28 September, 2022

Երկու Շիրիմ

Այսօր հողին է յանձնւում Դումանի մարմինը իր ընկեր Սիմոնի կողքին:

Ի՞նչ կապ կարող է լինել խաղաղութեան սիմւոլ ու զէնքի թշնամի Սիմոնի և «խաղաղութեան» թշնամի ու զէնքի սիրահար Դումանի միջև. ի՞նչ կարող էր միացնել այդ երկու հակոտնեայ ոյժերը և դարձնել նրանց ընկերներ:

Մի՞թէ տարօրինակ չէ այդ ընկերակցութիւնը, մի՞թէ ռազմիկն ու խորհողը կարող են ընկերներ լինել – կասեն շատերը: Այո՛, Սիմոոն ու Դումանը հաշտ ու հարազատ ընկերներ էին և նրանք երբէք չէին ժխտում իրար: Եւ երբ Դումանն էլ մեռաւ, նրա ընկերների առաջին հոգսն այն եղաւ, որ այդ երկու տարամերժ, սակայն իրար լրացնող ոյժերը միացնեն նաև նրանց մահւանից յետոյ:

Եւ ահա այսօր Դումանին թաղում են Սիմոնի կողքին:

Ժողովրդական առածն ասում է՝ «սուր կայ ատելի է ու անէծքի արժանի, սուր էլ կայ՝ պաշտելի ու գովելի»: Դումանի սուրը վերջինից էր: Նրա սուրը չէր ուղղւած անմեղների ու թոյլերի դէմ, կեղիքիչների, արիւնարբուների ու բռնակալների : Դումանը իր սուրը ծառայեցնում էր իր կեղեքւած ժողովրդի պաշտպանութեանը: Եւ ո՞վ է այն խելակորոյսը, որ այս սրի և ոյժի դարում ատէ և անէծքի արժանացնէ այն սուրը, որ գործում է անարդարութեան ու բռնակալութեան դէմ:

Սիմոնը հաշտութեան առաքեալն էր, նա համերաշխութիւն էր քարոզում անոյժ ու փոքր ցեղերին, որոնք գործիք դարձած մեծերի ձեռքին՝ բզկտում էին իրար. նա աչալրջութեան ու հաշտութեան էր կոչում և՛ իշխողներին՝ հանդէպ թոյլերի: Բայց երբ նրա ձայնը չէին լսում, նա ինքն էր, որ առաջինը անէծք էր թափում բռնակալների, կեղեքիչների ու անարդարների դէմ: Նա ինքն էր, որ կոչ էր ուղղում թոյլերին ոյժով պաշտպանւելու, ոյժով տապալելու բռնութիւնը: Եւ Սիմոնի կոչերին արձագանգ էին տալիս Դումանները: Դումանները նոյն Սիմոններն են, այն տարբերութեամբ, որ մէկը խօսքն է միջոց ընտրում, իսկ միւսը՝ զէնքը, սակայն երկուսի նպատակն էլ մէկ է՝ երկուսն էլ թոյլերի ու անզօրների պաշտպան, երկուսն էլ թիւրքահայ ազատագրութեան մեծ սիւներից, «Դաշնակցութեան» քաջարի զինւորներից: Եւ երբ այսօր երկու ընկերներին իրար մօտ են բերում, դա մի շատ բնական անհրաժեշտութիւն է, որովհետև նրանք լրացնում են այն պատկերը, որ վերջին 30-ամեակում տալիս է հայի մարտիրոսագրութիւնը:

Այդ երկու շիրիմները յետագայ սերունդներին շատ բան են պատմելու այն տառապանքների մասին, որ կրել է հայ ժողովուրդը նաև այն անլուր հերոսութիւնների ու դիմադրական ճիգերի մասին, որ տւել են նրա զաւակները: Այդ երկու շիրիմները սերունդների մէջ վառ են պահելու հայի ըմբոստութեան ոգին, որի ուժեղ դարբնողն են եղած այդ երկու մեծ հերոսները: Մէկը հայի միտքն ու խիղճն է ներկայանում, իսկ միւսը՝ հայի կորովն ու ոյժը: Մէկը հայութեան առաջ բացում էր ազատութեան լայն հորիզոններ, իսկ միւսը հնարաւորութիւն էր տալիս նրան հասնելու: Երկուսն էլ նոր ոյժեր էին, որոնք հայութեան մեղկացած ու ստրկացած կեանքում համարձակութիւն ու կորով էին մտցնում: Սերունդները ամեն անգամ այցի գալով այդ զոյգ շիրմին, կամրապնդեն իրենց մէջ այդ հերոսներից մնացած աւանդը և աւելի ևս անձնուրացութեամբ կը նւիրւեն այն Մեծ Գործին, որի հիմնադիրներից են եղած Սիմոնն ու Դումանը:

Դումանի թարմ մահով մենք այսօր վերապրում ենք և՛ Սիմոնի մահը:

Երկու ընկերներին թող հողը ծանր չը գայ:

«Հորիզոն», Թիֆլիս
6րդ Տարի, Թիւ 214
Կիրակի, 28 ՍԵպտեմբեր 1914