Պէտք է ունենալ բարոյական մի անսպառ կորով, պէտք է տիրապետել անձնազոհութեան անհատնելի ու անըկճելի կարողութեան, որ մարդ լինի մեծ, սերունդներից առաջ անցնի, թէեւ ժամանակի եւ տարածութեան փոքրիկ յաւիտենականութիւնների վրայով, լինի իրոք անհատ, անհատնելի, անսպառ ու յաւերժ: Լինել անցեալ ֆիզիքապէս, բայց մնալ միշտ ապագայա, միշտ անհասանելի, միշտ օրինակ:
Առօրեայից անցնել յաւերժութեանը,- այս կարողութիւնն է, որ անկապտելի սեփականութիւնն է եզակիների, որոնք հէքիաթը անում են իրական եւ լեգենդը դարձնում մարմնացած կուռք, թանձրացած իդէա՝ մատչելի մեր բանականութեան, շոշափելիքին ու աչքին:
Մարդկութեան հոգու, որոնումների սիւները՝ լեգենդական հերոսներն են, որոնք մնալով հասանլի, տիպ-օրինակ՝ դառնում են յաւերժական ընդօրինակելի:
Գաղտնիքը,- ... ու անցողիկի զոհաբերելն է հանուրին, որ հեւք ու տապ է տալիս նրանց եւ բովանդակութիւն հանուրի ձգտումներին ու անելիքին: Թերթեցէք հայ աշխատաւորութեան կուսակցութեան պատմութիւնը, նա լեգենդների եւ յաւերժական տիպերի պատմութիւն է ամենէն առաջ:
Այսօր առանձնապէս, բարձրանում են երկու հոգիներ – Լեւոնն ու Վաղարշակը – իրենց բարոյական մեծութեամբ եւ բիբլէական թովչութեամբ, հասնում են մեզ, նրանց անունները ու մրրկում մեր հոգիները՝ կեանքի եռ ու զեռից յոգնած ու ճահճացած:
1909 թւի նոյեմբերի 20-ին, Թիֆլիսի ոստիկանական վոհմակը ոտքի վրայ էր: Հայ աշխատաւորութեան դատի թշնամին, տխրաճռչակ Միհրանը եկել էր Թիֆլիս:
Քաղքենի թիֆլիսեցիներն անդարդ էին ու անտեղեակ: Դաշնակցական մի խումբ ընկերներ ոտքի վրայ էին: Միհրանին պէտք էր խփել, մի գործ, որ այնքան էլ հեշտ չէր:
Վիճակն ընկել էր Լեւոնին եւ Վաղարշակին: Նոր էին ելել բանտից, բայց սիրայօժար ստանձնում են Դաշնակցութեան մարտական երիտասարդ կազմակերպութեան վճիռը: Ցերեկով, արեւի տակ խփում են Միհրանին, վիրաւորւում է, վայր ընկնում: Տերրորիստները կարծելով, թէ մեռել է, խուսափում են: Ոստիկանութիւնը հետեւում է կրակոցներով Վաղարշակին: Լեւոնը հեռու, լսում է պայթիւնները եւ կարծելով, թէ ընկերը վտանգի մէջ է, նորից հանում է ատրճանակն ու վազում օգնութեան: Երկուսով կռւի են բռնւում ոստիկանութեան եւ զինւորների հետ: Մտնում են Վանքի նեղ փողոցներից մէկը ու սկսում դիմադրել: Շղթան նեղանում է, փամփուշտն սպառւում, ազատւել անհնար է: Համբուրւում են «Մեր հայրենիք» երգելով ու յայտարարում բարձրաձայն, թէ «Դաշնակցութեան տերրորիստներն են՝ անձնատուր չեն լինի»: Երգելով կռւում են մինչև վերջին փամշփուշտն ու վերջին անգամ համբուրւում և վերջին փամփուշտով զարկում են իրենց:
Ու դառնում են երկու լեգենդ, որ մինչեւ այսօր էլ նոյն փաղի բնակիչներն երկիւղածութեամբ ու հիացքով պատմում են այդ երկու հերոսների մասին: Երկար է Լեւոնի եւ Վաղարշակի ուսուցիչների ու աշակերտների լուսեղէն կարաւանի շարանը: Նրանք են, որ մեր հոգու դարբինն են եղել: Նրանք են, որ մարմին են տւել, արձանացրել Քրիստափորի եւ Սիմէօնի գաղափարները:
Այսօր նրանց տօնն է – բացումն նրանց մահարձանի, որը կանգնեցրել են Թիֆլիսի դաշնակցական մի խումբ ընկերներ: Այսօր պայքարողների ու անմահների տօնն է. անմահներն ու հերոսները միայն տօն կունենան, որ յիշենք, ապրենք նրանցով ու ձգտենք նրանց, որ բովանդակ երկիրը դառնայ լաւի, առաքինութեան ու ապահովութեան հովիտ:
Լեւոնն ու Վաղարշակը երկու լեգենդ թողին մեզ, որ մենք մարմին տանք ու դարձնենք հայ աշխատաւորութեան սեփականութիւնն ու վսեմագաոյն երգը:
«Դաշնակցական տերրորիստներ՝
Լևոնի և Վաղարշակի մահարձանի բացումը և սգահանդէսը յետաձգւում է աւելի պատեհ և յարմար
ժամանակ»ի: *(Թերթի նոյն թիւին մէջ հրատարակուած
է նաեւ այս ազդը)