20 April, 2024

Քրիստափոր եւ Ա. Ահարոնեան

Քրիստափոր Միքայէլեանը, Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրներից մէկը, շատ մեծ չափով օժտուած էր մի յատկութեամբ, որ ընդհանրապէս քիչերին է տրուած՝ անկախ նրանց տաանդի մեծութիւնից: Մեր կուսակցութեան մէջ եղել են մարդիկ, որոնք այս կամ այն մարզում աւելի շնորհալի են եղել, քան Ք. Միքայէլեանը: Հ. Յ. Դաշնակցութիւնն ունեցել է շատ աւելի տաղանդաւոր գրչի մարդիկ ու բեմասացներ, քան այդ կուսակցութեան նշանաւոր հիմնադիրը: Սակայն այդ կուսակցութեան մէջ ոչ ոք չի ունեցել այն, ինչ որ ունեցել է Ք. Միքայէլեանը եւ որի հետեւանքով էլ ամբողջ գլխով բարձր է եղել իր շրջապատից: Նրա այդ յատկութեան մասին շատերից եմ լսել:

Խօսքս այն տիրական ազդեցութեան մասին է, որ Ք. Միքայէլեանն ունեցել է մարդկանց վրայ: Սխալ ասի, «ազդեցութիւն» բառը չի արտայայտում այն, ինչ որ ուզում եմ ասել: Ճշմարտութեան աւելի մօտ կը լինի, եթէ ասեմ, որ Ք. Միքայէլեանը իր ներքին ուժովը մարդկանց ուղղակի կախարդելիս է եղել: Հանգուցեալ Սարգիս Օհանջանեանը (Ֆարհատ) պատմում է – «Երբ առաջին անգամ Բագւում հանդիպեցի Քրիստափորին, հենց առաջին երկու երեք նախադասութիւններից յետոյ արդէն «բռնուած» էի զգում ինձ, այսինքն զգացի, որ այլեւս «պրծում» չկայ – ուզեմ չուզեմ՝ պիտի ենթարկուեմ նրան, պիտի կատարեմ նրա կարգադրութիւնները»: Ինձ վրայ չափազանց ուժեղ տպաւորութիւն է թողել Հ. Յ. Դ.ն համեստ զինուորի Ք. Միքայէլեանի այդ յատկութեան բնորոշումը «Մեր Քրիստափորը շատ զարմանալի մարդ էր, գիտէր մարդու հոգին «բռնել»:

Մի հանրային դէմքի համար աւելի մեծ գնահատական դժուար է երեւակայել: Այդ համեստ զինուորի միտքը այլ բառով արտայայտել է Ակնունին, անուանելով Ք. Միքայէլեանին «մարդակերտ»:

Այդ ներքին յատկութեամբ Ք. Միքայէլեանը օժտուած է եղել այն աստիճան, որ նրան անպայման ենթարկւում էին ոչ միայն սովորական, այսինքն միջակ կարողութեան տէր մարդիկ, այլ ընդհանրապէս բոլորը՝ անկախ իրենց ընդունակութիւնների ու տաղանդի չափից: Այդ տեսակէտից չափազանց հետաքրքրական է Ա. Ահարոնեանի պատմածը Ք. Միքայէլեանի ազդեցութեան մասին իր վրայ, որ եւ բերում եմ ամբողջութեամբ.

–«... Քրիստափորը ծանօթանալով ինձ հետ եւ իմանալով, որ շուտով Զուիցերիա եմ գնալու, յոյս յայտնեց, որ ես էլ կ'աշխատակցեմ «Դրօշակ»ին, երբ տեղ հասնեմ: Ակնոցների վրայից նայող այդ գունատ եւ խորհրդաւոր մարդը ինձ խռովում էր: Զգում էի, որ արտասահմանում նա ինձ հանգիստ տալու չի:

Ժընեւ գնա, ասաց կրկին նայելով ակնոցների վերեւից: Ժընեւ շատ յարմար է ուսանելու...

Հասկացայ նպատակը. Դրօշակ»ի խմբագրութիւնն այնտեղ էր: Եւ 1898 Յունիսին Զուիցերիա հասնելով՝ փոխանակ Ժընեւի, Լոզան ընտրեցի: Վախենում էի Քրիստափորից: Անօգուտ զգուշութիւն: Վասնզի յետոյ ինքս Լոզանից Ժընեւ պիտի գնայի՝ Քրիստափորին տեսնելու, իր ձայնին հլու, հպատակ:

Արդարեւ, հազիւ Ժընեւ հասած, նոյն փուի աշնանը նա մի օր եկաւ Լոզան, գտաւ ինձ, երկար խօսեց, բացատրեց մեր հարցի վիճակը, մեր ժողովրդի կրած հոգեկան ծանր տագնապն ու բեկումմը, հաւատն ամրապնդելու անհրաժեշտութիւնը: Խօսեց, համոզեց, հմայեց ինձ իր թաւ, ողբերգական ձայնով եւ պարտադրեց փոքրիկ պատկերներ գրել «Դրօշակ»ի համար: Եւ առաջին իսկ պատկերի նիւթը ինքը տուեց ինձ ու գնաց: Գնաց եւ ես մնացի խորունկ մտածումի մէջ:

«Դրօշակ»ից ու Քրիստափորից չեմ ազատուելու,- ապա ուսո՞ւմը...

Երկար խորհեցի – ճար չկար. պէտք էր անել ե՛ւ մէկը եւ միւսը: Անհնարին էր մերժել Քրիստափորին: Ոչ միայն նրանից ամաչում էի, այլ նոյնիսկ անբացատրելի, խորհրդաւոր վախ զգում: Հեռանալուց յետոյ, նրա ձայնը երկար ժամանակ հնչում էր իմ ականջներում: Եւ վճռապէս գրիչը ձեռք առայ իմ առաջին պատմուածքը պատրաստելու «Դրօշակ»ի համար: Գրեցի մի թափով, ոգեւորութեամբ եւ այնպէս երջանիկ էի, որ կարող ե մայն մատուցանել Քրիստափորին: «Ազատութեան Ճանապարհին» շրաքի առաջին պատմուածքն էր: Անմիջապէս թղթատարին յանձնեցի «Դրօշակ»ի հասցէով:

Երկու օր վերջ, շաբաթ, ճաշից վերջ շտապեցի Ժընեւ հենց այնպէս զբօսանքի, բայց իրօք Քրիստափորի կարծիքը լսելու իմ առաջին գեղարուեստական պատմուածքի մասին:

Ներս մտայ «Դրօշակ»ի խմբագրատունը՝ սրտի թրթիռով եւ կանգ առայ դրան առաջ: Քրիստափորը բարձրացրեց գլուխը սեղանից, ակնոցների վերեւից նայեց այն հմայիչ ժպիտով ու քաղցրութեամբ:

–«Հը, ասում էի ախր, որ դա իմ գործն է, լազաթ տուեց «Խայը», թէ, քշիր այսուհետեւ»:

Մեծագոյն գովեստն էր:

Մի գողտրիկ վարպետութեամբ, որ այնպէս սազում էր նրան, երկրից հասած սրտայոյզ կամ հերոսապատում նամակներ, ընկերների յիշողութիւններ, դիտմամբ զրկում էր ինձ կրադալու, իբր թէ իմ հետաքրքրութեան համար, բայց իրօք ինձ գեղարուեստական երկերի նիւթ ճարելու գաղտնի ցանկութեամբ: Եւ ես քաղում էի այդ նիւթերը «Ազատութեան Ճանապարհին»ի իմ պատկերների համար: Եւ ինչ որ գրեցի, ամբողջը Քրիստափորի բարձր, ազնուական ներշնչումով է եղած:

Առանց Քրիստափորի՝ «Ազատութեան Ճանապարհին»ը չէր գրուի»:

Յ. Գ. «Խայը» թարգմանուած է օտար լեզուներով, նաեւ սերպերէն: Մի քանի տարի առաջ Պելկրատի ռատիոն տուեց այդ պատմուածքը ամբողջութեամբ՝ սքանեչլի արտասանութեամբ: Իբր նախաբան տուեց Ա. Ահարոնեանի հակիրճ կենսագրականը: Լսում էինք յուզումով ու վշտացած մտածում Երեւանի վերաբերմունքի մասին...

«Խայը» լոյս տեսած է նաեւ ռուսերէն, Մոսկուայի «Ականեոք» գրական պարբերաթերթի մէջ:

Ա. Աստուածատուրեան
«Հայրենիք», Պոսթոն
54րդ Տարի, Թիւ 12,445
Հինգշաբթի, Մարտ 26, 1953