(Թարգմանւած ֆրանսերէն բնագրից)
Արդէն ազատւած Կրէտէն՝ սկսեց ապրել կանոնաւոր կեանքով:
Մի բուռն ժողովրդի հերոսական թափը մի անգամ եւս յաղթանակել տւեց արդարութեան սկզբունքը, որի դէմ դուք իզուր մաքառում էիք այնքան երկար ժամանակ:
Չնայելով ձեր բոլոր ջանքերին՝ թնդանօթների աղմուկով խեղդելու կրէտացիների հեծեծանքներն ու բողոքները, դուք վերջիվերջոյ ստիպւած եղաք զիջել, տապալելով ճնշման եւ բարբարոսութեան ռէժիմը:
Կարո՞ղ ենք արդեօք յուսալ, որ ձգձգման քաղաքականութեան այս վերջին անկումը իզուր չի անցնիլ ձեզ համար եւ որ դուք կը հրաժարւէք վերջապէս յարատեւ դարձնելու այդ ռէժիմը՝ եղեռնագործ եւ աղէտաբեր Թիւրքիայի բոլոր ճնշւած ցեղերի եւ մանաւանդ հայերի համար, որոնց դատը ամենայն իրաւամբ պէտք է այժմ առաջնակարգ տեղ բռնի օրւայ քաղաքականութեան մէջ, քանի որ արդէն անդառնալի կերպով վճռւել է այդ դատի յետաձգելու պատճառ եղած կրէտական խնդիրը:
Տեղը չէ այստեղ, ո՛չ էլ ժամանակը գծելու հայկական դատի արիւնոտ պատմութիւնը բոլոր իր կսկծալից յեղյեղումներով: Բայց եւ այնպէս պարտք ենք համարում յիշեցնել ձեզ, թէ հայկական տագնապը անխուսափելի հետեւանք լինելով Թիւրքիայում տիրող անիշխանական պայմանների, իր զարգացման եւ զանազան արտայայտութիւնների մէջ միանգամայն անկախ չէ եղել սակայն ձեր բռնած դիրքից,– մի հանգամանք, որ այսօր ծանր պատասխանատւութիւն եւ բարոյական պարտաւորութիւններ է դնում ձեր վրայ հայերիս վերաբերմամբ:
Մինչդեօ յոյները կռւում էին իրենց անկախութեան համար եւ փոքր ինչ յետոյ նոյն իսկ թիւրք կառավարութիւնը «Հատտի-Շէրիֆ»-ով հռչակում էր, թէ ոչ ոք՝ որքան էլ ի բնէ խաղաղասէր լինի նա՝ չէ կարող չդիմել բռնի միջոցների, երբ վտանգւում են նրա կեանքն ու պատիւը,– հայերը դեռ եւս օրինականութեան զարմանալի ապացոյցներ էին տալիս, իրենց քրտինքով ոռոգելով իրենց հայրենիքի հողը յօգուտ քիւրդերի եւ թիւրք պաշտօնեաների:
Բայց ամէն համբերութիւն վերջ ունի:
Սարսափելի ու յարաճուն հարստահարութիւնները եւ սիստէմատիկական անապահովութիւնը այն բոլորի, ինչ վերաբերում է մարդկային արժանապատւութեան, վերջապէս հանեցին հայերին համբերութիւնից եւ ձգեցին նրանց յեղափոխական խռովայոյզ վիճակի մէջ: Ռուս-թիւրքական պատերազմը, որ փքոր ինչ յետոյ սկսւեց յանուն Թիւրքիայի քրիստոնեաների ազատութեան, եկաւ արծարծելու այդ կրակը եւ փութացնելու այդ շարժումը վերջանալով Ս. Ստէֆանոյի 16-րդ եւ Բէրլինի 61-րդ համբաւաւոր յօդւածներով եւ տեղիք տալով հայերին կարծելու, թէ նրանց համար էլ պիտի հնչէր ազատութեան ժամը:
Սակայն հետեւեալ մի քանի տարիների դառն փորձը ակներեւ ցոյց տւեց, թէ այդ յօդւածները մնում էին մեռած տառ, մինչդեռ դրութիւնը գնալով աւելի եւ աւելի ծանրանում էր...
Հայերին ոչինչ չէր մնում այդ պայմաններում, բայց եթէ ճակատագրապէս ոտ դնել նոյն յեղափոխական ճանապարհի վրայ, որով ընթացել էին իրենցից առաջ փադիշահների լուծը թօթափած ազգերը:
«Արիւն թափեցէք, որ ազատւէք»,– ահա՛ թէ ինչ կարող էին եզրակացնել հայերը յունական, սէրբական եւ բուլղարական հարցերի լուծման պատմութիւնից: Եւ հայ ազգը ողողեց իր հայրենիքը իր արիւնով, բայց դուք լւացիք ձեր ձեռքերը Պիղատոսի նման: Նա զոհեց ամէն ինչ ազատութեան համար եւ տարաւ տանջանքներ, որոնց առաջ նսեմանում են մարդկութեան տարգրութիւնների ամէնազարհուրելի էջերը: Եւ այսօր Հայաստանը յօշուած կարմիր սուլթանի ձեռքով՝ ընկած է այնպիսի ահռելի թշւառութեան մէջ, որի մասին ոչ մի բան չի կարող գաղափար տալ:
Աւելի քան 100,000 այրիներ, 50,000 որբեր եւ 300,000 մարտիրոսների եւ հերոսների ստւերները կանգնած են այսօր ձեր առաջ՝ իբրեւ փաստաբաններ իրենց ազգային դատի...
Ժամանակը չէ՞ միթէ շտապեցնելու այն, ինչ որ ճակատագրական կերպով կատարւելու է մի օր, որովհետեւ հայերը այդքան զոհերից յետոյ չեն կարող վայր դնել իրենց զէնքը մինչեւ ձեռք չբերեն ուրիշ ազգերի պէս ապրելու իրաւունքը, մինչդեօ միւս կողմից պատմական անհրաժեշտութիւնը արդէն դրել է իր մահւան կնիքը սուլթանների տէրութեան վրայ:
Սարսափելի էին մեր կրած հարւածները, բայց այն հարւածները, որոնք փշրում են ապակին, կռում են պողպատը:
Հայ ազգը, որ դարերի ընթացքում դիմացել է այնքան ահեղ կատաստրօֆների, որ վերջին դէպքերի ընթացքում անձնուրացութեան եւ հերոսութեան այնքան փայլուն ապացոյցներ է տւել, պահած ունի իր մէջ դեռ եւս կենսունակութեան մի անսպառ աղբիւր եւ մի անսասան տոկունութիւն, որի մասին թող չխաբի իրեն Եւրօպան:
Արեան ծովերը անկարող եղան խեղդելու հայ ազգի հայրենասիրական իղձերը եւ այսօր նա պահանջում է ձեզնից, որ վերջապէս ձեր ձեռքն առնէք նրա սրբազան դատը եւ իրագործէք ազդու եւ ստիպողական միջոցներով այն, որ այնքան երկար ժամանակ սպասում է ձեզնից նահատակ Երկիրը:
Մենք կամեցանք կատարել մեր պարտականութիւնը, յիշեցնելով ձեզ այն, ինչ պահանջում են ձեզնից արդարութիւնը, ձեր պատիւը եւ նոյնիսկ ձեր շահերը:
Իսկ մենք այսպիսի մի կացութեան հանդէպ՝ պիտի շարունակենք մեր գործը այն բոլոր եռանդով, որ կարող են ներշնչել մեզ մի ամբողջ ազգ ի յուսահատ վճռականութիւնը եւ յիշատակը այն արեան, որ մեր եղբայրները թափեցին՝ ամէնաազնիւ դատերից մէկի համար: