27 November, 2023

Դաշնակցականը. գրեց Ռուբէն

Դժուար չէ Դաշնակցականին ճանաչելը, երբ նոյն իսկ անծանօթ ես նրան. «Քայլք ոտից եւ գոյնք երեսաց յայտ առնեն զնմանէ»: Լաւ դիտիր նրա քայլուածքը հեռուից, նա տարբեր կը քայլէ քան իր հայրենակից Հայը. ձեռները կը շարժէ, գլուխը բարձր է եւ կուրծքը ցցած, ոտքերը ամուր կը զարնէ գետնին եւ նրա կօշիկների կրունկները կը մաշեն փոխանակ թաթին: 

Նայէ քայլուածքին, ուղիղ կը քայլէ, ծուռ ու մուռ չի օրօրայ. երբեմն կը ցատկի, եւ բնաւ ձեռքերը ոչ յետեւին կը կապի՝ անգործ կալուածատէրի նման եւ ոչ էլ փորին՝ ծառայի նման. կը շարժի արագ եւ փոխանակ ոտքին տակը նայելու՝ հեռուն կը դիտէ. երբ օրը անձրեւոտ է եւ ցեխոտ՝ նա թրջուած է ոտից գլուխ, որովհետեւ հովանոց չի սիրէ, իսկ կրունկի ցեխը մինչեւ նրա մէջքը զարդարած է թէ՛ տաբատը եւ թէ բաճկոնը. նա զգուշութիւն չունի քայլելու ատեն: Համեմատիր հեռուից այլ Հայու քայլուածքի հետ եւ իսկոյն հարիւրի միջից կը ջոկես նրան: Նրանք կ'օրօրան. զգոյշ կատուի նման թաթին կը քայլեն, ձեռքերը անպատշաճ չեն ցայի, համեստօրէն հարսի նման փորին եւ կամ աղայի նման մէջքին կը դնեն, անցորդին խոնարհաբար ճամբայ կուտան, ոտքի տակ կը նային, կարծես մի բան կը փնտռեն, ծանր են եւ դանդաղ՝ կարծես ոտքերի տակ հաւկիթ են կապած. յաճախ ձեռները գրպանը կը տանեն. եւ միշտ մտածկոտ հաշիւներ կ'անեն: Հեռուից կը տեսնես, որ մինը՝ տարբեր, միւսը տարբեր սոյի մարդիկ են, որ քեզի կուգան:

Մօտիկցան քեզի, լաւ նայիր դէմքերին եւ նորից մեծ տարբերութիւն կը տեսնես նրանց մէջ. թէկուզ երկուսն էլ մի հօրից, մի մօրից հարազատ զաւակներ լինեն, ըստիր եղբայրներ: Դաշնակցականի դէմքը կը փայլի ծիծաղով, միւսինը՝ պատշաճութեան ձեւերով. մինը դիւրագրգիռ է եւ ըմբոստ. միւսը՝ խոնարհ եւ համբերող. մինը արտայայտութեամբ կ'ասէ. «Է՜հ, բաւական է», միւսը կարծես կ'ասէ՝ «Հեզ գառը եօթը մայր կը ծծէ»: Մինը կ'ասէ՝ «էլի՞ տամ», միւսը կ'ասէ՝ «մի բան տուր». մէկի դէմքը կ'ասէ՝ «ինչ որ կայ՝ էս է», միւսի դէմքը կը խօսի՝ «զուր մի նայէ, բան չես հասկնայ»: Նրանց դիմագծերը նոյնն են, բայց Դաշնակցականի հոգին պարզ հայելու նման է, իսկ միւսը՝ քօղարկուած պաստառի նման:

Ինչո՞ւ է այդպէս: Դրա պատսախանը մեզ տուած է 2000 տարի առաջ Աւետարանը՝ «քայլք ոտից եւ գոյնք երեսաց յայտ առնեն զնմանէ»: Մեկնաբանութիւնը թողնենք գիտուններին, փաստը փաստ է:

Խօսիր նրանց հետ եւ կը տեսնես երկուսի միջեւ անդունդներ կան, երկուսը տարբեր դաստիարակութիւն ու տարբեր հասկացողութիւններ ժառանգած, թէկուզ երկուսն էլ մի տնից լինեն ու մի վարժարան յաճախած:

