26 December, 2022

Դաւիթ Փափազեան

Ծանր, գրեթէ անփոխարինելի կորուստների տարի եղաւ մեզ համար 1961-ը: Մէկը միւսի ետեւից կորցրինք մեր լաւագոյն, հաւատաւոր, բազմաշխատ վաստակով ծանրաբեռնւած աննման ընկերներին:

Դեռ չի չորացել մերանը նրանց մահգոյժի եւ ահա, մի նոր կորուստ, նոյնքան ծանր, ցաւալի:

Դաւիթ Փափազեանը ոչ եւս է:

Վերջին մոհիկաններն են նրանք գաղափարական մի սերնդի, որ հերկուլեան իր ուսերին կրեց ու տարաւ, Հայոց պատմութեան վերջին դարաշրջանի, արիւնոտ, այլ դաժան պատմութիւնը:

«Ալիք», Թեհրան. 1961, Թիւ 285

Քիչ է ասել տարաւ, առանց չափազանցութեան կարող ենք ասել նրանք էին որ կերտեցին այդ պատմութիւնը, կերտեցին սրտով, մտքով, կամքով ու բազուկով:

Անկրկնելի այդ ուխտեալները անսահման զոհողութեամբ, իրենց անձը դրին մեծ գաղափարականի ճանապարհին եւ անսահման տառապանքներից մարդկային դիմագիծը աղարտած բազմութիւններից, հերոսներ կերտեցին եւ հրի ու սրի միջոցով հացրին նրանց մինչեւ պետական ազգի աստիճանին, մինչեւ անկախութիւն:

Հայկական հերոսապատումի պատմութեան մէջ, իր առանձնայատուկ տեղն ունի Վասպուրականը:

19-րդ դարու կէսերից սկսած, Վարագայ լեռան բարձունքին թառած արծիւը, առաջինն էր որ, հնչեցնում էր յեղափոխութեան կանչը:

Այդ կանչին, Վասպուրականի մայրաքաղաքում, առաջինը արձագանգում էր Փորթուգալեանը, ու ծնունդ տալիս յեղափոխական ուխտեալ մէկ սերնդի, որ պիտի բարձրացնէր պայքարի դրօշը, բռնութեան դէմ:

Յեղափոխութեան այդ անդրանիկ սերունդն էր, որ 1896ին, առաջին անգամը լինելով, բացայայտ ձեւով, զէն ի ձեռին դուրս պիտի գար, պաշտպանելու համար իր ժողովրդի կեանքն ու պատիւը եւ կերտելու հրաշալի մէկ սերունդ, որ սրի հետ բահ եւ գրչի հետ սուր ի ձեռին, պիտի հնչեցնէր պայքարի փողը, բարձր բռնելով յեղափոխութեան կարմիր, նւիրական դրօշը:

Առաջին սերնդին յաջորդեց երկրորդը, աւելի ջղուտ, աւելի գիտակից եւ աւելի կազմակերպւած, որ կարողացաւ մարդկայնութեան ջահը բոցավառել համօրէն, հայութեան սրտի մէջ, պարտադրելով շրջապատին ակնածանք ու վախ:

Ահա այդ երկրորդ սերնդի հարազատ հաւատարիմ եւ ընտիր ներկայացուցիչներից մէկն էր, մեր հանգուցեալ ընկերը՝ Դաւիթ Փափազեան:

Լրջմիտ, հայ ժողովրդի ապագայի նկատմամբ խորը հաւատքով, նրա արժանիքներին եւ պատմական առաքելութեանը միանգամայն վստահ գիտակից, անվերապահ նւիրումով իր անձը միանգամայն նւիրած մեր հարազատ ընկերը:

Ծնւել է Վանում 1884ին, Վանի Երամեանում լրացրել է միջնակարգի ընթացքը եւ նետւել ուսուցչական ասպարէզ, Վանում, Շատախում, Աղթամարում...

Վանի «Երամեան» վարժարանը, 1910 թ.

Չէ՞ որ ամենից առաջ պէտք էր իրականացնել հոգիների վերածնութիւնը, ու տոհմիկ դաստիարակութեամբ վերականգնել դժգունած մարդկային զգացումները, ազգային արժնապատւութեան առընթեր:

1900-ին, հազիւ 16 տարեկան, շատերի հետ միասին զինւորագրւում է Հ. Յ. Դ.եան եւ մինչեւ վերջ, մինչեւ իր ֆիզիքական ուժերի սպառումը, մնում է գործօն դաշնակցական, պատնէշի վրայ, առաջաւորների շարքերում:

1906-ին կուսակցութեան հրահանգով ստանձնում է, Վանում հրատարակւող «Սաբահ-Իւլ-Խայր» թուրքերէն թերթի խմբագրութիւնը, պարզելու թիւրք զանգւածներին, յատկապէս մտաւորականութեան, հայութեան վիճակն ու պահանջները. հերքելու գրգռիչ ստայօդ լուրերը եւ մերձեցում ստեղծելու բարեմիտ տարրերի հետ:

Կարճ ժամանակում, շնորհիւ հանգուցեալի քաղաքականութեան հմտութեան, «Սապահ-Իւլ-Խայր»-ը դարձաւ հայ եւ թիւրք առաջաւոր տարրերի ժամադրավայրը՝ Վանում...

