Կարդում եմ Սագոյի մահւան սև լուրը: Հոգիս համակւում է մի անհուն կսկիծով և ես յիշում եմ այդ ամէնամաքուր, գաղափարական զինւորին իմ անցեալ օրերից, որոնք իմ կեանքի վիպական երազ տարիներն են կազմում: Ես միշտ հաճոյք եմ զգում այդ երազ տարիների և նրանց հերոսների մասին խօսելիս: Սագոն այդ երազ տարիների իմ ամէնասիրելի հերոսներից է, որ իմ յիշողութիւնների ծալքերում ամէնից անջինջ տեղն է դրւել: Եւ ես բերկրանքով է, որ գրիչս վերցնում եմ նրա մասին գրելու:
Սագոյին առաջին անգամ ես պատահեցի սրանից մօտաւորապէս տասնևչորս տարի առաջ: Սև մօրուքով, կլոր դիմագծով, միջահասակ, բայց միևնոյն ժամանակ առնական կազմւածքով մի տղամարդ էր նա: Առանց տատատնւելու կարելի էր ասել, որ նա մի գեղջական միջավայրի արտադրութիւն էր: Եւ իսկապէս՝ նրա քաղցր բնաւորութիւնը, ընկերական ռամկավար ոգին և անշահախնդիր անձնազոհութիւնը, քաղաքային կեանքի ոչ մի դրոշմ չէին կրում: Սևքարեցի Սագոն մի տղամարդ էր բառի իսկական իմաստով:
1894-ի գարնանն էր: Դաշնակցութեան երկրորդ զինատար հայդուկային խումբը Չուխի (Աղբակում) ընդհարումից յետոյ՝ Ոսկան-Նազարի առաջնորդութեամբ ապաստանել էր Վարագայ սարը: Գարնանային ուխտագնացութեան մեծ տօն օրերից մէկն էր, ճիշտը չեմ յիշում – ո՞ր – և դպրոցական ընկերներիս հետը ես էլ ուխտի կամ աւելի ճիշտն ասած՝ քէֆի էի գնացել Վարագը: Կէսօրւայ մօտերը յեղափոխականների մի որոշ շրջանում յայտնի իրարանցում սկսւեց: Շատ չանցած՝ կողմնակի աղբիւրից տեղեկացայ, որ Ոսկան-Նազարը իր խմբով լեռն էր, և որ երեկոյեան իջնելու էին Այգեստանը, մեր բարեկամ Կ-ենց տունը:
Յաջորդ օրը ուսումնարանից անմիջապէս յետոյ՝ ես շտապեցի Կ-ենց տունը հայդուկներին տեսնելու, բայց ամէնից աւելի նրանց սիրուն զէնքերը, որոնք արդէն սկսել էին իմ ուշադրութիւնը գրաւել: Կ-ի խաթունից տեղեկացայ, որ տղերքը հեռանում էին: Ես երկչոտ քայլերով մօտեցայ դռան և կամաց ներս սողացի կիսաբաց դռնից ուշադրութիւն չը գրաւելու համար: Ես զգում էի, որ յանդգնութիւն էր իմ կողմից մասնակից լինել մի այդպիսի մեծ գաղտնիքի, լաւ հասկանալով Վանի յեղափոխական շրջաններում այդ ժամանակներ սովորական դարձած «քո հասակ չի ների»-ի իմաստը:
Բարեբախտաբար իմ ներկայութիւնը այնքան էլ ուշադրութիւն չը գրաւեց: Հայդուկները պառկել էին կէս քուն, կէս արթուն, իսկ վերևի անկիւնում Ոսկանը հաշիւ էր ներկայացնում Պետոյին և տեղի Կ. Կոմիտէի ներկայացուցիչներից Ռշտունի Օգսէնին: Վարը ինձ ծանօթ տղերքն էին, որոնք զբաղւել էին զէնքեր դիտելով: Վերից զէնքերն արձանագրելուց յետոյ, անց էին կացնում վար մեզ դիտելու: Դաշնակցութեան զինանշանով դրոշմւած ռուսական բերդանկաներ էին դրանք: Մենք զննում էինք և հիանում: Ո՞վ այդ ժամանակ մի կեանք չէր տայ մի հրացանի համար....
Զէնքերի արձանագրութիւնից յետոյ՝ իմ ներկայութիւնը յայտնի դարձաւ, երբ Ոսկանն ինձ նշմարելով՝ ձեռք թօթւեց և քէֆս հարցրեց մի բարի ժպիտով: Զուբի տեռօրից յետոյ մօտ երկու տարի կը լինէր, որ նրան չէի տեսել:
Կարճ խօսակցութիւնից յետոյ Ոսկանն սկսեց իր սովորական անցուդարձը սենեակում: Ես նշմարեցի, որ Պետօն սաստիկ զայրացել էր: Նա Ոսկանինիր մօտ կանչեց և հրամայեց անմիջապէս ինձ հեռացնել, բայց Ոսկանը սրան միամտացրեց, որ ինձանից վտանգ չկար, որ ես յեղափոխական տնից և այդպիսի գաղտնիքներին վաղուց ծանօթ էի:
Երեկոն մօտենում էր: Յոգնած հայդուկները սկսեցին մէկիկ-մէկիկ վեր կենալ: Վերևի անկիւնից սև մօրուքով մի երիտասարդն էլ վեր կացաւ, աչքերը շփեց, մատներով մի քանի անգամ մօրուքը սանտրեց, բեխերը սրեց և մի աշխոյժ շարժումով տեղից վեր թռաւ:
–Ե՛կ, Սագօ՛, կանչեց նրան Ոսկան և ներկայացրեց Ռշտունուն, աւելացնելով.– Սա մեր ընկեր Ղազախեցի Սագօն է:
Ռշտունին նրա ձեռքը թօթւեց և սկսեց հարց ու փորձ անել: Ապա Սագօն անցաւ դէպի մեզ, բարևեց բոլորիս իր սովորական «բարև ձեզ, տղերք»-ով, թօթւեց բոլորիս ձեռքերը ինձ էլ «պուճուր հայ տղայ» անւանելով, և սկսեց զրոյց անել, կատակներով խառն, ասես վաղուցւայ ծանօթներ լինէինք: Սա իմ առաջին ծանօթութիւնն էր Սագոյի հետ, որ իմ մտքից երբեք չէ անհետանալու:
Երեկոյեան ճաշից յետոյ տղերք կազմ ու պատրաստ էին: Նրանք փոխադւելու էին Այգեստանի վարի մասերը և սպասում էին, որ մութն աւելի թանձրանար: Սագոն անհամբեր էր: Ոսկանին հարցրեց թէ կարելի՞ էր գարմօն նւագել: Ոսկանը տատանւում էր, վախենալով որ դա կարող էր հարևանների ուշադրութիւնը գրաւել: Բայց Սագոյի քէֆը չը կոտրելու համար թոյլ տւեց նրան նւագել՝ այգիի դուռը փակել տալով: Ոսկանը Սագոյին չափազանց սիրում էր:
Սագոն վերցրեց կազակի կողքից կախւած, փոքրիկ գարմօնը և սկսեց նւագել, մէջէ-մէջ երգելով: Եւ նրա երգը, և նրա նւագը այնքան աշխոյժ, ա՜յնքան սիրուն էին, որ մենք բոլորս էլ դիւթւած էինք. եւ այժմ, երկար տարիներից յետոյ՝ ես յիշում եմ Սագոյին իր իսկական դիմագծերով, նրա գարմօնի աշխոյժ թրթիռները և նրա ժողովրդական երգերի սիրուն ու մելամաղձոտ կտորները. և նրա «Հաբրբան»ի և «Ծամ-թել» երգերից՝
Կամ թէ՝
Երեկոյեան մենք բաժանւեցինք: Ինձ յանձնեցին խումբի մի մասի առջևից գնալ և վտանգի դէպքում յետևիններին իմաց տալ: Դրանից յետոյ Վանում ես Սագոյին այլևս չը պատահեցի, բայց մեր ընկերական շրջանում նա ապրում էր իր ժողովրդական երգերով: Կարճ ժամանակում նրա «Հաբրբանը» և «Ծամ-թելը» Վանի ամենաժողովրդական երգերը դարձան: Հայ ժողովրդական երգերի հրաշակերտներ արտադրող Վասպուրականի երիտասարդութիւնը խորշում էր ժողովրդական երգերից: Նրա համար «եար»-ի երգերը հակայեղափոխական էին համարւում: Սագօն ժողովրդական երգերի տարածման առաջին աշուղն եղաւ Վասպուրականում և անկասկած մեր ապագայ գրականութեան մէջն էլ այդ յեղափոխական աշուղի անունը կարձանագրւի:
1897-ի Խանասորի արշաւանքին Փայաջուկի փողոցներում ես մի քանի անգամ տեսայ նրան առանց ծանօթանալու: Նա անընդհատ շարժման մէջ էր: Խանասորի արշաւանքի 500 հրացանների և միլիոն փամփուշտների մեծ մասը Սագօն փոխադրեց Երասխի ափը Երևանի վրայով առանց բռնւելու Գոլիցինի «տրաժնիկներից»: Ապա նա մասնակցեց Խանասորի արշաւանքին և անվտանգ էլ դուրս եկաւ:
Դրանից յետոյ ես յաճախ պատահում էի Սագոյին Երևանի և Էջմիածնի շրջաններում, Խաստուրի ձերբակալումից յետոյ նա Կովկասումն էր, միշտ շարժուն և անհանգիստ: Ծանր և արկածալի տագնապներից յետոյ նա էլի յեղափոխական - և հաւատացող յեղափոխական էր: Ռուսական չէքմաները (կոշիկներ) մինչեւ ծունկերը քաշած՝ ես պատահում էի նրան տարւայ մէջ մի քանի անգամ: Երևում էր, որ Սագոն անգործ չէր: Էջմիածնում եղած ժամանակ նա Թավաքալեան վարդապետի հետն էր միշտ և շատ անգամ տեսնւում էր ծանօթ ուսանողների հետ: Բայց ես ոչ մի առիթ չէի ունենում ծանօթանալու:
1901-ի աշնան Ճեմարանի տարեդարձին Սագօն էլի Էջմիածնումն էր: Կիրակի առաւօտեան հանդիսից յետոյ, երբ թոյլ էր տրւել ուխտաւորներին շէնքերն այցելելու՝ իմ դասընկեր Տէր Խաչատրեանը խնդրեց ինձանից ֆիզիկանոցի դուռը բաց անել, որպէսզի իր հայրենակիցներից մէկին տեսնէր: Ես ներսը սպասում էի, երբ Սագօն ընկերոջս հետ ներս մտաւ: Ընկերս նրան ներկայացրեց: Ձեռքը թօթւելուց յետոյ՝ ես շտապեցի աւելացնել, որ մենք արդէն ծանօթներ էինք: Նա զարմացած ինձ նայեց մի զննող հայեացքով, բայց չը կարողացաւ յիշել: Ես պատմեցի նրան մեր առաջին հանդիպման մասին, նրա պատմական գարմօնի և ապա մեր տան մասին: Նա յիշեց բոլորը, նորից ձեռքս թօթւեց և սկսեց խիստ մտերմական զրոյց տանել: Մօտաւորապէս կէս ժամի չափ խօսեցինք Վասպուրականի հին անցքերի, յեղափոխական յայտնի դէմքերի մասին: Նա էլի ուրախ, ընկերական, պարզ ու համեստ Սագօն էր – մի հաւատացող յեղափոխական: Ապա Ներսիսեան լճի ափին մի երկու անգամ պատահեցի նրան:
Վասպուրականի և Սալմաստի անցքերի մասին մեր հայեացքները ընդհարւում էին որոշ կէտերում, բայց և մեծ մասամբ համակարծիք էինք: Մենք բաժանւեցինք և դա իմ վերջին տեսակցութիւնը եղաւ Սագոյի հետ:
Կովկասեան ընդհարումների ժամանակ թերթերից տեղակնում էի, որ Սագօն Ղազախի «փաշա» էր հռչակւել թիւրքերից և դա զարմանալի չէր նրանց համար, որոնք Սագոյին ճանաչում էին:
Եւ այժմ, երբ կարդում եմ նրա մահւան սև լուրը՝ հոգիս համակւում է մի անհուն կսկիծով և ինձ թւում է, որ Սագոյի մահւամբ մենք կորցնում ենք մեր ամէնամաքուր, ամէնագաղափարական յեղափոխական գործիչներից մէկին:
Ո՜րքան ցաւալի է, որ հայդուկ Սագոն հիւանդ անկողնում աւանդեց իր վերջին շունչը:
Յարգա՜նք նրա անմոռանալի յիշատակին: