21 May, 2023

Խմբապետ Նադօ Գրիգորեան

Մէջտեղը ձախէն նստած՝ Եղիշէ Պահլաւունի եւ Սմբատ Բորոյեան
Ետեւը՝ Մշեցի խմբապետ Նադօ Գրիգորեան

Մայիսի 21-ին վախճանւեց վէրքերից Վանի հիւանդանոցում Անդրանիկի գնդի խմբապետ Նադօ Գրիգորեանը: Նա էլ ընկաւ կեանքի այն ճամբին, որով գնացել են շատերը ու իրենց հերոսական մահով յաւերժացրել ազատութեան մեծ գաղափարը:

Նադօն Տաճկաստանցի էր, Բուանըխի Ռարամ Գեադուկ գիւղից: Տաճկաստանը նա թողել էր պատանեկան հասակում եւ գաղթել Ռուսաստան: Արդէն 21 տարեկան երիտասարդ մասնակցում է հայ-թուրքական ընդհարումներին Քեռու եւ Արամայիսի թռուցիկ խմբերում: Կամաւորական շարժման սկզբում Նադօն մտնում է Անդրանիկի բանակը եւ առաջին կռիւներից աչքի ընկնում իր անվեհերութեամբ եւ քաջութեամբ: «Նադօի խումբը առաջ», կը լսւէր շարքերում պատերազմը փողը հնչելիս, եւ Նադօն, հրամանատարի կարգադրութեամբ, կը գտնւէր վաշտի ճակատում: Միշտ առոյգ եւ կայտառ, վառվռուն: Հոգւով Նադօն կռւի դաշտը կը թռչէր, կարծեց հարսանեաց խնճոյք գնալիս լինէր կռւի մեկնելուց. իր կատակներով եւ անմեղ ծիծաղով նա վարակում էր ամբողջ խումբը եւ այդպիսով մահն արհամարհելի դարձնում բոլորի համար:

Դիլմանի ահեղ կռւում Նադօն վիրաւորւում է ճակատից եւ թեւերից. քիչ կազդուրւելով, դեռ թարմ վէրքերով կրկին իրեն նետում է պատերազմի դաշտը, աւելի եռանդով եւ անձնւորացութեամբ շարունակում նւիրական գործը: Այնուհետեւ Նադօն ճանաչւում է իր հրամանատարների կողմից միանգամայն վստահելի եւ անկեղծ կռւող, իսկ դա մեծ յատկութիւն է ռազմիկի: Նադօն դառնում է իր ընկերների սիրելին. չի եղել եւ ոչ մի կռիւ, որ ընկերները փոխեն իրենց կարծիքը Նադօի վերաբերմամբ, նա միշտ իր քաջութեամբ ընկերների ոգեւորութեան առարկան էր, Նադօի խմբում կուզէին կռւել բոլորը... Գեօզալդարայի 12 օրւայ իսկական հերոսների ճակատամարտում Նադօն ոգեւորւած այնքան առաջ է գնում, մինչեւ որ վիրաւորւում է կողից ու թեւից եւ ընկնում, ընկնելուց յետոյ անգամ շարունակում է պաշտպանւել. Ընկերները վրայ են հասնում եւ ազատում արնաքամ Նադօին: Մի ամիս պարկելով հիւանդանոցում, Նադօն վախճանւում է, թողնելով խորը վշտի մէջ իր ընկերներին եւ եղբայրներին:

Նադօին իր քաջութիւնների համար շնորհւած էին 4-րդ եւ 3-րդ աստիճանի Գէորգեան խաչեր:

Կամաւոր
«Հորիզոն», Թիֆլիս
Երեքշաբթի, 12 Յուլիս 1916
8րդ Տարի, Թիւ 153
Կանգնած ձախէն՝ Բէնօ (Իգդիրցի), Նադօ (Մշեցի), Մուրադ (Խարաբշատցի, Մուշ), անյայտ
Նստած՝ Եղիշէ Պահլաւունի, Զօրավար Սմբատ Բորոյեան
(Նկարը ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին)