Արդէն ժամանակին կովկասեան մամուլում հաղորդւել է Բիթլիսի հայկական ջարդի մասին: Կոտորածի կազմակերպողը եղել է Վանի կուսակալ Ջէվտէթ բէգը, որ ամօթահար եւ պարտւած տեղի էր տւել Վանի քաջարի ոյժերի հանդէպ: Ինչ չկարողացաւ անել Վանում, յաջողացրեց Բիթլիսում, նախապէս զինաթափ է անում հայերին եւ ապա իրագործում իր դիւային եւ անմարդկային ծրագիրը: Շատ քիչերն են դիմադրել, այն էլ շատ կարճ ժամանակով: Բոլորն էլ մեռել են ողբերգական մահով: Այստեղ միշտ էլ հայերը եղել են թոյլ, անկազմակերպ:
Բիթլիսի կոտորածի ժամանակ զոհ է գնում նոյնպէս Արմենակ Օխիկեանը, որ յայտնի էր նաեւ Բժիշկ անունով: Յաճախ յեղափոխականներին տւել են այդ անունը, նրա համար, որովհետեւ նրանք, որպէս ինտիլիգենտ մարդիկ օգտակար են եղել իրենց զանազան խորհուրդներով: Եւ կամ մի շարք արտաքին հանգամանքներ ստիպել են նրանց այդ անունը կրել, որպէսզի կարողանան ազատ մուտք ունենալ ժողովրդի մէջ եւ առանց կասկածի գործել: Հայ յեղափոխական կեանքը նման շատ օրինակներ է տւել:
Արմենակ Օխիկեանը տաճկահայ էր, բիթլիսցի: Բայց երկար ժամանակ չէր, ինչ նա հաստատւել էր իր ծննդավայրում: Մէկն էր նա այն անձնաւորութիւններից, որ հէնց պատանի հասակից նետւել են յեղափոխութեան ասպարէզը, ամբողջապէս նւիրւել տաճկահայ ազատագրութեան գործին: Առանց շեղումի եւ յոգնածութեան նա գործի մէջ մնաց մինչեւ վերջ եւ ընկաւ իր դիրքի մէջ:
Արմենակ Օխիկեանը գործել է մի շարք կարեւոր վայրերում, Պարսկաստանի զանազան մասերում, Իգդիրում, Բիթլիսում եւայլն: Բայց նրա գործունէութիւնը կենտրոնացած է եղել գլխաւորապէս պարսկա-տաճկական սահմանագլխի գծի վրա ընկած գաւառներում: Նա շատ նշանակելի դեր է խաղացել եւ արժէքաւոր գործ կատարել յատկապէս քիւրտ-հայկական յարաբերութիւնների խնդրում: Նա երկար ժամանակ գործում էր Մակւում եւ ամենամօտիկ բարեկամական յարաբերութիւնը ստեղծել տեղական քիւրտ բեգերի հետ: Այդ քրդերը, որ մշտապէս թշնամական յարաբերութեան մէջ են եղել, յաճախ օգնել են հայ յեղափոխական գործիչներն, շատ կարեւոր դիւրութիւններ ստեղծել: Անկասկած, դժւար է հաւատալ քրդի մշտական բարեկամութեան: Քրդի հետ բարեկամ լինելով հանդերձ, պէտք է մշտապէս զէնքը ձեռքիդ ունենալ: Բայց յամենայն դէպս մինչեւ օրս էլ այդ շրջանի քրդերը բարեացակամ վերաբերմունք ունեն դէպի հայերը: Նրա աչքում առհասարակ շատ մեծ արժէք ունէր քիւրդ-հայկական յարաբերութիւնների հարցը եւ դրա համար իր կեանքի եւ գործունէութեան լաւագոյն մասը նւիրաբերեց այդ գործին: Հայկական մեծ կազմակերպութեան ոչ մէկ մեծ գործիչ թերեւս այնքան եռանդ եւ այնչափ հաւատ չունէր այդ գործի հանդէպ, ինչպէս Արմենակ Օխիկեանը:
«Ճակատամարտ», Երեքշաբթի, 7 Յունվար 1919 |
Նա չէր ցանկանում մի բարեկամութիւն լոկ այս կամ այն յաջող մօմէնտի կամ յայտնի ձեռնարկի համար: Այդ ինքնստինքեան: Բայց նա ցանկանում էր աւելի մնայուն եւ յարատեւ գործ, նա մտածում էր նաեւ հեռու ապագայի մասին: Ահա այդ ապագան ապահովելու նպատակով, նա մտմտում է քրդական այբուբէնը ստղեծել, քրդական լեզւին ու գրականութեան զարկ տալ եւ սերտ դարձնել քիւրդ-հայկական յարաբերութիւնը:
Բայց այդ գործը կիսատ մնաց: Բացւեցին Տաճկաստանի սահմաններն ու նա շտապեց բուն երկիրը, հաստատւեց հայրենի քաղաքում, նոր եւ եռուն գործի ազդակ դառաւ եւ այդ տեղ էլ ընկաւ
Արմենակ
Օխիկեան, որպէս Բաղէշ-Պիթլիսի պատգամաւոր, մասնակցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
8-րդ Ընդհանուր Ժողովին, որ տեղի ունեցաւ 15-էն 30 Յուլիս 1914-ին, Կարինի մէջ. ինչպէս
յայտնի է, Ժողովը իր աւարտին չհասած սկսաւ Համաշխարհային Ա. պատերազմը: