01 March, 2024

ՍԱՄՍՈՆ ԽԱՆ. Ստեփան Թադէոսեան

Ետնանկարին մէջ. Սամսոն խան, աջին անբաժան զինակից ընկերը՝ Սարգիս Սարուխանեան
Սալմաստ, 1 Նոյեմբ. 1908

Սալմաստի Յեղափոխական Հնոցի Մղիչ Ուժը՝
ՍԱՄՍՈՆ ԽԱՆ

79 տարի առաջ, 1 Մարտ 1945, Թաւրիզի մէջ կը մահանար Հ. Յ. Դաշնակցութեան առաջին սերունդին վերջին վկաներէն Ստեփան Թադէոսեան, որ հայ ազատագրական շարժման պատմութեան մէջ անմոռանալի տեղ մը գրաւեց իբրեւ դէպի Երկիր կատարուած յեղափոխական թափանցումներու անզուգական գործիչը՝ Սալմաստի Սամսոն Խանը:

Իր օրինակը ներշնչման աղբիւր կը մնայ բոլոր անոնց համար, որոնք հայկական յեղափոխութեան ճամբով իրենց բոլոր ուժերը կը նուիրաբերեն մեր ժողովուրդին, գործելով իբրեւ հայ ժողովուրդի ծոցէն ծնած ու անոր ապրումներուն եւ տենչերուն հարազատ թարգմանիչը:

Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանի քրոջ որդին էր: Սովորել էր Թիֆլիսի արհեստաւորաց վարժարանում, ուստի եւ ծանօթ էր զինագործութեան արհեստին: Քրիստափորը, որ խնամակալն ու յեղափոխական դաստիարակն էր Սամսոնի, յանձնարարում է գալ Թաւրիզ եւ աշխատել Դաշնակցութեան «Խարիսխ» զինագործարանում, որը բաժանմունք ունէր նաեւ Սալմաստում: 1898 թուին է որ Սամսոնը, կուսակցական յանձնարարութեամբ, գալիս է սալմաստ. նա ռուսահպատակի անցագիր ունէր եւ հովանաւորւում էր սալմաստեցի առեւտրական Աւետիք Արզումանեանի կողմից:

Սամսոն Սալմաստ է գալիս ուսուցչի պաշտօնով, եւ միակ գործիչն է, որ 20 տարի շարունակ մնացել է այդ շրջանում, յայտնաբերելով ամենաբեղուն գործունէութիւն ո՛չ միայն յեղափոխական-կուսակցական աշխատանքներում, այլեւ՝ Սալմաստի կրթական-մշակութային կեանքում: 1898-1918 թուերի Սալմաստի գործունէութիւն, դա նշանակում է գերազանցօրէն Սամսոնի գործունէութիւն: Չի եղել որեւէ գործիչ, զինուոր, խմբապետ, զինատար խումբ մը որ անցնէր Սալմաստով եւ չահնդիպէր Սամսոնին, կամ՝ նրա աջակցութիւնը չգտնէր. Սամսոնն այն հանգոյցն էր, որից ձգւում էին բոլոր յեղափոխական-կուսակցական թելերը դէպի Թաւրիզ, Խոյ-Մակու, Ուրմիա, դէպի Վան-Վասպուրական, մէկ խօսքով՝ դէպի Երկիր: Յաճախ նա այցելում էր Աւարայրի (Խոյ), Մենաւորի (Թադէոս Առաքեալի վանք), Կապուտանի (Ուրմիա) շրջանները, խորհրդակցում, կարգադրութիւններ անում, ցումունքներ տալիս եւ վերադառնում էր Սալմաստ:

Սալմաստում է որ Երկիր անցնող զինատար խմբերի զէնքերը պիտի կապուէին. ամփոփուէին յարմարօրէն՝ չնկատուելու համար. պիտի պարենաւորուէին՝ մի քանի օր ճամբայ կտրելու համար, պիտի ունենային փորձ վալադներ (ուղեցոյց), այդպիսիներից էին՝ Աղբակի Փիս գիւղացի Աւետը, քիւրդ Մստօն (սպաննուեց Փոխիկի խմբի հետ), Քիւրդ Չաթօն, Քեօհնա-շահարցի Ռահիմ խանը, դեռեւս Արմենականների օրոք, քարուանչի էր, նամակատար եւ Քեարբալա Աբբասը:

Այս բոլոր խնդիրները կարգադրողը Սամսոնն էր. նա էր Երկիր անցնող մարտական խմբերի համար զինավարժութեան յարմարութիւններ ստեղծողը, խմբերի մարտիկներին գիւղացիների տներում տեղաւորողը: Նա էր, իր մշտական օգնական, իրենից անբաժան հայդուկն-թիկնապահ սալմաստեցի Սարգիս Սարուխանեանի հետ (որը դեռեւս պատանի՝ մասնակցել էր Խանասորի արշաւանքին) այս բոլոր յոգնեցուցիչ աշխատանքներ կատարողը:

Սամսոնն էր նաեւ կառավարական շրջանակների, տեղական իշխանութիւնների հետ բանակցողը, մանաւանդ իր ռուսահպատակի անցագիրն այդ տեսակէտից որոշ առաւելութիւններ եւ յարմարութիւններ էր ընձեռնում, իսկ որոշ դէպքերում էլ նրան աջակցում էին շրջանի ազդեցիկ հայ առեւտրականները՝ Բուդաղ Մանասէրեան, Կարապետ եւ Աւետիք Արզումանեաններ եւ այլք:

Բայց միայն կուսակցական-յեղափոխական աշխատանքներով չէր սահմանափակւում Սամսոնի գործունէութիւնը Սալմաստում. նա առաջինն էր, որ Սալմաստ հասնելով, փորձեց շերամաբուծութեան հիմք դնել եւ զարգացնել գիւղատնտեսութեան այդ ճիւղը, թէեւ չյաջողեց: Իբրեւ շրջանային տեսչուչ, նա Ղալասարում կառուցեց գրադարան-ընթերցարան, թատերասրահ եւ սիրողների խումբ, Մահլամ գիւղում՝ նոյնը, Շէյթանաւայում՝ դպրոց, Հաֆթւանում՝ թատերասրահ:

Սամսոնի օրոք էր, որ Սալմաստում դաշնակցական կազմակերպութիւնը հիմնաւորուեց միանգամայն եւ իր ցանցը տարածեց ամբողջ շրջանի վրայ: Սամսոնը, իբրեւ Սալմաստի գործիչ եւ կուսակցական ներկայացուցիչ, մասնակցում էր բոլոր Շրջանային Ժողովներին, երբեմն անցնում էր Կովկաս՝ Ռայոնական Ժողովներին մասնակցելու: 1904 թուին անցել է Ժընեւ, եւ մսանակցել է 3րդ Ընդհանուր Ժողովին:

Սամսոնին յաջորդող շրջանային տեսուչները (1905ին՝ Երուանդ Ֆրանգեան, 1916-1918ին՝ Յ. Տէր Յակոբեան «Իրազեկ») գլխաւորապէս զբաղուել են կրթական-դաստիարակչական հարցերով. Կուսակցական գործերի ղեկավարութիւնը միշտ եղել է Սամսոնի «մենաշնորհը»:

Սամսոնն էր որ հիւրընկալում եւ ապաստան էր տալիս բոլոր կուսակցական գործիչներին եւ մարտիկներին, որոնք մեծ մասամբ անլեգալ էին ապրում: Սալմաստով Թաւրիզ անցաւ հերոսական Անդրանիկը իր զինւորներով, 1904 թուի Սասնոյ ապստամութիւնից յետոյ: Սալմաստ եղաւ նա նաեւ 1915-1916 թուին, Ա. Աշխարհամարտի ժամանակ (Դիլմանի ճակատամարտ), միշտ Սամսոնին ունենալով աջակից: Սամսոնի աջակցութիւնն են վայելել նաեւ խմբապետ Սեպուհը եւ բազմաթիւ այլ մարտիկներ: Պարսկական յեղափոխական  բախումների օրերին՝ Քեռու, Սարհատի (Մկրտիչ Աղամալեան), Դումանի խմբերը, որոնք նախ դէպի Թաւրիզ (բացի Սարհատի խմբից), ապա՝ վերադարձին դէպի Կովկաս եւ Թիւրքահայաստան մեկնեցին (1908-1912 թ.): Սամսոնի խորհուրդներն ու աջակցութիւնն էր վայելում նաեւ խմբապետ Սմբատն իր խմբով, որին պարսկական յեղափոխութեան ժամանակ յանձնուած էր Ուրմի, Սալմաստ, Խոյ շրջանների ապահովութիւնն ու հակայեղափոխական ուժերին դէմ դնելու պարտականութիւնը:

1918 թուի Սալմաստի ինքնապաշտպանութեան կռիւներին, ապա նոյն թուին տաճկական ներխուժող բանակների դէմ կազմակերպուած կռիւներին դարձեալ, Սամսոնն էր Կոստիա Համբարձումեանի, Լեւոն Շաղոյեանի եւ Համբարձում Մելքոնեանի (գնդապետ) հետ կռիւները ղեկավարողը: Եւ վերջապէս նոյն թուականին Սալմաստի եւ Ուրմիայի ողբերգական գաղթի տաժանելի գործի գլխաւոր կազմակերպիչը դարձեալ Սամսոնն էր:

Այս բոլոր գործերի ընթցաքում նրան ստուերի պէս հետեւում եւ աջակցում էր, գլխաւորապէս սեւ աշխատանք կատարելով, նրա հաւատարիմ եւ գաղափարական զինակիցը, անձնուէր հայդուկ Սարգիս Սարուխանեանը (1930 թուին, Համադանի մօտ, զոհ գնաց ինքնաշարժի արկածի):

Իբրեւ եզրակացութիւն Սամսոնի եւ իր կատարած դերի, մէջբերենք այդ մասին Մալխասի հետեւեալ վկայութիւնը, որ ինքնին շատ պերճախօս է.-

«Սամսոն զինագործ արհեստաւոր էր, ուսուցիչ էր, դերասան էր, ղաչաղներու մեծն էր, ճարտարապետ էր, Թաւրիզի Առաջնորդարանի ներկայացուցիչն էր, հայ գիւղացիներու անպաշտօն բայց իրական քեարկիւզարն էր, արդար դատաւոր էր, թեմական տեսուչ էր. բոլոր գիւղերու դպրոցական հոգաբարձութեանց պատւաւոր նախագահն էր, քաջ կռուող էր, Սալմաստի Խանն էր, խելօք մարդ էր, բիժիշկ էր, ատամնաբոյժ էր, հասարակական գործիչ էր եւ դեռ շա՜տ, շա՜տ բաներ ալ էր: Բաւական է ըսել, թէ ան Հ. Յ. Դ. Սալմաստի ներկայացուցիչն էր, ու հետեւաբար այդ բոլոր բարեմասնութիւններուն ալ տէր»:

Անդրէ Ամուրեան
«Հայրենիք», Պոսթոն
Երեքշաբթի, Մարտ 20, 1979
79րդ Տարի, Թիւ 20,037