Տխուր ու դառն փաստը տեղի է ունեցել – Զէյթունը անձնատուր ու զինաթափ է եղել:
Ապստամբ Զէյթունի ու սուլթանական կառավարութեան մէջ «միջնորդի» դեր կատարող եւրոպական պետութիւնները յաջողութեամբ կատարեցին իրենց ստանձնած պաշտօնը:
Ծանր է մեզ հաշտւել այս մտքի հետ եւ այն էլ այսպիսի մի ծանր ու դժւարին րոպէում, բայց իրողութիւն է:
Ներկայ րոպէն հասկացող ոչ մի յեղափոխական երբէք չէ կարող ներողամիտ աչքով նայել կատարուած փաստի վրայ, որովհետեւ Զէյթունը անձնատուր լինելով, մի բարոյական հարւած է հասցնում յեղափոխական շարժման, հայ ժողովրդի յեղափոխական տրամադրութեան: Յեղափոխական շարժման մասին փոքր ի շատէ հասկացողութիւն ունեցողը, երբէ՛ք չէ կարող գոհանակութեամբ նայել կատարւած գործի վրայ, որովհետեւ դրանով մենք կորցնում ենք մեր կռւելու ամենալաւ կէտերից մէկը: Զէյթունը անձնատուր լինելով, յեղափոխական տեսակէտից կատրել է ոչ միայն մեծ յեղափոխական սխալ, այլ եւ մի ծանր գործ:
Այսպիսի մի ծանր րոպէում, երբ մեր իւրաքանչիւր մի կռիւը, մի ընդդիմադրութիւնը յեղափոխական գործի յաջողութեան պայմանն է, երբ մեզ հարկաւոր է երկրի իւրաքանչիւր կէտի վրայ կռիւներ ու ընդհարումներ յարուցանել, մի կէտի եւ այն էլ նշանաւոր կէտի անձնատուր լինելը մի տխուր, մի ցաւալի փաստ է մեզ համար, իսկ թշնամուն՝ խրախոյս:
Զէյթունը ապստամբ էր, ապստամբ էլ պիտի մնար՝ մինչեւ իւր ամենավերջին մարդու ամենավերջին շունչը. որովհետեւ, եթէ ինքը մինչեւ իսկ զոհւէր, նա իւր արիւնով կը փրկէր շատ թանկագին գործ – նա իւր այդ հերոսական մահով ոչ միայն աբրձրացրած, ամրացրած կը լինէր ժողովրդի յեղափոխական տրամադրութիւնը, այլ եւ ներշնչած հերոսական ընդդիմադրութեան ոգին, կռւելու եռանդը, ազատութեան համար մեռնելու պատրաստականութիւնը, որ յաղթութիւն տանելու անհրաժեշտ եւ միակ պայմանն է:
Բացի այս բարոյական կողմից, Զէյթունի ընդդիմադրութիւնը ունէր եւ մեծ նշանակութիւն գործնական տեսակէտից: Գաղտնիք չէ, որ մեր թշնամին մեզնից ուժեղ է, որ նրա դէմ դուրս գալու համար մենք չենք կարող եւ չպիտի կենտրոնացած լինենք, այլ պէտք է ամեն միջոց գործ դնել նրա ուժերը բաժանել, ցրել, ջլատել, իսկ դրան կարելի է հասնել, երբ մենք իւրաքանչիւր կէտում կը հասնենք ապստամբական հայդուկային խումբեր: Կռւելու այս սիստէմը միայն յատուկ չէ թոյլերին... Այս այսպէս լինելուց յետոյ, հասկանալի է, որ եթէ Զէյթունը շարունակէր իւր ընդդիմադրութիւնը, նա շղթայած, զբաղեցրած կը լինէր կառավարութեան զինւորական ոյժի մի մասը,հ ետեւապէս եւ միւս կէտերը աւելի հեշտութեամբ կարող կը լինին վարել յեղափոխական շարժումները, կռիւը: Մինչդեռ Զէյթունը անձնատուր ու զինաթափ լինելով, նա այդ նշանաւոր կէտում ապահովեցնում է կառավարութեան ու նրան հնարաւորութիւն տալիս աւելի ոյժ կենտրոնացնել մի այլ «կասկածելի» կէտում, հետեւապէս եւ յաջողութեամբ առաջ տանելու իւր կռիւը յեղափոխականների դէմ:
Զէյթունի անձնատուր լինելու խնդիրը դնելով յեղափոխական տեսակէտից, մենք երբէք չենք կարող նրա այդ վարմունքին նայել հաշտ աչքով ու ներողամիտ սրտով:
* * *
Բայց ի՞նչ պայմաններում է Զէյթունը անձնատուր ու զինաթափ եղել, նա, որի անունը միայն ոգեւորում, խրախուսում էր այնքան սրտեր: Այդ վագրերը, որոնք դիւցազնաբար միշտ կռւել ու պաշտպանւել են, շնորհիւ այն հանգամանքի, որ նրանք եղել են մենակ եւ զուրկ ապրուստի միջոցներից ու օգնութիւնից, որ քաղցը մի կողմից, մերկութիւնը եւ սառնամանիքը միւս, սպառնացել են նրան ոչնչացնել, շնորհիւ այդ ծայրայեղ թշւառութեանց, այդ յուսահատական հանգամանքների անձնատուր են լինում, ընդունելով երեք ծանր պայմաններ – ա) յանձնել պատերազմական զէնքերը, բ) կառավարութիւնը իւր ցանկացած քանակութեամբ զօրք պահի, գ) արտաքսել իւր մէջ գտնւող օտարական յեղափոխականներին:
Յանձնել պատերազմական զէնքերը, ասել է զրկւել իւր պաշտպանից, իւր կռւելու միջոցից, իրեն դնել թշնամու տրամադրութեան տակ, ենթարկւել նրա քմահաճոյքին եւ այն էլ այնպիսի մի թնամու, որի տմրադութիւնը ու պոռնիկ բնաւորութիւնը յայտնի է ամբողջ աշխարհին, որը զուրկ է ասպետական յատկութիւններից ու մարդկային արժանապատւութիւնից: Դեռ շարունակել հաւատալ այդ գարշելի խաբեբային, կը նշանակէ ուղղակի րիեն կրակի մէջ ձգել, յօժարակամ թոյլ տալ, որ իրեն ոչխարի պէս մորթեն: Այսպիսի պայմանում ինչո՞ւ զէնքը ձեռին չմեռնել:
Զէյթունցին գործելով այս առաջին մեծ սխալը, նա գործել է եւ մի երկրորդը, համաձայնելով, որ սուլթանի կառավարութիւնը Զէյթունում պահի այնքան զօրք, որքան իրեն հաճելի է: Ուրիշ խօսքով, Զէյթունը իրեն դրել է սուլթանի զինւորական րէժիմի, նրա մարդասպան սրի տակ, որով միջոց է տւել գարշելի կառավարութեան վարւելու իւր քմահայճոյքի համեմատ – Զէյթունը իրեն ենթարկել է կոտորածի վտանգին:
Մեզ միանգամայն անհասկանլի է, թէ ինչպէ՞ս է զէյթունցին հաւատացել Մեծ-Ոճրագործին այսքան դառն փորձերից, անթիւ կոտորածից յետոյ, ի՞նչպէս է է կարողացել հաւատալ նրան, որը հազար ու մի երդումով, «ազնիւ խօսք» տալով հաւատացոնւմ էր ժողովրդին որ եթէ զինաթափ լինի, նրան կը պաշտպանի, կազատի կոտորածից. եւ կոտորածը սկսում էր հենց զինաթափ անելուց յետոյ: Գո՞ւցէ եւրոպական հիւպատոսների ներկայութիւնն է այդ հաւատը ներշնչել. միամի՜տ ժողովուրդ: Ի՜նչ տարբերութիւն Մեծ-Ոճրագործի ու եւրոպական կառավարութիւնների գողի եւ գողակցի, մարդասպանի ու մեղսակցի մէջ, այն կառավարութիւնների, որոնք ոչնով արգելք չեղան սարսափներին, ոչնչով չպաշտպանեցին մորթւող հարիւր հազար մարդկային արարածներին եւ որոնք վաղո՜ւց թքել են իրենց պատւի ու խօսքի վրայ: Մի՛թէ Պոլսի դէպքից յետոյ, այլեւս հաւատ է մնում դէպի այդ մեղսակիցները. ի՞նչ եղան այն խեղճ մարդիկը, որոնք այդ պետութիւնների ներկայացուցիչների այցելատոմսերն ունէին իբրեւ առհաւատչեայ իրենց կեանքի ապահովութեան, ո՞ւր են նրանք. դրանք այժմ շնորհիւ այդ «ապահով տոմսերի» կամ բանտերումն են, կամ աքսորավայրում շղթայի տակ եւ կամ Մարմարայի յատակում. դարձեա՞լ հաւատալ դրանց խօսքին:
Բայց ի՜նչ կանի քաղցածն ու սովածը, ջրի մէջ խեղտւողը: Զէյթունցին էլ այդ դրութեան մէջ է եղել Եւրոպական հիւպատոսների նկարագրած այն ծայրայեղ թշւառութիւնը, որի մէջ են եղել ապստամբները, փշաքաղում են մարդկանց: Ի նկատի առնելով այս հանգամանքը, հասկանալի կը լինի, թէ ինչու քաջ Զէյթունը անձնատուր եւ զինաթափ եղաւ, համաձայնւեց, որ Մեծ-Ոճրագործը Զէյթունում պահի այնքան զինւոր, որքան իրեն ցանկալի է, թոյլ տւաւ դուրս քշել այնտեղ գտնւող յեղափոխականներին, փոխարէնը ձեռք բերելով մի քրիստոնեայ գայմագամ:
Ինչ վերաբերում է այս վերջին կէտին, արդէն մենք առիթ ենք ունեցել դրա մասին մի քանի անգամ խօսելու, շեշտլով՝ որ կրօնը ոչ մի նշանակութիւն չունի քաղաքական խնդիրներում, որ քրիստոնեայ պաշտօնեան կարող է նոյնպէս մի չարիք լինել, ինչպէս մահմեդականը:
Բայց այս տխուր իրողութեան մէջ կայ մի կէտ, որ արժանի է ուշադրութեան եւ որտեղ փայլում է զէյթունցու վեհանձնութիւնը ու հոգու բարձրութիւնը, որով ազատասէր զէյթունցին հաւատարիմ է մնում իւր դարաւոր նւիրագործւա ազատութեան.– զէյթունցին թէեւ համաձայնւեց դուրս քշել իւր միջից օտարական յեղափոխականներին, բայց նա ոչ մի պայմանով չհամաձայնւեց յանձնել թշնամուն իւր գլխաւորներին, նա մատնիչ, դաւաճան չդարձաւ, եւ որով միայն մի փառաւոր դաս տւաւ ստոր թշնամուն ու «մարդասէր քաղաքակրթւածներին»՝ մերժելով նրանց տմարդի պայմանը:
Այս բոլորից մենք եզրակացնում ենք այն, որ Զէյթունի նախկին եւ այժմեան դրութեան մէջ քաղաքական տեսակէտից ոչ մի փոփոխութիւն չէ մտել. նա նոյն հարկատուն է, նոյն ստորադրեալը. նա այժմ էլ, ինչպէս ապստամբութիւնից առաջ, գտնւում է Մեծ-Ոճրագործի տրամադրութեան տակ եւ երկիւղ կայ, որ զօրքը այնտեղ հաստատւելուց յետոյ, վրէժխնդիր կը լինի՝ կոտորած անելով: Մեծ-Ոճրագործը դարձեալ յաղթութիւն տարաւ, այս անգամ էլ շնորհիւ եւրոպական պետութիւնների աջակցութեան:
Զէյթունի այս անկումը մեզ չի վհատեցնիլ, ինչպէս որ չվհատեցրին հարիւր հազար զոհերը. կռիւը շարունակւում է եւ կը շարունակւի. հայ ժողովրդի եւ Մեծ-Ոճրագործի մէջ ոչ մի պայմանով հաշտութիւն լինել չի կարող. երկուսից մէկը պիտի ոչնչանայ:
Թիւ 7