...Պետրոսը ծնւել է 1879 թւին, Թաւրիզի մօտ գտնւող զուտ հայաբնակ Մուժումբար գիւղում... զաւակն է Հայրապետ Մելիք Անդրէասեանի, որը իր տնտեսութեամբ առաջնակարգ դիրք ունէր գիւղում: Մելիք Անդրէասեան ընտանիքի նախահայրն էր Մելիք Անդրէասը, որը Ղարաբաղի մելիքների շառաւիղներից է եւ Մուժումբար է գաղթել Մելիք Մնացականի հետ միաժամանակ, հաւանօրէն 18-րդ դարի յիսնական թւականներին:
...Ահա նոյն Մելիք Անդրէասի ժառանգներից է Պետրոս Մելիք Անդրէասեանը:
Դեռ պատանի հասակում Պետրոսը աչքի է ընկնում իր աշխուժութեամբ եւ ճարպիկութեամբ: Սիրում էր ձի նստել, հրացան գործածել, որսի գնալ եւ ընկերների հետ մահակակռիւ խաղալ: Հասակակիցների մէջ միշտ ղեկավարի եւ հրահանգողի դերում էր լինում: Իր ծննդավայր գիւղի բարձրաբերձ ու ժայռոտ լեռների պէս խրոխտ, ամրակուռ, տոկուն ու քաջառողջ էր Պետրոսը: Գիւղի դպրոցն էր յաճախում, աշխատանքները լրիւ կատարում եւ միաժամանակ իրենց հօտաղն էր ու գիշերներն էլ այգու պահապան հսկիչը: Խառնւածքով անվախ էր ու աներկիւղ:
Այստեղ եւս Պետրոսը, շնորհիւ իր ընդունակութեան եւ համակրելի բնաւորութեան, սիրելի է դառնում թէ՛ ուսուցիչներին եւ թէ՛ դասընկերներին: Նա յառաջադէմ աշակերտներից էր՝ համաձակ եւ արի: Մուզաֆերեդդին Շահը Թաւրիզ այցելելու ժամանակ Թաւրիզի հայ համայնքը եւ դպրոցների աշակերտութիւնը քաղաքից դուրս դիմաւորելու էին գնացել: Աշակերտներից Պետրոսն էր որ համարձակ կերպով Շահին ողջունելով, ֆարսերէն ոտանաւոր արտասանեց եւ արժանացաւ Վեհապետի քաջալերանքին:
Պետրոսը գիւղի սիրահար էր, ամառուայ արձակուրդներին գնում էր ծննդավայր գիւղը եւ սիրով ու հաճոյքով մասնակցում դաշտային աշխատանքներին ու ձմեռը կրկին վերադառնում քաղաք:
Թէեւ Պետրոսին չյաջողւեց միջնակարգ կրթութիւն ստանալ, սակայն շնորհիւ իր մեծ ընդունակութեան, նա կեանքի մէջ ինքնաշխատութեամբ կարողացաւ բազմակողմանի զարգացում ձեռք բերել: Մասնաւոր ուսուցչի մօտ սովորեց նաեւ ֆարսերէն, հետագայում այդ ուղղութեամբ աւելի աշխատելով՝ կարողանում էր ազատօրէն օգտւել իրանեան գրականութիւնից:
Պետրոսը Թաւրիզի դպրոցի տարրական դասընթացն աւարտելուց յետոյ կրկին մի տարի գիւղում է մնում: Եւ այդ շրջանում նա որպէս նորահաս երիտասարդ՝ իր շուրջն է համախմբում ընկերներին եւ նրանց ոգեւորում ազգային եւ հայրենասիրական գաղափարներով: ...
Մեծ ափսոսանքով Պետրոսը բաժանւում է իր սիրելի ծննդավայրից ու գնում է Ղազւին եւ որպէս հաշւապահ ու գործավար՝ պաշտօն է ստացնձնում առեւտրական տուն Եղբայրք Միքայէլեանների գրասենեակում: Այս նոր ասպարէզում Պետրոսը շուտով հմտութիւն է ձեռք բերում եւ իր խելացի գործունէութեամբ մեծ վստահութիւն է վայելում եղբ. Միքայէլեաններից: ...
1908 թւին Պետրոսն անցնում է Ռաշտ եւ պաշտօն է ստանձնում Ասատուր Տէր Օհանեանի մօտ, որ բոժոժի գործարան ունէր: Այստեղ գործից յետոյ, ազատ ժամերին, նա միշտ շփման մէջ էր տեղի երիտասարդութեան հետ, որի մէջ էին նաեւ իր համագիւղացիներից մի քանի հոգի: Այդ շրջանում Ռաշտի ազգային-հասարակական մարմինների ղեկավարութիւնը գտնւում էր Հ. Յ. Դաշնակցութեան տեղական մարմնի հակակշռի ներքոյ: Կային նաեւ հնչակեաններ, սակայն անկազմակերպ եւ դատապարտւած անգործութեան: Պետրոսը հակւած էր հնչակեաններին եւ նրանց շարքերում էր գտնւում, բայց միշտ էլ դժգոհի եւ բողոքողի դերում էր, որովհետեւ գործնական ոչ մի աշխատանք չէր կատարւում կուսակցութեան ղեկավարների կողմից:
Պետրոսը Տէր Օհանեանի մօտ պաշտօնավարում է մինչեւ Իրանի սահմանադրական շարժումների օրը:
Սաթթար Խան (ձախին) եւ Բաղըր Խան |
Հ. Յ. Դ. Ատրպատականի Կ. Կոմիտէն իր հերթին, ղեկավարութեամբ Ռոստոմի, Քեռու, իրենց զինակիցների, և մասնակցութեամբ կուսակցական երիտասարդների, մեծապէս նպաստում են յեղափոխական շարժման եւ յաջողութիւններ ձեռք բերում:
Ազատական շարժումների յեղափոխութեան ալիքներն արագօրէն տարածւում են Իրանի բոլոր քաղաքներում, ինչպէս եւ Գիլանի կենտրոնում՝ Ռաշտում:
1909 թւին Բագւից Ռաշտ են անցնում պարսիկ եւ վրացի յեղափոխական մարտիկներ, որոնց հետ միանում են տեղի ազատական տարրերը: Ռաշտի շարժման գլուխ է անցնում Հ. Յ. Դաշնակցութեան Գիլանի կոմիտէի ներկայացուցիչ՝ Եփրեմը, որը կռւող ուժերը արագօրէն կարգի դնելով, առաջին հերթին յարձակում է գործում Ռաշտի հակասահմանադրական նահանգապետ՝ Սարդար-Աֆխամի վրայ: Նահանգապետն սպանւում է, նահանգապետարանը կրակի ճարակ են դարձնում եւ յեղափոխական դրօշը պարզում քաղաքի վրայ:
Պետրոս Խան եւ տիկինը Թաւրիզ, 1910 |
Պետրոսը չէր կարող հանգիստ նստել, փոթորկւում է նրա խրոխտ հոգին, նմիջապէս հրաժարւում է իր պաշտօնից եւ մի տասնեակ հայրենակից ու համագիւղացի երիտասարդներ իր շուրջն համախմբելով՝ միանու է Եփրեմի բանակին: Այդ շրջանումն է որ նա հեռանում է Հնչակեան կուսակցութիւնից եւ անցնում Դաշնակցութեան շարքերը:
Յեղափոխական ուժերը Ռաշտը գրաւելուց յետոյ Էնզելի-Թեհրան խկուղով առաջ են շարժւում դէպի Թեհրան: Յեղափոխականների բանակն արագօրէն ստւարանում է եւ ուժեղանում: ...
Թեհրանի գրաւումից յետոյ անհրաժեշտ էր առաջին հերթին կարգը վերականգնել մայրաքաղաքում եւ շրջաններում:
Եփրեմը օր ու գիշեր լարւած աշխատանքի էր, իր զինակիցներին իրենց ուժերի համապատասխան գործի է լծում: Պատասխանատու աշխատանքներ է յանձնարարւում նաեւ Պետրոսին: Սարդար Բհադորի ու Եփրեմի կարգադրութեամբ Պետրոսը իր մի խումբ զինակիցներով՝ մուջահիդների կողմից թալանի մատնւած պետական գանձարանի ակնեղէնները եւ այլ թանգարժէք զարդերն է հաւաքում: Այս յանձնարարութիւնը յաջողութեամբ կատարելուց յետոյ, աւելի մեծ ուժերով ուղարկւում է Ղաշղայիների վրայ եւ ըմբոստներին զինաթափ անում ու շրջանը խաղաղեցնում: Մասնակցում է Սալար դովլէի կռիւներին Ղարաբաղցի Իվան Դայու (Յովհաննէս Քոչարեան) հետ եւ այդ կռիւներում աչքի է ընկնում զօրականի հմտութիւններով: Կռիւներում միշտ էլ առաջին շարքերում էր, հակայեղափոխական տարրերի ղեկավարներին պարտութեան մատնելով եւ հրապարակից վերցնելով, հրահանգում էր զինաթափ անել բանակը՝ առանց կոտորածների:
1910 թւին Պետրոսը Եփրեմի կարգադրութեամբ գնում է Թաւրիզ, ուր նշանակւում է Ատրպատականի ռսումաթի (անուղղակի հարկերի) ընդհանուր կառավարիչ: Այդ պաշտօնին անցնելով նա խանութեան տիտղոս է ստանում: Նոյն շրջանում Թաւրիզի ոստիկանութեան ընդհանուր կառավարիչն էր Մուրադ Սուլթանը, որը ճշմարիտ հայրենասէրի անուն էր վայելում եւ շատ մտերիմ ու բարեկամական յարաբերութեան մէջ էր հայ յեղափոխական մարտիկների ղեկավարների հետ: Թաւրիզումն էին Կովկասից եկած յեղափոխական մարտիկները՝ Ռոստոմի, Դումանի եւ Քեռու անմիջական ղեկավարութեան ներքոյ: Վերջինների հետ Պետրոսը շատ մօտ կապ է ստեղծում եւ խորհրդակցութեամբ վարում ամեն կարգի կարեւոր աշխատանքներ:
Խաղաղ շրջան էր, հակասահմանադրական տարրերը պարտութեան էին դատապարտւած: Թաւրիզի պետական իշխանութիւնը ամեն ինչ կատարում էր Մուրադ Սուլթանի եւ Պետրոս խանի թելադրանքով: Չնայած իրենց պաշտօնի եւ դիրքի բարձրութեան, երկուսն էլ իրենց նկարագրով ու կեցւածքով պարզ էին ու համեստ, որպէս հասարակ զինւորներ:
1911 թւին ռուսական զսպիչ զօրքը մտնում է Թաւրիզ, ռէակցիան գլուխ է բարձրացնում: Յետադէմ տարրերը Շոջա Դովլէի ղեկավարութեամբ նորից ոտքի են կանգնում:
Կովկասից եկած յեղափոխական վարիչները՝ Ռոստոմը, Քեռին, Դումանը անցնում են Տաճկաստան: Սկսւում են խիստ հալածանքներ յեղափոխական գործիչների դէմ: Ամեն օր խուզարկութիւններ, բանտարկութիւններ, զէնքերի գրաւում եւ անվերջ սարսափ: Թաւրիզի ազգաբնակութիւնը ծանր օրեր էր ապրում: Քաղաքի միջնաբերդում (Արք) ցցւում են ազատութիւնը խեղդող կախաղանի սիւները, որ սարսափ են ազդում ամենուր: Ռուսների պահանջմամբ եւ Շոջա Դովլէի կարգադրութեամբ միմեանց յետեւից կախաղան են հանւում սահմանադրական կարգերի պաշտպան ինն անձնւէր հայրենասէր պարսիկ յեղափոխականներ, որոնց մէջ յայտնի էր իր անվեհեր եւ խիզախ գործունէութեամբ Սըզաթ-օլ-Էսլամ մեծ մուջթէիդը:
Ռէակցիայի այդ դաժան օրերին, երբ յեղափոխական ղեկավարները հեռացել էին քաղաքից, Պետրոսի հարազատները եւ մտերիմները խորհուրդ են տալիս նրան թագնւել մի տեղ կամ թողնել ու հեռանալ: Պետրոսը կտրականապէս մերժում է համակերպւել այդ վիճակի հետ եւ շարունակում է ազատ շրջել ու իր պաշտօնը վարել:
Մի գիշեր, երբ Պետրոսը իր քրոջ տղայի՝ Ասատուրի հետ ուշ ժամին տուն էր վերադառնում խորհրդակցական ժողովից, մի նեղ փողոցում ռուսական հետախոյզ զինւորներ կտրում են նրանց առաջը. մթութիւնից օգտւելով Պետրոսը աննկատելիօրէն յետ է դառնում եւ անյայտանում խաւարի մէջ: Զինւորները Ասատուրին ձերբակալում են՝ ընդունելով Պետրոսի տեղ եւ տանում ռուսական հիւպատոսարան: Յաջորդ օրը հարցաքննելով Ասատուրին եւ համոզւելով, որ Պետրոսը չէ, ազատ են թողնում:
Այդ դէպքից յետոյ մի առ ժամանակ Պետրոսը մնում է թագնւած, բայց չանցած մի քանի օր, կրկին ազատ ներս ու դուրս է անում: Հէնց այդ օրերին հիւպատոսարանի պաշտօնեայ Միրզա Ալաքպար խանը հաղորդում է, թէ Պետրոսին փնտռում են, թող հեռանայ քաղաքից: Պետրոսը կրկին յամառում է եւ անուշադրութեան մատնում եղած ազդարարութիւնը:
1912 թ. Յունւար 3-ին կէսօրւայ ժամին, երբ Պետրոսը տանը ճաշի էր նստած, Միրզա Մահմուդ խանը անձամբ ենրկայանում է եւ յայտնում. «Պետրոս խան, հեռացիր քաղաքից, գալիս են քեզ ձերբակալելու»: Հէնց այդ նոյն ժամին ոստիկանատնից հեռախօսով Պետրոսին կանչում են. վերջինս անվարան գնում է եւ տեղ հասնելուն պէս ձերբակալւում: Արդէն ամէն ինչ պարզ էր ու մեկին՝ կախաղան պիտի բարձրանար: Զարզանդիչ լուրը անմիջապէս տարածւում է քաղաքում: Ներում խնդրելու ամեն միջոցառումներ ձեռք են առնւում:
Ատրպատականի Առաջնորդարանի եւ Պետրոսի կնոջ կողմից հեռագրներ են ուղարկւում ամեն ուղղութեամբ, Թեհրան՝ Մեջլիսին եւ Վարչապետին, Պետրոգրադ՝ ռուսաց կայսեր Նիկոլային, Էջմիածին՝ Վեհափառ Կաթողիկոսին, Թիֆլիս՝ փոխարքայ Վարանցով Դաշկովին, բայց, աւաղ, բոլոր դիմումները մնում են անեհտեւանք:
1912 թ. Յունւ. 6-ին Ծննդեան տօնի առաւօտեան Պետրոսին տանում են դէպի կախաղան: Թաւրիզի ամբողջ համայնքը ափսոսանքի ու ցաւի մրմունջը շրթներին շտապում են կախաղանի վայրը՝ վերջին հրաժեշտը տալու անվեհեր ու արի յեղափոխականին:
Պետրոսը կանգնած է անայլայլ կախաղանի աթոռի մօտ, ներկայ է ծխատէր քահանան, որ եկել էր հաղորդելու եւ կտակը գրելու: Հաղորդւելուց յետոյ, Պետրոսը կարգադրում է քահանային իր կտակը գրել: Քահանայի ձեռքը դողում է, չի կարողանում անգամ առաջին բառը գրել: Պետրոսը վերցնում է թուղթն ու գիրչը ասելով. «Տէր հայր, ինձ են կախաղան հանում, դու ինչու ես դողում»: Կտակակատար է նշանակում Զաքարիա Նազարբէկեանի եւ իր հօրեղբօր երկու որդիներին: Գրում է նաեւ թէ կինը յղի է, երկրորդ զաւակը պիտի ունենայ, որին պիտի կոչեն Վրէժ: Ապա բարձրանում է աթոռի վրայ ու գոչում «Կեցցէ յեղափոխթութիւնը... Վրէ՜ժ... Վրէ՜ժ...» իր ձեռքով մահւան թոկը վիզն է անցկացնում եւ աթոռը հրում: Դեռեւս խեղդամահ չեղած թոկը կտրւում է եւ վայր ընկնում. անմիջապէս ոտքի է կանգնում եւ բղաւում դահճապետի վրայ «Այս ի՞նչ թոկ է, դու չգիտես, որ Պետրոս խանը պիտի կախւի»: Թոկը միացնում են եւ կրկին կախում: Աւանդական սովորութեամբ, երբ կախաղանի թոկը կտրւում է, մահապարտն ազատւում է: Ասում են մի բարձրաստիճան ռուս զինւորական, երբ նկատում է, որ երկրորդ անգամ նորից կախում են, անմիջապէս մօտենում է կախաղանին եւ իր սրով կտրում թոկը, Պետրոսը կրկին վայր է ընկնում, բայց արդէն անշնչացած էր:
Հայ ժողովրդի եւ Իրանի անձնւէր զաւակ՝ Պետրոսը, 32 գարուններ հազիւ բոլորած, սահամանդրութեան ժողովրդավար կարգերի պահպանման համար, արի ու խիզախ խոյանքով իր անձը զոհաբերեց: Եւ այսօր, երբ տօնւում է այդ յաղթանակի 44-րդ տարեդարձը, երախտագիտութեամբ ոգեկոչւում է յիշատակը անմահ հերոսներ՝ Եփրեմի, Քեռու, Դումանի, Պետրոսի եւ յայտնի ու անյայտ զինակիցների, որոնք իրենց գործով կու կեանքի գնով յաղթանակի ուղին հարթեցին եւ իրենց արեամբ սրբագործեցին Իրանի ազատագրական շարժումները:
Սահմանադրութեան այսօրւայ տարեդարձին երախտագիտութեամբ եւ յարգանքի խորին զգացումով խոնարհւում ենք այդ հերոսների անմահ յիշատակի առաջ: