27 December, 2022

Արշակ Ջամալեան (Իսահակեան)

1940 թ. Դեկտ. 27ին, տառապալից հիւանդութիւնից յետոյ, Փարիզում, իր վերջին շունչը փչեց Արշակ Ջամալեանը:

Բնատուր բարձր շնորհքներով օժտւած, բազմատաղանդ հայ մտաւորական էր Ջամալեանը: Մարմնով բարեկազմ ու գրաւիչ, ճոխ ու մշակւած, գիտելիքների հարուստ պաշարով հմտացած, արթուն եւ աշխոյժ մտքի տէր, բնաւորութեամբ՝ շէն ու կենսուրախ, առինքնող ու դիւրահաղորդ՝ մտաւորականի օրինակելի տիպար էր նա: Պերճախօս բեմբասաց, արւեստասէր, հանրային ու քաղաքական գործիչ, ճարտար հրապարակագիր ու սուր բանավիճող, գրագէտ, հմուտ տեսաբան ընկերային հարցերի, կազմակերպող ու խանդավառող ոգի – յաճախ չեն պատահում մեզ մօտ այսպիսի բազմակողմանի տաղանդով օժտւած անհատներ: Եւ զարմանալի չէ, որ մինչեւ այսօր էլ մեր կեանքում ցաւագին կերպով զգացւում է Ջամալեանի կորուստը. նրա տեղը դեռ մնացել է բաց:

Արշակ Ջամալեանը, բուն անունով Իսահակեան, ծնւել էր Գանձակում, 1882 թ. Սեպտ. 22-ին, ոսկերիչ-արհեստաւորի բարեկեցիկ մի ընտանիքում: Նրա հօր անունը Ջամալ էր, եւ այդ անունով Արշակը հետագային դարձաւ Ջամալեան:

Իր նախնական կրթութիւնը ստացել էր ծննդավայրի ծխական, ապա ռուսական դպրոցներում: 1897ին նա ընդունւեց Էջմիածնի Գէորգեան Ճեմարանի երրորդ դասարանը. 1901ին աւարտեց Ճեմարանի 6րդ դասարանը եւ 1902ին հեռացաւ առաջին լսարանից:

Գէորգեան Ճեմարանը ժամանակի հայկական միակ բարձրագոյն վարժարանն էր: Անունով հոգեւոր՝ փաստօրէն տալիս էր ընդահնուր կրթութիւն, խորունկ եւ բազմակողմանի ծանօթութիւն հայոց պատմութեան, լեզւի եւ մշակոյթի բոլոր ճիւղերի ու նաեւ հիմնական ազգային դաստիարակութիւն: Եկեղեցու համար հոգեւորականներ պատրաստելուց աւելի՝ Ճեմարանը արտադրում էր ուսուցիչներ, մտաւորական գործիչներ, գիտական-գրական եւ հանրային ասպարէզների համար հմուտ մշակներ: Ո՛չ մի դպրոց հայութեան չի տւել այնքան մեծ թւով եւ բարձր կարողութեամբ ազգային դէմքեր, որքան Գէորգ Դ. Կաթողիկոսի ձեռակերտը: Բաւական է յիշել միայն այնպիսի անուններ, ինչպէս Աւ. Ահարոնեան, Լ. Շանթ, Ն. Աղբալեան, Մ. Աբեղեան, Աւ. Իսահակեան, Ա. Վռամեան, Կոմիտաս վարդապետ, Կար. եպ. Տէր-Մկրտչեան, Գարեգին Կաթ. Յովսէփեան, Գէորգ Կաթող. Չէորէքճեան, փրոֆ. Ն. Ադոնց, Գ. Խաժակ, Դ. Դէմիրճեան եւ բազում ուրիշներ որոնք Գէորգեան Ճեմարանի մտաւոր աւազանում են մկրտւել:

Արշակ Ջամալեանն եւս դաստիարակւեց եւ իր մտաւոր անհատականութիւնը մշակեց հոգեւոր այդ ակութում (օճախ): Ճեմարանից նրան ճանաչողները կարող են վկայել, թէ նա աչքի ընկնող աշակերտ էր: Դասերի մէջ առաջիններից էր, ինչպէս եւ խաղերի ու աշակերտական ձեռնարկների մէջ: Զւարթ ու կենսուրախ՝ անգնահատելի ընկեր էր: Երբ պէտք էր լինում աշակերտների դատը պաշտպանել Ճեմարանի վարչութեան առջեւ, նրան էին, սովորաբար, առաջ մղում: Նա յաջողութեամբ մասնակցում էր դպրոցական ներկայացումներին: Առանձնապէս յիշատակելի է նրա խաղը Գոգոլի «Քննիչ»ի քաղաքապետի աղջկայ դերում: Այն երանելի օրերին Ճեմարանի տղաներն էին կատարում նաեւ կանանաց դերերը...

Ճեմարանի դռները թէեւ ամուր փակւած էին արտաքին աշխարհի առջեւ, բայց վանքի պարիսպները բարձր չէին, որ դրսի հովերը ներս չթափանցէին. աշակերտութիւնը ճարում եւ ագահօրէն կարդում էր արգելւած գրականութիւնը, մասնաւորապէս «Դրօշակ»ը: Ամէն դասարան գրեթէ ունէր իր ձեռագիր թերթը: Ջամալեանը խմբագիր էր իրենց դասարանի «Նաւակ» թերթի, որ լաւագոյներից էր համարւում: Արշակը նաեւ քաջ հռետոր էր: Թարգմանչաց տօնի առթիւ, ճեմարանական հանդէսում, նրա խօսած մէկ փայլուն ճառը երկար ժամանակ խօսքի առարկայ էր աշակերտութեան մէջ:

Երբ 1902ին Արշակը ձգեց Ճեմարանը, արդէն համոզումով Դաշնակցական էր: Գանձակում նա երեք տարի զբաղւեց Դաշնակցութեան կազմակերպական ու պրոպագանդի գործով եւ մեծ հմայք էր վայելում տեղական երիտասարդութեան մէջ: 1903ին ձերբակալւեց եւ 7 ամիս պահւեց Գանձակի բանտում:

1905ի ամառը Արշակը մեկնեց Գերմանիա ուսանելու համար եւ փայլուն յաջողութեամբ աւարտեց Բերլինի համալսարանի ընկերային գիտութիւնների բաժինը: Ուսանողութեան ընթացքին նա գործօն մասնացկութիւն ունեցաւ Հ. Յ. Դ. Եւրոպայի Ուսանողական Միութեան մէջ, կարելի է ասել՝ նրա ոգին էր: «Ուսանող» պարբերականի գլխաւոր խմբագիրներից էր: Հմտալից յօդւածներ էր գրում Արիսեան ծածկանունով, մեծ մասամբ, ընկերային-տնտեսական հարցերի մասին:

Դաշնակցութեան Չորրորդ Ընդհ. Ժողովին, 1907 թ. Վիեննայում, Ջամալեանը պատգամաւոր էր Եւրոպային ուսանողութեան կողմից: Միհրանական եւ անջատական շարժման յուզումնալից օրերն էր: Ռուսաստանի Դաշնակցական ուսանողութիւնն էլ վարակւած էր անջատական տրամադրութիւններով, եւ նրանց ներկայացուցիչ Աւ. Շահխաթունեանը նրանց մտքերի թարգմանն էր Ընդհ. Ժողովում: Եւրոպայի ուսանողութիւնը աւելի չափաւոր էր: Բացի Ջամալեանից, Ընդհ. Ժողովին ներկայ էին եւ Գերմանիայի ուսանողներ Մարտ. Յարութիւնեանը եւ Եւր. Ֆրանգեանը նաեւ: Սրանց, բայց, մանաւանդ, Ջամալեանի թափած ջանքերով Ժողովին մասնակցող փոքրաթիւ անջատականները մնացին կուսակցութեան շարքերում:

Ընդհ. Ժողովից յետոյ, ինչպէս վկայում է Համօ Օհանջանեանը, Ջամալեանը յանձնում է նրան մի ընդարձակ ուսումնասիրութիւն՝ Դաշնակցութեան տեսաբանութեան մասին, որ պիտի հրատարակւէր «Յառաջ» Մատենաշարի կողմից: Խուզարկութեան ժամանակ, ժանտարմները գտնում են ընկ. Օհանջանեանի մօտ այդ ձեռագիրը, որ յետոյ, քննիչ Լըժինի կողմից թարգմանել տրւեց ռուսերէնի եւ նիւթ ծառայեց Դաշնակցութեան դատավարութեան միջոցին, 1912-ին: Ձեռագրի հայերէն բնագիրը այլեւս երեւան չեկաւ, բայց ոռւսերէն բնագիրը տպւած է դատական գործի հատորներում եւ այսօր էլ դեռ չի կորցրել իր թարմութիւնը:

Համալսարանն աւարտելուց յետոյ, Ջամալեանը հաստատւեց Թիֆլիսում, իբրեւ Ներսիսեան դպրոցի պատմութեան դասատու եւ «Հորիզոն» օրաթերթի խմբագիր Նիկ. Աղբալեանի եւ բժ. Ա. Ղազարեանի հետ: Այդ պաշտօններում նա մնաց մինչեւ 1914 թ. աշունը:

Թիֆլիսում նրա առջեւ բացւեց գործունէութեան ընդարձակ ասպարէզ: Դպրոցում նա սիրւած էր աշակերտութեան կողմից: Իբրեւ խմբագիր՝ նրա առաջնորդողներն ու յօդւածները փնտռւում էին ընթերցողներից: Միաժամանակ դասախօսութիւններ էր կարդում երիտասարդութեան եւ բանւորների համար, ինչպէս նաեւ գրական շրջաններում: Եռանդով մասնակցում էր գրական-հասարակական կեանքին: Մասնակցեց Ընդհանուր Ժողովին Կարինում եւ այդ առթիւ ճամբորդութիւն կատարեց Երկրի զանազան վայրերում, ու ծանօթացաւ ժողովրդի նիստ ու կացին: Եւ 1912ից սկսած Դաշնակցութեան ղեկավար դէմքերից մէկն էր Կովկասում: 1914-ի Կարինի Ընդհանուր Ժողովին թէեւ ներկայ չէր, բայց ընտրւեց Բիւրոյի կովկասեան հատւածի անդամ Խ. Կարճիկեանի հետ միասին:

Կամաւորական շարժման հենց սկզբից Ջամալեանը ձգեց դպրոցն ու խմբագրութիւնը եւ ամբողջապէս նւիրւեց կամաւորական գնդերի կազմակերպութեան գործին: 1914ի աշնան, մի խումբ աշակերտների եւ ուսնաողների գլուխն անցած, որոնց մէջ էր եւ ապագայ Պոլիտ Բիւրոյի անդամ Անաստաս Միկոյեանը, նա անցաւ Պարսկաստան միանալու Անդրանիկի կամաւորական գնդին:

Նահանջից յետոյ, Արշակը այլեւս անհատական զբաղում չունեցաւ. ամբողջապէս նւիրւեց Դաշնակցութեան գործին: Մասնաւորապէս, բուռն գործունէութիւն ցոյց տւեց ցարական իշխանութեան փլուզումից յետոյ, 1917ին: Նա օրւայ ժողովրդական դէմքն էր այդ օրերին, որպէս հռետոր հրապարակային ժողովներում, որպէս յեղափոխական մարմինների անդամ, որպէս բանւորական զանգւածների կազմակերպիչ ու ղեկավար, որպէս կուսակցութեան ներկայացուցիչ արտաքին յարաբերութիւնների մէջ:

Բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ, երբ Անդրկովկասը անջատւեց Խորհրդ. Ռուսաստանից, Ջամալեան Դաշնակցութեան ներկայացուցիչներից մէկն էր Անդրկովկասեան յեղափոխական-պետական մարմինների մէջ: Նա պատւիրակ էր այն յանձնախմբի, որ յանուն Անդրկովկասեան իշխանութեան զինադադար կնքեց թուրքերի հետ, Երզնկայում:

Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ, Ջամալեանը եղաւ Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ դեսպանը Վրաստանի կառավարութեան մօտ: Միաժամանակ՝ Հայաստանի ներկայացուցիչ Կովկասի գերման հրամանատարութեան մօտ:

Ապա՝ Ջամալեանը Երեւանում է. Խորհրդարանի անդամ, Հ. Յ. Դ. 9-րդ Ընդհանուր Ժողովի ազդեցիկ դէմքերից մէկը, Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամ եւ պետական ու քաղաքային զանազան պաշտօնների մէջ: 1920, Մայիսին՝ կառավարութեան անդամ, հաղորդակցութեան նախարարի պաշտօնով: Բոլշեւիկեան ապստամբութեան դէմ բուռն պայքար մղողներից մէկը:

Նոյն տարի, Օգոստոս 10ին, Հայաստանի կառավարութեան յանձնարարութեամբ, Թիֆլիսում, զինադադար կնքեց Մոսկւայի ներկայացուցիչ Լըգրանի հետ՝ վերջ տալու համար կռիւներին Կարմիր Բանակի հետ Շարուր-Նախիջեւանի ուղղութեամբ:

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ՝ Ջամալեանը որոշ ժամանակ պահւած մնաց Երեւանում: Ապա՝ գաղտնի անցաւ Թիֆլիս եւ այնտեղից՝ Պոլիս, ուր շարունակեց գործել, իբրեւ Դաշնակցութեան ղեկավար մարմնի անդամ: 1921 թ. գարնան, որպէս Դաշնակցութեան պատւիրակութեան անդամ, բանակցութիւններ վարեց Լատւիայի մայրաքաղաք Ռիգայում Մոսկւայի պատւիրակութեան հետ, Փետրւարեան ապստամբութեան հետեւանքով ստեղծւած դրութիւնը կարգաւորելու եւ Ռուսաստանի ու Հայաստանի յարաբերութիւնները ճշդելու համար:

Հ.Յ.Դ. 1923 թ. Վիեննայի Խորհրդաժողովից յետոյ՝ Ջամալեանը անցաւ Ամերիկա գործիչի պաշտօնով, ուր մնաց մէկ տարի եւ եռանդուն գործունէութիւն ցոյց տւեց: Մասնաւորապէս մեծ եղաւ նրա դերը Հայ Կարմիր Խաչի վերակազմութեան գործում: Առհասարակ, Հայ Կարմիր Խաչը (ներկայիս Հայ Օգնութեան Միութիւնը) բոլոր երկրներում շատ բանով պարտական է Ջամալեանին. նա անհատնում եռանդ ու սիրտ դրեց այս մեծարժէք կազմակերպութեան մէջ:

1925ին Ջամալեանը մասանկցեց Փարիզի Ընդհանուր Ժողովին եւ նորից ընտրւեց Բիւրոյի անդամ: Միաժամանակ՝ Բիւրոյի կողմից նշանակւեց Ընկերվարական Միջազգայինի ներկայացուցիչ եւ, որպէս այդպիսին, գլխաւորեց Հ. Յ. Դաշնակցութեան պատգամաւորութիւնը Մարսէյլի Ընկերվարական Միջազգային Համագումարում: Այն տեղ էր, որ Դաշնակցութիւնը առաջին անգամ քրտական հարցը ընկերվարական աշխարհի առջեւ դրեց:

Մինչեւ 1933 թ. Ջամալեանը մնաց Բիւրոյի կազմի մէջ եւ գործօն մասնակցութիւն ունեցաւ կուսկացութեան ղեկավարութեան մէջ: 1925ից սկսած անդամ էր նաեւ «Դրօշակ»ի խմբագրութեան եւ մեծարժէք յօդւածներ ունի նրա մէջ: Միաժամանակ աշխատակցում էր մեր կուսակցական մամուլին: Այդ տարիներին գրեց նաեւ մի քանի թատերախաղեր՝ «Տարերքի Ընդվզումը», «Նահապետ Նահապետեան», «Գծից Դուրս», որոնց մէջ արծարծում էր ընկերային եւ հոգեբանական հարցեր: «Հայրենիք» ամսագրում հրատարակեց մի շարք լուրջ ուսումնասիրութիւններ պատմական խնդիրների մասին, ինչպէս եւ մի կուռ պատասխան Յ. Քաջազնունիին, որոնք, դժբախտաբար, մեծ մասով մնացին անաւարտ: Իր բնաւորութեան գծերից մէկն էլ այդ էր. արտակարգ եռանդով լծւել որեւէ աշխատանքի, առատ եւ անգնահատելի գործ կատարել եւ մէկ էլ, յանկարծ, ձգել, յաճախ, առանց աւարտելու: Շատ անգամ մէկ շաբաթում նա ընդունակ էր այնքան գործ արտադրելու, որքան ուրիշը մէկ ամսում չէր կարող գլուխ բերել: Ուրի շանգամ էլ՝ մէկ ամսում չէր կարող անել այն՝ ինչ որ սովորական մարդը մէկ շաբաթում կ'անէր:

1933ից յետոյ, Ջամալեանը ազատ գործիչ էր կուսակցութեան տրամադրութեան տակ: Զանազան յանձնարարութիւններով նա, յաճախ, ճամբորդում էր: Լայն կապեր եւ ծանօթութիւններ ունէր հայ եւ օտար շրջանակների հետ: Նրա միտքը առանձնապէս զբաղեցնում էր կովկասեան ժողովրդների համերաշխութիւնը, յատկապէս հայ-վրացական յարաբերութիւնների բարելաւումը: Այս ուղղութեամբ նա անսպառ եռանդ թափեց եւ մեծ հմտութիւն երեւան բերեց: Վրաց շրջաններում մեծ յարգանք եւ վստահութիւն էր վայելում:

Երկրորդ համաշխարհային պատերազմը Ջամալեանի ծրագիրներն ու յոյսերն էլ խորտակեց: Ճամբորդութեան ընթացքին, 1940 թ. Սեպտեմբերին, նա ծանր կերպով հիւանդացաւ: Ինչպէս միշտ անփոյթ դէպի իր առողջութիւնը, այս անգամ էլ կարեւորութիւն չտւեց: Հիւանդութիւնը բարդացաւ: Թոքատապին չդիմացաւ նրա տկարացած մարմինը: Եւ, Դեկտ. 27ին ընդմիշտ հեռացաւ այս աշխարհից:

Նրա զաւակը, մասնաւոր մի նամակով, հետեւեալ կերպով է նկարագրում հօր վերջին վայրկեանները. «Մինչեւ վերջին վայրկեանները նա հարցումներ է տալիս իր բոլոր ընկերների մասին՝ անհանգիստ նրանց վիճակով: Իսկ երբ բժ. Յովսէփը (Տէր Դաւթեան) խնդրում է, որ հանգիստ լինի եւ առայժմ իր առողջութեան մասին մտածէ, փորձում է վեր կենալ եւ նորից գործի գնալ՝ մտահոգւած մեր ժողովրդի վիճակով: Այդ մտահոգութիւնը նա պահեց մինչեւ վերջին ժամ: Իր մասին ո՛չ մի խօսք, ո՛չ մի փափաք ամբողջ ծանր հիւանդութեան տեւողութեան ընթացքին: Բոլորից էլ հրաժեշտ առաւ՝ ասելով, թէ միւս աշխարհում կը տեսնւենք:

«Ծնունդի գիշերը տաքութիւնը սաստիկ նեղեց նրան. չէր կարողանում շնչել: Այդ գիշեր նա, զարմանալի յիշողութեամբ, առանց մէկ բառ սխալւելու, ծայրից-ծայր ամբողջութեամբ արտասանեց Յովհ. Թումանեանի Սասունցի Դաւիթը»...

Սիմոն Վրացեան
«Ալիք», Թեհրան
ԼԴ. Տարի, Թիւ 65, 67, 68