09 September, 2022

Փեթարցի Մանուկ

Միաժամանակ քաջ ֆէտայի, յեղափոխական ղեկավար և մտաւոր գործիչ, Մանուկը ծնած է Փեթար գիւղը, Մշոյ կողքին: Նախնական ուսումը կառնէ Ս. Յովհաննու վանքը և կաւարտէ Ս. Կարապետի մէջ:

1903 – 904-ին, դեռ պատանի, զէնք վերցնելով իր գիւղացիներէն երկու տասնեակի հետ կը բարձրանայ Սասուն և կը միանայ ապստամբներուն: Կը մասնակցի Սասունի կռիւներուն: Ապստամբութեան զսպումէն յետոյ, կը մնայ Մշոյ դաշտը և իր հայրենի գիւղը, փախստական վիճակի մէջ: Գէորգ Չաւուշի և Կորիւնի Մուշ վերադարձէն յետոյ կը միանայ անոնց խումբին:

Իր անբաժան ընկեր Աբօի և Իսրօի հետ կը յարձակի Մուշ քաղաքի բռնակալ թուրք սպայի մը տան վրան և սպաննելով սպան, կազատէ առևանգւած հայ աղջիկ մը: Կը կատարէ շարք մը տէրօրներ, կը մասնակցի Գոմսի, Գոմերի, Զիաբէթի, Փեթարի, Ղարսի և այլ կռիւներուն: Միշտ անբաժան ընկերներն էր Գէորգ Չաւուշին, իսկ անոր մահէն յետոյ՝ Ռուբէնին և Կորիւնին:

Մինչև Օսմ. Սահմանադրութիւն Մանուկ յայտնի էր իբրև անվախ և անզուգական ֆէտայի: Սահմանադրութենէն յետոյ, կը գործակցի բժիշկ Զաւրիևին և Սիմոն Զաւարեանին: Այլևս ֆէտայի չէր, այլ շրջիկ գործիչ: Կը կազմակերպէ գիւղացիները, կը բանայ դպրոցներ, կը տարածէ թերթ, գրականութիւն, կը հիմնէ գրադարաններ, կը սորվեցնէ շերամաբուծութեան, մեղւաբուծութեան, հրահանգիչը կը դառնայ կրթական ձեռնարկներու: Այս աշխատանքներու համընթաց կը զարգացնէ ժողովուրդի մարտական ոգին:

Ընդհանուր պատերազմին, կուսակցութեան կողմէ նշանակւած էր, իբրև կազմակերպիչ ինքնապաշտպանութեան: Իր կազմակերպած զինական խումբերով կը միանայ ըմբոստացած Սասունին: Իր մէկ ոտքը Մուշի դաշտն էր, միւսը՝ Սասուն: Շարունակական յարձակումներ կընէր դէպի Ղըզըլաղաճ մինչև Մուրատ գետ: Անհաց մնացած Սասունին հաց կը գտնէր և միաժամանակ ջարդւած դաշտի ժողովուրդին բեկորները կը հաւաքէր Սասնոյ լեռները: Ինքն էր, որ Սասուն հաւաքւած բազմութիւնները սովամահութենէ ազատելու համար, արշաւանք կազմակերպեց մինչև հեռաւոր Բարխուշ լեռները Գեալիցիներու և միւսներու հետ և տասնեակ հազարներով ոչխար և տաւար բերաւ թուրքէն ու քիւրտէն: Անոնց միսով էր որ կապրէր Սասուն, առանց հացի և առանց աղի: Սասնոյ ութ ամսւայ բոլոր կռիւներուն մասնակից էր, մանաւանդ հիւսիսի ճակատին վրա: Յուլիս 22-էն յետոյ, երբ Սասունն ինկաւ, ան մնաց նոյն լեռները, գլխաւորապէս Տալւորիկի և հարաւային ծայրերը, բազմաթիւ արկծաներ անցուց իր ընկերներուն հետ մինչև աշուն: Յետոյ, խումբ մը ընկերներու հետ անցաւ Ռուսական բանակը: 1916-ին, դեռ հանգիստ չառած նորէն խումբ մը ընկերներով գնաց Խնուս և այնտեղէն ալ ռուս զօրքին հետ առաջիններէն էր, որ հասաւ Մուշ և Սասուն: Իր նպատակն էր վրէժ լուծել և ազատագրել հայ բեկորները: Երկուքն ալ կատարեց: Մանուկի երևցած տեղը այլևս չեն մնար Թուրքն ու Քիւրտը:

Անողոք էր, արշաւանքներ կը կազմակերպէր թուքր բանակին թիկունքը և հազարաւոր հայ որբեր և կիներ կազատէր գերութենէ: Յանկարծ ռուս բանակը նահանջեց Տաճկահայաստանէն: Մանուկ վերջինն է նահանջողներէն: Բազմաթիւ կռիւներ մղելով, վերջապէս կը հասնի Երևանի առջև,ո ւր կը մասնակցի Սարդարապատի ճակատամարտին, երբ վերջ կը գտնէր նահանջը և հաշտութիւն կը կնքւէր Թուրքերու և Հայերու միջև: Բայց այդ հաշտութիւնը չէր ապահովեր հեռաւոր Տարօնէն եկած ժողովուրդին ապրուստը: Անխոնջ ֆէտային կորոշէ զանոնք ազատել սովէն և տեղաւորել: Կուղևորի իրեն հետևող բազմութեան հետ դէպի Բասարգեչար և Դարալագեազ, այդ կողմերու թաթար ժողովուրդը կը տեղահանէ և անոնց ունեցածով կը կերակրէ Սասունի և Տարօնի ժողովուրդը: Պատկառելի ուժ ունէր ձեռքը: Այդ ուժով կուղղւի դէպի Զանգեզուր, վերջնականօրէն յաղթելով թաթարներուն և տեղահանելով զանոնք: 1918-ին իրեն պաշտօն կը տրւի իր ձեռքին տակ եղած ժողովրդական ուժերով զսպել Ջղինի, Միլիի ձորի թաթարական ապստամբութիւնը: Մանուկ կիյնայ այդ շրջաններու վրա և վերջանականպէս կը յաղթէ: 1920-ին, ան է որ առաջին շարքին վրայ իր հեծեալներով կը խոյանայ դէպի Վէդի և Շարուր: Այդ տեղերու գրաւման յաջողութեան պատիւը պէտք է բաժնել հայկական երկրորդ գունդին և Տարօնի ձիաւորներուն միջև:

Երբ Հայաստանը հանգստացաւ, Տարօնցիները և Սասունցիները գացին տեղաւորւեցան Ալագեազ: Բայց հանգիստը չէր սիրեր Մանուկը: Զայն կը զբաղեցներ Ղարաբաղի Հայաստանի միացման հարցը: Եւ կուղղւի Վարանդա, տեղական ինքնապաշտպանութիւնը կազմակերպելու: Կը մասնակցի Ղարաբաղի կռիւներուն և մեծ յաջողութիւն կունենայ Վարանդայի և Դիզակի գաւառներուն մէջ: Կը վերադառնայ Երևան, կրկին դառնալու մտքով, բաց այդ ժամանակները Կողբի վերագրաւման խնդիրն էր որ պիտի լուծէր: Մանուկ առանց մտիկ ընելու մտերիմներու խորհուրդին, որոնք հանգիստ առնել կը պատւիրէին, «Կողբը որ առնենք կը մօտենանք երկրին», կըսէր և գուխը անցած Սասունի հեծելազօրքին, կարշաւէր դէպի Կողբ:

Կողբը առնւեցաւ և կցւեցաւ Հայաստանի, բայց Մանուկը ինկաւ այդ ճակատամարտին մէջ:

Հայ ժողովուրդը աղի արցունք թափելով և զինւորական մեծ ցոյցերով թաղեց Մանուկը, Երևանի մէջ, Արամի կողքին:

«Դրօշակ» – Նոյեմբեր-Դեկտեմբեր 1929
Թիւ 11-12 (258-259)