Կարս, 23 սեպտեմբեր 1903
Սեպտեմբերի 17-ին (հին տոմարով) խումբը անցնում է սահմանը ապահով կերպով, մօտ 90 հոգով: Մի քանի վերստ դէպի ներս՝ հովիւները նկատում են և մինչև անգամ կրակում, բայց տղերքը չեն պատասխանում և անյայտանում են: Նորից պատահում են հովիւների և նորից ազատւում: Վերջապէս գիշերւայ ժամը 3-ին անցնում են Արաքսը:
Այստեղ խմբապետը 19 մարդով բաժանւում և առաջ է գնում Իւզվերանի մէջ՝ տեղ պատրաստելու. Մնացածները, Նեվրուզի առաջնորդութեամբ, կամաց-կամաց առաջ են շարժւում:
Ճանապարհին 13 հոգի յոգնում են և Սլղութա ՍԵՐՈԲԻ հետ (հայր իր երկու որդիներով կռւի եկած) մնում են Արաքսի ափին: Դեռ լոյսը չբացւած՝ վերջիններս դէպքի են բռնւում և հերոսաբար կռւում են մինչև ցերեկւայ ժամը 10-ը: Նեվրուզի առաջնորդութեամբ գնացող խումբը, նոյնպէս պատահում է մի թիւրքի, որը անցնում է եղել նրանց մօտից. դրան կանչում են իրենց մօտ և տեղեկութիւններ հարցնում: Թիւրքը պատասխանում է, թէ ինքը լսելով, որ կռիւ կայ իրենց աշիրաթների մէջ, եկել է տեղեկութիւններ հաւաքելու: Տղերքը իսկոյն նրա ձեռները կապում են: Թիւրքը աղաչում է բաց թողնել և չսպանել իրեն. մերոնք հասկացնում են, որ իրենք չար մարդիկ չեն, որ խաղաղ ժողովրդի հետ գործ չունեն ևլն, և ապահնջում են, որ նա միայն ճանապարհ ցոյց տայ իրենց դէպի Խնուս:
Թիւրքը առաջնորդում է դէպի դիրքեր և, զգուշացնելով զինւորներից ու քրդերից, ճանապարհ է ցոյց տալիս: Մօտաւորապէս օրւայ ժամը 11-ին (մինչ այդ՝ դրանք նկատւած չեն լինում և չեն էլ կռւում) յանկարծ վրայ են հասնում վեց զինւած ձիաւոր քրդեր: Նեվրուզի մօտ եղած տղերքը կրակ են անում, քրդերից երեքը ընկնում են, իսկ երեքը փախչելով՝ հավար են կանչում: Կռիւը սկսում է տաքանալ: Խմբից 27 հոգի բաժանւում են՝ աւելի բարձր դիրքերը բռնելու համար, բայց այնտեղ ջուր չլինելու պատճառով՝ կրկին իջնում են ներքև և լաւ դիրքերից զրկւում:
Ներքև իջնելու ժամանակ զարկւում են 8 տղայ, որոնց մէջն է Բագւից եկած Ֆէդշէր ՋՀԱՆԸ: Մնացածները իջնում են, դաշտի վրայ դիրք գրաւում և կռւում մինչև գիշերւայ ժամը 12-ը: Այստեղ, ի միջի այլոց, զարկւում է դրօշակակիրը, և երբ մի ուրիշը գնում է դրօշակը փրկելու՝ նրան էլ են զարկում: Երկու ընկերները փաթաթաւում են դրօշի տակ և այնպէս մնում...
