28 January, 2024

Արամ Փաշա

Վանում մի խումբ խաչագողներ տաճկական կեղծ ոսկիներ են շինում եւ աշխաոտւմ տարածել ժողովրդի մէջ:

Առաջին զոհերից մէկը դառնում է մի քիւրդ գիւղացի, որ ոչխար է բերած լինում քաղաք ծախելու եւ ընկնում է դրամանենգների ձեռքը: Սրանք առնում են նրանից ոչխարները եւ տալով նրան 9 կեղծ ոսկի՝ ճանապարհ գնում:

Քիւրդը մտնում է մի հայի խանութ, գնում է ինչ որ ապրանք եւ տալիս խանութչանին ոսկիներից մէկը:

Խանութպանը տեսնում է, որ դրամը կեղծ է, եւ բարկացած շպրտում է ոսկին խեղճ քրդի երեսին:

Շւարած քիւրդը ապուշ է կտրում: Սկսում է ողբալ իր սեւ բաղդը եւ ապա յանկարծ բացականչում է.

Ո՞ւր է Արամ փաշան. Ես նրա մօտ կերթամ...

Գնում է Արամի մօտ, պատմում իր գլխին եկածը եւ ցոյց տալիս կեղծ ոսկիները:

Սպասիր այստեղ, հրամայում է Արամը, առնում քրդի ձեռքից ոսկիները եւ գնում շուկան, ուր մի քանի րոպէում գտնում է խաչագողների հետքը, խուզարկել տալիս նրանց բնակարանը, որտեղից հանւում են մի քանի հարիւր կեղծ ոսկիներ, դրամ շինելու գործիքներ եւ նիւթեր:

Դատաստանը կարճ է լինում: Յանցաւորներին մի լաւ «դաս են տալիս», խլում բոլոր ոսկիներն ու գործիքները, առնում նրանցից քրդի համար 9 իսկական ոսկիներ, իսկ նրանց հեռացնում են Վասպուրականի սահմանից: Ասս որոշումը յայտնւում է վալիին, որ շատ է գոհ մնում:

Առնւած 9 ոսկին Արամը տանում յանձնում է քրդին, որ ուրախութիւնից ինչ անելը չի իմանում, համբուրում է Արամի ձեռքն ու փեշերը եւ բացականչում:

Սա հո մարդ չէ, սա մարգարէից էլ աւելի սուրբ է:

* * *

Մի ուրիշ դէպք:

Արամը գնում է Շատախ: Իսկոյն լուր է տարածւում, թէ Արամ փաշան եկել է: Այցելութեան եւ շտապում քաղաքի երեւելիները, գայմանագամը, տեղի պաշտօնեաները:

Խօսակցութեան միջոցին, յանկարծ, ներս են մտնում քիւրդ գիւղացիներ եւ դիմում Արամին գանգատներով ու խնդիրներով, պատմում իրենց ցաւն ու պահանջները եւ աղերսում կարգադրութիւն:

Արամը, հենց գայմագամի ներկայութեամբ, լսում է նրանց, քննում, դատ տեսնում. հրամաններ է արձակում, պատւէրներ տալիս, մի խօսքով կատարւում է կառավարական պաշտօնեայի գործ: Գայմագամը լսում է նրա կարգադրութիւնները եւ մնում է խիստ գոհ:

Նման դէպքեր շատ եւ շատ կարելի է թւել:

Այս փոքրիկ էպիզոտները ցոյց են տալիս Արամի մեծ ու լայն ժողովրդականութիւնը Վասպուրականի նոյնիսկ քիւրդ տարրերի մէջ: «Փաշա» – այս տիտղոսը, որ ժողովուրդը տւել է նրան, այն «փաշան» չէ, որ կրում են տաճիկ կառավարութեան պաշտօնեաները: Այստեղ «փաշա» անունը ցոյց է տալիս հոգեկան փաշայութիւն, նկարագրի ազնւութիւն: Ժողովուրդը կամեցել է մեծցնել, սոսկական մահկանացուներից բարձր դասել իր դատի պաշտպաններին, իրեն համար կեանք ու արեւ զոհողներին, բռնապետութեան դէմ այնպէս համարձակ ծառայողներին: Սերոբ «փաշա», Անդրանիկ «փաշա», Արամ «փաշա» եւ դեռ շատ-շատ «փաշաներ», որոնք կամ ընկել են արդէն ժողովրդական գոռ մարտի մէջ եւ կամ գնում են ընկածների ճանապարհով:

Վերեւի էպիզոտները բովանդակում են իրենց մէջ մի խորունկ իմաստ, որ հայ ազատագրական պայքարի յատկանիշն է հանդիսացել միշտ, դա հայ յեղափոխականների անսահման ժողովրդասիրութիւնն է առանց ազգի խտրութեան: Նրանք հաւասարապէս գործել են ե՛ւ հայ աշխատաւորութեան համար, ե՛ւ քրդի, եթէ վերջինս հալածւած ու ճնշւած է եղել: Նրանք մի ձեռքում մոսինն են բռնել, միւսով տարել են համերաշխութեան եւ խաղաղ, ստեղծագործական աշխատանքի դրօշը: Եւ անգամ համիդեան դաժան օրերին հայ գիւղացիութեան կողքին, որոնք պաշտպանել են ե՛ւ քիւրդ ճնշւած գիւղացիութեան իրաւունքները: Այդ է պատճառը, որ խաբւած քրդի գլխին ծագած առաջին հարցը լինում է՝ «Ո՞ւր է Արամ փաշան»:

Եւ նա համարձակ գնում է «փաշայի» մօտ, որովհետեւ համոզւած է, որ իր ցաւը ուշադրութեան կառնւի: Ո՞վ գիտէ, քանի անգամներ նա, իրհարեւանը, իր ցեղակիցը, դժբախտութեան օրերին, բաղխել են Արամ փաշայի, Արամ փաշաների դռները...

Մի այլ կէտ եւս. մինչեւ ատամը զինւած հայ հայդուկները հասկացել են, որ իրենց նպատակը միայն կռիւը չէ, ժողովրդի համագործակցութեան, այլեւ կազմակերպութեան եւ գիտակից կեանքի վարժեցնելը: Կռւի ժամանակ նրանք կռւել են, բայց խաղաղութեան օրերում կրթել են ու դաստիարակել, կառավարել են ու դատել, մտել են ժողովրդի մէջ, լսել են կարիքները եւ ջանացել թեթեւացնել նրա ապրուստը:

Այդ է պատճառը, որ ժողովուրդը, պէտք եղած դէպքում, խորհուրդի ու դատաստանի համար միշտ նախադասել է Արամի պէս մարդկանց դիմել: Նոյն իսկ քրդերը՝ մի կողմ թողած տաճիկ կառավարական պաշտօնեաներին՝ Արամ փաշայի օգնութիւնն են խնդրում, նրան են բաց անում, իրենց վիրաւոր սիրտը եւ նրա հեղինակաւոր կարծիքին ապաւինում: Սա արդէն յաղթանակն է այն գաղափարի, որի համար գործել է տաճկահայ յեղափոխութիւնը, որի դրօշակի տակ ընթացել է տաճկահայոց ազատագրական պայքարը:

«Հորիզոն», Թիֆլիս
Կիրակի, 31 Մայիսի 1915
7-րդ Տարի, Թիւ 119