Բժ. Յակոբ Զաւրիեանի քաղաքական գործունէութեան գնահատութիւնն անկասկած կկատարւի ապագայում, երբ պատմութիւնն իր անաչառ ու առարկայական խօսքն ասելու համար անհրաժեշտ հեռանկար կունենայ: Որպէս էլ լինի սակայն այդ գնահատութիւնը, ինձ թւում է այժմ իսկ ակներեւ եւ անգամ անժխտելի, որ հանգուցեալ բժշկի իսկական մեծութիւնը պէտք է փնտռել ոչ այնքան նրա քաղաքական դէմքի որքան նրա մարդկային անհատականութեան հոյակապ պատկերի մէջ:
Եւ եթէ պատմական իրադարձութեանց անիմանալի ճանապարհներու նրան վիճակւեց քաղաքական շատ խոշոր դեր կատարել մեր ազգային կեանքում, յամենայն դէպս դրա պատճառը Զաւրիեանի քաղաքական կարողութիւնները չէին: Որովհետեւ իրօք նա զուրկ էր քաղաքագէտի ամենաանհրաժեշտ յատկութիւններից:
Ռէալիստ չէր, այլ գերազանցօրէն ռօմանտիկ՝ իր ոգով: Աւելի ղեկավարւում էր վայրկեանի յարափոփոխ տրամադրութիւններով, քան սառն բանականութեան հաշիւներով, հւաասարակշիռ, շրջահյեաց ու հեռատես մտքի թելադրութիւններով:
Վառ երեւակայութեան տէր՝ նա ապրում էր աւելի երազողներով ու ցնորական կառուցւածքներով, քան ծանր իրականութեան ընձեռած դաժան տւեալներով ու տխուր հնարաւորութիւններով:
Շուտ յուսահատւում էր անյաջողութեան դէպքում, բայց եւ նոյնքան շուտ ոգեւորւում ամենափոքրիկ յաջողութեան ժամանակ:
Դիւրահաւատ էր ծայր աստիճան ու պարզամիտ մանուկի նման: Բայց եւ միեւնոյն ժամանակ կուրօրէն յամառ էր իր ցանկութիւնների իրագործման մէջ, մոլեգնօրէն յամառ էր իր առաջադրած նպատակների հետապնդման մէջ, եթէ նոյնիսկ դժնդակ իրականութիւնը կամ գահավիժող դէպքերի դառն փորձը բացարձակօրէն աղաղակում էր այդ ցանկութիւնների իրականացման հնարաւորութեան դէմ կամ այդ նպատակների վնասակարութեան դէմ:
Նրա անբուժելի քաղաքական մոլութիւններից մէկն էլ Ռուսաստանն էր եւ ռուսական օրիենտացիան: Ռուս միջավայրի ծնունդ, ռուսական կրթութեամբ սնւած՝ նա ռուսասէր էր աւելի, քան ինքը ռուսը, ռուսասէր էր մինչեւ իր ուղն ու ծուծը, մինչեւ իր սրտի խորագոյն ծալքերը:
Այս զգացումը տիրապետող էր նրա հոգու մէջ: Եւ իր բոլոր քաղաքական ձեռնարկութիւնների ու ծրագրների մէջ նա գերի էր այդ զգացման: Առանց Ռուսաստանի կամ անկախ Ռուսաստանից նա չէր կաորղ երեւակայել հայ ժողովրդի ապագան, հայ ժողովրդի փրկութիւնը:
Ահա թէ ինչու մինչեւ վերջը նա ունեցաւ մի ղեկավարող սկզբունք իր քաղաքկաան մտածողութեան մէջ – «ամեն գնով Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի օգնութեամբ»:
Ճիշտ է, վերջին դէպքերը հիասթափութիւն էին առաջացրել նրա մէջ Ռուսաստանի նկատմամբ, եւ նրա հոգու մէջ ծայր էին տւել մռայլ տարակուսանքներ ու մտահոգութիւններ: Բայց այդ բոլորը անցողական եւ մակերեսային տրամադրութիւններ էին միայն, որոնց տակը միշտ թագնւած մնաց անսահման հաւատը դէպի մեծ Ռուսաստանը եւ նրա փրկարար դերը Հայաստանի նկատմամբ:
Եւ այսպէս՝ չլինելով քաղաքագէտ ոչ իր խռանւածքով եւ ոչ էլ իր նկարագրի ու մտքի առանձնայատկութիւններով՝ բժ. Զաւրիեանը 1912 թւից մինչեւ 1918 թ., մեր պատմութեան այս վճռական շրջանում, դարձաւ կենտրօնական անձնաւորութիւններից մէկը մեր քաղաքական կեանքում, որի կատարած դերը թերեւս ճակատագրական նշանակութիւն ունեցաւ հայ ժողովրդի եւ Հայաստանի բաղդի համար: Այդ նշանակութիւնը այժմ անչափելի է, եւ մեր նպատակից դուրս է այստեղ աւելի երկար այդ մասին կանգ առնել...
Եթէ այսօր բժ. Զաւրիեանի քաղաքական գործը կրքոտ վէճերի առարկայ է դառնում, եւ նրա քաղաքական դէմքը մեծապէս քննադատելի է մեզ համար, սակայն նրա բարոյական դէմքի մեծութիւնն ակներեւ է եւ անկասկածելի բոլոր նրանց համար, որոնք առիթ են ունեցել գէթ փոքրիկ շփում ունենալ հանգուցեալի հետ:
Անտարակուսելի է, որ՝ իբրեւ մարդ բժ. Զաւրիեանը բացառիկ անձնաւորութիւն էր մեր մէջ:
Ազնւական իր ծագումով ու դաստիարակութեամբ՝ նա իր բոլոր մտահոգութիւններով ու մղումներով դեմօկրատ էր միանգամայն:
Նրա անձնաւորութեան մէջ զարմանալի ներդաշնակութեամբ միանում էր ռուսական զղջացեղ ազնւականը, զղջացող օտարացած հայի հետ:
Թողած իր փայլուն դիրքն ու ապագան եւ ապահով, հանգիստ կեանքը՝ բժ. Զաւրիեանն իր ազնւական բարձունքներից եւ հեռաւոր հիւսիսից վայր էր իջել դէպի իր դժբախղդ հայրենիքն՝ իր մայրենի ժողվորդի խոնարհ խաւերը՝ ասես իր անձնական զրկանքներով, անձնւէր աշխատանքով ու ժողվորդավար կեանքով քաւելու համար իր ակամայ օտարացման մեղքերը եւ վերադառնալու հոգով ու մարմնով իր հարազատ ժողվորդի նւիրական գիրկը:
Եւ իրաւ, ազնւականի դասակարգային զղջումը միացած օտարացած հայի ազգաիյն զղջման հետ՝ կազմում էր հիմքը հոգեկան այն խորը կերպարանափոխման, որ այնքան հազւագիւտ երեւոյթ է մեր իրականութեան մէջ եւ որի սքանչելի մարմնաւորումն էր անմոռանալի բժշկի հասարակական կեանքն ու գործունէութիւնը:
Այդպիսի խորը կերպարանափոխութեան ընդունակ մարդը անշուշտ չէր կարող չունենալ կրօնական բնութիւն:
Կրօնական խորունկ զգացումը բժ. Զաւրիեանի հոգեկան կեանքի հիմնական ռիթմն էր: Մարդկային անհատականութեան անօգնական ոչնչութիւնը մահւան մեծ խորհրդի առջեւ, մարդկային գոյութեան սին անցողականութիւնը բնութեան անսահման ու անընդգրկելի մեծութեան հանդէպ եւ Յաւիտենականութեան անմար թախիծը լցնում էին նրա աիսրտը քրիստոնէական անհուն ջերմեռանդութեամբ եւ տիրաբար ազդում նրա վերաբերմունքի վրա դէպի աշխարհն ու մարդիկ:
Ինձ վիճակւեց տխուր ականատեսը լինել բժ. Զաւրիեանի վերջին շրջանին Մօսկւայում ամբողջ մէկ ու կէս տարի: Քաղաքական նպատակներով ռուսական մայրաքաղաքը եկա նա անգործութեան էր դատապարտւել դէպքերի դժբաղդ բերումով: Եւ մի այնպիսի ժամանակ երբ ձեւաւորւում էր իր սիրելի Հայաստանի վերջնական բաղդը, որին նւիրել էր նա իր ամբողջ թանկագին կեանքը, նա բռնի ոյժի մի յիմարական քմահայճոյքով փակւած էր հեռաւոր հիւսիսում եւ չգիտէր նոյնիսկ, թէ ինչ է կատարւում իր տարաբաղդ հայրենիքում: Մենք, նրա բաղդակից ընկերները, սրտի խորին կսկիծով անզօր դիտում էինք թէ ինչպէս էր օրէ օր հալւում ու մաշւում հայրենիքի կարօտից այդմ եծ հայրենասէրն ու մարդը:
«Ախ, գէթ մի անգամ տեսնեմ իմ աչքերով ազատ Հայաստանը», ասում էր նա մեզ յաճախ:
Եւ կարծես բնազդօրէն զգում էր, որ այդ չպիտի լինի երբէք եւ որ գերեզման պիտի մտնի ազատ Հայաստանի երազի հետ միասին:
Վեց ամիս ապրելով մահւան սպառնալիքի տակ բանտում, նա դուրս եկաւ բանտից կարծես կիսով չափ օտարական այս տանջալից կեանքի համար: Այնուհետեւ դանդա սովամահուեթան մատնւած, նա մտաւ բծաւոր տիֆի հիւանդանոցը անդուլ ու անձնւէր աշխատանքի մէջ սպառելու իր վերջին ոյժերը, խեղդելու իր սրտի անսահման թախիծը եւ կարօտը:
Եւ մի՞թէ այնտեղ, հեռու անհիւրընկալ հիւսիսում, տարագրութեան մէջ պիտի վերջանայ կեանքը, երբ դեռ այնքան բան կար անելու հայրենի երկրի մէջ, հայրենի ժողովրդի համար: Ու մերթ ընդ մերթ բուռն բողոք ու ցասում էր ժայթքում նրա խոռովայոյզ հոգու խորքից, որ չէր ուզում եւ չէր կարող առանց դիմադրութեան, առանց մոլեգին կռւի հաշտւել իր սգաւոր բաղդի հետ: Պէտք էր փախչել, պէտք էր օր առաջ, ժամ առաջ փախչել հիւսիսից...
Իմ խեղճ ընկեր: Դու որ այնքան խելայեղօրէն փախչել կուզէիր քո ճակատարից, ինձ մղեցիր դէպի փախուստ որպէսզի դու էլ գայիր իմ յետեւից: Բայց քեզ չէր վիճակւած ազատութիւնը, եւ դու մնացիր, որովհետեւ չէր կարելի փախչել ճակատագրից: