08 September, 2022

ՀԱՅԿԱԿ. Ռշտունցի Մուրադ Խաչատրեան (1865-1949)

Վասպուրականի յեղափոխական աւագ սերունդի վերջին շառաւիղներիցն էր ընկեր Հաջի Մուրադ Խաչատրեանը, որ բազմավաստակ եւ հայրենիքից վտարանդի իր կեանքը աւարտեց, անցաւ յաւիտենութեան գիրկը Սեպտեմբեր 8-ին, հիւրընկալ Իրանի մայրաքաղաք Թեհրանում:

Հանգուցեալ Մուրադը Հ. Յ. Դաշնակցութեան հաւատարիմ զինուորագրեալներից էր, Հայկակ ծածկանունով: Յեղափոխութեան գաղափարին եւ դրօշին անձնազոհ, նուիրուած եւ խոնարհ պահակը եղաւ իր երիտասարդ տարիքից: Նա սպասարկուն եղաւ հայ ժողովուրդին եւ նրա սրտից ծնած մայր կազմակերպութեան՝ Դաշնակցութեան, թէ՛ Վասպուրականում, թէ՛ Արարատեան աշխարհում եւ թէ Իրանում, մինչեւ իր պատկառելի տարիքը: 84 տարեկան հասակին մէջ բաժանուեց մեզանից, տանելով իր հետ մեր կուսակցութեան թանկագին գնահատանքը ու խոր վիշտը իր գաղափարակից ընկերների, տարեց թէ երիտասարդ, քանի որ նա եւս իր աչքերը փակեց իբրեւ վտարանդի, օտար երկինքների տակ, կարօտանքը ունենալով վերջին հանգիստը առնել Ռշտունեաց աշխարհի սուրբ հողի մէջ, հայրենի լճի ափին...

Հաջի Մուրադ Խաչատրեան ծնած էր 1865 թուին Վասպուրականի Գաւաշ գաւառի Նոր Գիւղ աւանում: Նա գիւղի բարեկեցիկ հողագործ ընտանիքի զաւակ էր: Իր մանկութիւնը անց է կացնում իր ծննդավայր գիւղում, գեղջկական պայմաններում: Մանուկ Մուրադը իր տարեկիցներից տարբերւում է նրանով, որ սէր ունէր գրագէտ մարդ դառնալու իրենց գաւառում: Գիւղում սովորում է տարրական գրաճանաչութիւնը, յետոյ ծնողները ուղարկում են նրան Նարեկ գիւղը, որի պատմական Նարեկայ վանքում կար գիւղական տիպի մի ուսումնարան: Այս ուսումնարանում չորս տարի մնալով՝ վարժ գրել կարդալ է սովորում Յովհաննէս քահանայ վարժապետի խնամքի տակ, ձեռք բերում ժամանակակից պայմանների համաձայն հայեցի դաստիարակութիւն և աւելի լայն պատրաստութիւն:

Մուրադի պատանեկան տարիներին ողջ Վասպուրականը բոլորում էր համաժողովրդական մշակութային – յեղափոխական զարթօնքի մի նոր շրջան, երբ արծուեբոյն Վարագի վանահօր՝ Խրիմեանի քարոզները, տպագրական մամուլի գոյութիւնը, «Արծուի Վասպուրականի»ի հրատարակութիւնը, Վարագայ դպրոցը իր նոր շունչով, նոր եւ ժողովրդական գործիչներով ստեղծել էին ոգեւորութեան եւ յառաջդիմութեան մի գրաւիչ շրջան, կենդանի արձագանգներով մինչեւ հայ աշխարհի այլ վայրերի ժողովրդական զանգուածները: Բալքանեան ազգերի ազատագրումով ուրուագծւում էր Արեւմտեան Հայաստանի մօտալուտ փրկութիւնը օսմանեան դարաւոր բռնակալ լուծից: Հայ Յեղափոխութեան մեծ տեսանողը՝ «Կայծեր»ի սերմնացան Րաֆֆին ուղեւորւում էր Վասպուրական – Տարօնի ճամբին այցելում Ռշտունեաց երկիրը, Աղթամարի քառաժայռից հնչեցնում «Ձայն տուր, ով ծովակ»ը, փոթորկայոյզ ալեկոծում համայն հայութեան ներաշխարհը: Ահա վերազարթումի այս շրջանում մեր գեղջուկ Մուրադը իր հոգու եւ մտքի վրայ կը զգայ ազդեցութիւնը այս բոլորի, ձգտելով նուիրուել ժողովրդին եւ զինուոր դառնալ նրա ազատագրութեան սրբազան գործին:

Նա կանգնած էր այս մեծ ուղիի վրայ եւ որոնում էր միջոցներ՝ ծառայելու ազգին եւ հայրենիքին:

Այս որոնումները նրան դուրս բերին Ռշտունիքից, նա ուղեւորուեց Պոլիս, որ, Ազգ. Սահմանադրութեան շրջանից սկսած, արեւմտահայութեան մտաւոր կեանքին տուն տուող կեդրոնն էր:

Մուրադը, նոր թեւակոխած 21 տարիքի մէջ, 1886 թ. կ'ուղեւորուի Պոլիս, կրում այս կէս եւրոպական, կէս ասիական միջավայրի եւ այնտեղ եռացող հայ կեանքի ազդեցութիւնը:

1889 թ. նա անցնում է Երուսաղէմ, հայոց Մայրավանքը, ուխտից աւելի՝ հայ ժողովրդի մեծ աքսորական Խրիմեանին տեսնելու փափաքով, լսելու նրա կենդանի խօսքը, հետեւելու նրա մատնանշած ուղիին: Մուրադը այնտեղ հմայւում է Խրիմեանով, ինչպէս ինքը յաճախ արտայայտում էր մեծ պատկառանքով: Երկու տարու չափ ապրում է Երուսաղէմում, ուր ինքնաշխատութեամբ հարստացնում է իր ունեցած մտաւոր պաշարը: Այնտեղ շփում է ունենում քաղաքական աքսորական յայտնի Մարկոս Նաթանեանի եւ հնչակեան Յակոբ Մեղաւորեանի հետ: Այս վերջնոյն հետ իր ծանօթութիւնը Մուրադի մէջ ստեղծում է տրամադրութիւն հնչակեան կազմակերպութեան շարքերը մտնելու եւ ծառայելու իր ժողովրդին:

Այս հակամիտութեամբ համակուած 1893 թ. Երուսաղէմից վերադառնում է Պոլիս եւ այնտեղից ուղեւորւում իր ծննդավայրը՝ Ռշտունիք:

Այդ տարիներից Հ. Յ. Դաշնակցութեան անդրանիկ գործիչ առաքեալ Պետօն Վանի մէջ իր խոհեմ եւ մեղուաջան աշխատանքով հիմք դրած էր Վասպուրականի Դաշնակցական կազմակերպութեան: Խանդավառ գործիչների եւ երիտասարդների մի հոյլ լծուած էր կենդանի գործին, թէ՛ Վան քաղաքում եւ թէ Վասպուրականի լեռնային գաւառներում, ինչպէս նաեւ ծովից հիւսիս գտնուող Արծկէ եւ Արճէշ շրջաններում:

Վանում Մուրադը լայնօրէն ծանօթութիւն եւ շփում կ'ունենայ Պետոյի հետ. հետագային նաեւ Իշխան Արղութեանի հետ, մտնում է Դաշնակցութեան շարքերը եւ նշանակւում գործիչ-ներկայացուցիչ Գաւաշի շրջանի: Գաւաշում կազմակերպում է մի զինական մարտական մարմին «Հ. Յ. Դ. Գաւաշի Ենթակոմիտէ» անուամբ, դրանով հիմ է դնում մեր կազմակերպութեան ժողովրդականացման գործին:

Պետոյի հրահանգով Մուրադը անցնում է Ալջաւազի շրջանը, նոյն առաքելութեամբ, որ և կատարում է պատուով եւ ձեռնհասութեամբ:

Հասուն երիտասարդ ռշտունցի Մուրադը կանգնում է Հ. Յ. Դ. Վասպուրականի ապագայ խօստացող ուժերի շարքում, իբրեւ լէգալ ֆէդայի, գործիչ եւ կազմակերպիչ: Այսպէս, եթէ Շատախն ունեցաւ իր Յովսէփ Զաքարեանը, Մոկսը՝ իր Ախպէրը, ապա Գաւաշն էլ ներկայացնում էր նոր գիւղցի Հաջի Մուրադ Խաչատրեանը: Բոլորն էլ ծնած հարազատ ժողովրդի աշխատաւոր խաւից, արտայայտիչ՝ ժամանակի պահանջներին:

1896 թ. աշնան, Վանի պզտիկ կռուից յետոյ, յայտնի Վարդանի խմբի հետ անցնում է Սալմաստ, ուր ուսուցիչ է նշանակւում Փայաջուկ գիւղի հայոց դպրոցում:

1897 թ. ամրան կազմակերպւում է Խանասորի պատմական արշաւախումբը՝ պատժելու վասպուրականցի 800 երիտասարդները կոտորող յայտնի ցեղապետ մազրիկցի Շարաֆ պէկը եւ իր գիւղը: Ահա այս արշաւախմբի մէջ իր պատուաւոր տեղը ունեցաւ Հաջի Մուրադը (Հայկակ), իբրեւ հարիւրապետ, իր միւս հայրենակից հարիւրապետներ՝ շատախցի Յովսէփ Զաքարեանի, Փոխիկի եւ մոկացի Ախպօր հետ միասին:

Արշաւանքից յետոյ կուսակցութեան կարգադրութեամբ անցնում է Կովկաս, հանդիպում Երեւան, Էջմիածին, ապա Թիֆլիս: Մէկ տարի յետոյ (1898 թ.) վերադառնում է Սալմաստ եւ, միանալով Փոխիկի խմբին, հասնում է Վան, ուր շարունակում է կուսակցական-կազմակերպական աշխատանքները Գաւաշում: Այդ գաղտնի աշխատանքներին մեծ աջակցութիւն ցոյց կուտան Աղթամարի Միաբանութեան երկու երիտասարդ եւ պատրաստուած վարդապետները՝ Եզնիկ վրդ. Ներկարարեան և Դանիէլ վրդ. Զատոյեան:

1904 թ. Գաւաշ կը մտնէ մի նոր ֆէդայական ոյժ, դեռ շատ երիտասարդ, սակայն յանդուգն ու խիզախ Իշխանը, որի յեղափոխական-մարտական ջանքերով ստեղծւում է Հ. Յ. Դաշնակցութեան Լեռնապարի Կ. Կոմիտէական շրջանը, Շատախ, Գաւաշ, Մոկս, Կարճկան, Կարկառ, Խիզան, Սպարկերտ, Մարմտանք գաւառները ի մի վերցրած: Իշխանի յեղափոխական գործունէութեան մեծագոյն յենարանները լինում են նոր-գիւղցի Հաջի Մուրադը՝ իր հեղինակութեամբ ու փորձառութեամբ, նաեւ Դանիէլ եւ Եզնիկ վարդապետները՝ իրենց խորհուրդներով եւ գործնական ցուցմունքներով:

Իշխանը, իր հետ ունենալով նաեւ գաւառներից ընտիր մարտական ուժեր, կազմում է իր ֆէդայական խումբը:

Այս խմբի մէջ էին յայտնի Վարդան Շահբազեան (անդամ Լեռնապարի Կ. Կոմիտէի), գանձակեցի Աբրատը, մակուեցի Մեսրոպը, Սալդատը եւ այլն:

Իշխանի մարտական-ֆէդայական աշխատանքների նպատակն էր, ժողովրդի զինման եւ ինքնապաշտպանութեան աշխատանքներից զատ, հոգ տանել գաւառներում մշակութային գործին, գիւղերում հիմնել գիւղական դպրոցներ, գաւառներում՝ գաւառական ուսումնարաններ, իսկ Աղթամարի մէջ՝ թեմական կեդրոնակ. դպրանոց, գիւղատնտեսական մասնաբաժինով, եւ այս ձեւով հիմք դնել նոր սերունդի պատրաստութեան, ժամանակի յառաջադիմական – յեղափոխական ոգու համաձայն:

Այսպիսի լայն ծրագրի իրագործումը հնարաւոր դարձաւ կաթողիկոսական տեղապահ Արսէն վարդապետի սպանութիւնից յետոյ, երբ Աղթամարի թեմի ժողովուրդը սահմանադրական հիմունքով տէր եղաւ իր իրաւունքներին, որոնք անտեսուած էին Խաչտուր կաթողիկոս Շիրոյեանի եւ տեղապահ Արսէն վարդապետի կողմից:

1905 թ. գարնան գումարւում է Աղթամարի կաթող. թեմի երեսփոխանական ժողովը Աղթամարում, որ կ'որոշէ, ի միջի այլոց, իր հասոյթների մէկ մասով օգնել գաւառական դպրոցներին, Աղթամարում հիմնել թեմի բարձրագոյն դպրոցը, փոխան վանական Ժառանգաւորաց վարժարանի: Այս և ուրիշ որոշումների անյապաղ գործադրութիւնը Ժողովը յանձնեց իրանից բխող Քաղաքական եւ Կրօնական զոյգ գործադիր ժողովներին:

Աղթամարայ թեմի երեսփոխանական ժողովի կարեւոր անդամներէն է Մուրադ Խաչատուրեանը, իբրեւ փոխ ատենապետ, իսկ Քաղաքական Ժողովի էլ անդամ, վերջին տարիներում՝ մնայուն ատենապետ:

Երեսփոխանական ժողովը որոշած էր հիմնել Աղթամարի դրսի Տան – Ախավանքում – թեմական միջնակարգ դպրանոցի յատուկ շէնք. հէնց նոյն թուին սկսւում է կառուցումը երկյարկանի շէնքի. 16 սենեակներով, երկու սրահով: Շինութիւնը աւարտւում է յաջորդ տարին իսկ:

Այս գործի մէջ իր մասնակցութեան անժխտելի մեծ բաժինն է բերում Հաջի Մուրադը, մշտական հսկողութեամբ, շինարարական նիւթերի անթերի մատակարարութեամբ, շատ յաճախ էլ բանուորի պէս աշխատելով: Արդարութեան պարտք կը համարեմ յիշատակել նաեւ Եզնիկ եւ Դանիէլ վարդապետների անխոնջ ջանքերը այս եւ ուրիշ գործերի մէջ:

Իր պաշտօնի հանգամանքով՝ Հաջի Մուրադը ամենայն նուիրուածութեամբ, բարեխղճութեամբ հետեւում էր Կաթողիկոսարանի վարչական-տնտեսական եւ բարոյական գործառնութեանց, առանց նիւթական ակնկալութեան: Շաբաթը մի երկու անգամ հանդիպում էր Ախավանքի կաթողիկոսարանը՝ իրազեկ լինելու համար գործառնութեանց, համախորհուրդ Եզնիկ եւ Դանիէլ վարդապետների:

Նա Գաւաշում ճանչցուած ժողովրդական հեղինակութիւն էր յաչս Ոստանի պետական իշխանութեան, իսկ աւելի շատ գաւառի քիւրտ ազգաբնակութեան մէջ: Ամենաբարւոք յարաբերութիւններ է պահում Գաւաշի զոյգ ազդեցիկ քիւրտ պետերի հետ՝ Արբերդ գիւղի Կիւլխան բէկի որդոց եւ Տախմանց գիւղի Հիւսէյին աղայի հետ: Այդ իսկ պատճառով, ազգամիջեան անախորժութիւններ սակաւ տեղի կ'ունենային, կամ բարդութեան չհասած հարթւում էին:

1908 թ. Դաւոյի յայտնի դաւաճանութեան հետեւանքով, երբ Վանի զինուորական իշխանութիւնը զինուորական ստուար ուժերով եւ զինական պատրաստութեամբ ձեռնարկեց հետապնդել Կարկառ եւ Լեռնապար ապաստանած յեղափոխականներին ու ձեռք բերել ժողովրդական զէնքերը, Իշխանի յանձնարարութեամբ Հաջի Մուրադին յանձնուեցաւ Գաւաշի գիւղերից հաւաքել բոլոր զէնքերը եւ պահել լեռներում պատրաստուած գաղտնի պահեստներում, որոնց վայրը միայն յայտնի լինելու էր իրեն եւ իր մի քանի գործակիցներին, որոնց բոլորի ծանրագոյն պատասխանատուն ինքն էր կազմակերպութեան առաջ:

Չեմ ցանկար մանրամասնել, թէ ի՜նչ աստիճանի դժւարին, տաժանելի աշխատանք էր՝ պատրաստել լեռներում բնական եւ արհեստական պահեստի տեղեր, որոնք միայն իրեն յայտնի լինելու էին: Միւս կողմից գիւղերից հաւաքուած զէնքերը այնպէս պէտք էր հասցնել թագստոցները, որ նոյնիսկ փոխադրողներին յայտնի չլինին պահեստի վայրերը:

Ահա այս բարդ եւ տանջալից աշխատանքը, միայն գիշերային մթութեան ու խաւարի մէջ կատարուած, գլուխ հանեց Քաջի Մուրադը՝ անտրտունջ, կտրուած տուն տեղից, շատ անգամ ծարաւ, անօթի եւ անքուն: Կատարեց պատուով, ու ինքն էլ դարձաւ փախստական՝ հետեւելու եւ հսկելու համար իր զինապահեստներին: Արդարեւ, կառավարութեան խուզարկութիւնները գիւղերում անցնա ապարդիւն: Զինապահեստներից էլ ոչ մէկը չանցաւ կառավարութեան ձեռքը, հակառակ լրտեսների ցանցին, անողոք ծեծին ու խոշտանգումներին:

1908 թ. Յուլիսի հռչակուած Օսմ. Սահմանադրութիւնը վերջ տուաւ այս տառապանքին ու Հաջի Մուրադը ճերմակ ճակատով ներկայացաւ իր կազմակերպութեան առաջ, արժանանալով նրա գնահատանքին, իբրեւ պարտաճանաչ զինուոր:

Օսմանեան Սահմանադրութիւնից յետոյ Հաջի Մուրադը ստեղծուած քաղաքական նոր պայմանների մէջ շարունակում է իր կրկնակ պատասխանատու աշխատանքները, իբրեւ ազգային-հասարակական մշակ եւ իբրեւ յեղափոխական գործիչ, միշտ ժողովրդի մէջ, մինչեւ որ սկսւում է համաշխարհային Ա. պատերազմը: 1915 թ. Ապրիլին սկսւում է Վասպուրականի ժողովրդական պատմական հերոսամարտը:

Գաւաշի մէջ իր կարելին ի գործ կը դնէ Հաջի Մուրադը նուազագոյն կորուստով փրկելու իր գաւառամասի հայ ժողովուրդին: Իր զինակից-գործակիցների հետ անհաւասար պայքար մղելուց յետոյ, ժողովրդի մեծագոյն մասը ազատելով ստոյգ բնաջնջումից, յաջողում են կեդրոնացնել Փեսանդաշտ լեռնադաշտում եւ միանալ ժողովրդական արի ղեկավար Լեւոն Շաղոյեանին, որ այնքան ձեռնհասօրէն վարում էր Փեսանդաշտի գոյամարտը տաճկական կանոնաւոր ուժերի եւ քուրդ ու թուրք հորդաների դէմ:

