15 December, 2023

Ռուսաստանը Հայ Ժողովրդին Անկախութիւն Տալու Տրամադրութիւն Չի Ունեցել

Դոքտ. Բաբգէն Փափազեանի «Պատմութեան նենգափոխումը» աշխատութեան ուշադիր ընթերցումը եւ նրա վերլուծութիւնը ցոյց են տալիս, որ խորհրդային քարոզչական օրգանները ճիգ են անում քօղարկելու եւ մի կերպ պարտկելու Հայաստանին Ազատութիւն եւ Անկախութիւն չտալու ռուսական քաղաքականութիւնը:

...Այդ յօդուածներից մէկում, դոքտ. Բ. Փափազեանը ընդգծում է.

«Առաջին ճշմարտութիւնը, որ ընթերցողի ուշադրութիւնն է գրաւում եւ որի մասին լռութիւն է պահւած սովետական պայմանների տակ «պատմութիւն» գրողների կողմից, դա Ռուսաստանը հայ ժողովուրդին Անկախութիւն տալու տրամադիր չլինելն է»:

Անվիճելի է այս ճշմարտութիւնը, որովհետեւ, եթէ Ռուսաստանը, ցարական կամ սովետական, Հայաստանին Ազատութիւն եւ Անկախութիւն տալու մտադրութիւն եւ նպատակ ունենար, ապա նա չէր դաւի, չէր հալածի եւ յետոյ զինու զօրութեամբ չէր ջնջի հայ ժողովուրդի ծանր գներով ձեռք բերած Ազատութիւնն ու Անկախութիւնը:

Խօսենք փատերով:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնաւորութեան, Ռուսաստանը խոստումներ էր տալիս հայութեան, մագնիսացնում նրան, կարենալ օգտագործելու համար հայութիւնը եւ հայկական ուժերը, սակայն խորքի մէջ նա շարունակում էր «Հայաստանն առանց հայերի» իր վաղեմի քաղաքականութիւնը:

Պատերազմը ծաւալւում էր ի նպաստ համաձայնական պետութեանց: Նախատեսւում էր Թուրքիոյ պարտութիւնը: Դրւած էր Թուրքիոյ բաժան-բաժան անելու հարցը:

Արգիլելու, սանձահարելու եւ ի չիք դարձնելու համար հայկական Ազգային-քաղաքական ձգտումները, չգործադրելու համար իր խոստումները, ցարական կառավարութիւնը լուծարքի ենթարկեց հայ կամաւորական գնդերը, որ հերոսական կռիւներ էին մղել, արիւն թափել, զոհ տւել՝ յօգուտ Ռուսաստանի յաղթանակի:

Մի անգամ եւս երեւան եկաւ «Հայաստանը՝ առանց հայերի» ռուսական դիւանագիտութիւնը:

Թրքահայաստանը գրաււում է ո՛չ թէ հայերի, այսինքն իր բնիկ եւ իսկական տէրերի համար, ինչպէս խոստացւած էր, այլ եփրատեան կոզակութիւն հսատատելու համար, ինչպէս Արաքսեան կոզակութիւնը՝ 1878ի պատերազմի ժամանակ: Վերը նշւած յօդւածների մէջ, դոքտ. Բ. Փափազեանը հարց է տալիս.

«Մեծն Ռուսաստանի բանակները ինչո՞ւ արդեօք տեղեակ չէին պահում հայ ժողովուրդին թէ պիտի նահանջեն: Զինւորական պատճառներո՞վ, թէ ուզում էին Հայաստանն ունենալ՝ առանց հայի, կարենալ իրականացնելու համար Եփրատեան կոզակութեան ծրագիրը:

Ա. Եսայեանը, Երեւանում լոյս տեսած «Հայկական հարցը եւ միջազգային դիւանագիտութիւնը» աշխատութեան մէջ ասում է.

«Ի հարկէ ռուսական դիւանագիտութիւնը բոլորովին էլ մտահոգւած չէր ինքնուրոյն Հայաստան ստեղծելով, նրա պլանների մէջ ինքնուրոյն Հայաստանն ընդհանրապէս տեղ չունէր: Խօսքը վերաբերում էր Արեւմտեան Հայաստանը նւաճելւոց յետոյ ռուսական կայսրութեան միացնելուն՝ ո՛չ աւելին»:

Այս իրական ու դառն ճշմարտութիւնը վերաբերում է ոչ միայն ցարական, այլ նաեւ սովետական Ռուսաստանի քաղաքականութեան:

Բ. Փափազեանը իրաւամբ հարցնում է. «Ռուսաստանի անւան սովետական մակդիրը կցւելով փոխւած բան կա՞յ ռուսական քաղաքականութեան մէջ՝ հանդէպ հայ ժողովուրդի եւ նրա Անկախութեան անկապտելի իրաւունքի»:

Աւելորդ չենք համարում յիշեցնելու հայ մարդուն, հայ ընթերցողին եւ ռուսական օրինտացիայի պաշտպան պատմութեան նենգափոխիչներին, որ խնդրոյ առարկայ շրջաններում, հայ ժողովուրդը, ֆիզիքապէս, հոգեպէս, սրտով եւ մտքով, հակւած էր դէպի Ռուսաստան, ունէր ռուսական քաղաքական կողմնորոշում եւ վարում էր ռուսական քաղաքականութիւն, հայ պատմութեան նենգափոխիչ քարոզիչների նման ապաւինած էր ռուսական քաղաքականութեան ծիրին ու նրանից էր սպասում իր փրկութիւնը, իր ազատութիւնը: Ցարական Ռուսաստանը սակայն տրամադիր չէր մտածելու հայ ժողովուրդի Ազատութեան մասին:

Այդ նոյն քաղաքականութիւնն է վարում նաեւ սովետական Ռուսաստանը:

Հայոց պատմութեան նենգափոխիչների եւ Հայաստանի ու հայ ժողովուրդի Ազատութեան եւ Անկախութեան թշնամիների դէմ, պայքարում է նաեւ Հայաստանի համալսարանի պրոֆեսոր եւ պատմաբան «Մի թուղթ»ի հեղինակը: Նա, պայքարելով հայոց պատմութիւնը նենգափողոխ եւ հայ ժողովուրդի Ազատութիւնն ու Անկախութիւնը ժխտող հայ պատմաբանների դէմ, գրում է.

«Անկախ, ինքնորոյն, օտար լծից ազատ Հայաստանը եղել է եւ մնում է ամէն մի հայի դարաւոր իղձը եւ ամենամեծ երազանքը»: ասում է «Մի թուղթ»ի հեղինակը եւ շարունակում:

«Այդ հաստատւում է հայրենասիրական երգերով, գաղափարներով եւ անձնազոհ պայքարով, որով այնքան հարուստ է հայ ժողովուրդի պատմութիւնը»:

Գալով ազգային ինքնորոշման իրաւունքին, նա գրում է.

«Հէնց միայն այս հանգամանքը բաւական է հաստատելու համար, որ ազգերի ինքնորոշման լենինեան տեսութիւնը ամենից շատ վերաբերում է Հայաստանին եւ հայ ժողովուրդին»:

Ո՞րն է առաջնահերթ խնդիրը:

Անկախութի՞ւնը թէ սոցիալիզմը:

Այս հարցում եւս ծառանալով իր ընկերների դէմ, հերքելով նրանց տեսակէտն ու թեզիսը, «Մի թուղթ»ի հեղինակը ասում է.

«Թերեւս դուք կարծում էք, որ հայ ժողովուրդի համար էլ, ինչպէս ռուս ժողովուրդի, առաջնահերթ խնդիրն է սոցիալիզմին անցնելը: Այս կապակցութեամբ չպէտք է մոռանալ, որ եթէ ամէն մի աշխատաւորի հարցնելու լինէինք, ապա նրանից անխուսափելի պատասխան կը ստացւէր, որ առաջին հերթին կուզենար օտար լծից ազատագրւել»:

«Այդ ճշմարտութիւնը ժխտողներին Լենինը համարում էր իրականութիւնից կտրւածներ, Մարսի վրայ մտածողներ»:
Ազատութեան եւ Անկախութեան թշնամիներ:

«Մի թուղթ»ի հեղինակը ընդվզում է Մայիս 28ի Անկախութիւնը ծաղրող եւ ժխտող ընկերների դէմ եւ ասում.

«Անկախութիւնը ինչ կացութեան հետեւանքով եւ ի՛նչ առիթներով էլ հռչակւած լինի, պէտք է դիտել իբրեւ տւեալ ժողովուրդի իրական, քաղաքական եւ տնտեսական կեանքում պատմական մեծ շրջադարձային մոմենտ, որոշիչ հանգամանք՝ նրա ճակատագրի տեսակէտից, իսկ ով ծաղրում կամ ժխտում է այդ աքթի պատմական նշանակութիւնը, նա ոչ միայն ծաղրում է տւեալ ժողովուրդի ազատագրական ջանքերը, այլ դառնում է ակամայ թշնամի այդ գաղափարին»:

«Միթէ պատմական փաստ ու ճշմարտութիւն չէ՞, որ հէնց այդ «խրտուիլակ» (չակերտը հեղինակը կողմից է) հանրապետութիւնը, հէնց հինգ հարիւր տարւայ ընդմիջումից յետոյ, սկիզբ հանդիսացաւ հայ պետականութեան»:

«Միթէ իր միջազգային կշռով հետագայ բոլշեւիկեան Հայաստանը աւելի մե՞ծ եւ ինքնուրոյն գործօն է հանդիսացել: Դուք երեւի այդ կարծիքին էք: Բայց հազար անգամ ինքներդ հաստատել էք մեր հանդիպումների ժամանակ, որ Հայաստանը ռուսների համար մնացել է որպէս գաղութ, որպէս կայսրութեան մի անբաժան ու բաղկացուցիչ մաս»:

Ապա «Մի թուղթ»ի հեղինակը եզրակացնում է.

«Ըստ էութեան, պետականութեան եւ Անկախութեան տեսակէտից, հէնց սովետական Հայաստանը պիտի առնել չակերտների մէջ, որովհետեւ ո՞վ է ճանաչում նրան որպէս պետութիւն»:

Հայ ժողովուրդը պիտի բացի իր աչքերը եւ իրականութիւնը տեսնի այնպէս ինչպէս, որ նա կայ ու գոյութիւն ունի:

Բաւական է ապրել կործանիչ պատրանքներով:

Հայ ժողովուրդը ունի բաւական մեծ փորձ կարենալ հասկանալու համար, որ քաղաքականութեան մէջ չկան ո՛չ յաւիտենական բարեկամներ եւ ոչ էլ յաւիտենական թշնամիներ, կան միայն յաւիտենական շահեր, որոնք ճշտում են Ազգերի փոխադարձ յարաբերութիւններն ու փոխադարձ «սէրերը»:

Խմբագրական
«Ալիք», Թեհրան
1969, Թիւ 38, 39 (9149, 9150)