Մի կսկծալի կորուստ եւս... Հեռագիրը անցեալ օր գուժեց մեր սրտակից ընկեր Ստեփանի մահւան բօթաբեր լուրը...
Պատմական այս փոթորկալի օրերին, երբ համայն մարդկութիւնը ցնցող անցքերը յաջորդում են իրար ապշեցուցիչ արագութեամբ, երբ ծւատւած հայութեան առաջ բացւում են այնքան գրաւիչ հեռանկարներ եւ նրա լաւագոյն զաւակների տենչերն ու երազները մօտ են իրականալուն, ծանր է հաշտւել հեգնող ճակատագրի անողոք այս հարւածի հետ...
Հանգուցեալը իր բարոյական դիմագծով, ըղձանքներով եւ գործելակերպով պատկանում էր 90-ական թւականների մտաւորականութեան այն մասին, որ յայտնի է «հին-դաշնակցական» անունով եւ որի լաւագոյն ենրկայացուցիչներո մտատանջութեան գլխաւոր՝ եթէ ոչ միայն աօարկան էր տաճկական բորենիների ճիրաններում հիւծւող թիւրքահայութիւնը:
Ստեփանը ծնւել է անմահ Քրիստափորի հայրենի Ագուլիսում: Ճեմարանը աւարտելուց յետոյ նա հանդէս է գալիս հայկական փշոտ եւ տատասկոտ մանկավարժական ասպարէզում: Գաւառական ուսուցչի հանրածանօթ անկայուն վիճակը եւ չարքաշ կեանքը անկարող էին ընկճել նրա այն ասպարէզ որոնող ոգին եւ սահմանափակել նրա ձգտումները նեղ մանկավարժական մթնոլորտով:
Հանգուցեալը մինչեւ վերջին շունչը հաւատարիմ մնաց իր մեծ հայրենակցի՝ Դաշնակցութեան առաքեալի՝ ուխտին, յաճախակի կատարելով՝ Գոլիցինեան մռայլ ու դժնդակ օրերին՝ կուսակցութեան այլ եւ այլ պատասխանատու յանձնարարութիւններ:
Հայ-թուրքական ընդհարումներից յետոյ, երբ ծաւալւեցին Գոլիցինեան օրով սկսած՝ Դաշնակցութեան դէմ ուղղած՝ դիւային հալածանքները,– Ստեփանը ստիպւած եղաւ անցնել Պարսկաստան (Թաւրիզ), ուր եւ մնաց իր ընտանիքի հետ մի առ ժամանակ, անլուր զրկանքների ենթարկւելով այս օտար վայրում:
1914 թւի վերջերից սկսած, երբ Թիւրքիան պատերազմ յայտարարեց Ռուսաստանին եւ տեղական իշխանութեան «բարեհաճ» թոյլտւութեամբ որոշւեց կազմակերպել կամաւորական գնդեր, Ստեփանը՝ մինչեւ գնդերի կազմալուծումը՝ ամենաեռանդուն մասնակցութիւն ունեցաւ Թիֆլ. Հայ Կամաւորական Գործադիր Մարմնի (Շտաբի) տենդային աշխատանքներին:
Այնուհետեւ նա նւիրւեց գաղթականների քայքայւած տնտեսութիւնների վերաշինութեան մեծ գործին:
Թէեւ անձնւէր գործիչի տանջալի կեանքը իր կնիքն էր դրոշմել նրա մաշւած դէմքի եւ վտիտ մարմնի վրայ,– կենսուրախ Ստեփանը դեռ լի էր ժողովրդին ծառայելու եռանդով եւ պատրաստակամութեամբ, սակայն ճակատագիրը այլ էր տնօրինել...
Ստեփանը պայծառ յիշատակը անմոռաց կը մնայ մեր սրտերում եւ նրա համեստ շիրիմը իր պատւաւոր տեղը կը գրաւի մեր ցեղի անձուրաց զաւակների պանթէոնում: