26 November, 2023

Տիկին Մարիամ Ծովիանեանի նամակը

Թիֆլիս, 22 դեկտեմբերի 

Թանկագին Սաքօյի մահը միայն ինձ, նրա այրուն չը թողեց կսկիծի մէջ. միայն ես չը լացի նրան, այլ բոլոր նրան ճանաչողները:

Շատ տեղեր հոգեհանգիստներ կատարւեցին, շատերն էլ ինձ մխիթարական ու ցաւակցական գրեր ուղարկեցին... Այդ բոլորի համար յայտնում եմ խորին սրտաբուղխ շնորհակալութիւններս:

Շատ տեղեր էլ չը բաւականացան լոկ ճառերով ու հոգեհանգիստներով, այլ ուզեցին անմահացնել Սաքօյի յիշատակը: Այսպէս Վլադիկաւկազում ժողովարարութիւն է արւած, հանգանակւած մի փոքրիկ գումար եւ ծրագրւած է Սեւ-Քարում բաց անել գրադարան հանգուցեալի անունով: Ղազախ քաղաքում էլ մի փոքրիկ գումար է հանգանակւած մի այլ այդպիսի հասարակական բարի գործ անելու նպատակով, եւ այլն:

Շատ ուրախ եմ, որ անմոռանալի Սաքօյի անունն ուզում են յաւերժացնել, բայց այդ առիթով կուզէի մի առաջարկ անել հանգուցեալ Սաքօյի յիշատակը բոլոր յարգողներին:

Կենդանութեան ժամանակ Սաքօն միշտ զբաղւում էր Սեւ-Քարի դպրոցի հոգսերով. նրա ջերմ ցանկութիւնն էր իր գիւղի չնչին ու աղքատիկ դպրոցը դարձնել գոնէ երկդասեան – հինգամեայ դասընթացով մի դպրոց, որը ծառայէր Սեւ-Քարի եւ շրջակայ 38 խիստ իրար մօտ գտնւող գիւղերի համար իբր լուսատու ճրագ:

Ուզում էք գրադարան բաց անել Սեւ-Քարում, բայց ո՞ւմ համար, երբ գրել-կարդալ գիտեցող չը կայ: Նախ դպրոց – ապա գրադարան:

Իր հայրենի գիւղի մի դասեան դպրոցը երկդասեանի վերածելու գաղափարը Սաքօյի փայփայած մտքերից մէկն էր եւ այնքան սիրելի նրա համար, որ մենք երկուսով վճռել էինք որևէ կերպ յաջողեցնել այդ երկդասեան դպրոցը, որի համար մեր սեփական տունը որոշել էին յատկացնել:

Այժմ ես, կատարելով Սաքօյի ցանկութիւնը, դնում եմ նրա եւ իմ տունն այդ նպատակով. շէնքն արդէն կայ, մնում է, որ Սաքօյի յիշատակն անկեղծօրէն յարգող բոլոր անձերն իրենց լումաներով օգնութեան հասնեն եւ լուսաւորեն Սեւ-քարի նման խաւար անկիւնը:

Լոյս տւէք Ղազախին, մանաւանդ Սև Քարին ու իր շրջակայ բազմաթիւ գիւղերին. ժողովուրդն այնտեղ խեղդւում է խաւարից: Լոյս տւէք, եւ նա թէ իր հացը կը ճարէ եւ թէ լաւ ուժեր կըտայ հայութեան աղքատ ու թշւառ հասարակութեանը:

Այրի տիկին Մարիամ Ծովիանեան

«Գործ», Թիֆլիս
Երկրորդ Տարի, Թիւ 25
Չորեքշաբթի, 4 Փետրւարի 1909