05 February, 2023

Թռուցիկ Թերթ. ՀՅԴ Վասպուրականի Կեդրոնական Կօմիտէի (Թիւ 2)

Ժողովուրդի՛ն

Սուլթանական յանձնաժողովը թնդանօթների որոտմամբ մտաւ Վան բարենորոգումները գործադրելու:

Մեր աչքով տեսանք, թէ այդ բարենորոգումները կեղծ են, խարդախ, իսկ հետեւանքը՝ գետերով արիւն:

Հա՛յ ժողովուրդ, մի՛ հաւատար, մի՛ խաբւիր գայլերէն: Կարին եւ Տրապիզոն ապտակեցին խարդախ բարենորոգիչ Շաքիր փաշային: Իսկ դու Վա՛ն, ահա փորձութեան ծանր րոպէն ա
ռաջդ է. պատւով եկ դուրս կռւից. Ամօթապարտ ետ դարձրու կայսերական յանձնաժողովը. մի՛ զիջանիր նրա եւ ոչ մի՛ բռնի պահանջին:

Ամբողջ Տաճկահայաստանը սուգ է կապել. Նա՝ հայ ժողովուրդը ջարդւած՝ փշրւած է. նա՝ հայը անարգւած է, մերկ, սովատանջ, թափառական:

Այս բոլոր թշւառութեանց հեղինակը՝ ինքը, գազան սուլթանն էր. եւ այսօր, այդ անխիղճ բռնակալը՝ իր յանձնաժողովի բերնով քարոզում է մեզ հաշտւել իր հետ: Երբէ՛ք:

Այս սարսափների առջեւ, ուր Հայրենիք արեան ծով է դարձած, եւրոպական դիպլօմատիան էլ կը ծաղրէ մեզ. կսպսասէինք անգութ լինել, բայց բարոյապէս ընկած՝ ոչ: Մենք ոչինչ չունինք շպրտելու այդ լկտի դիպլօմատիայի երեսին, բայց եթէ մեր խորին զզւանքն ու արհամարանքը:

Հայե՛ր, ծանր ճգնաժամի մէջ ենք: Ոճրագործ սուլթանը իր անթիւ կոտորածներով եւ ամբողջ կառավարչական րէժիմով, ընկած է մեր կրծքի վրայ, ինչպէս կապար: Այո՛, մենք ջախջախւած, մենք տխուր, վիրաւոր, բայց ընկճւած՝ ո՛չ երբէք:

Հաշտութիւն չկայ: Մենք զէնքը վար չենք դնի, մեր սրբազան կռիւը կայ ու կը շարունակւի աւելի կատաղի:

Թո՛ղ կորչի ուրեմն, անարգ բռնակալի յանձնաժողովը. նրան ոչ մի զիջում: Մենք յեղափոխականներ ենք, մեր վերջին խօսքը Մա՛հ կամ Ազատութիւն:

Կեցցէ՜ հայ ժողովուրդ,
Կեցցէ՛ Յեղափոխութիւն:

ՀՅԴ Վասպուրականի Կեդրոնական Կօմիտէ
5 Փետ. 96

«Դրօշակ»
1 Ապրիլ 1896, Թիւ 10