Նեվրուզի և իր հետ եղած մարդկանց մասին լուր չկայ:
ՍԵՐՈԲԸ, 60 տարեկան մի ծերունի, զրկւելով իւր երկու տղաներից, վճռում է, ինչպէս և լինի, իր մօտ եղած ֆէդայիներով առաջ երթալ... –«Մենք տաճկահայերս – ասում է նա – ինչ գնով լինի, առաջ պիտի երթանք: Ռուսաստանցիք մեր երեսը չպիտի տեսնեն այլևս. բաւական է, որքան փախանք նրանց մօտ»:
Վերև ասացի, որ հետևակների խմբապետը 19 հոգով գնում է Իւզվերան տեղ պատարստելու: Հասնում են գիւղ, բայց գիւղացիք վախենլով կառավարութեան վրէժխնդրութիւնից, չեն ընդունում նրանց: Խումբը ստիպւած է լինում անցնել Բոցիկի լեռները:
Անցնեմ ձիաւորներին: Սրանք իրենց գծով ապահովաբար հասնում են Գոմաձոր և անցնում են դէպի Բոցիկ լեռները՝ դիրք գրաւելու: Հասնելով փոքրիկ Բոցիկ, հանդիպում են մեր տղաներին, նշաններով իմանում են, որ մերոնք են, միանում են և դիմում դէպի մեծ Բոցիկ: Բարձրանալու ժամանակ, դժբախտաբար, նրանք նկատւում են շրջակայ թիւրք և քիւրդ գիւղերից: Սկսւում է թիւրքական վտանգալից հավարը... և ապա կատաղի կռիւ... Կռւում են գիշերը և միւս օրը շարունակ, առանց զոհ տալու:
Երեք ամբողջ օր հանգիստ չառած, համարեա ուժասպառ, վճռւում են ինչ գնով էլ լինի՝ մտնել մի հայկական գիւղ, մի քիչ հանգստանալ և ապա կամ առաջ երթալ կամ նոր ոյժերով կռւել... Առանց զոհ տալու վերադառնում են Գոմաձոր: Այստեղ, դժբախտաբար, շուտով իմացւում է խմբի ներկայութիւնը և սկւում է նոր հավար. Գալիս են ահագին քանակութեամբ զօրքեր ու քրդեր: Տեսնելով, որ հանգստանալ չէ յաջողւում, տղաները դիրք են գրաւում գիւղի որոշ տեղերում, դրօշակը պարզում են գիւղի մէջտեղ և «Մեր Հայրենիքով» բաց անում կռիւը...
Թուրք կառավարութիւնը լարում է իր ամբողջ ուժը, զօրք է կանչում Էրզրումից, Դալի-Բաբայից, Ղարա-քիլիսայից ևայլն. նա չի մոռանում և թնդանօթներ բերել տալ. տասնեակ անգամներ թնդանօթ են արձակում, բայց ոչ մի հատը նպատակին չէ հասնում:
Տղաները՝ ամբողջ ցերեկը կռւելով, տալիս են միայն մէկ զոհ – Բագւից եկած ՆԻԿՕԼԸ: Թշնամու ջարդը մեծ է: Մերոնք խլում են թշնամու ձեռքից բազմաթիւ մաուզէր հրացաններ, բայց տեսնելով,ո ր փամփուշտների մի օրւայ պաշար է մնացել և առաջ գնալու հնարաւորութիւն չկայ, որոշում են վերադառնալ Ռուսաստան, կրկին նոր պաշարով դառնալու յուսով, (ընդամենը 6 ժամւայ ճանապարհ պիտի գնային): Թշնամու ձեռքից խլում են 19 ձի, տալիս են հետևակ տղաներին և ապա 70 մարդով ուրախ ու զւարթ վերադառնալու պատրաստւում: Դժբախտաբար, սահմանից մօտ մի ժամ հեռաւորութեան վրայ կրկին բռնւում են կռւի. մի մասը – 14 հոգի, Ջալլադի առաջնորդութեամբ – ճողոպրում ու հասնում են ռուսաց սահմանին, բայց սահմանը անցնելուց յետոյ 10 հոգի Ստահան բռնւում են և բերւում Ղարաղուրուտ: Դրանց մօտ լինում է 8 հատ մաուզէր հրացան և 7 հատ քրդի ձիաներ: Խմբի մնացած մասերը ուղղւում են դէպի ուրիշ կողմեր:
Ռուսական սահմանապահ զօրքի հրամանատարին ուղարկել են թրքական Ղարա-քիլիսէ տեղեկութիւն բերելու: Թիւրք հրամանատարը դժգոհութիւն է յայտնել, որ ռուսները սահմանը կանոնաւոր չեն պահում, որ 600 ֆէդայիներ անցել են, ահագին կոտորած ու աւերած առաջ բերել: Իրենց ասելով՝ 400 մարդ խուժանոց ու զինւորներից է ընկել. սպանւել է մի հազարապետ, մի գայմագամ, 3 օֆիցեր, 5 դարաբաշի և սահմանագլխի յայտնի Ռաշիդ փաշայի մեծ որդին, որ քիւրդ կատաղի ցեղապետներից էր:
* * *
Էրզրում, 21 հոկտեմբեր
Օրւայ խօսակցութիւնը այստեղ Բասենի կռիւն է: Դէպքը կը պատահի Գոմաձորի և Իւզվերանի մօտ: Տղայքը իրենց խոհեմ ընթացքով իրաւամբ հրաշքներ կը գործեն: Երբ կը տեսնեն զօրքին մօտենալը, շուտով իրենց համար դիրքեր կը բռնեն լեռներուն վրայ և կըսկսին նախ քիւրդերը – որոնք նախայարձակ գունդը կը կազմեն այդպիսի պարագաներուն - և յետոյ զօրքերը իրարու ետևէ ջարդել: Էրզրումէն նոր զօրքեր ղրկւեցան, իրենց հետ ունենալով քանի մը հատ թնդանօթ: Զօրաց հրամանատար Թէֆիկ փաշան, երբ կը տեսնէ իր զօրքերուն կոտորածը և միևնոյն ժամանակ խումբ մը մարդոց այդչափ զօրքով բան մը չկրցած ընելը՝ կը զայրանայ և առանց խորհելու գիւղերուն վրայ թնդանօթ արձակել կուտայ: 61 ռումբ կը նետւի առանց մէկ հատը պայթելու. միայն Գոմաձորի եկեղեցու մէկ կողմը կը փլի: Գոհ չի մնար ասով. Հայ տղամարդիկը կիներէն զատել կուտայ, որ հրացանի բռնէ, բայց բարեբախտաբար իր օգնական Ահմէդ փաշան կը հասնի և կը ցուցնէ, թէ ինչ մեծ պատասխանատւուութիւն պիտի ծանրանայ իր վրայ և թէ ինքը անզէն ժողովուրդին հետ գործ չունի, մինչդեռ բուն թշնամին դիմացն է:
Տղայք դիւցազնաբար կռւելով՝ յաղթական դուրս կուգան: Մերոնց կորուստը կը հասնի 36 հոգու, չհաշւած 9 հոգի, որ գերի կը բռնւին: Վերջիններիս մէջ են ղարաբաղցի Մելիքը, ղարսեցի Նիկողայոսը և գանձակեցի Ալեքսանը, որ հաւանականօրէն կը յանձնւին ռուս կառավարութեան: Թշնամիէն զոհ են գնացած 200 քիւրդ, որոնց մէջն են նաև քանի մը քիւրդ ցեղապետներ և 150-էն աւելի զօրք, ինչպէս նաև հազարապետ մը և քանի մը հարիւրապետներ: Թշնամու կորուստի այդ թիւը, որ կը քաղենք քիւրդէ մը, շատ հաւանական կը թւի:
Ֆէդայիներու խումբը, չնայած իր թւի փոքրութեան, մեծ սարսափ թողուց տաճկաց վրայ թէ Բասեն և թէ Էրզրում: Քաղաքիս մէջ խիստ հսկողութիւն կայ: Ամբողջ զօրքը շարժման մէջ է. այստեղի զինւորները կը ղրկեն Մուշ կամ Բասեն և նորեր կը բերեն Էրզրում:
* * *
Բասեն, 25 հոկտեմբեր
Հայ յեղափոխական դրօշակը ծածանւեց Բասենի բարձրունքների վրայ ևս:
Ձիաւոր ու հետևակ հայդուկային խմբերը խրոխտ առաջ էին ընթանում՝ ամեն մի արգելք ոտքի տակ առած, երբ թշնամուց նկատւելով՝ ստիպւեցին կռւի բռնւել:
Մեր կորուստը փոքր չէ, բայց տաճիկն ու զինւորը, քիւրդն ու համիդիէն, չէրքէզն ու մուհաջիր՝ տեսան հայ յեղափոխական կրակը... Այսօր Բասենում օր ու գիշեր վիրաւոր զօրքերին սայլերով քաշքշում են Դալի-Բաբայից Հասան-Ղալա ու Հասան-Ղալայից դէպի Կարին: Սպանւել են բազմաթիւ զինւորներ և 150-ից աւելի քիւրդ, չէրքեզ ևլն: Վիրաւորեալների թիւը նոյնպէս չափազանց մեծ է: Իսկ հայդուկներից զոհւել են 34 և ձերբակալւել են 11 հոգի: Զօրքերից մեր խմբերը խլել են բազմաթիւ ձիաներ և բեռներով ռազմամթերք: Ձերբակալւած ընկերներից մի քանիսը գտնւում էին Հասան-Ղալայի բանտում, բայց այժմ փոխադրւել են Կարին: Լուր առանց, որ նրանցից մէկը՝ իր ստացած վէրքերից վախճանւել է և թաղւել Կարինում շուք ու հանդիսով:
Ամէն տեղ մահմեդականների մէջ այժմ խօսում են այդ ընդհարման մասին և երբեմն՝ մեծ երկիւղով: «Չլինի՜ թէ էլի հավար լսւի՝ թէ ֆէդային անցաւ», լսում ես մէկից. «Հեռո՜ւ, հեռու թո՛ղ լինի մեզանից այդ աւերիչ կրակը», ասում է թիւրք պաշտօնեան և աչքը փակում. «Թո՛ղ կորածնւի այսպիսի կառավարութիւն. ո՛չ հանգիստ ունենք, ո՛չ դադար,» զայրացմամբ բացականչում է խաղաղ միւսիւլմանը...
«Դրօշակ» - Նոյեմբեր
1903
Թիւ 9 (140)