08 March, 2023

«Սպիտակ Ձիաւոր» Դրօն

Յիշում եմ մի օր հանգուցեալ Դրօն պատմեց հետևեալը. «Ես այն ժամանակ ռուսական դպրոց էի գնում եւ ոչ մի լուր չունէի հայոց պատմութեան մասին: Դպրոցում յաճախ վիճում էի ռուս տղաների հետ: Նրանք հպարտանում, պարծենում էին Պետրոս Մեծով, վերջնիս քաջագործութիւններով, իսկ ես էլ հեգնում էի նրանց ասելով Ձեր Պետրոս Մեծը ի՞նչ է ո՜ր մեր Մեծն Տիգրանի մօտ... Իմ հոգում ահա այսպիսի տեղ էր բռնել Մեծն Տիգրանը: 

Մի օր էլ երբ Վարդանանցին եկեղեցի էինք գնացել, տէրտէրը ասաց. «Դեռևս Քրիստոսից առաջ Մեծն Տիգրանը...»: Ինչպէ՞ս թէ Քրիստոսից առաջ, կարծես պաղ ջուր ածեցինք գլխից, տրտում տուն վերադարձայ, մի նամուսով թագաւոր ենք ունեցել, մտածում էի ես, այն էլ Քրիստոսից առաջ է ապրած եղել: Կեանքիս առաջին հիասթափութիւնն էր այդ»...:

Մեր պատմութիւնը անկումների, ողբերգութիւնների եւ պարտութիւնների մի շղթայ է, ուր մի քանի լուսաւոր օղակներ միայն կան: Դրօները հայոց պատմութեան վերջին շրջանում տւեցին բազմաթիւ լուսեղէն էջեր, փայլուն օղակներ մեր պատմութեան: Պարծանք, հպարտանք, փառք տւեցին մեզ, մաքրեցին «վախկոտ հայուկ»-ի «արիւնից վախեցող գեաւորի» անարգ մակդիրները մեր վրայից: Փորձեցէք ուրանալ Դրօներին, հազարաւոր «Խենթեր»-ի անունները, գործը, ջնջել փորձեէք մեր պատմութիւնից և դուք կունենաք տխուր, մութ, ամայի, գնչուի պատմութիւն...

Յանդուգն հերոս էր Դրօն, իր վրիժառու ձեռքը տապալել էր բազմաթիւ վիթխարի դահիճներ, իր սուրը բանակներ էր առաջնորդել, Բաշ-Աբարանի փառահեղ ճակատամարտն էր մղել: Բայց հակառակ այդ ամենի չափազանց համեստ էր նա: Երբէք չէր խօսում այդ մասին, այլ նոյն իսկ երբեմն նեղանում էր, երբ խօսք էր բացւում այդ մասին, ճնշւում, մեղապարտի դիրքում լինէր կարծէք:

Երբ խնդրում էի յուշերը թելադրել, գրի առնելու համար, «դրանք ամէն տեղ գրւած են» – պատասխանում էր: Վերջին անգամ Բաշ-Աբարանի մասին, իր սրտակից ամենամօտ ընկերոջ բազմաթիւ ստիպումներից յետոյ, խօստացաւ պատմել, փորձեց պատմել, պատմեց ու միայն 17 տող ու կանգ առաւ «Յուշ նրանք թող գրեն որ շուտ մեռնելու վախն ունեն»...

Չեմ կարծում թէ որևէ մէկը կարողանար այնպէս յստակ եւ լակոնական ոճով պատկերացնել, տա՛լ ազատատենչ հայութեան նպատակը՝ քան ինքը:

«Մենք ուզում ենք որ հայը վարի հայի ճակատագիրը, հայը լինի իր տէրը, իր հողի տէրը, ոչ ռուս, ոչ թուրք, ոչ ֆրանսացի, ոչ անգլիացի, ոչ ամերիկացի, ո՛չ ոք բացի հայից»:

Հայաստանի կարօտն ունէր սրտում Դրօն եւ միաժամանակ անխախտ հաւատք նրա ապագայի հանդէպ: Յաճախ ասում էր. «Եա Սուրբ Գէրոգ, դու մեզ հասցուր մեր մուրազին»: Մուրազը կրկին անգամ Հայաստան լինելն էր, աւա՜ղ մեռաւ, աւա՜ղ մեռաւ հայրենիքից հեռու, մուրազը սրտում:

Մեռա՞ւ, ասացի: Ո՛չ: Դրօն չի մեռել: Միթէ՞ կարող էր նա որ համակ եռանդ էր, կեանք, աւիւն, մեռնել: Այսօր Սիւրիայում, Լիբանանում, այստեղ Եգիպտոսում, հազարաւոր է թիւը նրանց, որոնք չեն հաւատում նրա մահւան. «Նա Ամերիկա է, մի օր կը վերադառնայ»: Միթէ՞ Դրօն կարող է մեռնել, նա որի հիւանդ լինելուն իսկ ոչ ոք չէր հաւատում: Իրաւունք ունէր, երբ մի օր ասում էր. «Գիտե՞ս ինչ, եթէ մեռնեմ, դագաղի մէջ դրւեմ իսկ, սրանք չեն հաւատայ, կասեն այ, ուր որ է կը կանգնի եւ բռունցքը թափահարելով կը բղաւի...»:

Ու այսօր ես չեմ հաւատում, թէ Դրօն մահացել է: Նա մահկանացու ծնաւ, անմահ դարձաւ:

Ու այսօր զարմանալի չպիտի թւայ ձեզ, որ սպիտակ ձի հեծնող Դրօն դարձաւ Հայ Յեղափոխութեան «Սպիտակ Ձիաւորը» մեռած, սակայն միշտ կենդանի է, ամենուր, ամենքի սրտում:

Վ. Հէրեան (Թեհրան)
«Ալիք», Թեհրան
ԻԶ. Տարի, Թիւ 107 (5457)
Կիրակի, 20 Մայիս 1956 թ.