Հաճի Արամ Գասապեան բնիկ բաղեշցի է. ծնած է 1875 մայիս 12-ին: Ունէր խիզախ ոգի և հաստատ նկարագիր: Դեռ դպրոցական աշակերտ էր, իր մէջ կըսկսի յեղափոխական ոգին արծարծւիլ: Կը քաջալերւի Սերոբի սիրելի զինւորներէն Սիմոնէն, 18 տարեկանին կը կազմէ մի փոքրիկ խումբ և կաշխատին Մշոյ դաշտի մէջ կազմւած միութեան հետ յարաբերութեան մտնել:
Անկէ վերջ կըսկսի փախստական կեանքը: Մէկ ամբողջ տարի Սերոբի հետ կը պտտի և քանի մը կռիւներու բռնւելով, քաջաբար կը կռւի: Տարիէ մը վերջ, Սերոբի խորհուրդով և յանձնարարականով կ'անցնի Կովկաս: Կովկաս անցած ժամանակ Դուտաղի քով վարդապետի մը ձեռքով կը մատնւի: Հոն բաւական կռւելէ վերջ, ազատւելով կ'անցնի կերթայ Կարս: Ապա Թիֆլիս կերթայ և 3 տարի հոն կը գործէ: Ետքը կը լսէ իր սիրելի ընկեր Սիմօնի մահը. կ'որոշէ անպայման երկիր վերադառնալ և գործը շարունակել: Կուգայ մինչև Իգդիր և կաշխատի խումբ կազմել՝ երկիր մտնելու: Տարի մը կենալէն վերջ՝ Երևան կերթայ, ապա մի ընկերոջ հետ կ'անցնին Դարալագեազի և Բամբակաձորի շրջանը: Նորէն դէպի Երևան և դէպի Իգդիր: Հոս իրեն ընկեր ունենալով քղեցի Պօղոսն (Պիծան), իր անձնական դրամով կաշխատի նոր գիծ բանալ դէպի Վան: Այդ միջոցին հոն կուգան նաև սպաիրդցի Չուռօյի Մանուկն և լմեցի Պետրոսն, որոնք ուժ կուտան գործին: Երեք տարի աշխատելէն վերջ, Իգդիրի գաւառապետ Բօգուսլաւսկու արգելքներին կը հանդիպի. վերջապէս կը յաջողին Զօռի, Միրչաջանի և Արճէշի վրայով մի գիծ բանալ:
Այս ժամանակներ, Բօգուսլաւսկու քրդասէր բնութիւնէն քաջալերւած՝ քիւրդեր դէպի Տաճկաստան զէնք կը փոխադրեն: Հաճի Արամն իր ընկերներով կ'որոշեն ամեն գնով արգիլել: Շատ անգամներ քիւրդերի հետ դէպքի բռնւելով կառնեն նրանց զէնքեր: Քիւրդերն Հաճի Արամին, իր արագաշարժութեան համար, Հաճիէ ֆըլֆըլ կը կանչէին: Իսկ իգդիրցիք և շրջակայ գիւղացիք՝ Հաճի: «Դաշնակցութեան» որոշմամբ 2-3 քիւրդեր տերրօրի կ'ենթարկւին. Արամը յանձնառու կ'ըլլայ և յաջողութեամբ գլուխ կը հանէ: Ռուս կառավարութիւնէն կը բռնւի ու կը բանտարկւի ամբողջ 16 ամիս, շատ նիւթական զոհողութիւններէն վերջ՝ Սիպիր գնալէն և բանտէն կ'ազատւի: Պօղոսի հետ կ'որոշեն Բաղէշ գնալ և հոն գործի սկսիլ: Կ'անցնի Բաղէշ, ուր բռնւելով կը բանտարկեն, բայց դրամական զոհողութեամբ 1½ տարի բանտարկւելէն վերջ, կազատւի: Ճիշտ նոյն ժամանակին Պօղոս կ'անցնի Սասուն, անկէ Բաղէշ: Հաճի Արամն և Պօղոսը կըսկսին կազմակերպութեան և միևնոյն ժամանակ Սասնոյ օգնելու նպատակաւ հանգանակութիւն կ'ընեն Բաղէշ և կը յաջողւին: Պօղոս կերթայ Արճէշ՝ փոխադրութեանց վրայ հսկելու. Ճանապարհին կըսպաննւի:
Հաճի Արամը կը գործէ Արճէշի մէջ «Մանուչ» կեղծ անունով: Վերջին տարիներ, այսինքն սահմանադրութեան ատեն, կըսկսի իր հօր հետ ոչխարավաճառութիւն ընել. քանի անգամ Վանայ կողմերէն ոչխար առնելով իր ծերացած հօր հետ Հալէպ կերթայ: Այս անգամ ոչխարով միասին երբ կրկին Հալէպ կերթար, քաղաքէն 8 ժամ հեռաւորութեան վրայ ձին կը վազցնէ, սրտի երակներէն մին կը պայթի և մահն վայրկենական կըլլայ (1912 թ. հոկտ. 1-ին): Մարմինը Բաղէշ բերին, ամբողջ ժողովուրդը ողբաց անձնէր գործիչը: