Ձախէն՝ Մօրուք կարօ, Չոլօ, Սասունցի Մուշեղ |
(Մօրուք Կարոյի մահւան 40-օրեակի առթիւ)
Անողոք մահը դեռևս շարունակում է իր հունձը մեր ժողովրդի հին սերնդի ընտրանիի մէջ, որի երախտաւոր ներկայացուցիչներից մէկն էր հայ ազատագրական պայքարի անձնւէր մարտիկներից՝ դաշնակցական անւանի հայդուկ ընկեր Կարապետ Աւոյեանը. բոլորիս սիրելի «Մօրուք Կարօն», որ իր մահկանացուն կնքեց շուրջ մէկ և կէս ամիս առաջ, Դեկտեմբեր 6-ին հարազատներից հեռու, հայրենի կարօտը սրտին:
Հասարակական կամ մտաւորական հռչակւած գործիչ չէր, բայց հայ ազատագրական շարժման մէջ ունեցած իր գործօն մասնակցութեամբ և «խոնարհ հերոսի» ազնիւ նկարագրով ու զոհաբերութեան անսպառ ոգով նա իր պատւաւոր տեղն ունի մեր նորագոյն պատմութեան մէջ, այդ շրջանի մարտական սերնդի վաստակաւորների շարքում:
Հանգուցեալ ընկեր Կարօն ծնւած լինելով հայ ազատագրական շարժման արծւեբոյն Սասունում դարերի խորքից ժառանգել էր նոյն շրջանի հերոսածին ժողովրդի առասպելական դիմադրականութեան, յարատև պայքարի և ազատասիրութեան ըմմբոստ ու արի ոգին:
Այս բնածին յատկանիշները ժամանակի ընթացքին աճել էին ու հարստացել շնորհիւ իննսնական թւականներին պատմական Տարօնում և Սասնոյ անառիկ լեռներում սկսած յեղափոխական շարժման, որը թափ ու թռչիք էր տւել դեռևս երիտսասարդ Կարոյի ի ծնէ ըմբոստ հոգուն ու մքին, կերպարանաւորել անվեհեր հայդուկի ազատատենչ ձգտումները, ու կոփել ու ամրապնդել խրոխտ լեռնականի կամքն ու բազուկը և նրան առաջնորդել հայ ազատագրական պայքարի արիւնոտ, բայց սրբազան ճամբով:
Եւ հայդուկ Կարօն քայլեց այդ ճամբով՝ աներեր ու աննահանջ, խորը հաւատքով ու վառ յոյսերով, լի զոհաբերութեան անսպառ ոգով:
Դեռևս պատանեկութիւնից շփման մէջ եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան անդրանիկ սերնդի կարկառուն դէմքերի հետ, իսկ երիտասարդ տարիքում՝ անբաժան զինակիցը՝ Սասնոյ ու Տարօնի ազատագրական պայքարի անզուգական ղեկավարներից Գէորգ Չաւուշի, որի մահից յետոյ, իբր անխոնջ զինւոր, մի՛շտ մնաց պատնէշի վրայ, յանուն ազատութեան մարտնչող իր ժողովրդի հետ և ժողովրդի համար:
Երկար է ու տաժանելի այն ճամբան, որով քայլեց իր զինակիցների պէս բացառիկ համեստութեամբ օժտւած ժողովրդական այս «խոնարհ հերոսը»: Նա անցաւ Սասունից Կովկաս, Վան-Վասպուրական. կրկին մեկնեց Կովկաս, որտեղից մտաւ Երկիր և վերջնականապէս հաստատւեց Սասնոյ շրջանում, ուր բոլորեց իր մարտական գործունէութեան ամենափոթորկալի շրջանը, որ լի է զոհաբերութեան ու անվեհեր պայքարի միշտ յիշատակութեան արժանի հերոսական դրւագներով: Անմոռաց դրւագներ, որոնց փառապսակն եղաւ 1915-16 թ.թ. Անտոքի բարձունքներում մի բուռ քաջերի հետ մղած օրհասական պայքարը՝ մեր դարաւոր ոսոխի ոճրածին ծրագրի դէմ:
Յիշատակութեան արժանի դրւագներով է հարուստ՝ սիրելի Կարոյի կեանքը, դրան յաջորդող փոթորկալի շրջանում ևս: Նա մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին, նւիրւեց մեր նորաստեղծ Հանրապետութեան՝ Ազատ և Անկախ հայրենիքի պաշտպանութեան գործին. 1921 թ. տարագրւելով՝ անցաւ Իրան և իր անբաժան զինակից Չոլոյի հետ մեկնեց Միջագետք, Սիւրիա և Յունաստան: Հայրենիքի կարօտը սրտին, 1924 թ. վերադարձաւ Երկիր, բայց դժբախտաբար, հարազատ հողի վրայ ևս հանգիստ չունեց, ենթարկւելով բոլշևիկեան անագորոյն հալածանքին: Իր անբաժան ընկերը՝ Չոլօն՝ նահատակւեց աքսորավայրում, իսկ Կարօն ազատւեց հրաշքով և 1930 թ. անցնելով Իրան, հաստատւեց Համադան քաղաքում, ուր 1949 թ. Դեկտեմբեր 6-ին, փակւեց նրա յեղափոխական փոթորկոտ կեանքի ստւարածաւալ գիրքը, որի վերջինը էջը նոյնիսկ զարդարւած էր հայ ժողովրդի ազատութեան և անկախութեան համար ունեցած իր անխախտ հաւատքի ու անսպառ յուսոյ անջնջելի դրոշմով:
Սակայն, նրա կեանքի ստւարածաւալ մատեանը դեռևս գրւած չէ, ինչպէս գրւած չէ նաև իր զինակիցներից շատերի, «խոնարհ», բայց իրա՛ւ հերոսների դիւցազնական կեանքն ու գործը: Ճշմարտօրէն «խոնարհ հերոս» էր մեր սիրելի Կարօն, որ կարող էր Գործի համար զոհաբերել իր կեանքը, բայց անկարող էր խօսել իր կատարած գործի մասին, հոգով ու սրտով անընդունակ՝ շեփորել իր կատարած գործը և մանաւանդ յենւել իր անցեալի վրայ՝ ներկան թեթև կշռելու համար... Ծանր էր ու լուրջ՝ իր հայրենի լեռների պէս, պարզ ու համեստ՝ իր ծնող ժողովրդի նման, ներողամիտ ու անփառասէր՝ իր տարիքին ու վաստակին վայել ողջախոհութեամբ:
Հաւատաւոր յեղափոխական և միշտ սիրելի Կարոյի կեանքն ու գործը, անգերազանցելի համեստութիւնն ու շիտակութիւնը պիտի օրինակ դառնան՝ իր ընկերների և յետնորդ սերնդի համար: «Խոնարհ հերոսներն» ընկնում են, բայց յարատևում է և պիտի յարատևի նրանց գործը: Նրանց գաղափարականութիւնն ու անգնահատելի վաստակը կենսունակութեան անսպառ մի աղբիւր է՝ մեր ազգային սրբազան ձգտումների իրականացման ճամբին:
Թող յաւէտ անմոռաց մնայ նրա թանկագին յիշատակը, սիրելի անունն ու հարուստ վաստակը բոլորիս սրտում:
Յարգանք իր Գործին ու Գաղափարին: