմարտութիւնը: Նրան, անշուշտ, ծանօթ էր ռուս-թրքական դարաւոր ու անհաշտ հակառակութիւնը. սակայն, այդ պատմական իրողութիւնն եւս անտեսելով, զտարիւն ռուսը պատրաստ է գտնւում ձեռք մեկնելու հակառակորդ թուրքին, որպէսզի նրա նրա հետ միասին թափի հայերի արիւնը: Նա ռուսերի բարեկամ հայերին աւելի էր ատում փաստօրէն, քան թշնամի թուրքերին:

Գնդապետ Բըկովը բացառութիւն չէր կազմում, որպէս հայատեաց: Ուրիշ շատ ռուս պաշտօնեաներ, զինուորական թէ քաղաքական, մի մի «բըկով»ներ էին հայ ժողովրդի վերաբերմամբ: Բայց այն, որ այդ պաշտօնեաները, ռուս-տիրապետական հովերով տարուած, կ'ուզենային ռուսացնել հայերին՝ թէ լեզուով եւ թէ՛ մանաւանդ դաւանութեամբ, նրանք թշնամի էին առանձնապէս հայ յեղափոխական ձգտումներին: Նրանք, ինքնին արդէն, հակառակ էին իրենց կայսերական գահի դէմ մղուած բոլոր յեղափոխական շարժումներին: Այդ հակառակութեան մէջ, նրանց համար միեւնոյնն էր ռուսազգի՞ թէ այլազգի լինէր յեղափոխականը: Խտրութիւն չէր դրուի քրիտոնեայի ու հեթանոսի միջեւ:

Գնդապետ Բըկովը շատ լաւ գիտէր, որ Օլթիի մերձակայքում թուրք զինուորների հետ կռուի բռնուած հայերին համախմբողն ու զինողը հայ յեղափոխական կազմակերպութիւնն էր: Գիտէր կազմակերպութիւնն էր: Գիտէր նմանապէս, որ հայ երիտասարդները կռուի էին ելնում յանուն յեղափոխութեան, որի նպատակը ոչ այլ ինչ էր, բայց եթէ Հայ ժողովրդի ազգային-քաղաքական ազատութիւնը:

Այդքանն արդէն բաւական էր, որպէսզի մեծ ու պզտիկ բըկովները, իշխան Գօլիցինից սկսած մինչեւ պրիստաւները հալածէին ու ջարդէին հայ հայդուկներին: Օլթիի գաւառապետներն ու գաւառակային ջարդարարը էապէս արեց այն, ինչ որ իրենից առաջ արել էին ուրիշ գնդապետներ թէ հարիւրապետներ՝ Սարգիս Կուկունեանի 1890ի ողբերգական արշաւանքից ի վեր:

Եւ այս հակայեղափոխական ու հայատեաց ռուս գնդապետը, ասես՝ իր կատարած արիւնոտ գործը յաղթականօրէն պսակելու համար, խնջոյք է սարքում թուրք սպաներին ի պատիւ ու բաժակաճառեր է փոխանակում նրանց հետ, երբ ջարդուած հայ մարտիկների մարմինները տակաւին փռուած էին բաց երկնքի տակ: Չէ՞ որ, ասում են, չար ոգիները հաճոյք են զգում մարդկային դիակների վրայ պարելուց՝ հրճուանքի աղաղակներով: Մի չար ոգի էլ՝ Բըկովը:

Հայդուկային խմբի քստմնելի ջարդը յուզում ու վրդովում առաջ բերեց Կովկասի հայութեան մէջ: Կարսի շրջանի հայերն առանձնապէս ազդուեցին, կսկիծ զգացին, որովհետեւ աղէտը տեղի էր ունեցել իրենցից մօտ գտնուող մի վայրում: Օլթին (աւան ու գաւառ) վարչականօրէն պատկանում էր Կարսի նահանգին: Մեծ եղաւ կարսեցիների զգացած վիշտը. բայց աւելի սուր եղաւ անձկութիւնը, որ տիրել էր բոլորին: Անձկութիւն ու անհամբերութիւն այն մասին, թէ ե՞րբ արդեօք պիտի պատժուէր բորենին, որ կործանել էր մեր ուխտեալ հայդուկներին:

Ամէն մարդ հայեացքը սրտատրոփ ուղղել էր դէպի այն Կազմակերպութիւնը, որը միայն կարող էր կամքն ունենալ՝ վրէժխնդիր լինելու, ջարդարար գնդապետին ըստ արժանւոյն պատժելով: Տագնապալից սպասումի մէջ, մարդիկ օրեր ու ժամեր էին համրում, թէ ե՞րբ վերջապէս պիտի հասնէր աւետաբեր լուրը ջարդարարի պատուհասման մասին: Եւ ջերմօրէն աղօթողներ էլ կային, որպէսզի Աստուած զօրութիւն շնորհէր պատուհասելու համար բարձրացած վրէժխնդիր բազուկին:

Զուր չանցան անձկալից ակնկալութիւնները: Լուրը թեւ առած եկաւ ու հրճուանքով լցրեց հայերի սգաւոր սրտերը: Հայդուկների ջարդից մէկ ու կէս ամիս անցած, Օգոստոս 13ին (նոր տոմարով), ահաբեկչի գնդակից գետին է փռւում ոճրագործ գնդապետը:

Մի պաշտօնական հաղորդագրութեան մէջ, որ ատենին հրատարակուած է Հ. Յ. Դաշնակցութեան օրգան «Դրօշակ»ում, այդ ահաբեկումի մասին ասուեց.-

«Ջրաբերդի Կեդրոնական Կոմիտէի վճռով, Օլթի քաղաքում տերորի ենթարկուեցաւ գնդապետ Բըկով, Օլթիի եղեռնագործութեան յայտնի հերոսը: Մահը վայրկենական էր: Տպաւորութիւնը մեծ է ամէն տեղ: Ժողովրդական արդար ցասման արտայայտութիւնն էր այդ եւ անոր վրէժխնդրութեան ծարաւը մասամբ յագեցաւ»: («Ջրաբերդ» պայմանական անունն էր կրում Կարսի շրջանը կուսակցական ներքին յարաբերութիւնների մէջ.- Վ. Վ.):

Ահաբեկիչը կոչւում էր Համօ Ջանփոլադեան, տասնեւութը նոր լրացրած մի երիտասարդ: Մենք Կովկասում շատ ենք ունեցել տերրորիստներ: Իւրաքանչիւրը պատուհասել է հայ մատնիչի եւ կամ հայատեաց մի օտարի՝ ոստիկանական ստորադաս պաշտօնեաներից մինչեւ նահանգապետներ: Բայց մեր ահաբկիչների բազմութեան մէջ Ջանփոլադեան Համօն առաջնակարգերից մէկն է: Նա հանդիսանում է հարազատ, ճշգրիտ արտայայտութիւնը մի մտայնութեան ու մի հոգեբանութեան, որոնք երկուսն էլ հաւասարապէս երեւան էին եկել մեր երիտասարդութեան շարքերում՝ մասնաւորապէս դարիս սկզբները, առաջին տասնամեակին:

Լինելով հարուստ հօր զաւակ Համօն մեծացել էր առատութեան, շռայլութեան մէջ: Շփացած մի պատանի, որին մատչելի են եղած կեանքի բոլոր զուարճութիւնները: Նա շրջապատուած էր կերուխումի, աղմուկի սիրահար հասակակից տղաներով: Շրջապատում էին նաեւ աղջիկները, որոնց համար այնքա՜ն գրաւիչ էր Համոյի սիրուն արտաքինը, ինչպէս եւ հարստութիւնը:

Ռուբէնը, որ մօտէն ծանօթ եղած է Համօ Ջանփոլադեանին, իր հոյակապ յուշերում այսպէս է ներկայացնում նրանք.-

«Գեղեցիկ երիտասարդ մըն էր: Դէմքին վրայ հազիւ աղուամազը բուսած եւ աննշան բարակ պեխեր էր կազմած, կամար յօնքերու նման: Շագանակագոյն աչքերէն վիշտը, սէրն ու կիրքը կը թափէին ու ակամայ կը հմայէին դիմացինը:

Կարծես գարնան ծաղիկ լինէր»:

Պատանի Համօն չունէր նիւթական հոգսեր ու միտքը չէր զբաղեցնում իր ապագային վերաբերեալ հարցերով: Նա ձգտում էլ չունէր տակաւին ճշտորոշելու համար իր կեանքի ապագան: Ո՛չ ինքը եւ ո՛չ էլ ծնողքը չէին իմանում դեռ, թէ նա վերջէն ի՞նչ պիտի առնէր, ի՞նչ սովորէր, ի՞նչ մասնագիտութեան հետեւէր: Անտարբեր ու անփոյթ դէպի ապագան, պատանին շարունակում էր վայելել բարիքները, որ ներկան էր իրեն ընծայում: Նա սիրում էր այդ վայելքները, դրանց անձնատուր լինելով իր պատանեկան առողջ կազմին յատուկ եռանդով ու թափով:

...Եւ մի օր տղայի հոգու մէջ խլրտում է մի զգացում, որ ո՛չ միայն որեւէ առնչութիւն չունէր վայելչասիրական հակումների հետ, այլ եւ դրանց կատարեալ ժխտումն էր: Դա զոհուելու պատրաստակամութեան այն զգացումն էր, որ վարակու մէր մեր երիտասարդութեան հոգիները եւ որ ոչ միայն անհատներ, այլ զանգուածներ էր մղում դէպի զոհարան:

Թիւ ու համրանք չկար երիտասարդների, որոնք ինքնաբերաբար ու գիտակցաբար գնում էին մեռնելու՝ Երկրի Ազատութեան գործի համար: Ի՞նչ ձեւով, ի՞նչ պայմաններում, միա՜յն թէ երթային ու մեռնէին կամ ՄԱՏԱՂՈՒԷԻՆ, ինչպէս Համօն էր ասել ինքն իրա մասին:

Մատաղուելու պատրաստակամութիւնը թռուցիկ մի զգացում չէր, մի պահանջ, որ սուտ էր, անդիմադրելի, անագորոյն: Եւ մեր երիտասարդները գնում էին անվերջանալի շարքերով, որպէսզի մահանուն՝ դէպի Երկրի տանող ուղիներին:

Ուղիներից մին անցնում էր Կարսի շրջանով: Կարս քաղաքը մասնաւորապէս դարձած էր ժամադրավայր ու կեդրոնը, ուր իրար էին հանդիպում յեղափոխական գործիչ ու ֆէդայի: Հոն կարգ էին առնում՝ նրանք՝ հարկաւոր հրահանգները ստանալու համար Ջրաբերդի կուսակցական ներկայացուցչից:

Կարսեցին, ընդհանրապէս հայրենասէր ու հիւրամեծար, իր տան դռները լայնօրէն բաց էր անում «ազգի մարդոց» առջեւ, ինքն էլ պատրաստ ջերմութեամբ աջակցելու յեղափոխական գործին: Ջերմութիւնը բխում էր սրտից, Երկրի մօտիկութիւնից, օդից:

Կարսի ծնունդ էր նաեւ Համօ Ջանփոլադեանը: Եւ շուտով նա էլ հասկացաւ, թէ ոչինչ բաներ են խրախճանքներն ու հաճոյքները՝ համեմատութեամբ գաղափարի, որին հետեւում էին իր նման շատ ուրիշ դեռափթիթ երիտասարդներ: Համօն տեսնում էր այդ տղաներին, վկայ էր լինում նրանց նուիրեալ գործունէութեան: Եւ երբ իր մէջն էլ զգաց նոյն այդ գաղափարի խլրտումը, գնում է Կարսի դաշնակցականների ղեկավարի քով ու յայտնում.-

–Կ'ուզեմ Երկրի անցնել: Ճամբէ զիս առաջին խումբին հետ: Եւ կամ գործ մը տուր ինձ, ուր մեռնիլ կայ:

Ղեկավարը, Ռուբէնի բնորոշումով՝ Հ. Յ. Դաշնակցութեան Կարսի շրջանի տէրն ու տնօրէնը այդ օրերին, Յակոբ Չիլինգարեանն էր. փորձառու, զգուշամիտ մի անձնաւորութիւն: Տարակուսանքով, մի քիչ էլ քամահրանքով է վերաբերում իրեն ծանօթ մեծահարուստի դեղնակտուց զաւակի խնդրանքին եւ խորհուրդ տալիս.- «Դուն տահա չոճուխ ես. վազ անցիր էդ բաներէ»:

«Չոճուխը», սակայն վազ չի անցնում: Միեւնոյն խնդրանք-աղաչանքով դիմում է այնուհետեւ Ռուբէնին, գործիչ Սերգէյին (հետագային Վանայ Արամը), որոնք յաջորդաբար եկել էին Կարս: Շտապում է դիմել մինչեւ իսկ Թուման Թումեանին, լսելով որ նա խումբ էր պատրաստում: Բայց դրանց կողմիցն էլ հանդիպում է միեւնոյն ժխտական վերաբերումի...

Վերջը միայն, երբ տեղի է ունենում խմբի կործանումը եւ Հ. Յ. Դաշնակցութեան վերին մարմինը Թիֆլիզից Կարս է փութացնում ջարդարար Բըկովի ահաբեկումը կազմակերպելու միսսիայով՝ Սեւքարեցի Սաքօին, սրա՛ն եւս անմիջապէս ներկայանում է Համօն՝ միեւնոյն խնդրանքով: Սաքօն տարբեր վերաբերում է ցոյց տալիս, հասկանալով որ պատրաստակամ պատանին ատակ պիտի լինէր գլուխ հանելու ծրագրուած տերրորը: Համօն, որ հայդուկների ջարդի ազդեցութեան տակ խորապէս վրդովուել ու կրակ կտրած վրէժխնդրութեամբ լցուել էր, անվարան յանձն է առնում ահաբեկել ջարդարար գնդապետին:

Եւ շատ չանցած, Համօն փայլուն կերպով ի կատար է ածում ստանձնած տերրորը: Դիւրին գործ չէր Բըկովին զարնելը: Նախատեսելով, որ հայ յեղափոխականները պիտի փորձէին պատժել իրեն, նա ջարդի դէպքից յետոյ զգոյշ ու աչալուրջ էր պահպանում իր անձը, բնակարանը, պաշտօնատեղին: Թիկնապահներով էր երեւում դուրսը, ու այլեւս սակաւ էր յայտնւում փողոցներում կամ հաւաքոյթներին:

Պատանի Համօն, սակայն, աւելի հնարիմաց գտնուելով ու աննման խիզախութիւն երեւան բերելով, ի դերեւ է հանում բորենու բոլոր զգուշութիւնները: Բեկովը սպանւում է իր իսկ բնակարանի մօտերքում: Գետին է տապալւում ահաբեկչի արձակած առաջին իսկ գնդակից: Համօն դրանով չգոհացած, մօտ է գնում ու մի քանի յաւելեալ գնդակներ եւս պարպում դիակնացած սրիկայի վրայ:

Վ. Վալադեան
«Հայրենիք», Պոսթոն
66-րդ Տարի, Թիւ 15,985, 15,986