1926 թ. հոկտեմբեր 19ին, Երեւանի Պետական Թատրոնի շէնքի առաջ, հաւաքւել էր խուռն բազմութիւն: Քաղաքային այգու՝ թատրոնին մօտ ծառուղիները, պարետանոցի հրապարակն ու կից փողոցների անկիւնները լեփ լեցուն էին բազմութեամբ: Փողոցներում երեթեւեկը դադարել էր: Ասեղ ձգելու տեղ չկար:
Խորասուզւած, անաղմուկ ու լուռ՝ ժողովուրդը սպասում է: Բոլորի հայեացքները յառած են թատրոնի դռներին: Իւրաքանչիւրի դէմքը գնալով աւելի ու աւելի է լրջանում: Միայն աչքերի անհանգիստ ցոլքն ու մկանունքների ջղային դողը ցոյց են տալիս ինչ որ անսովոր հետաքրքրութիւն ու լարւած վիճակ:
Շատերը սպասում են կէսօրից ի վեր: Ընթրիքի ժամն է, բայց ոչ ոք տեղից չի շարժւում: Ընդհակառակը, նորանոր հետաքրքրւողներ են գալիս միանալու հազարաւոր ամբոխին: Անհանգստութեան ու ջղայնութեան նշաններ է ցոյց տալիս նաեւ ռուս հեծեալների ջոկատը, որը սուրերը մերկացրած, պատրաստ գնդացիրներով շրջապատել է դատարանի շէնքը՝ արգելելով ոեւէ մէկին անցնել մայթի կողմը:
Մօտենում է գիշերը իր մութ ու համր խորհդաւորութեամբ: Հոկտեմբերեան մեղմ զովը աստիճանաբար գրգռում է մարդկանց ջղերը: Մթութեան մէջ շողացող սւիններն ու մերկ սուրերը աւելի խորհդաւորութիւն են տալիս տեսարանին ու մահւան սառսուռը թափանցում է ամենքի ներսը: Այլեւս համբերելու ոյժ չկայ:
Սկսւում է փսփսուկ: Յետին շարքերը մեքենայօրէն խուժում են առաջ: Ռուս զինւորները կոպիտ հայհոյանքով յետ են մղում առջեւը կանգնածներին: Փոթորկի բռնւած վիթխարի ծառի նման ամբոխը սկսում է տարուբերւել: Եւ այդ ալեկոծ զանգւածի առաջ մէկ հարց է ցցւած՝
–Կը գնդակահարե՞ն, թէ ոչ...
Ժամը տասն անց է: Յանկարծ, մարդկային ալիքն այնպիսի ուժգնութեամբ է մղւում առաջ, որ ռուս պահակների կուռ շղթան հազիւ է դիմանում: Էլ չեն ազդում ոչ սրածայր սւինները, ոչ էլ փայլատակող սուրերի սպառնալիքը: Ամենքը համակւած են միայն մէկ ցանկութեամբ՝ ինչ գնով էլ լինի, գէթ մէկ ակնթարթով տեսնել մահապարտներին, որոնց դուրս էին բերում դատարնի շէնքից:
...Հանդարտ, բայց վճռական քայլւածքով, առջեւից գնում է գլխաւոր մեղադրեալը՝ Սահակ Ստեփանոսեան: Մահւան ու յաղթանակի ապրումները պարուրել են նրա հոգին եւ գունատ դէմքին թառած ժպտացող գեղեցիկ աչքերը սեւեռած են դէպի անյայտութիւն...
Յանդուգն, խրոխտ ու զայրացած՝ յետեւից քայլում են Սասնոյ հպարտ կորիւնները՝ Պետրոսն ու Արտաշէսը: Հայ ժողովրդի յեղափոխական պայքարի ու Դաշնակցութեան զոհաբերող ոգու մարմնացումն էին այդ երկու նորահաս երիտասարդները: Դատական վճռից աւելի, այդ վայրկեանին, նրանց միտքը կլանւած էր դատավարութեան ընթացքին յայտնաբերւած երեւոյթներով: Երիտասարդ հոգիները դեռեւս չէին ազատագրւած դատարանի մթնոլորտից ու կուսակցական-յեղափոխական ապրումներից: Արդեօք, այդպէս էլ պէտք է՞ լինէր...
Կէս գիշերից անց էր, բայց դեռ ժողովուրդը ամբողջովին չէր վերադարձել տուն, եւ խօսակցութեան միակ նիւթը օրւայ դատավճիռն էր: Անգամ կոմունսիտներից շատերի համակրանքը մահապարտների կողմն էր:
Հետեւեալ օրը նոյն բազմութիւնը հաւաքւեց Կենտգործկոմի տան առջեւ՝ իմանալու, թէ արդեօք կը բեկանւի՞ մահւան վճիռը: Հայկենտգործկոմի որոշումը ընդհանուր ցնծութիւն առաջացրեց: Գնդահակահարման որոշումը փոխարինւում էր տասնամեայ բերդարգելութեամբ:
Իսկ 1927թ. մայիս 27ին, երբ շատ ուրիշների հետ այդ երեքին էլ քշեցին Ռուսաստանի արեւելեան աքսորավայրերը, ժողովուրդը մեծ ցոյցերով ճանապարհեց նրանց մինչեւ կայարան: Նոյն ցոյցերը կրկնւեցին Ալեքսանդրապոլում եւ ուրիշ կայարաններում:
Հ. Յ. Դաշնակցութեան հարւածելու հրապարակային երրորդ փորձն էլ մատնւեց անյաջողութեան:
Առաջին փորձը՝ Դաշնակցութեան դատն էր: Մեղադրական աթոռին նստեցրել էին... լուսժողկոմ Աշոտ Յովհաննիսեանին:
Այս զաւեշտով սկսւեց 1921 թ. վերջերին Երեւանում կազմակերպւած գրական-քաղաքական դատը, որը վերջացաւ Դաշնակցութեան թաղման հանդիսաւոր արարողութեամբ: Դատախազների մեղադրական ճառերից յետոյ, Աշոտ Յովհաննիսեանը դիմեց դատարանին.
–Եղէք մեծահոգի, որովհետեւ մեռելներին չեն դատում:
Մեռելներին չեն դատում, այլ թաղում են: Եւ թաղեցին: Աշոտ Յովհաննիսեանը գոհ սրտով վերադարձաւ Ցեկա եւ ստանձնեց կուսակցութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնը:
Արդեօ՞ք նա նախազգաց, թէ իր ձեռնարկած զաւեշտը, եօթը տարի յետոյ, ողբերգութիւն է դառնալու եւ նորից գլխաւոր դերակատարն ինքն է լինելու: Արդեօ՞ք, կը մտածէր, որ 1928 թ. ինքը պէտք է մեղադրւէր որպէս ազգայնական ու զոհ գնար Քրիստափորի ու Մարօի գաղափարներին: Այո՛, ճակատագիրն անողոք գտնւեց. «մեղադրեալ» Աշոտ Յովհաննիսեանը աքսորւած է Ռուսաստան, «դաշնակ մտայնութեան» ամբաստանութեամբ:
Երկրորդ փորձը՝ Դաշնակցութեան ինքնալիկւիդացիան էր:
Մեռելը յարութիւն էր առել: Այս անգամ թաղումը պէտք է կատարւէր իրենց՝ դաշնակցականների ձեռքով: Սա էլ զաւեշտ էր: Դեկլարացիա ստորագրող չորս հազար նախկին դաշնակցականներից երկու հազարն այսօր բանտերում ու աքսորավայրերում հերոսաբար բարձր պահում է Դաշնակցութեան դրօշը: Եւ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ, ինչպէս Անդրկովկասեան Երկրային Կոմիտէն յայտարարեց, ինքնալիկւիդացիոն համագումարը Դաշնակցութեան վերածնունդի մի ժողով էր...
