Չորեքշաբթի, մարտ 23-ի առաւօտեան սրտի կաթւածից իր մահկանացուն կնքեց անմոռանալի ընկեր Գրիգոր Մխիթարեանը, խորը սուգի մատնելով իր հարազատներին եւ ընկերներին:
Ծանր է, անդարմանելի նրա կորուստը, ինչպէս մեր կազմակերպութեան, այնպէս էլ Թեհրանի հայութեան համար:
Տասնամեակների ընթացքում, չի եղել հանրային, հասարակական-կուսակցական մի գործ, որին իր բոլորանւէր մասնակցութիւնը բերած չլինի ընկերը ի սպաս դնելով իր բովանդակ եռանդը, ժամանակը, նոյն իսկ առողջութիւնը:
Նւիրւած էր ու հաւատաւոր, խօսքի տէր էր ու վճռական, ուխտեալ դաշնակցական եւ աննման հայ մարդ, նրա համար «հայութիւնից դուրս» չկար մի բան՝ որի համար արժենար ապրել եւ մեռնել:
Ծնւել է Երեւանում 1899-ին, սովորել է Երեւանի Թեմական դպրոցում: Աշակերտական նստարանից մտել է Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը եւ այդ տարիքից ստանձնել ապտասխանատու յեղափոխական աշխատանքներ:
Հ. Հանրապետութեան ժամանակ աշխատել է պետական հիմնարկներում, ապա մտնելով բանակի մէջ, կռւել է բոլշեւիկների դէմ:
Խորհրդայնացման ժամանակ ձերբակալւեց, սակայն հազիւ մազապուրծ, ազատւեց Չեկայի բանտից եւ անցաւ Զանգեզուր, զինւորագրւեց բոլշեւիկների դէմ կռւող բանակում եւ մասնակցեց Զանգեզուրի բոլոր կռիւներին:
Գործօն մասնակցութիւն է ունենում նաեւ Փետրւարեան ապստամբութեան մէջ ինչպէս Երեւանում, այնպէս էլ Ալէքսանդրապոլում եւ Զանգեզուրում, եղերաբախտ Նիկոլ Նիկողոսեանի հետ:
Խորհրդայնացումից յետոյ, շատերի հետ անցնում է Իրան, ապա Չեխոսլովակիա, ուր աւարտում է Պրագայի գիւղատնտեսական ֆաքուլթէն: Չեխոսլովակիայից անցնում է Ռումանիա, Փարիզ եւ ապա նորից Իրան 1931-ին, ուր Նոր Ջուղայի Հայոց Համայնական Խորհրդի հրաւէրով ստանձնում է Փերիայի շրջանի գիւղատնտեսական աշխատանքների կազմակերպման ու ղեկավարման գործը, մեծ օգնութիւն ցոյց տալով գիւղացիներին՝ բերքամշակման եւ ոռոգման մարզերում:
Երկրից դուրս եւս ընկ. Մխիթարեանը անվերապահ կերպով նւիրւում է հանրային-հասարակական-կուսակցական բեղուն գործունէութեան, ստանձնում պատասխանատու պոստեր, որոնց վարում է բարեխղճութեամբ եւ ձեռնհասութեամբ, արժանանալով անխտիր բոլոր գնահատանքին ու յարգանքին:
«Ալիք»ի շէնքի եւ տողաշարների գնման գործում եւս, խոշոր է իր բարոյական նպաստը, շատ ոգեւորւած էր յատկապէս «Ալիք»ի սրահով, «Պէտք է կառուցել եւ դնել ջահելների տրամադրութեան տակ, թող կազմակերպեն ինչ որ ուզում են, մօտենան իրար աղջիկ ու տղայ, մտերմանան, եւ դա կը լինի նոյնքան դրական գործ, որքան դրական են մեր միւս աշխատանքները՝ ազգապահպանման գործում»:
Ընկերը տարիներից ի վեր տառապում էր սրտի տկարութիւնից, վերջերս գնաց արտասահման բուժւելու նպատակով, սակայն այդ սիրտը դաւաճանեց նրան:
Այսօր նրա մահւան անմիջական տպաւորութեան տակ, հաճիրկ ու հապշտապ այս տողերով անկարելի է տալ նրա կեանքի ու գործի պատկերը գէթ ընդհանուր գծերով:
Այդ մասին անդրադառնալը թողնելով այլ առիթի, խորը վշտով, ափսոսանքով ու կսկիծով ասենք այլեւս բանաձեւի վերածւած խօսքը՝ «հանգիստ ոսկորդներիդ սիրելի ընկեր, թող հողը թեթեւ գայ վրադ»: