18 February, 2025

Փետրուար 18

Այդ գիշեր հազիւ թէ քնող եղաւ քաղաքում: Ամէնքը գիտէին, որ լուսաբացին յեղաշրջում է լինելու: Երկուստեք տենդագին պատրաստութիւններ էին տեսնում: «Դաւադիրները» խումբ-խումբ հաւաքւում էին որոշ տներում, գրաւում էին առաջուց որոշուած դիրքերը: Բոլշեւիկները գնդացիրներով ու զօրամասերով ամրացնում էին կարեւոր կէտերը եւ կազմակերպում յուսահատ դիմադրութիւն: Քաղաքացիները պատրաստւում էին տօնելու ազատութիւնը...

...Մինչեւ լոյս չքնեցինք: Դեռ մութ էր, երբ Քանաքեռի բարձունքների վրայ որոտացին հրացանի համազարկերն ու գնդացիրները, որոնց քիչ յետոյ միացան եւ թնդանօթներ: Սկսուեց... Որոտը մերթ մօտենում էր, մերթ հեռանում: Եւ յանկարծ, հրացանները թնդացին եւ քաղաքում: Բոլոր կողմերից տկտկում էին գնդացիրները, հատ-հատ եւ համազարկերով դղրդում հրացանները. կռուի վայր դարձաւ Կոնդը: Մի պահ Երեւանը վերածուեց ռազմադաշտի...

...Կոնդը ազատ էր: Ամբողջ քաղաքը դեռ շարունակում էր թնդալ: Հրացաններն ու գնդացիրները գործում էին անընդհատ: Ո՞ւր էին բոլշեւիկները, ո՞ւր ապստամբները՝ յայտնի չէր: Արդէն լուսացել էր, եւ ժողովուրդը խռնուած դռների առջեւ, պարիսպների տակ՝ սպասում էր կռուի վախճանին:

Պայծառ, հրաշալի առաւօտ էր: Երկինքը՝ անամպ, օդը՝ վճիտ: Կտուր ու փողոց ծածկուած էր ձեան ճերմակ սաւանով: Կոնդի բարձունքից երեւում էր լայնածաւալ Արարատեան դաշտը, մխացող գիւղերով, իսկ հեռւում, յաւերժական խաղաղութեան մէջ, իր խորհրդաւոր խոհերն էր խոկում վեհափառ Մասիսը...

Արամեան փողոցի հէնց գլխից բացուում է մի սրտաշարժ տեսարան: Փողոցում խռնուած բազմութիւնը ցնծում է: Տներն արդէն զարդարուած են եռագոյն դրօշակներով: Հրացանաձգութիւնը դեռ չի վերջացել, բայց արդէն անզօր է խեղդելու «կեցցէ»ների որոտն ու «Մեր Հայրենիք»ի հնչիւնները:

...Թափօրը շարժուում է դէպի Խորհրդարան: Ծով բազմութիւն:

Զինուած ու անզէն մարդիկ վազում էին եւ անդադար կանչում.

Ուռռա՜ա՜... կեցցէ՜...

Մերթ ընդ մերթ թնդում է «Մեր Հայրենիք»ը:

Ծովածաւալ բազմութիւնը լեցուել էր փողոցը եւ վարարած գետի պէս առաջ էր շարժուում: Կտուրները պատուհաններ, պարտէզը, ծառերը, ամէն ինչ բռնուած էր մարդկանցով: Կին, տղամարդ, ծեր մանուկ դւորս էին թափուել: Եւ ամէն կողմ անհաշիւ Եռագոյն դրօշակներ...

Անասելի դժուարութեամբ բարձրացանք խորհրդարանի վերին յարկը, բոլոր սենեակների պատշգամբները բռնուած էին ցնծացող մարդկանցով:

...Ինքնամոռացութեան եւ հրճուանքի մէջ էին միւս կուսակցութիւնների անդամները: Այստեղ էին, Խորհրդարանում, բոլոր կուսակցութիւնների գործիչները – եւ հայ-ժողովրդական, եւ ռամկավար, եւ սոցիալիստ-յեղափոխական, եւ հնչակեան – ամէնքը: Դժուար էր երեւակայել աւելի անկեղծ, աւելի բուռն ու սրտագին ուրախութիւն, քան այս մարդկանց ուրախութիւնը: Մի մոգական ձեռք միացրել էր սրանց միեւնոյն զգացմունքի եւ միեւնոյն գաղափարի շուրջը: Զգացմունքը – անվերապահ ատելութիւն էր դէպի բոլշեւիկները, եւ գաղափարը – Հայաստանի անկախութիւնը: Հազիւ թէ հայ հաւաքական կեանքում կարելի լինի ցոյց տալ ուրիշ աւելի կատարեալ եւ աւելի սերտ համերաշխութիւն, քան այդ օրը, որ տիրում էր Հայաստանում:

Կէսօրից յետոյ, շատ ուշ, ցրուեցինք մեր տները: Քաղաքը դեռ հարբած էր յաղթութիւնից: Փողոցները լիքն էին մարդկանցով: Երկու եւ կէս ամիս շարունակ փակ մնացած բերանները բացուել էին: Երգ, ծափ, անծայր թափօրներ ու երաժշտութիւն: Եւ ազգային դրօշակներ, դրօշակներ...

...Մօտ 40 հասարակ տախտակէ գործ դագաղներ՝ կողք-կողքի շարուած էին քաղաքի կենտրոնի հրապարակի վրայ: Բազմահազար բազմութիւնը խռնուած էր շուրջը: Ամէնքը լալիս էին: Ո՛չ մի դամբանական: Հայրենիքի Փրկութեան Կոմիտէին հրահանգել էր թաղումը կատարել լուռ, առանց ճառերի: Եւ տպաւորութիւնը եղաւ ուժեղ:

Ես կանգնած էի Համազասպ Սրուանձտեանցի դագաղի մօտ: Սեւեր հագած վանեցի մի մամիկ հոնգուր-հոնգուր լալիս էր Համազասպի գլխին եւ մրմնջում. «Համազասպը իր խմբովը եկաւ Խաչէն գաւառէն»:

Խաչվանքեան քահանան, որ նոր էր ազատուել Չեկայի զնդանից, յուզիչ ձայնով երգեց «Ի վերին Երուսաղէմ»ը:

Այդպիսի յուղարկաւորութիւն Երեւանը չէր տեսել: Մաղթենք, որ երբեք էլ չտեսնի:

Ս. Վրացեան
«Հայրենիք», Պոսթոն
74-րդ Տարի, Թիւ 18,346