03 March, 2024

Չալփափախ Միսակ Տանջոյեան

Տաճկահայ երիտասարդ, մօտ 28-29 տարեկան: Յանդուգն կռւող՝ բառի ընդարձակ իմաստով: Մասնակցել է Անդրանիկի բոլոր կռիւներին եւ մասնւաորապէս Սասունի վերջին դէպքերին, միշտ էլ լինելով Անդրանիկի տասնեակում: Մասնակցել է կովկասեան կռիւներին եւ ամեն տեղ լինելով աւանգարդի մէջ ու միշտ մնալով անվնաս, այն համոզումն էր դուրս բերել, թէ «գնդակը մահացու չէ իրեն համար»:

«Իմ ճակատագիրը այլ է, ինձ չի դաւաճանում, ես հաւատում եմ նրան»... Ընդհանուր առմամբ մի եզակի դէմք էր, թէ բնաւորութեամբ, թէ համոզումով եւ թէ ժեստերով: Վերին աստիճանի համեստ ու լռիկ՝ սովորական կեանքում, յանդուգն ու յամառ՝ կռիւների մէջ: Ամիսներ շարունակ ապրել էր Թաւրիզում, բայց շատ քչերն էին ճանաչում նրան, շնորհիւ իր համեստութեան, իր լուռ ու մունջ բնաւորութեան:

Թաւրիզը վճռողական օրեր էր ապրում: Շրջապատւած թշնամիներով, 300,000 բնակիչ ունեցող քաղաքը 5-6 ամիս շարունակ չէր ստանում կենսական մթերք: Ազգաբնակութեան զգալի տոկոսը առոյտով էր կերակրւում: Պարսիկների ընդդիմադիր կորովը օրէցօր իջնում էր: Կատարեալ լքումն էր սահմանադրական բանակում եւ ինքնաբերաբար, այդ կացութեան վերջ տալու բարոյական ծանրութիւնը ընկնում էր սակաւաթիւ հայ մարտիկների վրայ: Որոշւած էր յարձակւել Էյնը-Դօվլէի բանակի վրայ, որը գրաւել էր բոլոր լեռնային դիրքերը եւ ունէր լաւ կզմակերպւած պարսիկ կազակներ ու Շնէյդեր թնդանօթներ (որոնցով յետոյ կռւեց Եփրեմը):

Կռիւը տեւեց ամբողջ օր, մարտ, 1909 թ. Խիաւան թաղում, եւ համարեա ապարդիւն: Երբ կռւի վայրն են ժամանում հայ մարտիկները, ընդհարումը աւելի բուռն ու կատաղի բնոյթ է ստանում: Սակայն թշնամու դիրքերը այնքան ամուր ու անմատչելի են, որ յարձակումն իսկ ապարդիւն է նկատւում:

Ահա այդ իսկ վայրկեանին, բացառութիւն է կազմում Միսակը «փոքրիկ Սէրեօժի» հետ միասին եւ հակառակ խմբապետի ցանկութեան դուրս ցատկելով իր դիրքից, իջնում է ձորը եւ ապա զառնիվեր բարձրանում դէպի հակառակորդի դիրքը՝ գնդակների տարափի տակ եւ 5 քայլի վրայ սկսում կռիւը – մաուզերով: Թշնամին սարսափած այս յանդգնութիւնից թողնում է դիրքը եւ երբ Միսակը փորձում է դիրքը մտնել, դարանամուտ հակառակորդը խփում է հէնց բերնից, թողնելով տեղն ու տեղը եւ ինքը փաուստի դիմում:

Ծանր էր այդ տպաւորութիւնը՝ բոլոր համար անխտիր:

«Դրօշակ» - Յունուար 1911
Թիւ 1 (214)