Երրորդ փորձը եղաւ դաշնակցկական տերորիստների գործը:
1926 թ. հոկտ. 8ին, Պետական Թատրոնում դատւող դաշնակցականների մեղադրական եզրակացութիւնը սկսւում է՝ «1925 յուլիսի 26ի լոյս 27ի գիշերը Ներքին Աղջաղալա գիւղում կատարւել է տերորիստական ակտ նոյն գիւղի խորհուրդի քարտուղար Մանուկ Խուշոյեանի դէմ, որը եւ սպանւել է գլխից ստացած «մաուզէր» սիստեմի ատրճանակի երեք գնդակներից...»:
Այս անգամ դատարանը մեղադրական աթոռին նստեցրել էր ոչ թէ Դաշնակցութեան գաղափարը, այլ գործօն անդամների, որոնք մեղադրւում էին որոշ փաստերի հիման վրա: Իսկ փաստն այն էր, որ իրօք սպանութիւն էր կատարւել եւ այն էլ դաշնակցականի կողմից:
Նորից կարդացէք դատական այս գործը: Որքան որ հիացմունք է պատճառում դատւող դաշնակցականների յեղափոխական կեցւածքն ու բարձր գաղափարականութիւնը, նոյնքան զարմանք է առաջացնում դատաւորների թեթեւամտութիւնն ու տխմարտութիւնը: Եւ, իրօք, առէք ամենաերիտասարդ մեղադրեալ Արտաշէս Ստեփանեանին եւ հասարակական մեղադրող Արամայիս Երզնկեանին: Հարցաքննութեան ժամանակ, 23 տարեկան Արտաշէսի տւած պատսախանները որքան որ զգոյշ, չափւած, անհուն զոհաբերութեամբ տոգորւած ու զանգւածների արդար բողոքի արտայայտութիւն են, նոյնքան Երզնկեանի կողմից ուղղւած հարցերը շաբլոն, պրովոկասիոն ու անլուրջ բնոյթ են կրում: Անլրջութիւնն այն աստիճանի է հասնում, որ մեղադրեալները կամ չեն պատասխանում եւ կամ հեգնանքով յետ են մղում:
Բայց խնդիրը հարց ու պատասխանի մէջ չէր: Այլ այն նպատակի, որը հետապնդում էին դատավարութիւն կազմակերպողները:
Այն հանգամանքը, որ մինչեւ այս տեղի ունեցած դատերը զուտ գաղափարական-տեսաբանական բնոյթ էին կրում, ցոյց է տալիս, որ պայքարը Հ. Յ. Դաշնակցութեան եւ հայ բոլշեւիկեան կուսակցութեան միջեւ եղել է գաղափարական: Բնականաբար, իր գաղափարները տարածելու համար, Դաշնակցութիւնը պէտք է եւ կազմակերպութիւն ունենար եւ գրականութիւն տարածէր եւ թէ օգտագործէր բոլոր հնարաւոր միջոցները: Այդ բոլորով մէկ տեղ, Դաշնակցութիւնը խուսափել է բռնի միջոցներից եւ աշխատել է պայքարի գաղափարական սահմաններից դուրս չգալ:
Պարզ է, որ երբ մենատիրական մի վարչաձեւի տակ նման աշխատանքներ են տարւում, իշխանութիւնը էլ չպիտի հանդուրժէր եւ պէտք է հալածէր ու պայքարէր այսպիսի գործունէութեան դէմ: Այս բանը շատ լաւ գիտակցել են ընդյատակեայ աշխատանք տանողները եւ նախօրօք յանձն առել ամէն մէկ զոհաբերութիւն:
Ուրեմն, Հայաստանում գոյութիւն ունին պայքարող երկու կողմեր՝ Հ. Յ. Դաշնակցութիւն եւ խորհրդային իշխանութիւն: Առաջինը պայքարի միակ զէնք ընտրել է գաղափարը, իսկ երկրորդը եւ գաղափարը եւ բռնի ուժը: Դատավարութեանը նախորդող վեց տարիների պայքարը ցոյց տւեց, որ յաղթանակը Դաշնակցութեան գաղափարի կողմն է: Իսկ իշխանութիւնն էլ եկաւ այն եզրակացութեան, որ ֆիզիքական հալածանքը բաւ չէ գաղափարը մեռցնելու համար: Գաղափարը կը մեռնի աւելի ուժեղ եւ ժողովրդի շահերին օգտակար գաղափարի հարւածների տակ: Հետեւաբար, մնում էր դիմել ուրիշ զէնքերի: Բոլշեւիկներն ընտրեցին վարկաբեկումը: Եւ փորձեցին այդ նպատակով օգտագործել Խուշոյեանի սպանութեան գործը: Դատավարութիւնը պէտք է ապացուցանէր, որ՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը Խորհրդային Հայաստանի հանդէպ միայն գաղափարական պայքարի մէջ չէ, այլ եւ յարձակողական քաղաքականութեամբ փորձում է տապալել իշխանութիւնը. որ Դաշնակցութեան գործօն քայլերի ներշնչողը միջազգային դրամատիրութիւնն է եւ, վերջապէս, միայն գաղափարական ճակատում պարտւելուց յետոյ է, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը դիմում է նման քայլերի:
Այդ ամենը ապացուցանելու համար աւելի անյաջող գործ, քան Խուշոյեանի սպանութիւնը, դժւար էր գտնել: Խուշոյեանի գործի հետապնդումը իշխանութեան պարտականութիւնն էր, քանի որ սպանութիւն էր կատարւել: Բայց Խուշոյեանին պաշտպանել որպէս իշխանութեան հարազատ ներկայացուցչի՝ կը նշանակէր վարկաբեկել տիրող վարչաձեւը:
Ո՞վ էր Խուշոյեանը: Անբարոյական, կաշառակեր, խառնակիչ ու կեղեքող մի պաշտօնեայ: Մէկը, որի համար գոյութիւն չունէր ոեւէ բարոյական սկզբունք: Մէկը, որ յանդգնում էր ոտնահարել լեռնաբնակ նահապետական մի ժողովրդի կենցաղն ու ընտանեկան սրբութիւնները: Մի պաշտօնեայ, որը յայտարարելով, թէ «իշխանութիւնը ես եմ»՝ դիմում էր ամենաստոր շահատակութիւնների: Երբ Արագածի բնակչութիւնը հաւաքական բողոքով դիմել էր Երեւան հեռացնելու համար իրենց շրջանից հասարակական այդ վիժւածքին, կառավարութիւնն անտեսելով ամբողջ շրջանի խնդրանքը, աւելի էր բարձրացրել Խուշոյեանի պաշտօնը: Եւ ժողովրդի համբերութեան բաժակը լեցւելուց յետոյ, կառավարական պաշտօնեան գտնւել էր սպանւած:
Այս էր, որ պարզւեց դատարանում: Իսկ այն, որ իբր թէ Խուշոյեանը սպանւել է Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօի յորդորանքով ու Հայաստանի Կենտրոնական Կոմիտէի թելադրանքով, մնաց որպէս բոլշեւիկեան գարշելի սուտ: Մի բան, որ շատ գեղեցիկ ու համոզեցուցիչ կերպով ապացուցեց Ստեփանոսեանի պաշտպան՝ Տիգրան Հախումեանը (հակադաշնակցական, նախկին ժողովրդական ու այժմ բոլշեւիկ):
Դրա դիմաց, դատապարտեալները մեղադրական աթոռից հնարաւորութիւն ունեցան լսելի դարձնելու ամբողջ հայ ժողովրդին իրենց ձայնը: Նրանք յայտարարեցին, թէ իրենց նպատակն է զարկ տալ երկրի վերաշինութեան, պայքարել յանուն խօսքի ու մտքի ազատութեան, վառ պահել ազգային ոգին եւ առաջնորդել ժողովուրդը դէպի ազատ կարգեր ու անկախ հայրենիք:
Դատարանի, Կենտգործկոմի, բանտի ու կայարանի մօտ եղած համակրանքի ցոյցերը եկան ասելու, որ ժողովուրդը համամիտ է եւ ընդունում է այդ նշանաբանները:
Եւ այն, ինչ որ տեղի ունեցաւ դատավարութիւնից յետոյ, այս հինգ տարիների ընթացքում, հաստատում է միայն մէկ բան, որ՝ մի կողմից խորհրդային իշխանութիւնը շարունակում է խուշոյանական քաղաքականութիւն եւ միւս կողմից՝ Դաշնակցութեան գաղափարները նորանոր նւաճումներ են անում երկրի մէջ:
Եթէ հինգ տարի առաջ կատարւած մէկ սպանութիւն այդքան աղմուկ հանեց Դաշնակցութեան շուրջը, ապա ինչո՞վ բացատրել այն զանգւածային ըմբոստութիւններն ու կռիւները, որոնք տեղի ունեցան 1929-30 թւերին, եւ շարունակւում են մինչեւ այժմ: Դարալագեազի, Զանգեզուրի, Շամշադինի, Լոռու, Կոտայքի, Արագածի ու Ախտայի գիւղացիական ապստամբութիւնները, յամենայն դէպս, Դաշնակցութիւնը չէր, որ կազմակերպեց: Նոյն իսկ ամէն ստի ու պրովոկասիոնի սովոր խորհրդային մամուլը չի համարձակւում այսպիսի մեղադրանք դնել: Ո՞ւմ վրա է ծանրանում երկուստեք ընկած հարիւրաւոր զոհերի սպանութեան յանցանքը: Ահա եւ հետեւանքը խուշոյեանական քաղաքականութեան:
Եթէ 1926 թ. դատավարութեան ժամանակ Դաշնակցութիւնը մեռաւ գաղափարապէս, ապա ի՞նչպէս է լինում, որ այդ դատից երկու տարի յետոյ Հայկոմկուսի Կենտկոմը մեղադրւում է ազգային թեքման մէջ եւ փոխարինւում Մոսկւայից ուղարկւած մարդկանցով: Ի՞նչ պատահեց, որ Դաշնակցութեան գերեզմանափոր Աշոտ Յովհաննիսեանը աքսորւում է Հայաստանից որպէս դաշնակցական մտայնութեամբ վարակւածների հովանաւորող: Վերջապէս, ինչո՞վ բացատրել թէ՛ երկրում թէ՛ գաղութներում օրէցօր սաստկացող պայքարը Դաշնակցութեան դէմ: Չէ որ, եթէ «մեռելներին չեն դատում», ապա նրանց դէմ չեն էլ պայքարում:
Հետաքրքրականն այն է, որ դատի ժամանակ Դաշնակցութեան քաղաքականութիւնը մերկացնողը դաւաճան Բուդաշկօն էր: Չանցաւ երկու տարի եւ միեւնոյն մեղադրական աթոռին նստեցւեց նոյն այդ գլխաւոր վկան այս անգամ, սակայն, որպէս զեղծարար ու դրամաշորթ: Միւս «կարեւոր» վկան՝ աւազակ Արամ Դաւթեանն անցեալ տարի գնդակահարւեց բոլշեւիկների կողմից, որպէս «բանդիտ»: Մէկ ուրիշ «խոստովանող» վկայ՝ Սիմոն Սարգսեանը աքսորումն է: Ահա թէ ինչպիսի տարրերի վրա յենւած Երզնկեաններն ու Աշոտ Յովհաննիսեանները փորձում էին գաղափարական հարւած տալ Դաշնակցութեան: Ահա թէ ի՛նչու դատարանում վարկաբեկւողը եղաւ ոչ թէ Դաշնակցութիւնը, այլ խորհրդային վարչաձեւը:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի բոլշեւիկեան դիկտատուրայի յենարանները Խուշոյեաններն ու Բուդաշկօներն են:
Իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը հպարտ է ու յաղթական իր Սահակներով, Պետրոսներով ու Արտաշէսներով: