18 October, 2022

Իշխանի Մահը եւ Թաղումը

Փարիզ, 17 Հոկտ. 1925

Շիրիմ մըն ալ Փարիզի արուարձանի մէջ... Այսօր հողին յանձնեցինք Դաշնակցութեան հինաւուրց առաջամարտիկներէն՝ Յովսէփ Արղութեանը, ծանօթ «Իշխան» մականունով:

Մահ մըն է, որ ցաւոտ արձագանգներ պիտի ունենայ հայոց աշխարհի հազարաւոր սիրտերու մէջ: Դեռ երէկ այնքան կւոռ ու երիտասարդ կ'երեևար այդ հաղթանդամ մարմինը իր գեղանի հասակով և հոլանի բազուկներով... Երևոյթը խաբուսիկ էր... Ցաւը ներսէն կը կատարէր տարրալուծման իր չարաշուք գործողութիւնը և արագ-արագ կը մօտեցնէր հակատագրական վախճանին: Այդ հսկան ալ չդիմացաւ կեանքի յարձակումներուն – հայոց կեանքի ամէն բան տրորող և լափող յարձակումներուն...

Մէկ ցաւէ չէ, որ կը տառապէր մեր ընկերը: Լիարդի հիւանդութիւնը շատոնց արդէն ծայր տուած էր, ամէնալուրջ մտահոգութիւններ պատճառելով մերձաւորներուն:

Սրտի հիւանդութիւնը, շնչափողի տկարութիւնը ևայլն բարդացուցին վիճակը և ու թ ամիսէ ի վեր մեր մեծ ընկերը գրեթէ անշարժ մեխուած էր մահճակալին. չէր կրնար անգամ պառկիլ գիշեր-ցերեկ մօրֆինի սրսկումներ կ'ընէին, որպէսզի գէթ մի երկու ժամ քնանար... նստած անկողնի մէջ, միշտ կրթնած իր պայուսակին:

Բժիշկները մահուան էին դատապարտած զինքը. մարմինը արդէն արագ-արագ կը կմախքանար, բայց գիտակցութիւնը միշտ տեղն էր, ուղեղը կը գործէր մինչև վեջրին վայրկեանը և Խանասորի ու Ռէվանտուզի ռազմիկը մի վայրկեան իսկ չէր կտրեր յոյսը, որ պիտի առողջանար...

Վերջին շաբաթները Շավիլ արուարձանը, ուր հաւաքուած է արդէն փոքրաթիւ հայ գաղութ, դարձել էր ուխտատեղի դաշնակցական ընկերների համար, որոնք կ'երթային քանի մը խօսք փոխանակելու մեռնող աւագ ընկերոջ հետ: Եւ այսօր նոյն մտերիմները շրջապատած էին անոր գերեզմանը... Հայոց ազատութեան զինւորը կը հանգչի Շավիլի փոքրիկ գերեզմանոցին մէջ, թառած գեղանկար բարձունքի մը վրայ, ուրկէ կը բացուի չքնաղ տեսարան մը դէպի հեռու հորիզոնը...

Յուզիչ էր ամբողջ պատկերը – և՛ այդ թարմ դամբարանը և՛ քահանայի արարողութիւնը, և՛ ընկերներու խորունկ լռութիւնը և ամէնէն յուզիչը այրիի խուլ հեծեծանքը – այրիի՝ որ գուցէ երբեք չէր լացեր, որ հայ կանանց մէջ ամենէն արի, ամենէն խոհուն ու գաղափարական դէմքերէն է, որ եղեր է 34 տարիէ իվեր իր ամուսնու անբաժան ընկերը, հաղորդակիցը անոր ուրախ ու տխուր օրերուն... Այսօր նա կուլայ անմխիթար և իրեն ձայնակից է իր երիտասարդ աղջիկը, միակ զաւակը մեր հանգուցեալ ընկերոջ:

Ընկ. Վարանդեան արտասանեց փոքրիկ դամբանականը.

«Այս նոր գերեզմանը, որ բացւում է օտար երկնքի տակ, առաջինը չէ, տարաբախտաբար, ոչ էլ վերջինը: Բազմաթիւ են արդէն յեղափոխական գործիչների ու նահատակների գերեզմանները նոյնիսկ Եւրոպայում... Քրիստափորը, Վռամշապուհը, Սօֆիայում, Իւսուֆեանը՝ Լօզանում, Արմէն Գարօն, Յոնանը, Բաղէշցեանը՝ Ժընեւում, եւ ահա Յովսէփ Արղութթեան էլ Փարիզի արուարձանում: Հայ ռազմիկների նշխարները ցիր ու ցան փռուել են ամբողջ աշխարհում, իրենց հարազատ ժողովրդի պէս...

Ռազմիկների այդ անհատնում շարքերի մէջ Արղութեանները իրենց յատուկ տեղն ունին: Ճնշուած ու մարտնչող ժողովուրդների պատմութիւնը ունի նրանց համար մի գեղեցիկ, պատուաւոր անուն – պիօներ... առաջագնաց, ճանապարհ հարթող...

«Այս գերեզմանի առջև իմ միտքը սլանում է ամբողջ երեսուն ու հինգ տարի դէպի յետ, երբ շարժման հրապարակի վրայ կար միայն մի չնչին փոքրամասնութիւն, մի բուռն խիզախ ռահվիրաներ, փոքրիկ՝ թւով, բայց մեծ՝ հաւատով ու խանդավառութեամբ, որոնք առանց ազատ և ապահով կայանների, հալածուած Ռուսաստանում, Թիւրքիայում, Պարսկաստանում. Ստէպ նոյնիսկ իրենց հարազատ հայրենակիցներից, դեգերում էին Մասիսի շուրջը, մի պաղ, անյոյս, դժոխային միջավայրում... Դաժան ժամանակներ էին, երբ ազատագրական շարժման ոյժը չափւում էր մի քանի հերոս-անհատների ուղեղներով ու բազուկներով, հերոսների՝ որոնք, զինուած նախնական քրիստոնիաների ստոյիկեան արիութեամբ, քայլում էին բռնապետութեան անծայրածիր լաբիրինթոսում, որպէս կենդանի մարմնացում հաւատի ու կորովի, քայլում էին հեգնելով կեանքի բոլոր դառնութիւններն ու զրկանքները, գնում էին փոթորկելու հայկական մթնոլորտը կռուի, ըմբոստացման ղօղանջներով... Պիօներների փոքրաթիւ բանակն էր, որի իւրաքանչիւր քայլափոխը երկրի մէջ՝ կապուած էր ահաւոր խոչընդոտների, մահուան վտանգի հետ, որի իւրաքանչիւր քայլափոխին պատրաստ էին քրդի, տաճկի դաւերն ու որոգայթները:

Պիօներների այդ առաջին փաղանգից էր Արղութեանը: Պետօից ու Վարդանից յետոյ, նա էր որ մտաւ զինակիր խմբերի հետ Վասպուրական, 1894ին: Պիօներների պարտականութիւնը կրկնակ էր: Նրանք ոչ միայն պիտի վարէին քարոզչութեան ստորերկրեայ աշխատանքը երկրի մէջ, այլ մերթ ընդ մերթ պիտի երթային Կովկասի մէջ իրենց անձնական ճիգերով միջոցներ գտնելու՝ ազատագրական պայքարի համար:

Եւ ահա Իշխանը 1895ին նորէն Կովկասում: Տեսնում եմ նրան առաջին անգամը Թիֆլիսի մի կուսակցական ժողովի մէջ, Քրիստափորի, Ռոստոմի, Լեւոն Սարգսեանի, Մատինեանի և այլոց ընկերակցութեամբ: Ապա տեսնում եմ Ղարաբաղի մայրաքաղաքում, 1895ի ամառը, երբ ահագին մտաւորականութիւն, համալսարանների հարիւրաւոր ուսանողներ, անդրկովկասեան մեծ կենտրոնների ունևոր տարրերի հետ եկել էին հանգիստ առնելու Շուշիի բարձունքներում: Միասին ենք ամբողջ երկու ամիս. Յովսէփը ընդհանուր ուշադրութեան առարկայ է, տեսնում եմ նրան տաղանդաւոր քարոզչի դերում, բազմամարդ լսարանների մէջ նա պատմում է Վասպուրականի ցաւերը, պարզում է հայ դատի ու պայքարի պահանջները, և բուռն ոգևորութիւն ամէնուրեք, ծափ ու ովսաննաներ, տիկնայք ոգևորութեամբ առաջ են անցնում և կազմակերպում օգնութեան կօմիտէներ, կազմակերպւում են և շքեղ բանկետներ ի պատիւ ժողովրդական հռետորի: Ամէնքը գալիս են տեսնելու Վանի նշանաւոր ուխտաւորին, տեսնելու նրա պարթև կերպարանքը, լսելու նրա հնչեղ, որոտուն ձայնը...

Ապա նա մեկնեց Երևան, ստեղծեց զէնքի պահեստներ, անցաւ Պարսկաստան, ուր երկար տարիներ գործել էր արդէն նախ քան իր մուտքը Վասպուրական:

Ապա եկաւ Խանասորի արշաւանքը, որի հրամանատարներից մէկն եղաւ... Յանձնուեց ռուս կառավարութեան, աքսորուեցաւ դէպի հեռաւոր Վիատկա, մնաց այնտեղ տարինե. վերադարձաւ Կովկաս, նուիրուեց խաղաղ աշխատանքի, և երբ պայթեց համաշխարհային ու ռուս-թիւրքական պատերազմը, նա արդէն մօտ 55 տարեկան, վերստին առաւ հրացանը և իբրև կամաւորական վեցերորդ գնդի հրամանատար, գնաց մինչև Ռէվանտուզ...

Եւ այդ բոլոր թափառումների մէջ իրեն անբաժան ուղեկից էր իր արիասիրտ ամուսինը...

Մի գեղեցիկ, ալեծուփ կեանք, լի պայքարով ու անձնուրացութեամբ: Յետնորդները չեն մոռանայ նրան: Սա այն գերեզմաններից է, որոնք կերտւում են են հազարաւոր գաղափարակից ընկերների սրտերում: Սա այն շիրիմներից է, որոնց շուրջը երբեք չի բռնի մոռացութեան մամուռը...

* * *

Մի շարք ոստիկանական ու այլ արգելքների պատճառով*, անկարելի եղաւ թաղմանը մասնակից անելու հազարաւոր ընկերներն ու համակիրները:

Կը պատրաստուի հոգեհանգիստ, որի միջոցին պիտի խօսի Ահարոնեանը:

*Փարիզի մէջ թաղումները արգիլուած են կիրակի օրերը:

Կ.
«Յուսաբեր», Գահիրէ
Նոր Շրջան, ԺԱ. Տարի, Թիւ 89
Հինգշաբթի, 29 Հոկտեմբեր 1925

Իշխան Յովսէփ Արղութեան (Արագ Նշմար Մը)

Իշխանը

Մօհիկաններից Վերջինը. Օհանջանեան

Մեծ Յեղափոխականի Մը Գերեզմանին Առջեւ