Դառն և տխուր իրականութիւնը իմացած կ'ըլլաք:
Վիշտեր կան, ցաւեր կան, որը մարդ չի կրնար բացատրել, այլ կ'զգայ միայն...
Ինծի հետ հազարաւորներու զգացած անհուն ցաւն ու կսկիծը պատկերացնել չէ որ պիտի փորձեմ դողդղացող ձեռքերով գրւած այս քանի մը կցկտուր տողերուն մէջ... լաւ է որ ձգենք անոնք իրենց հարազատ խորութեան մէջ:
Քրիստափորի և Եդուարդի դժբախտ և ողբալի մահւան խեղդող գուժին առաջ բերած ցնցումն ու արցունքը միայն տեսնել պէտք էր, որ դուրս եկաւ պուլկար և հայ հասարակութեան խաւերէն:
Ամէն անկիւն Քրիստափորի և իր ընկերոջ անունն էր որ կը խօսւէր, անոնց մեծութիւնն էր որ խօսակցութեան առարկայ կ'ըլլար:
Ելէկտրականացնող ի՜նչ ուժ կար շատերու անծանօթ մնացած մեր համեստ, բայց իրականապէս մե՜ծ ու հոյակապ ընկերներուն մէջ:
Ու ատ պաշտելի դէմքերու դագաղին առջև յարգանքի հսկայ թափով մըն էր որ դուրս պոռթկաց ժողովուրդը – մարտ 23ին – որուն նմանը չէ տեսած Սօֆիայի հայութիւնը:
Զինւորական նւագի տխուր թռթռումներու տակ, 6000է բաղկացած յուղարկաւորութեան թափօրը շարժեցաւ:
Մակեդոնացի և դաշնակցական ընկերներու փափաքին համաձայն, դագաղները կառքին մէջ չզետեղուեցան. մինչև գերեզմանատուն ձեռքի վրայ կրեցին:
Դագաղներու անմիջապէս ետևէն կ'երթային այրի տիկ. Քրիսթափօր և իր մէկ հատիկ զաւակը, Պօրիս Սարաֆօվ և Մակեդրօնական Կօմիտէի կարևոր անձնաւորութիւններ, դաշնակցական գործիչներ ևն: Յուղարկաւորութեան առթիւ եկած էին նաև Ֆիլիպէէն 30ի չափ ընկերներ, Վառնայի, Ռուսշուգի ընկերներուն կողմէ մէյմէկ ներկայացուցիչ:
Տխուր թափօրը հասնելով գերեզմանատուն, զմռսւած մարմինները զետեղւեցան յատուկ պատրաստւած քարուկիր գերեզմաններու մէջ:
Ընկ Խ.աչատուր Մ.ալումեան յուզւած և արտասւալից աչքերով հայերէն և ֆրանսերէն հակիրճ դամբանականով մը վեր հանեց Քրիստափորի և Եդուարդի արժէքը: Եւ իսկապէս մեր յարգելի ընկերը գտաւ Քրիստափորի մեծութիւնը ցոլացնող բառը – մարդագո՜րծ... Դառնալով մակեդօնացիներուն՝ ըսաւ որ, լաւ պահեն մեր այս աւանդը՝ ապագային նորէն մեզի յանձնելու համար:
Մակեդօնական կօմիտէի անդամներէն մէկն ալ, մեզի չափ յուզւած, խօսեցաւ գեղեցիկ դամբանական մը, պարզեց հայուն վիճակը, Քրիստափորի և Եդուարդի արժէքը և ըսաւ շատ զգացւած եկրպով թէ՝ «Քրիստափորի մահովը՝ հայերը իրենց հայրը կորսնցուցին, իսկ մակեդօնացիները իրենց մեծ եղբայրը»...
Այո՛, կորսնցուցինք քեզ, պաշտելի հայր, բայց քու յիշատակդ պիտի ապրի մինչև վերջ. անով պիտի ոգևորւի, ան ուղեցոյց պիտի ըլլայ այն թարմ սերունդին, որը ստեղծեցիր ու զրկւեցաւ անոնց պտուղէն...
Քու պաշտելի նշխարիդ առջև Կովկասէն մինչև Ամերիկա հազարներ պիտի երդնուն և պիտի մտնեն ուղղակի քու ապրած ու մեռած ճամբան...
Ժիրայր
Շաբաթ, Ապրիլ 22, 1905
Մարտի 10/23-ն է:
Թաղման սգաւոր օրը: Սօֆիայի հայկական անշուք մատուռի մէջ երկու դագաղ են դրւած՝ կողք կողքի: Մեռան միասին, պիտի թաղւին միասին: Խուռն բազմութիւնը լցրել է մատուռը, բագը, հրապարակը: Մակեդօն հայդուկները, մարտական համազգեստով, պատւի պահակն էին կազմում: Ահա աւարտեց աղօթքը, այնքա՜ն աններդաշնակ մարտիկ-յեղափոխականների ոգուն, սրտին, մտածմունքներին... եւ ժողովուրդը՝ դագաղները ուսերին առած՝ շարժւեց դէպի գերեզմանատուն:
Եղանակը հրաշալի էր: Բուլգար ժողովրդի մի հոծ բազմութիւն, տեղաւորւած պատշգամներում եւ փողոցի երկու կողմը՝ պատկառանքով եւ վշտով դիտում էր հայկական նահատակութեան այս տխուր հանդէսը: Առաջից գնում էր ներկայաացուցիչների եւ համակրողների երկար շարքը, քառասունից աւելի պսակները ձեռքին բռնած (դրանց թւում՝ Մակեդրօնական կօմիտէի, Ռուսաց Սօցիալիստ-յեղափոխականների, Հնչակեան տեղ. մասնաճիւղի, Դաշնակցական խմբերի, Սարաֆօվի եւայլն): Փոքրաթիւ հոգեւորական դասին հետեւում էր մի քանի հազարից բաղկացած բազմութիւնը՝ մեծ մսաը մակեդօն եւ բուլգար, հայկական դատին համակրող տարրը: Եւ ամբողջ բազմութեան վէրքն ու ցաւը ցոլանում, մարմնանում էր այն հնչիւնների մէջ, որ զինւորական նւագախումբը վարպետօրէն տարածում էր զոյգ դագաղնրեի շուրջը, վշտահար սրտերի մէջ...
Հանրային գերեզմանատանը, երկու միանման փոսի շուրջը շարւած է բազմութիւնը, յուզւած, մռայլադէմ, արտասուքը աչքերին: Կին եւ տղամարդ, հայ եւ մակեդօն, յեղափոխական եւ համակրող – բոլորն էլ բռնկւած են նոյն ցաւով, խորունկ վշտի նոյնանման զգացունքով: Յարգալից լռութեան ընդհատողը՝ զսպւած հեկեկանքն է, որ մերթ ընդ մերթ դուրս է նետւում սիրող սրտերից, անկարող դիմադրելու փոթորկող զգացմունքներին...
Աղօթքը աւարտւեց: Հերթը հասաւ թաղման տխրագոյն էջերին – դամբանականներին: Երկու էին խօսողները: Մէկը հայերի կողմից՝ Խ. Մալումեան, միւսը մակեդօնացիների կողմից՝ Ս. Գերօվ: Մակեդրօնական շարժման անւանի ղեկավարի՝ Բօրիս Սարաֆօվ, վերջին րոպէին, քաղաքական ստիպողական հանգամանքներից դրդւած, հարկադրւած էր խօսքից հրաժարւել:
«Այս դագաղի մէջ – ասաց մեր հայ-ընկերը՝ վերջաբանի մէջ – ամփոփւած է հայ յեղափոխութեան սիրտը եւ հայկական մարտնչող երիտասարդութեան փայփայանքը: Գրչի վարպետ չէր մեր աննման ընկերը կամ շանթահարող ճառասաց, եւ ոչ էլ հայդուկների ղեկավար՝ Արեան երկրի փշոտ ձորերում: Ոչ: Նրա ուժն ու տաղանդը բնորոշելու համար՝ պէտք է հնարել մի նոր բառ, որ գոյութիւն չունի մեր լեզւի մէջ,– մարդագործ էր նա, մի հմայիչ, դիւթիչ ուժ, որ հրաշակերտում էր գաղափարական մարդը խոպան, անմշակ սրտերի ու ուղեղների մէջ, շաղկապում նրանց եւ ուղղում դէպի մտքի պայքար, դէպի յեղափոխական վերանորոգիչ կռիւը:
«...Ձեզ մակեդօն ընկերներ, ու ձեր հսկողութեանն ենք յանձնում հայկական յեղափոխութեան աննման վետերանը, անմոռաց Քրիստափորին՝ իր երիտասարդ բարեկամի հետ միասին, որ նրա գործակիցը եղաւ արիւնոտ յեղափոխութեան մէջ, եւ հարեւանը՝ անարիւն դամբարանում: Այս երկու գերեզմանը թող հայ-մակեդօն դաշնակցութեան գրաւականը լինին, մշտական յուշարձանը՝ մեր դժբախտութեան, մեր կռւի, մեր գրաւիչ ապագայի: Պահեցէք նրանց խնամքով, հսկեցէք նրանց քնքշութեամբ, մինչեւ այն Մեծ օրը, երբ մեր ընկերները, անկասկած, աւլեի երջանիկ քան մենք, դարձեալ մի անգամ կը գան նոյն այս քաղաքը, ոչ գլխիկոր եւ վշտաբեկ, ինչպէս մենք, այլ հպարտօրէն, անկնճիռ ճակատով, այս հիւրընկալ երկրից ազատ-Հայաստան փոխադրելու նշխարները այն տարագիրների, որոնք իրենց շղթայակապ հայրենիքի մէջ, բռնապետութեան ճիրաններում սղմւած, մի գերեզմանատեղ անգամ չ'ունեն, վերջին հանգստարանը բազմատանջ գործողների: Այդ մեծ օրը պիտի գայ, որովհետեւ մենք են զոհերը...»:
Բովանդակւաոր եւ հմայիչ էր ընկեր-մակեդօնացու ճառը: Ոգեւորւած շեշտով նա հայկական շարժման ուրւագիծը տւեց եւ պատկերացրեց այն անմոռաց ու անձնւէր աշխատաւորներին, որոնք, մինը իբրեւ քարոզող, միւսը որպէս մարտիկ, երրորդը ինչպէս կազմակերպող հայկական ազատագրութիւնը հրաշակերտեցին:
Երկու օր յետոյ՝ թարմ եւ թանկագին հողակոյտի շուրջը՝ կանգնած էին սգաւոր մտերիմները: Վերջին այցն էր այդ: Լի յուզմունքով, խորին լռութեան ենթակայ, բոլորն էլ գերի էին հեռաւոր, տարբեր եւ սրտատրոփ յուշերի: Մի ամբողջ կեանք, լի գրաւիչ դէպքերով, կապւած այդ գերեզմանի հետ – վերարտադրւեց իր ամբողջ ուժով: «Նա չտեսաւ իր տանջանքի պտուղը, չվայելեց ազատութեան արշալոյսը»:
Մեր վերջին մրմունջն էր այդ:
Մնաս բարովի աղեխարշ մրմունջը...