Վասպուրականի մեծ նահանջից յետոյ, Հաջի Մուրադը իր ընտանիքով հաստատւում է Ղամարլուի Արտաշատ գիւղում. այնտեղ ստեղծում է իր ընտանեկան ապրուստը ապահովող համեստ տնտեսութիւնը: Զբաղւում է այդ շրջանի գաղթականական գործերով, միաժամանակ կենդանի եւ գործօն մասնակցութիւն բերում շրջանի կուսակցական աշխատանքներին:

1918 թուին ստեղծուած ծանր կացութեան օրերին Երեւանի Արեւմտահայ Ապահովութեան Խորհուրդի ներկայացուցիչն էր Ղամարլուի շրջանում եւ բարեխղճօրէն կատարում էր իրեն եղած յանձնարարութիւնները:

Նոյն թուի Մայիս եւ Յունիս ամիսներին Ղամարլուի ճակատում թաթարական գրոհներին դիմադրող Վասպուրականի զօրամասերին օժանդակող Վանեան կամաւորական գունդի մէջ էր Հաջի Մուրադը սեփական զէնքով:

Նա տեսաւ ու վայելեց Հայաստանի անկախութիւնը, Մայիս 28ի պանծալի յաղթանակը, որի մէջ հոգու բաւականութեամբ տեսնում էր իր էլ ջանքերի դոյզն կաթիլը եւ հոգեպէս հրճւում:

1920 թ. Փետրուարեան յեղաշրջումից յետոյ նա զէն ի ձեռին կռւում էր Հայաստանի Անկախութիւնը խորտակող եւ Արեւմտեան Հայաստանի հարցը թաղող մեծամասնականների դէմ Ղամարլուի ճակատում, մինչեւ որ սկսուեց նահանջը եւ, հազարաւորների պէս, իր հետ ունենալով իր պատանի որդին, Զանգեզուրի վրայով անցաւ Մայր-Արաքսը եւ իբրեւ կրկնակ տարագիր հաստատուեց Թաւրիզում:

Իր եւ իր զաւկի ապրուստը ճարելու համար, միշտ ապրեց պատուաւոր եւ չարքաշ աշխատանքով, նա յաջողեց իր որդուն տալ միջնակարգ կրթութիւն Ատրպատականի թեմի հայոց միջնակարգ դպրոցի մէջ, որից յետոյ ուղարկեց Փարիզ, ուր որդին թէ՛ աշխատում էր եւ թէ սովորում:

Նա իր յառաջացած տարիքում միշտ աշխատեց, միշտ գործեց, մինչեւ որ աչքերի հւիանդութեամբ զրկուեց աշխատելու կարողութիւնից եւ փակուեց տան մէջ: Չաշխատելու վիշտը ծանրապէս հարուածեց իր երկաթէ առողջութիւնը. Օգոստոսի մէջ ստացած կրկնակի կաթուածի հարուածներից գամուեց անկողնին ու Սեպտ. 8ին կնքեց իր մահկանացուն:

Հ. Յ. Դ. Իրանի կազմակերպութիւնը եւ ընկերները պատշաճ մահազդով ծանուցեցին բազմերախտ եւ վեթերան ընկերոջ մահը: Իսկ Սեպտ. 9ին մարմինը հողին յանձնւեց Թեհրանի Հայոց գերեզմանատունը, ի ներկայութեան զինք յարգող եւ գնահատող ընկերների ու համակիրների: Խօսուեցին դամբանականներ Դ. Փափազեանի, Վ. Աֆրիկեանի եւ Տ. Պօղոսեանի կողմից:

Խոնարհւում եմ օտար հորիզոնների տակ հանգչող մեծ ընկերոջս, Ռշտունեաց աշխարհի զաւակի, թանկագին Հաջի Մուրադի յիշատակի առաջ:

Հ. Կոսոյեան
«Յուսաբեր» Գահիրէ
Երեքշաբթի, 27 Սեպտեմբեր 1949
Թիւ 149 ԼԵ. Տարի
Չորեքշաբթի, 28 Սեպտեմբեր 1949
Թիւ 150 ԼԵ. Տարի