Եղիշէ Թոփչեանի Անմահ Յիշատակին
Այս ազատ օրերին, երբ աշխատաւորութիւնը եռանդուն կերպով ձգտում է իր իրաւունքներին տիրանալ, առաջ են գալիս յեղափոխական գործիչներ, որոնք ուզում են իրականացնել այն բոլոր յոյսերը, որ փայփայում է աշխատաւորութիւնը:
Հայ աշխատաւորութիւնը սակայն այսօր տեսնում է մի բաց, և խորին վշտով յիշում է անզուգական ընկ. Ե. Թոփչեանին:
Դալիցինեան բռնակալ օրերին, երբ փակեցին մեր ուսումնարանները, բազմաթիւ մանուկներ լալով հեռացան դպրոցից: Տեղի ունեցաւ եկեղեցական կալւածների բռնի գրաւում: Ընդհանուր հալածանք սկսւեց ռուսահայերի դէմ: Առաջ եկաւ Ռուսահայ դատը: Այն ժամանակ Հ. Յ. Դաշնակցութիւնը իր կարմիր դրօշակը Տաճկահայաստանից փոխադրեց նաև Կովկաս: Աշխատաւորութեան դատին նւիրւած Զաւարեաններն ու Թոփչեանները չէին կարող հանգիստ սրտով դիտել, որ գիւղացի ռանչպարների և արհեստաւորների զաւակենրը անուսում մնան, որ հայ աշխատաւոր ժողովուրդը ապրի առանց իրաւունքի: Դաշնակցութեան լոզունքն էր կռիւ մղել բռնակալութեան դէմ թէ զէնքով և թէ գրչով:
Ճիշտ այնպէս, ինչպէս հմուտ նաւավարը վտանգի ժամանակ նախ ղեկը ձեռքն է առնում, մեր պաշտելի ընկ. Ե. Թոփչեանն էլ իր գրիչը ձեռքը առաւ հայկական կեանքի ալեկոծւող օրերին և գեշեր-գերեկ աշխատում էր գրչով և խօսքով՝ համախմբելով ռուսահայ ուսանող երիտասարդութիւնն ու բանւորութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան դրօշակին տակ:
1905 թւականին, երբ Ռուսաստանի յեղափոխութեան ալիքները բարձրացան, հայ աշխատաւորութեան մէջ յեղափոխութիւնն աւելի խորացաւ: Դժբախտաբար, պրովոկացիոն թաթարական շարժումը մի կողմից և հայ խուլիգանական Միհրանական հոսանքը միւս կողմից՝ կաշկանդել էին Դաշնակցութիւնը: Այդ նեղ օրերին էր, որ Ե. Թոփչեանը անդադար աշխատում էր գրչով և խօսքով, կազմակերպում բանւորներին, կազմում արհեստակցական միութիւններ և խմբեր՝ անցնելով քաղաքից քաղաք: Բանւորական շրջաններում գրքեր և թռուցիկներ էր տարածում և կազմակերպում էր նաև հարևան ազգութեան բանւորներին:
Ընկ. Ե. Թոփչեանը ասում էր մեզ բանւորներիս. «Ընկերներ, դուք ունիք մի ճանապարհ. այդ միջազգային սոցիալիզմի ճանապարհն է. եղէք համերաշխ ձեր դասակարգին պատկանող ընկերների հետ, փայլուն յաղթանակը ձերն է»: Այս խօսքերն էին, որ արշալոյսից ծագող փայլուն շողերի նման թափանցում էին բանւորներիս սրտերը և այդ օրերից ընկ. Ե. Թոփչեանը դարձաւ մեզ համար պաշտելի, և յաղթեց բոլոր հակառակորդներին, որոնք դէմ էին հայ աշխատաւորութեան յառաջադիմութեան: Նա գծեց այն ուղին, որով բանւորներս գնում ենք անշեղ և կը գնանք, մի ուղի, որը ցօղւած է սոցիալիստական գաղափարի անձնւէր զինւորի կարմիր արիւնով:
Երբ Ռուսաստանում սկսւեց հալածանքը յեղափոխականների դէմ, ընկ. Ե. Թոփչեան ստիպւած թողեց իր վաթանը և սլացաւ Կարին և ոչ արտասահման հանգստանալու: Նա Կարինում չգտաւ հանգստութիւն: Այստեղ էլ գրիչը ձեռքն առաւ և սկսեց այն աշխատանքը, որն իր համար պաշտամունք էր:
Եւ գրիչը ձեռքին, աշխատաւորութեան դատին հաւատարիմ, ազնւաբար ընկաւ դաւճանի գնդակից, բոլոր իղձերը կիսակատար:
Աշխատաւոր ընկերներ, այս ազատ օրերին դուրս ենք գալիս տօնելու և Թոփչեանի անմահ յիշատակը: Նրանց, որ չեն ճանաչել նրան, մենք պիտի ասենք, թէ ով էր նա: Համախմբւենք Հ. Յ. Դանակցութեան կարմիր դրօշակի տակ, խիտ շարքերով առաջ գնանք, մարտնչելով անարդարութեան ու անհաւասարութեան դէմ և ցոյց տանք դաւաճաններին, որ Ե. Թոփչեանի անգին արիւնը տարէց-տարի նոր բողբոջներ է արձակում Հ. Յ. Դաշնակցութեան մէջ: Եւ այն, ինչ որ թերի թողեց Թոփչեանը, պիտի լիացնենք մենք, երախտագէտ աշխատաւորներս:
Եղիշէ Թոփչեան
Մէկը այն շատերից, որոնք ընկան ազատութեան ճանապարհին... Վերյիշենք նրա կեանքը, նրա գաղափարական ու հևքոտ գործունէութիւնը:
Եղիշէն ծնւել է Ալեքսանդրապոլում 1872 թ. նոյեմբերի 26-ին: Տարրական կրթութիւնն ստանալով ծխական դպրոցում աւարտում է քաղաքային ուսումնարանը 1890 թ.: Այդ տարւանից մինչեւ 1897 թ. նա պաշտօնավարում է հայկական դպրոցներում: 1898 թ. անցնում է Պետրոգրադ՝ ուսուցչական ինստիտուտ և 1900-ին գնում է Բերլին, որտեղ ուսումնասրիում է հասարակական գիտութիւններ: 1902 թւին նա վերադառնում է Կովկաս, հաստատւում է Թիֆլիսում և ամբողջ էութեամբ նւիրւում է հասարակական և հրապրակախօսական գործունէութեան: 1904 թւականից սկսած նա եղել է խմբագրութեան անդամ մի շարք թերթերի՝ «Յառաջի»-ի և յաջորդների և վարել է կուսակցական կարևոր պաշտօնենր: 1909 թ.՝ Դաշնակցականների դէմ սկսւած հալածանքների ժամանակ անցնում է Տաճկաստան՝ Էրզրում, ուր նշանակւում է ազգային վարաժարանների տեսուչ և հիմնում է «Յառաջ» թերթը: Լրագրական և հասարակական գործունէութեան միջոցին Եղիշէն ժամանակ էր գտնում նաև գրական աշխատանքներով զբաղւելու. նա հրատարակել է մի շարք հանրամատչելի գրքոյկներ, խմբագրել է «Գրական-Գիտական Ժողովածուն», «Լոյս» սեղանի, պատի և ծոցի օրացոյցները. լոյս է ընծայել և «Արհեստակցական Միութիւններ» և «Երիտասարդ Թիւրքիան» գրքերը: Նա զարմանալի աշխատունակութեան տէր մարդ էր: Գրական զբաղումների հետ զուգընթաց նա ահագին գործ էր կատարում և աշխատաւորական շրջաններում. հայ բանւորութեան արհեստակցական միութիւնների ոգին էր նա: Իր խօսքով ու գրչով կապում էր իր հետ ամբողջ գործաւորութեան սէրը: Եւ զարմանալի չէ, որ մինչև օրս էլ նրա յիշատակը այնպէս վառ պահւում է հայ աշխատաւորութեան սրտում:
Նրա կատարած դերը շատ մեծ է նաև Կարինում, ուր նա վայելում էր լայն ժողովրդականութիւն: Եւ այդ է պատճառը, որ նրա մահը խոր վիշտ պատճառեց թէ սահմանի միւս կողմում և թէ այստեղ՝ Կովկասում: Նրա պակասը առանձնապէս զգալի է այսօր, երբ այնքան շատ է գործը և այնպէս պակաս գործող ուժերը: