19 June, 2023

ԻՐԱԶԵԿ. Յակոբ Տէր Յակոբեան

Ուրբաթ, Յունիս 19-ին, առաւօտեան ժամը 6-ին, իր մահկանացուն կնքեց բազմարդիւն բանասէր եւ մանկավարժ, Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի քարտուղար, կառավարութեան անդամ եւ Հ. Յ. Դաշնակցութեան վեթերան ընկեր Յակոբ Տէր Յակոբեանը, 72 տարեկան հասակում:

Ընկ. Յակոբի մահը միանգամայն անակնկալ եղաւ թէ ընկերների եւ թէ մօտիկ բարեկամների համար, որովհետեւ նախորդ օրը, Հինգշաբթի, ներկայ էր եղել տեղից Դաւթեան դպրոցի ամավերջի հանդէսին, ուր մնացել էր մինչեւ գիշերւայ ժամը 11-ը, բարձր տրամադրութեան մէջ:

Գիշերւայ ժամը 11½-ին վերադառնալով տուն, ընթրում է եւ ըստ սովորականի, մինչեւ ժամը 1-ը նստում է գրաւոր աշխատանքի: Քուն մտնելուց յետոյ, հաւանաբար լուսաբացին, տագնապ է ունենում եւ ենթարկւում յանկարծական մահւան:

Ընկ. Յակոբը տասն օր առաջ Թեհրան էր եկել Աբադանից, ուր վերջին երկու տարին վարում էր տեղի տարրական եւ միջնակարգ դպրոցի տեսչի պաշտօնը:

***

Ընկ. Յակոբը ծնւել է 1881 թ. Գողթանի Ազա գիւղում: Նախնական կրթութիւնն ստացել է իր ծննդավայրում եւ ապա Գէորգեան Ճեմարանում:

Ճեմարանի դասընթացն աւարտելուց յետոյ նւիրւել է ուսուցչական ասպարէզին, միաժամանակ ստանձնելով ագզային եւ կուսակցական պատասխանատու պարտականութիւններ Կովկասում եւ Իրանում:

Առաջին համաշխարհային պատերազմին, 1916-17 թ. պաշտօնավարում է Սալմաստում, իբրեւ շրջանային տեսուչ Գաղթականների Օգնութեան Կոմիտէի (Տատիանեան Կոմիտէ) հովանաւորած դպրոցների:

1917-ին վերադառնալով Կովկաս, նւիրւում է ազգային և կրթութեան եռանդուն գործունէութեան: Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութիւնից յետոյ ընտրւում է խորհրդարանի պատգամաւոր եւ վարում քարտուղարի պարտականութիւնը:

Փետրւարեան ապստամբութիւնից յետոյ ընկ. Յակոբը անդամակցում է Հայաստանի վերջին կառավարութեան, եւ 1921 թ. գարնանը, հազարաւոր տարագիրների հետ անցնելով Իրան, հաստատւում է Թաւրիզ, իբրեւ Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչ: Այնուհետեւ կրկին մտնում է կրթական ասպարէզ եւ պաշտօնավարում է Ատրպատականի Թեմական-Կենտրոնական միջնակարգ դպրոցում եւ Հայոց գիմնազիայում (Թաւրիզ):

1930 թ. ստանձնելով Նոր-Ջուղայի Ազգ. տարրական ու միջնակարգ դպրոցների տեսչութիւնը, պաշտօնավարում է մինչեւ 1934 թ., երբ հայկ. դպրոցների դէմ սկսւած հալածանքները հասնում են իրենց գագաթնակէտին եւ ընկ. Յակոբը հարկադրւում է հեռանալ Նոր-Ջուղայից ու հաստատւել Թեհրան:

1946-ին ստանձնում է Բաղդադի ազգային դպրոցների տեսչի պաշտօնը և այնտեղ մնում մինչև 1950 թ., երբ հակառակորդների կողմից նիւթւած մի դաւադրութեան պատճառով ստիպւած է լինում վերադառնալ Թեհրան:

Վերջին երկու ուսումնական տարին պաշտօնավարում էր Աբադանում և ամսոյս 7-ին եկել էր Թեհրան, ամրան արձակուրդն այստեղ անցկացնելու համար:

Հանգուցեալ ընկերը վայելում էր իր բոլոր գաղափարակիցների եւ ժողովրդական լայն զանգւածների սէրն ու յարգանքը, իր ազնիւ ու շիտակ նկարագրի եւ բազմարդիւն գործունէութեան շնորհիւ:

Ընկ. Յակոբի մահով հայ ժողովուրդը կորցնում է իր վաստակաւոր եւ անշահախնդիր գործիչենրից մէկին, որի տեղի երկար ժամանակ պիտի բաց մնայ:

Հանգուցեալ բանասէրն ունի բազմաթիւ աշխատութիւններ, ցրւած Կովկասի եւ Սփիւռքի մամուլում: Աշխատակցել է «Յուսաբեր»ին, զոյգ «Հայրենիք»ներին, «Վէմ»ին, «Այգ»ին, «Ալիք»ին, «Նաւասարդ» եւ «Լոյս» հանդէսներին եւ այլ թերթերի ու պարբերականների:

Իբրեւ ամբողջական գործ աշխատասիրել է հայ ազատագրական պատմութեան, Հայ տպագրութեան եւ Հայ գրականութեան նւիրւած մի շարք արժէքաւոր եւ ստւարածաւալ երկեր, որոնք մնում են ձեռագիր վիճակում, սպասելով մեկենասի:

Այսօր, երբ հողին ենք յանձնում բազմաշխատ գործչին եւ անհուն վշտով սգում այդ թանկագին կորուստը, մեր միակ մխիթարութիւնն այն է, որ նա ազնւօրէն ու նւիրումով է կատարել իր պարտականութիւնը հայ ժողովրդի հանդէպ եւ իր վաստակի շնորհիւ պիտի յաւէտ անմեռ մնայ նրա թանկագին յիշատակը հազարաւոր նախկին աշակերտների եւ հետագայ սերունդների հոգում:

Յարգա՜նք նրա միշտ անմոռաց յիշատակին:

«Ալիք», Թեհրան
Կիրակի, 21 ՅՈւնիս 1953
ԻԳ. Տարի, Թիւ 133 (4612)