21 December, 2023

Գարեգին Նժդեհի Դերը Ղարաքիլիսայի Ճակատամարտին

Արտակարգ ծանր, դժնդակ եւ ահաւոր օրեր էին սկսւած 1918 թ. գարնանը: Տաճկական բանակը մտել էր Կարս եւ սպառնում էր գրաւելու ամբողջ Հայաստանը ու սրածութեան ենթարկել մեր ժողովրդի մնացորդը:

Լենինեան «դէպի տուն» լոզունգը ազդանշան եղաւ, որպէսզի ռուսական զօրքի յեղափոխութեան հետեւանքով խախտւած դիսցիպլինան իսպառ վերանար եւ զօրքը դառնար խառնիճաղանճ մի ամբոխ, լքէր ճակատը, ազատ ճամբայ տար թշնամուն՝ որին դարերի ընթացքում դիմադրել էր անհամար զոհերի արեան գնով: 

Ռուսական զօրքերը ամբոխայնացած, տարերային կերպով ոչ թէ նահանջում, այլ պարզապէս փախչում էին Կովկասից՝ օր առաջ տուն հասնելու համար եւ ճանապարհին ամէն ինչ աւերածութեան էին ենթարկում: Կովկասեան ճակատը մնացել էր բաց եւ թշնամու դէմ յանդիման՝ փոքրաթիւ հայ ժողովուրդը մեն-մենակ, առանց կողմնակի օգնութեան որեւէ յուսոյ...

Մեր քաջարի հերոս սպարապետ Նազարբէգեանը շատ լաւ տեսնում եւ գիտակցում էր, թէ ինչպիսի ծանր, մղձաւանջային վիճակ էր սպսաում հայութեան: Թշնամին ահ ու սարսափ էր տարածել ամենուրեք եւ մեր զօրքերի դիսցիպլինան էլ խախտւել էր եւ դասալքութիւնը ծայր աստիճանի հասել: Ամբոխային հոգեբանութիւնն էր իշխում եւ դիմադրական ոգին թոլւացել, չքացել էր: Թշնամին շատ հեշտութեամբ կարող էր այն օրերին տրորել մեզ իր ոտքերի տակ, եթէ մենք գերագոյն ճիգ ու ջանք չփափէինք, լարելով մեր բովանդակ ոյժերը, թշնամու առաջխաղացումը կասեցնելու:

Թշնամին շարժւում էր երեք ուղղութեամբ՝ Սարդարաբատի, Աբարանի եւ Ղարաքիլիսէի: Առաջին երկու ճակատներում կենտրոնացւած զօրքեր կային, իսկ Ղարաքիլիսէի ճակատը բոլորովին բաց էր մնացել: Պէտք էր այդ ճակատը ապահովել զօրքով, որի 90 տոկոսը դասալիք էր եղած:

Ահա այդ օրերին էր, որ սպարապետը կանչեց Նժդեհին ու ասաց:

Ղարաքիլիսէի ճակատը զուրկ է զօրքից, իսկ թշնամին ուզում է օղակել մեզ ու ծունկի բերել: Մեր փրկութիւնը նոր զինւորներ ունենալու մէջ է: Պէտք է անցնես գիւղերը, կոչ անես դասալիքներին, դուրս բերես իրենց տներից եւ ուղարկես զօրամասերը:

–Լսում եմ եւ պատրաստ կատարելու ձեր հրամանը.- եղաւ Նժդեհի պատասխանը:

Սպարապետից մի քանի քայլ հեռաւորութեան վրայ կանգնած էին մի խումբ սպաներ եւ լսում էին ալեզարդ ծերունուն, որ խորասուզւած էր ծանր խոհերի մէջ: Ապա դարձաւ մեր կողմը եւ մենք ամբողջովին լսողութիւն դարձած՝ սպասում էինք հրահանգի: Ես կանգնած էի առաջին շարքում: Հայեացքը դարձրեց իմ կողմը եւ նշան արեց որ մօտենամ: Առաջ անցայ: Հարցրեց անուն ազգանունս ու ասաց՝

Դուք կընկերանաք Նժդեհին, օգնելու նրան:

Լսում եմ Ձերդ Գերազանցութիւն:

Որպէս օգնական սպայ ընկերացայ Նժդեհին: Վերցնելով մի քանի ձիաւորներ, անցանք գիւղերը: Շրջակայեցինք տասնեակ գիւղեր, ամենուրեք Նժդեհի անունն էին տալիս: Այդ օրերը միշտ անմոռաց կը մնան իմ յիշողութեան մէջ:

Նժդեհին ճանաչում էի նախօրօք եւ քանիցս ներկայ էի եղած նրա հրապարակային ելոյթներին: Սակայն մեր պատած բազմաթիւ գիւղերում լսելով նրա ճառերը, մնացել էի ապշահար վիճակում: Ի՜նչ անսպառ եռանդի տէր մարդ էր նա, որի համար գիշեր-ցերեկ աշխատելը սովորական բան էր. իսկ իր արտասանած ճառերը մէկը միւսից գեղեցիկ՝ առնական ու խորը շունչով:

Եւ զարմանալին այն էր, որ նրա ճառերը կրկնութիւններ չէին: Ամեն տեղ նորանոր օրինակներ բերելով եւ պատմական դէպքեր յիշատակելով, նոյն թափով ու եռանդով խօսում, կոչ էր անում դասալիք զինւորներին վերադառնալ իրենց զօրամասերը՝ հայրենիքի փրկութեան սուրբ գործին ծառայելու: Հարկաւ, ամեն տեղ ահազանգ էր հնչեցնում, թէ հայրենիքը վտանգի տակ է, նրան սպառնում է կործանում եւ ազգը ենթակայ է ոչնչացման:

Այդ օրերին թշնամին ուլտիմատում էր դրել Ալեքսանդրապոլը պարպելու, սակայն, առանց պատասխանի սպասելու, գրաւել էր քաղաքը: Բազմահազար ժողովուրդ խուճապի մատնւած, լքելով տուն տեղ, ուղղւում էր դէպի հիւսիս՝ օտարի մօտ ապաստան գտնեու: Հազարաւոր մարդիկ, խուռներամ բազմութեամբ թափւել էին Ղարաքիլիսէ: Ձիերի, էշերի եւ եզների վրայ բարձած ամենանհրաժեշտ իրեղէններով մտել էին Փամբակու ձորը, որը նեղ էր գալիս արտագաղթող բազմութեան: Բուն իսկ Ղարաքիլիսէում ծովածաւալ բազմութիւնը ողողել էր ամբողջ քաղաքը՝ փողոցները, բակերը, գերեզմանոցը եւ շրջակայ բաց տարածութիւնները:

Մղձաւանջային ծանր վիճակ էր տիրում: Բոլորի դէմքին կարդացւում էր խորունկ տագնապ. Նժդեհի հետ նոր էինք վերադարձել գիւղերից: Խուճապը ոչ թէ օրէցօր, այլ ժամ առ ժամ սաստկանում էր՝ ամենքը յուսակտուր ու ընկճւած ամեն ինչ վերջացած էին համարում:

Ահա այդ խուճապային տագնապալից կացութեան ժամանակ էր, որ յանկարծ ծովածաւալ բազմութեան ուշադրութիւնն է գրաւում մի հուժկու, գոռ եւ ռազմաշունչ ձայն: Նժդեհ նէր այդ առնական ձայն արձակողը, որ կանգնած մի բարձր տեղ՝ իւր պատմական, նշանաւոր եւ բովանդակալից ճառն էր ասում: Հրաբխային մի ժայթքում էր այն ճառը, որ ցնցում, իրարանցում է առաջացնում եւ ամենքը ուզում էին աւելի մօտենալ, որ կաորղանան լաւ լսել օրւայ պատգամախօսին:

Որքան որ հոյակապ ու գեղեցիկ, բովանդակալից ու խորն էր այդ ճառը, նոյնքան էլ մի պատգամ էր՝ հայ մարդու հոգին ու միտքը զգացտացնող եւ ազգային արժանապատւութեան ու հանդէպ հայրենիքի պատասխանատւութեան գիտակցութիւնը զգացնող:

Նժդեհը շատ անգամ էր ոգեշունչ խօսք ուղղել բազմութեանց, ի մասնաւորի՝ մարտական ուժերին: Բայց Ղարաքիլսիէի ճակատամարտի նախօրէին արտասանած ճառով ինքն իրեն գերազանցեց:

Ծովածաւալ բազմութիւնը որ յուսալքւել, ընկճւել ու հոգեկան ծանր տագնապի էր մատնւել, մէկէն փոխւում է հմայւած ու հիպնոսացած Նժդեհի հրաշունչ խօսքերից: Ելեկտրականացած ամբոխը ռազմական բարձր տրամադրութիւն է ցուցադրում եւ սկսում է գոռում-գոչում՝ «Կեցցէ՜ Նժդեհը», «մա՛հ կամ ազատութիւն»...

Դէպի՛ ճակատ այնտե՛ղ է մեր փրկութիւնը.- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը:

Պէտք էր տեսնել թէ Նժդեհի ճառից յետոյ ինչպէս մի պահ լքւած ու այժմ գօտեպնդւած այդ բազութեան միջից մարտական ուժերը համախմբւում էին զինւորականների շուրջը եւ ամբոխային վիճակից դուրս եած, կարգապահութեամբ ենթարկւում հրահանգների՝ կազմելով վաշտեր եւ գումարտակներ: Այսպիսով, Ղարաքիլիսէի ճակատը որ բաց էր մնացել եւ թշնամին պիտի կարողանար լիկւիդացիայի ենթարկել Աբարանի եւ Սարդարաբատի ռազմաճակատները, ապահովւեց ու գոցւեց բաց աչքերով դէպի մահ գնացող զօրամասերով: Եւ այդ բոլորը շնորհիւ Նժդեհի:

Պէտք է ասել, որ ամենաուժեղ կռիւները տեղի ունեցան Սարդարաբատի եւ Ղարաքիլիսէի ճակատներում: Առաջինի հրամանատարն էր զօր. Բէգ Փիրումեանը եւ երկրորդինը՝ զօր. Բէգ Մամիկոնեանը: Եւ Ղարաքիլիսէի ճակատում մեր զօքերը յարձակման դիմեցին եւ թշնամուն մեծ կորուստ պատճառեցին: Սակայն մեծ սխալ կատարւեց՝ թշնամուն փառաւոր ջարդ տալուց յետոյ, տեղատարափ անձրեւի պատճառով մերոնք չգրաւեցին Մայմեխ լեռը: Անհեռատես եղանք մտածելով՝ թէ այդ անձրեւին թշնամին փորձ պիտի չանէր Մայմեխը գրաւելու: Բայց մենք մոռացութեան էինք տւել թուրք զինւորների չարքաշ եւ դիմացկուն լինելը: Եթէ Մայմեխը մեր ձեռքի տակ ունենայինք, մի նոր ուժգին հարւածով թշնամուն կը շպրտէինք Ալեքսանդրապոլից այն կողմը...

Այո՛, անուրանալի է Նժդեհի կատարած դերը Ղարաքիլիսէի ճակատամարտում: Եւ ի՛նչպէս կարելի է ուրանալ, մոռացութեան տալ այն:

Գլխապետ Արտաւազդ Յարութիւնեան
«Ալիք», Թեհրան
ԻԸ. Տարի, Թիւ 123, 124