05 February, 2023

ԴԱՐԲԻՆ. Խաչատուր Մանուկեան

Ծնւել է 1880 թ. Վայոց Ձորի՝ Հէրհէր գիւղում: 1900 թ. ենթարկւում է զօրակոչի և զինւորական ծառայութիւնը վերջացնելուց յետոյ, հայ-թրքական կռիւների նախօրեակին, վերադառնում է հայրենիք:

Մինչև զինւորագրութիւնն արդէն անդամ էր Հ. Յ. Դաշնակցութեան: Որպէս կուսակցական, անգնահատելի ծառայութիւն է մատուցանում դաշնակցական մարտական խմբերին հայ-թրքական ընդհարումների ժամանակ: Լինելով այդ խմբերին հետապնդող կոզակների հարիւրակի առաջնորդն ու հրամանատարի թարգմանը՝ Խէչօն նախօրօք յայտնում էր կազմակերպութեանը ռուսների ծրագրի մասին եւ միշտ սխալ հետքերով առաջնորդում: Միւս կողմից՝ իր ուզածի պէս էր թարգմանում թուրքերի կողմից եղած բողոքներն ու ցուցմունքները: Գլխաւորապէս նրա շնորհիւ էր, որ մեր խմբերը զերծ էին մնում կոզակների հետապնդումից:

Կռիւները վերջանալուց յետոյ, Խէչօն մի առժամանակ աշխատում է Բագւում եւ ապա վերադառնալով գիւղ՝ ստանձնում է անտառապահի պաշտօն, որպիսին վարում է մինչեւ համաշխարհային պատերազմը:

Պատերազմի սկզբին, իբրեւ պահեստի զինւոր, մտնում է կովկասեան ճակատի գործող բանակը եւ աշխատում զօր. Նազարբեկեանի շտաբին կից հետախուզական բաժնում: Այս դերում Խէչօն յայտնաբերում է մեծ հնագիտութիւն եւ անչափ յանդգնութիւն: Քանիցս, հետախուզումների ժամանակ, շփոթւելով՝ ընկնում է թշնամու դիրքերը, բայց միշտ էլ, շնորհիւ իր պաղարիւնութեան ու ճարպիկութեան, ազատւում է վտանգից:

1917 թ. յեղափոխութիւնից յետոյ, վերադառնում է տուն եւ գործօն մասնակցութիւն բերում իրենց շրջանի հասարակական կեանքին: 1918 թ. երկրի ներսը առաջացած կռիւների ընթացքում, Խէչօն հանդէս է գալիս որպէս հէրհէրցիների հրամանատար: Խէչոյի խումբը մասնակցում է Ջուլի կռիւներին, ուր առանձնապէս աչքի է ընկնում նրա տղաների քաջագործութիւնը: 1920 թւի գարնանը Խէչօն միանում է Չիւայի վրայ յարձակւող զօրախմբին եւ մինչեւ կռիւների վերջը չի բաժանւում իր անձնական ընկեր վաշտապետից, որին մեծապէս օգնում է կռիւները վարելու գործում:

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, Խէչոյի առջեւ բացւում է գործունէութեան նոր ասպարէզ: Շնորհիւ Հէրհէրի աշխարհագրական դիրքի, Խէչոյի տունը դառնում է կապի օղակ ըմբոստ Զանգեզուրի եւ խորհրդայնացած Վայոց Ձորում աշխատող գաղտնի կազմակերպութեան միջեւ: Խէչօն ոչ միայն ղեկավարում է կապի գործը, այլ եւ, յաճախ, ինքն անձամբ կատարում է պարզ սուրհանդակի պաշտօն: Վայոց Ձորի վերագրաւման կռիւներին Խէչօն մասնակցում է որպէս վաշտապետ:

Փետրւարեան հերոսական ապստամբութիւնից յետոյ, նահանջող զօրքն ու ժողովուրդը թողնում է նաեւ Վայոց Ձորը: Հէրհէրը վերջին կէտն է, որը թողնում է զինւորական հրամանատարութիւնը եւ ամրանում Գնդևազի մօտ:

Ահա այս նահանջի ժամանակ է, որ Խէչօն ցուցադրում է իր ողջ էութիւնը: Նա ոչ միայն չի մատնւում խուճապի ու յուսալքման, այլ եւ չհամակերպւելով նահանջելու մտքին՝ մերժում է հրամանատարութեան կարգադրութիւնը եւ մի խումբ հաւատարիմ տղաներով բռնում է գիւղի վրայի քարը եւ ամբողջ մէկ շաբաթ թոյլ չի տալիս, որ թշնամին ներս խուժի իր հայրենի գիւղը: Նա չի լքում դիրքերը եւ այն ժամանակ, երբ միայն երկու ընկեր են մնում իր մօտ: Կատաղած  բոլշեւիկները, չկարողանալով ընկճել յանդուգն ըմբոստին, ամենատմարդի չարչարանքի են ենթարկում գիւղացիներին: Եւ միայն վերջիններիս թախանձագին խնդրանքից յետոյ է, որ Խէչօն համաձայնւում է թողնել Հէրհէրի դիրքերը եւ անցնել Գնդևազ:

Խէչօի այդ արարքը բարոյական հսկայական նշանակութիւն ունեցաւ եւ խուճապի մատնւած նահանջողներին շատ բան սովորեցրեց...

Երբ յունիս մէկին, Սիւնիքում համախմբւած ուժերը երկրորդ անգամ վերագրաւեցին Վայոց Ձորը, Խէչօն առաջնորդն էր առաջապահ վաշտերի: Վերջին նահանջը Խէչոյին հասցնում է Արաքսի ափը. վերջին անցնողներից էր նա:

Գալով Թաւրիզ, սկզբում Խէչօն ապրում է համեստ գաղթականի կեանքով: Բայց նրա անհանգիստ հոգին չէր կարող հանդուրժել նման վիճակի: Գործ – ահա իր կեանքի նշանաբանը: Եւ շուտով նրան տեսնում ենք ուրիշ գործի ասպարէզում:

Վաղաժամ է խօսել Խէչոյի այս շրջանի գործունէութեան մասին: Երբ ազատ արտայայտւելու իրաւունքը նորէն ձեռք կը բերենք, այն ժամանակ միայն կիմացւի, թէ ո՛վ էր Խէչօն եւ ի՛նչ գործեր է կատարել:

1924 թ. յունւարին, Խէչօն, իր պարտականութիւնը կատարելիս զոհ է գնում բնութեան տարրերքին, մրսում ու հիւանդանում է: Եւ նրա ամէն վտանգ արհամարհող կամքը, ամէն դժւարութեան տոկացող մարմինը պարտւում է հիւանդութիւնից ու նոյն թւի փետրւար 6-ին զոհ գնում թոքերի բորբոքում:

Խէչոյի բնաւորութեան յատկանիշներն էին վերին աստիճանի պաղարիւնութիւնն ու անվախութիւնը: Յամառ էր ու յանդուգն, անսահման ընկերասէր ու անձնւէր, հնարագէտ ու մեղմ եւ բարի բնաւորութեան տէր: Իսկ ամենից շատ աչքի էր ընկնում նրա խորունկ հաւատը: Գիշեր չէր անցնում, որ երազում Հայաստանը ազատ ու անկախ չտեսնէր: Ամէն առաւօտ, պատմելու շնորհալի ձեւերով, յայտնում էր մեզ իր երազը եւ ապա վճռական շեշտով ասում. «եթէ մի վայրկեան անգամ կասկածեմ, որ երազս իրականութիւն չի դառնալու, անմիջապէս ինքնասպանութիւն կը գործեմ»...

Խ. Ս.
«Դրօշակ»-Հոկտեմբեր 1928
Թիւ 10 (281)