I
Որովհետեւ ես շատ լալկան երեխայ էի, դրա համար էլ մայրս ինձ լռեցնելու համար շարունակ կրկնում էր. «տաճիկ է գալիս», «տաճիկ է գալիս», «քուրդ է գալիս» և իսկապէս, երբ այդ սարսափելի անունները լսում էի, անմիջապէս ձայնս կտրելով, վազում էի մօրս մօտ եւ մտնում էի նրա գոգնոցի տակը:
Տաճիկ եւ քուրդ անուններից ես աւելի էի սարսափում քան «սատանայ» անունից, որովհետեւ կեանքումս, նախ, երբէք սատանայ չէի տեսել եւ յետոյ ծնողներս սատանայից այնքան չէին գանգատւում, որքան քուրդ ու տաճիկներից:
Մի տարբերութիւն, որ իմ փոքրիկ ուղեղը կարողանում էր դնել հայի եւ քուրդ ու տաճիկենրի մէջ՝ այդ այն էր, որ ամենայետին քուրդ ու տաճիկը զէնք էր կրում, իսկ հայի մօտ եթէ մի քիչ մեծ դանակ գտնէին նրան կը ծեծէին եւ կը բանտարկէին:
Այս հանելուկը բաւական ժամանակ անլուծելի մնաց իմ ուղեղում:
Մի օր, երբ նստած մեր նահապետական թոնիրի շուրջը խօսում էինք այն թալանի մասին, որը տեղի էր ունեցել նոյն օրը, յանկարծ ես յիշեցի, որ պէտք է հայրիկիս հարցնեմ, թէ ինչո՞ւ քրդերն ու տաճիկները զէնք են կրում, իսկ հայրիկը զէնք չունի:
Հայրիկս իմ հարցին շատ կարճ եւ կտրուկ պատասխանեց, որից եւ ոչինչ հասկանալ չկարողացայ:
–Զաւակս,- ասաց նա, շոյելով գլուխս,- Աստւած քրդերից վախենում է, իսկ մեզանից ոչ:
–Բա Աստւած մի հրացան էլ չունի՞,- հարցրի ես եւ բերանաբաց սպասեցի հայրիկիս պատասխանին:
–Այդ հարցին թող մայրիկը պատասխանի, ասաց հայրս եւ թիկն տալով մեր հսկայ սեւ սանը, սկսեց ծխել:
Ես նոյն հարցը ուղղեցի մօրս եւ անհամբեր սպասեցի:
Տէր աստւած, ի՜նչ դաժան վայրկեան էր. մէկ էլ էն տեսայ, որ ականջիս ետեւը տաքացաւ եւ արտասուքը լեցւեց աչքերս:
–Գրողը քեզ տանի,- ասաց մայրս ինձ լաւ բամբելուց յետոյ,- դեռ կաթը բերնումն է, ինչ բաների մասին է մտածում:
Ես սկսեցի բարձր ձայնով լաց լինել. հայրս ինձ գրկեց եւ սկսեց փայփայել. երբ տեսայ, որ ձայնս չեմ կտրում, մեծ եղբօրս հրամայեց, որ ինձ վերցնի եւ տանի «տաճկի տայ». լսելով այդ, ես անմիջապէս ձայնս կտրեցի եւ խելօք տղայի պէս խօստացայ, որ էլ այդպէս «յիմար» բաների մասին չմտածեմ, այլ աղօթք անեմ Աստուծուն եւ բարի մնամ:
II
Այս փոքրիկ դէպքից յետոյ անցաւ ուղիղ մի տարի: Քրդերի ու տաճիկների անունը աւելի եւ աւելի սարսափ էր ազդում մեզ, որովհետեւ համարեա ամեն օր լսում էի, թէ՝ քրդերը թալանեցին այս ինչ գիւղը, առեւանգեցին այս ինչի կամ այն ինչի «խորոտ» աղջկան, սպանեցին սրան կամ նրան եւ այսպէս անվերջ...
Չնայած այսքան ահ ու սարսափին, չնայած մեր քաշած մարտիրոսութեան, այնուամենայնիւ ծնողներս գոհ էին եւ ուրախ, որ աւելի սարսափելի բաների ականտես չեն լինում:
Այս անգամն էլ ես չէի կարող հասկանալ, թէ այս բոլորից յետոյ էլ ի՞նչ սարսափելի բաներ կարող են պատահել: Սակայն հեռու չէր այն, ինչ սպսասում էինք...
1894 թ. հիւանդ մարդու հրամանը՝ «ջարդել բոլոր գեաւուրներին» կայծակի արագութեամբ տարածւեց քուրդ աշիրաթների մէջ եւ սկսւեց Վասպուրականի ընդհանուր ջարդը: Սուլթանը մի անգամ էլ իր առանց այն էլ արիւնոտ թաթը շաղախեց «գեաւուրների» արեան ճապաղիների մէջ:
Երեկոյեան դէմ երբ մեր շրջակայ քուրդ աշիրաթները սկսեցին թափւել մեր անպաշտպան գիւղի վրայ, ինչպէս բոլոր գիւղացիները այնպէս էլ մենք փախանք եկեղեցին եւ երկաթեայ դուռը ամուր փակեցինք, որպէսզի պաշտպանւենք քրդերի սրից:
Ամբողջ գիշերը գիւղացիների լացն ու կականը, որ կարծես մի մարդու կոկորդից էր դուրս թռչում, շարունակւեց մինչեւ առաւօտը:
Լուսադէմին, երբ քրդերը դուռը բաց արին եւ սկսեցին տղամարդկանց մէկիկ-մէկիկ դուրս քաշել եւ մորթել ինչպէս «հաւի», մի խորհրդաւոր տեսարան բացւեց, որ երբէք չեմ կարող ջնջել իմ յիշողութիւնից:
Վերջին հրաժեշտն էինք տալիս իրար, հայրս համբուրեց այտերս եւ բռնելով մօրս ձեռքը՝ ասաց.
–Սա փոքր է, գուցէ խնայեն:
Էլ ես ոչինչ չհասկացայ: Երբ հայրս մեզանից հեռացաւ եւ էլի վերադարձաւ մէկ խօսք միայն ասաց.
–Ծօ կնի՛կ, ասում են Նիկոլը գալիս է:
Այս խօսքի վրայ, ծնողներիս դէմքը փայլեց ուրախութեամբ եւ նրանք միասին ձեռքերը բարձրացրին դէպի երկիքն եւ ուրախութիւնից նորից լաց եղան:
Ես բոլորվին զարմացայ – Տէ՜ր Աստւած, սա ի՜նչ բան է, մտածում էի ես, բայց հասկանալ չէի կարողանում:
«Քրդերը գալիս են», «թուրքերը գալիս են» – այս խօսքերի իմաստը ես հասկանում էի, բայց թէ «Նիկոլը գալիս է» սա արդէն ինձ համար բոլորովին անհասկանալի էր: Ինձ անհասկանալի էր եւ այն, թէ ինչո՞ւ «Նիկոլը գալիս է» ասելով ծնողներս ուրախացան:
III
Ես յետոյ միայն իմացայ, որ Նիկոլը գարնան այն առաջին ծիծեռնակն էր, որ գալիս էր մեզ գարուն աւետելու:
Սա նոյն Նիկոլն է, որ քրդուհիները իրենց երեխաներին լռեցնելու համար ասում են. «ս՜ս՜ս՜... Նիկոլ հատ», այսինքն՝ սուս արա, Նիկոլը գալիս է:
Այս տխուր ժամին, երբ մտածում եմ մանկական օրերի մասին եւ յիշողութեանց մէջ վերակենդանանում են այն արիւնոտ օրերը, արիւնս սառչում է երակներումս ու ինձ թւում է, որ հայրս կռացած մօրս վրայ կամացուկ փսփսում է.
–Ծօ, կնի՜կ, ասում են Նիկոլը գալիս է...
Այո՛, այսօր Նիկոլը գալիս է՝ իր սրբազան պարտքը կատարած...