Այնուհետեւ մասնակցել է դաշնակցական «Հայեացք», «Յորձանք», «Ծովակ», էլ աւելի ուշ դաշնակցական մամուլի միւս օրգաններին, իր հիւթեղ, արժէքաւոր, խորացւած յօդւածներով, թղթակցութիւններով ու տեսութիւններով:

Պայթում է Վանի Ապրիլեան հերոսամարտը, կենաց եւ մահու դաժան կռիւ է ստեղծւել: Պիտի կռւել անհաւասար ուժերով, պիտի կռւել մինչեւ յաղթանակ, մինչեւ փրկութիւն...

Իսկ ինչով կռւել, պէտք էր զէ՛նք, վառօ՛դ, կապար...

Եւ ահա գործի վրայ է Դաւիթ Փափազեանը, միշտ յիշատակելի՝ Կարապետ Բէյլարեանի հետ:

Գործում են վառօդի, կապարի, հրահանի արհեստանոցները, դատարկւած պարկուճները լեցւում են նորից, ափ ի բերան թողնելով կատաողութիւնից խենթացած անզօր ոսոխին: Ստեղծագործ հանճարն էր այդ հայոց ժողվորդի:

Վանի նահանջին միւսների հետ անցաւ Կովկաս, կսկիծն ու ատելութիւնը խեղդած իր սրտում եւ Կովկասի մէջ նւիրւեց գաղթականական գործին, ի գին ամէն զոհողութեան, գէթ մասամբ ամոքելու համատարած վիշտն ու թշւառութիւնը:

Փետրւարեան ապստամբութիւնից յետոյ, Հ. Հանրապետութեան ժամանակ վարեց մի շարք պաշտօնենր եւ ապա, ստիպւած եղաւ անցնել հիւրընկալ Իրան, Թաւրիզ:

Տասնեակ տարիներ, Թաւրիզում հանրային հասարակական եւ կուսակցական բեղուն աշխատանքներ տանելուց յետոյ, փոխադրւեց Թեհրան ուր նոյն կարգով լծւեց հանրային գործի, մինչեւ վերջ, մինչեւ իր ուժերի սպառումը:

Որպէս մարդ, որպէս հայ եւ որպէս դաշնակցական, Դաւիթ Փափազեանը մինչեւ վերջ մնաց իր բարձրութեան վրայ:

Հմուտ էր հայ ժողովրդի պատմութեան, լեզւին՝ գրաբար թէ աշխարհաբար եւ մանաւանդ հին գրականութեան:

Ամբողջ էջեր գոց գիտէր Խորենացուց, իսկ Նարեկացին իր կարծիքով, բոլոր դարերի հայ գրական մեծութիւնը, որին համեմատում էր Շէքսպիրի հետ, ընկերական զրոյցների ժամանակ եւ ամբողջ հատւածներ արտասանում չտեսնւած ոգեւորութեամբ:

Այլասէր ու անանձնական՝ գիտէր զրկել իր անձը, նոյն իսկ իր ընտանիքը: Յաճախ գաղթականական գործերի վարիչ՝ Դաւիթ Փափազեանը, իր ընտանիքը հոգաց միայն եւ մի միայն իր աշխատանքի արդիւնքով: Հմուտ փորագրիչ՝ իր գործերը հասնում էին մինչեւ արւեստի ոլորտները եւ գնահատւում, փնտռւում:

Նախանձախնդիր բարոյական ըմբռնումների եւ ազգային աւանդութեանց, չէր կարող ներել որեւէ վրիպում կամ անտեսում: Իր վերաբերմունքը նման դէպքերում հասնում էր խստութեան, աւելի՛ քան խստութեան եւ զիջումն ու անտեսումը համարում էր դաւաճանութիւն՝ ազգութեան ու կուսակցութեան դէմ:

Վերջին տարիներուն յոգնութիւնն ու տկարութիւնը, թոյլ չէին տալիս գործօն մասնակցութիւն ունենալ հանրային եւ կուսակցական աշխատանքների, նեղւում էր դրանից ու աւաղում յաճախ...

Իր կեանքի վերջալոյսին տառապում էր հայրենաբաղձութեամբ ու թախծում շշնջալով.
Ո՞վ տայր ինձ զծուխ ծխանի.
Եւ զառաւօտն Նաւասարդի...

Մի օր ասաց,- մարդը որ այլեւս օգտակար չէ չպիտի ապրի...
Եւ յուզւեց:

Այդպիսին էր մեր հանգուցեալ ընկերը, մեզնից ընդ միշտ հրաժեշտ առնող՝ Դաւիթ Փափազեանը:

Նա մեռաւ խորը հաւաքով գալիք սերնդի եւ հայ ժողովրդի ապագայի հանդէպ:

Թող իրականանան իր իղձերը եւ հողը թեթեւ գայ իր խոնջած ոսկորներին:

«Ալիք», Թեհրան
ԼԲ. Տարի, Թիւ 24 (7115)
Հինգշաբթի, 1 Փետրւար 1962