18 October, 2024

Յովհաննէս Կորկոտեան


Յովհաննէս Կորկոտեանը միջին հասակով, նուրբ կազմւածքով և գրաւիչ դէմքով մի երիտասարդ էր: Շնորհիւ իր լայն բնաւորութեան, զգայուն հոգու և անվեհերութեան, ,,Կորկոտը” (այսպէս էին նրան կոչում իր մտերիմ ընկերները) իր ընկերական շրջանի սիրտն էր կազմում: Հոգով բանաստեղծ էր և հիանալի ժողովրդական երգիչ:
 
Ինքը բնիկ ախալցխացի էր, թէև ծնւել էր Էրզրումում (1868 թ.): 8 տարեկանից մինչև 14-ը ուսանում է, իսկ յետոյ իր հօր մօտ զինագործութիւն է սովորում: 21 տարեկան հասակում կանչւում է զինւորական ծառայութեան, բայց իբր պահեստի զինւոր, ծառայում է միայն երկու ամիս: Երկու տարուց յետոյ գնում է Թիֆլիզ իր զինագործութիւնը կատարելագործելու: Հենց այդտեղ նա մտնում է ,,Հայ Յեղափոխական Դաշնակցութեան” խմբերից մէկը՝ ,,Վրէժ”-ի մէջ, պարապում է երկար ժամանակ, կարդում, ծանօթանում է յեղափոխութեան հետ, կատարելագործւում է հրացանաձգութեան մէջ և վճռում է բոլորովին անձնատուր լինել յեղափոխական շարժման:

Այդ այն ժամանակն էր, որ մեր հասարակութիւնը դեռ թմրած էր և կենդանութեան նշոյլներ չէր ցոյց տալիս: Արաբօյի հրոսակային խմբի կոտորւելուց յետոյ ,,Դաշնակցութիւնը” կազմակերպում էր մի նոր հրոսակային խումբ, որն ուղղակի Սասուն պիտի ուղղւէր: Հէնց այդ խմբին միացաւ և Կորկոտեանը: Բայց մինչև խմբի Խնուս հասնիլը տեղի է ունենում Սասնոյ կոտորածը. խումբը ստիպւած է լինում մնալ Խնուսում. Իսկ Կորկոտեանը որոշ յանձնարարութեամբ գալիս է Կարին: Կարնոյ մէջ նա մտնում է (1895 թ.) ահաբեկիչների մի խմբի մէջ և այդ խմբի մէջ մնում է մինչև իր փառաւոր մահը:

Կորկոտեանը այն բնաւորութիւններից չէր, որ մի տեղ նստէր և սպասէր գործի: Ուր որ իր ուժի համեմատ գործ կար, նա պատրաստ էր այնտեղ վազել: Լինելով քաղաքի խմբի մէջ՝ մի գործի համար Բասեն գնացած ժամանակ Կորկոտեանը դժբախտաբար բռնւում է 8 հեծեալ համիդիականներից: Այս լուրը տարածւում է թէ չէ, Բասենում գտնւած ,,Դաշնակցութեան” հրոսակային խումբը, լսելով իրենց ընկերոջ բռնւիլը, իսկոյն վրայ է հասնում, Կորկոտին քրդերի ճանկերից ազատում և հասցնում Կարին:
Կարնոյ մէջ նա իր վրայ է առնում Բասենում ձերբակալւած և Կարին բերւած ղարաբաղցի Արշակի ազատութեան գործը և մի քանի օրւայ մէջ իր մէկընկերոջ օգնութեամբ մտնում է բանտը և զարմանալի ճարպիկութեամբ ազատում Արշակին: Կառավարութիւնը կատաղում է, փնտռում է ամեն կողմ Արշակին, բայց այլևս Արշակ չկայ: Իմանալով Կորկոտի խաղերի մասին, կառավարութիւնը փնտռում է և նրան. խուզարկում է տունը, բայց Կորկոտին ձեռք ձգել չի կարողանում: Աներևութացած Կորկոտը մի քանի ժա- մանակից յետոյ դարձեալ լոյս աշխարհ է դուրս գալիս, չնայելով, որ կառավարութիւնը աշխատում էր նրան սպանել տալ, մանաւանդ որ նա իր ընկերների հետ բազմաթիւ ընդհարումներ էր ունենում ոստիկանների հետ և լաւ ջարդ էր տալիս նրանց:

Մատնիչ՝ Յարութիւն Տէր-Սարգսեանի տէրրօրի կատարումը իր վրայ առաւ Կորկոտը իր մի ուրիշ ընկերոջ հետ և ինչպէս յայտնի է, երկուսն էլ ամենայաջող կերպով տարան իրենց ստանձնած գործը: Տէրրօրից յետոյ Կորկոտեանը և իր ընկերը մտնում են իրենց թագստեան տեղը և մնում այնտեղ: Կառավարութիւնը սաստիկ ցանկութիւն ունենալով անպատճառ ձերբակալել նրանց և յարգելի պատճառներով չհամարձակւելով հայերի տները մուտք գործել, սաստկացրել էր քաղաքի դռների հսկողութիւնը. Քաղաքից ամեն մի դուրս գնացողին խիստ կերպով քննում էին, յոյս ունենալով ձերբակալել այդպիսով երկու ահաբեկիչներին, որոնք ոստիկանութեան կարծիքով ան- պատճառ պէտք էր հեռանային քաղաքից: Մինչդեռ ահաբեկիչները իրենց համար հանգիստ նստած բոլորովին չէին էլ մտածում հեռանալու վրայ, այլ պատրաստւում էին նոր գործի... երբ վրայ հասաւ հոկտեմբերի 18-ը:

Կոտորածի օրը Կորկոտեանը գտնւում էր իր մօրաքրոջ տանը: Այնտեղ է լինում և իր ընկեր Մարտիրոսը (մօրաքրոջ որդին), որը Կորկոտեանի խմբիցն էր:

Կոտորածն սկսւում է թէ չէ, Կորկոտեանը Մարտիրոսի հետ միասին դուրս են գալիս փողոց, զինւած ատրճանակներով և մի մի հրացանով: Մի քանի ժամանակ նրանք կռւում են փողոցում, բայց երբ տեսնում են, որ ընկերները չեն կարողանում միանալ իրենց, և անկարող լինելով դիմադրել երկու հոգով զինւորների ու ամբոխի ահագին բազմութեան, քաշւում են իրենց տունը և տան միջից շարունակում կռիւը, որը տևում է 2 ժամ: Կորկոտեանի և Մարտիրոսի արձակած գնդակներից ընկնում են 4 հոգի: Ի զուր է լինում պաշարումը: Պաշարւածներն անձնատուր լինել չեն ցանկանում իսկ պաշարողներն այլևս չեն յանդգնում տանը մօտենալ:

Կատաղած այսպիսի դրութիւնից մի յաղթանդամ քիւրդ յանկարծակի վրայ է հասնում դուռը կոտրելու, բայց նա էլ գլորւում Կորկոտեանի գնդակից: Այնուհետև, տեսնելով, որ ոչ մի ճար չկայ, բոլորն էլ հեռանում են տնից, կազմելով մի նոր ծրագիր: Զինւորները հեռւից սկսում են մարտինի գնդակներ տեղալ լուսամուտներին, որպէսզի ոչ ոք չկարողանայ մօտենալ և տեսնել, թէ ինչ է կատարւում փողոցում: Եւ այն րոպէին, երբ Կորկոտեանի և Մարտիրոսի ամբողջ ուշադրութիւնը լուսամուտների վրայ էր, զինւորներ գաղտնագողի մօտենում են տան դռան, քարիւղ (նաւթ) են ածում և վառում: Տունը վայրկենաբար բոցավառւում է և լցւում ծխով: Դա էր զինւորական գնդերի և ահագին խուժանի միակ միջոցը տան մէջ պատսպարւած երկու քաջերին յաղթելու... Տունը այրում են և զինւորները հրացանները պատրաստ ձեռքերին կանգնած սպասում են պաշարւածների դուրս գալուն: Յանկարծ լսւում են ատրճանակի ձայներ, տեսնում են Կորկոտեանը ամեն մի ձեռքին մի-մի ատրճանակ բռնած հարւածելով դուրս է թռչում ծխի միջից: Առաջին հարւածներն ապարդիւն են անցնում, իսկ չորրորդով Կորկոտեանը գլորում է գայմագամին, որն այդ ժամանակ խրոխտաբար խրախուսում էր զինւորներին: Օգտւելով առաջացած խառնաշփոթութիւնից, Կորկոտեանը մի 20 քայլ առաջ է վազում, բայց յանկարծ որոտում են հրացանները և Կորկոտեանը ընկնում է, ծածկւած 23 գնդակներից: Քիչ յետոյ սպանւում է և Մարտիրոսը:

Յովհաննէս Կորկոտեանը 27 տարեկան էր:

«Կարնոյ Յիշատակին»
Հ. Յ. Դաշնակցութեան ազատ տպարան
Վիեննա, 1896