Դաշնակցականը ինքն իրենը չէ, նա իրեն կը զգայ մի մասը ամբողջութեան, իր գոյութեան եւ էութեան բուն նպատակը իր կուսակցութիւնն ու իր հայրնեիքն են. նրա «ինք»ը կը պատկանի հայրենիքին.– տարբեր է միւս Հայը. նրա «ինք»ը ինքն է. նա չունի զգացմունքն ամբողջականութեան, նրա համար ամբողջականութիւնը մի դմակ է, որից օգտուիլը իր իրաւունքն է. նա ինքն է աշխարհի կենտրոնը, եւ աշխարհը մի բարիք է իր վայելքի համար. դրանից առաջ կուգայ հակամարտութիւնը այդ երկու տիպի Հայերի միջեւ, մինը կ'ասէ՝ ես հայրենիքն եմ, միւսը կ'ասէ՝ հայրենիքը ես եմ:

Դաշնակցականը անհաատականութիւն չունի, եւ այդ թերութեամբ հպարտ է ինքը, ինչպէս շարքերի մէջ կանգնած զինուորը կամ սպան.– նա իր եսը ձուլած է ամբողջականութեան եսի հետ եւ նա իրեն չի զգայ մինակ. նա կը զգայ իրեն ուժեղ եւ համարձակ, անհոգ՝ երկնքի թռչունի նման, ու խիզախ՝ ինչպէս փեթակից դուրս թռած մեղուն. նա գոհունակութիւն կը զգայ իր բոլոր քայլերի մէջ այն հաւատքով՝ թէ կը ծառայի ոչ թէ իրեն, այլ ընդհանրութեան, թէկուզ եւ իր եսը կործանուի դրանից: Մեղուների զոհաբերութիւնն ունի նա: Իր դժբախտութեանց թէ վայելքների մէջ, երբ նա զգայ թէ ինք մենակ է եւ ամէն ինչ իրեն համար է՝ կեանքը նրա համար ձանձրալի տաղտուկ կը դառնայ:

Դաշնակցականի համար սուտը, խաբեբայութիւնը վախկոտութիւն եւ ստորնութիւն են, միւսի համար ընդհակառակն՝ դրանք պայքարի զէնքեր են եւ ճշմարտախօսութիւնը յիմարութիւն է: Դաշնակցականի համար աւանդութիւնը, բարոյականութիւնը պարտականութիւններ են եւ նա կը կարմրի եթէ շեղի դրանցից. միւս Հայի համար հակառակն է իսպառ՝ «բարոյականութիւնը մի ախոռ է, որտեղ էշերն են կապում», կը մտածէ նա: Եւ այսպէս ամէն բանի մէջ տարբեր են այս երկու Հայերը, հարազատ եղբայրներ, մի հօրից եւ մի մօրից ծնած: Մինը, տարբեր է, որովհետեւ Դաշնակցութեան աղբիւրից ջուր խմած եւ կերպարանափոխուած է, միւսը տարբեր՝ որովհետեւ հազար թշնամու քթից է ջուր ծծած:

Այս երկու Հայերին ի մի ձուլելը անհնարին է եւ վնասակար: Մինը պիտի թողել՝ որ մնայ հա՛յ դաշնակցական, միւսը՝ հայ քրիստոնեայ. Ինքնին պիտի փոխուի այս վերջինը, երբ ստրկութեան շղղթաները փշրուեն, երբ հայրենիքի օդը նա ծծի եւ Արագածի ջրերը խմի: Այն ժամանակ է որ կը ստեղծուի մի հայութիւն, ազնիւ եւ ազատ, պարզութեամբը մեր շինականի հոգիին, այնպէս, ինչպէս ճերմակ ճակատն է մեր Մասիսի: Դրան հասցնելու համար՝ Դաշնակցականի առաջ դեռ կան դառնութեան շատ բաժակներ. կան շատ գործեր, որոնք անսպառ ճիգ ու զոհաբերութիւն են պահանջում: Այս ձեւով է միայն, որ կը ստեղծուի մի Հայութիւն եւ մի Հայաստան:

Ռուբէն (Տէր Մինասեան)
«Յառաջ, Փարիզ («Յուսաբեր»-էն)
10րդ Տարի, Թիւ 2583
Չորեքշաբթի, 3 Յունուար 1934