04 May, 2023

ՀՅԴ Չորրորդ Ընդհանուր Ժողովը

Մռայլ, յոռետես մտքեր ներշնչող պարագաների տակ գումարւեց Դաշնակցութեան կուսակցաժողովը: –Հազիւ անցած արիւնոտ կռւի ճամբան, ռազմադաշտից նոր դարձած զօրագնդի հոգսերը ճակատին, յաղթական՝ բայց տրտում – յաղթւողը իր անգիտակից հարևանն էր – կանգնած անորոշ ապագայի հանդէպ, կուսակցութեան գերագոյն ժողովը զգում էր իրեն նոր և խոշոր պատասխանատւութեան առջև, բարդ և վտանգաւոր կռիւների հանդէպ. –կռիւ արտաքին թշնամիների դէմ, որոնք յաղթահարելը իր տենչն էր ու նպատակը, կռիւ ներքին պառակտող տարրերի դէմ, որոնց սանձելը իր վիշտն էր և ոյժերի վատնումը...

Այդ մի կողմից: Իսկ միւս կողմից՝ մի տարտամ Դումա, «թերխաշ» ծնունդը յեղափոխական հսկայական երկունքի, քաղաքացիական ներքին ընդհարումներ, թշնամութիւն երէկեան մարտակից բանակների միջև, բռնապետութեան նոր գրոհ, անորոշութիւն վաղւան համար. իսկ սահմանի միւս կողմը՝ սովալլուկ հատւածներ արիւնաքամ ժողովրդի, դատարկւող գիւղեր, յեղափոխական մարտիկների հալածանք և բանտարկութիւն, և կեդրոնում՝ նոյն Ոճրագործ, դեռ կենդանի, դեռ յղացող մեծագոյն աղէտների, որոնց սոսկաբեր դառնութիւնը ճաշակեցինք, բայց վախճանը չը տեսանք:

Ընդհանուր Ժողովի բացումն ու կազմն իսկ կրում էր աղէտաւոր վիճակի դրօշմը – շատ ընկերներ, որոնք անցեալ Ընդհանուր Ժողովից ճամբայ ելան, յեղափոխականի ցուպը ձեռքին, նւիրւելու սիրած ժողորդին և սիրած գաղափարին, այլևս յետ չ'եկան: Զոհւած են նրանք... Միւսները թէև կենդանի, բայց կապւած իրենց վայրին ու գործին, անկարող էին յեղափոխական ժամադրավայրին գալու: Տխրաշունչ լուրերն ու նամակները, օրը օրին, նոր բօթեր էին բերու և շտապեցնում գործող-ընկերների դարձն և մեկնումը, ժողովի փակումն և վերջաբանը: Մարտական հաշւետուների ժողով չէր այն, այլ մօտալուտ կռւի համար սպառազինւողների մի գումարտակ, բաժանւած կռւի յատակագծով, տակտիքով, նոյնիսկ ծրագրով...

Ու հակառակ այդ չարագուշակ, ճնշող պարագաների, կազմակերպութիւնը դարձեալ մի անգամ ցոյց տւեց, որ «բախտաւոր աստղի տակ է ծնւել», գիտէ անարատ պահել 17-ամեայ Դրօշակը, և գաղափարի ոյժով յաղթահարել այն բոլոր կրքերը, որոնք չեն ստեղծագործում, այլ միայն աւերում են ու պառակտում..

Ժողովի պարապմունքների արդիւնքն և հիմնական որոշումները՝ դրա խրախուսիչ ապացոյցներն են:

1. Անջատման ծրագիրը, որ մի քանի ժամանակից ի վեր դարձել էր խլրտումների և նոյնիսկ կռիւների պատճառ, կուսակցաժողովը յետ մղեց մի ոգևորիչ ժեստով, համարեա միաձայն: Նա որոշեց իր անցեալին և ոյժին վայել վճռականութեամբ՝ երկու դատերն էլ՝ Թիւրքահայ և Կովկասեան՝ առաջ մղել Դաշնակցութեան դրօշակի տակ, շաղկապւած և միացած:

2. Կովկասեան գործունէութեան նախագիծը, որ 1905-ի Խորհուրդից ի վեր, հանդիսանում է իբրև մի քաղաքական կռւածաղիկ կազմակերպութեան շարքերում և այդ շարքերից դուրս, և իր պարունակած սկզբունքներով մեր շարքերը ոգևորելու փոխարէն, մի անըմբռնելի թիւրիմացութեամբ ամենատխուր ընդհարումների և պառակտումների պատրւակ եղաւ – ընդունւեց, վաւերացւեց, թէ ըստ իրաւասութեան, և թէ ըստ էութեան, և դարձաւ այն հիմնաքարերից մէկը, որի վրայ պէտք է յենւի Դաշնակցութեան սօցիալիստական գործունէութիւնը Անդրկովկասեան հայ ժողովրդի մէջ: Այդ հարցի լուծումը, որ պահանջեց ոյժերի լարումն, երկար ժամանակ, մեծ աշխատանք և մտքերի լայն փոխանակութիւն – ներկայ ժողովի ամենադրական արդիւնքներից մէկն է, արժանի յատուկ յիշատակութեան:

3. Սօցիալիստական ծրագրի հիմնական սկզբունքների վաւերացումը, իբրև տրամաբանական շարունակութիւն նախորդ որոշման, պիտի համարւի Չորրորդ Ընդհանուր Ժողովի մտածողութեան և աշխատանքների պսակը: Հիմնւած իր ընդհանուր ծրագրի վրայ, և ուշադիր քաղաքական-տնտեսական կեանքի պահանջներին, որոնք հրապարակ են եկել վերջին 15 տարւայ ընթացքում, կազմակերպութեան ղեկավար մարմինը վճռեց՝ յայտարարել Դաշնակցութիւնը իբրև հայ աշխատաւոր դասակարգի կուսակցութիւն, որ ձգտում է քաղաքականապէս և տնտեսապէս կազմակերպել նրան, պաշտպանել նրա տնտեսական-դասակարգային և քաղաքական-ազգային իրաւունքները, նպատակ ունենալով՝ միւս աշխատաւորների հետ միասին, ձեռք գցել կառավարութեան ղեկը, և այժմեան միապետական ու կապիտալիստական կարգերը փոխարինել լայն ռամկավարութեամբ և համայնական կարգերով: Ժողովը ընդունեց և վաւերացրեց սօցիալիստական ծրագիրը և յեղափոխական տակտիքը: Ահա այդ ծրագիրը, հիմնաւորւած Ընդհանուր ժողովի մէջ, պիտի լոյս տեսնի մօտակայում և պիտի հանդիսանայ իբրև ուղեցոյց մեր գործունէութեան, պրօպագանդի և ձեռնարկների, իբրև յենարան կուսակցութեան աշխատանքների և մտածողութեան: –Իր այդ կարևոր որոշման վերջնական ամբողջացումն տալու համար, Ժողովը միաձայն որոշեց՝ յարել Միջազգային սօցիալիստական բանակին և յարաբերութեան մէջ մտելով Բրիւքսէլի Սօցիալիստական Բիւրօյի հետ՝ ապահովել Դաշնակցութեան մասնակցութիւնը թէ այդ Բիւրօյի և թէ Միջազգային սօցիալիստական կօնգրէների մէջ:

4. Տաքտիքը, որով պիտի ձգտենք մեր նպատակների իրագործման, գերազանցապէս յեղափոխական է: Այդ կողմից Դաշնակցութիւնը, թէ Ռուսաստանի բազմաթիւ և թէ Թիւրքիայի փոքրաթիւ կազմակերպութիւնների շարքում գրաւում է բացառիկ դիրք: Չը խորշելով այն րէֆօրմներից, որոնց ընթացիկ իրագործումը հասարակական-կուլտուրական այլ և այլ ասպարէզներում պահանջւում է աշխատաւոր մասսաների անյետաձգելի շահերի տեսակէտից, կուսակցութիւնը ինչպէս անցեալում, նոյնպէս և ապագայում մնալու է յեղափոխական, այս բառի ամենախիստ իմաստով: Յեղափոխական տակտիքի արտայայտութիւնները – ընդհանուր ապստամբութիւն, զինւած դիմադրութիւն կառավարութեան ոյժերին, քաղաքական լայն տերրօր, ցուցական-յեղափոխական ձեռնարկներ, ժողովրդական զինւած ինքնապաշտպանութիւն, քաղաքական և տնտեսական գործադուլներ, գիւղացիական և բանւորական շարժումներ – այդ բոլորը մանրամասն մշակւած և շաղկապւած պիտի կազմեն գործելակերպի այն ամբողջական սիստեմը, որով կուսակցութիւնը պիտի իրականացնէ իր ծրագիրը կեանքի մէջ:

5. Համերաշխութեան սկզբունքը, լայնացրած  համերաշխ ձեռնարկների վերածւած, կազմելու է Դաշնակցութեան գործելակերպի էական և առանձնապէս շեշտւած կողմը: Այն, ինչ ցայժմ տենչանք էր, հիմա պիտի մարմնանայ և դառնայ իրականութիւն: Եւ կազմակերպութեան Ընդհանուր Ժողովը յատկապէս շեշտեց այդ ուղղութեան քաղաքական խոշոր կարևորութիւնը Կովկասում և մանաւանդ Թիւրքիայում, ուր դրկից ազգերի և համայնքների փոխադարձ անտարբերութիւնը կազմում է տիրող րէժիմի աջողութեան գերազանց հիմնաքարը: Համերաշխութիւն հակակառավարական ցոյցերի ժամանակ, շաղկապումն ըմբոստացող ոյժերի՝ առանց կրօնի և ազգի խտրութեան, միացած, միջազգային հողի վրայ դրած պահաջներ, գործադուլներ բոլոր ազգերին պատկանող բանւորների, գիւղացիական միութիւններ տարբեր կրօնների պատկանող համայնքների միջև և ուրիշ շատ ձեռնարկներ – ահա համերաշխ գործակցութեան արտայայտութիւնները, որոնց համար կուսակցութիւնը չի խնայելու ոչ կենդանի ոյժեր, ոչ դրամ և ոչ պրօպագանդ: Հալածւածներ բոլոր ազգերի, միացէք – ահա նշանաբանը: Սեպարատիստական ոչ մի ձգտումն, ոչ մի դաւ համերշախութեան դէմ – ահա Ընդհանուր Ժողովի անկեղծ և ընդգծւած հայեցակէտը:

Բարդ ծրագիր, խոշոր աշխատանք, անսովոր եանդ և զոհաբերութիւն պահանջող ձեռնարկներ, և այդ՝ այնպիսի երկիրների մէջ, որ բռնապետութեան անսովոր ամբարտաւանութիւնը և շահերի հակոտնեայ դասաւորումը աւելի քան դժւարացնում է կազմակերպութեան անցնելիք ուղին: Ահա թէ ինչու անհրաժեշտ են գաղափարի և կազմակերպութեան նւիրւած մարտիկներ, հերոսների խմբեր, անձնւէր դրօշակակիրներ, որոնք կարող լինեն մի կողմից սրտապնդել լքւող շարքերը, ներշնչել թերահաւատ ամբոխին, և միւս կողմից՝ անդադրում և անհատում ոյժով շարունակել կռիւը, որ գուցէ նոյնքան երկար ապագայ ունի, որքան և երկար անցեալ: Տատանւողների, երկդիմի ոյժերի ասպարէզ չէ այդ: Եւ ոչ էլ վայր՝ զբաղւելու ներքին պառակտումներով, փոխադարձ վարկաբեկման անօգուտ աշխատանքով, յեղափոխութեան անունը մրոտող ներքին կռիւներով:

Զտւած շաքեր, համոզւած զինւորներ, զոհաբերութեան պատրաստ մարտիկներ՝ ներշնչւած նոյն ծրագրով, սրտապնդւած միևնոյն տակտիքով – ահա կազմակերպութեան պահանջը: Եւ ներշնչւած այդ գիտակցութեամբ, Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովը՝ խստագոյն պատասխանատւութեան կանչելով այն բոլորին, զինւոր թէ կազմակերպող, անհատ թէ մարմին, որոնք վարկաբեկեցին կուսակցութիւնը իրենց զեղծումներով, բռնութեամբ և անարգ քայլերով, հրահանգում է բոլոր մարմիններին, աւելի քան երբ ևիցէ, խիստ լինել, վանել շարքերից այն բոլորին, որոնք իրենց «համոզմունքով ու հաւատով», իրենց բարոյական և յեղափոխական հակումներով չեն համապատասխանում այս դժւարին և բարդ գործի մեծ պահանջներին, որոնք փոխանակ բարձրացնելու հաւատը, պիտի թուլացնեն այդ, և պիտի սպառեն կուսակցութեան բարոյական դրամագլուխը, առանց մի բան տալու: Զտման, մաքրագործման, բարձրացման կրկնակի պահանջ է այդ, որի մասին բարձրաձայն յայտարարում է 1907-ի Ընդհանուր Ժողովը շեշտակի կերպով, առանց որևէ վերապահութեան...

Անգործ, պառակտող մարմինները պիտի կազմալուծւին. վարկաբեկ ընկերները պիտի հեռանան. Կազմակերպութեան անունը շահագործողները պէտք է խստագոյն պատժի ենթարկւին – այդ է Ընդհանուր Ժողովի կամքն ու որոշումը, նրա բացարձակ հրամանը:

Դաշնակցական ընկերներ,

Յաղթականօրէն յետ մղած անջատման, կազմալուծումի և ծրագրային հակամարտութեան ուրւականը, Ընդհանուր Ժողովը աւետում է ձեզ մռայլ, յուսաբեկող մտքերի վախճանը և սկզբնաւորումը մի նոր շրջանի, որ դրոշմւած է մեր լաւ ոյժերի միութեամբ, ծրագրային համերշախութեամբ և նոր ձեռնարկների որոշ յատակագծով: Այդ նոր շրջանը պահանջում է նոր եռանդ, նոր թափ, ինչպէս և նոր տանջանք:

Չը նահանջենք տանջանքի առջև, որ մեր կռւի յատկանիշն է, երկարամեայ աղբիւրը մեր եռանդի և ջանքերի, ու սրտապնդւած գալիք օրերով, առաջ մղենք յեղափոխական կռիւը, յանուն սօցիալիստական մեծ յաղթանակի:

Դէպի բարձր, դէպի աշխատանք, դէպի կռիւ:

«Դրօշակ» - Մայիս 1907
Թիւ 5 (183)