1905 թւին էր, որ պատահեց այս դէպքը:
Ռուս պետութիւնը չէր կաորղ մատների արանքով նայել հայերի ազատական ձգտումներին: Ամբողջ կայսրութիւնը մի կողմ հայերը միւս կողմը: Նրանք յանդուգն էին, ապստամբ ու անհաշտ: Տարիներ էր, որ Թուրքիայում կռւում են եւ նորերս էլ այնքան երես են առել, որ ուզում են նոյն խաղը Ռուսաստանի գլխին խաղալ: Այն ուղղակի չկարողացաւ զսպել հայերին: Ռուս յեղափոխականները հետեւելով հայերին, գլուխ են բարձրացրել եւ պահանջներ են ներկայացրել Ցարին: Վրդովւած է ամբողջ Ռուսաստանը եւ ազատ կարգերի հաստատում է ուզում: Այդ հանգամանքներում հայերը աւելի վտանգաւոր էին դարձել: Շուտով նրանք էլ ձեռք կը մեկնէին յեղափոխականներին եւ նոր բրադութիւններ կը ստեղծէին: Ուրեմն, արագ եւ վճռական քայլեր պէտք էր վերցնել:
Եւ ահա մտածեց հայերին բնաջինջ անել եւ թաթարներին թուլացնել, որով թաթարներին հայերի դէմ հանել: Այս անգամ նա խորամանկութիւն բանեցրեց զգուշանալով դէմ դիմաց դուրս գալ հայերին: Աւելի ձեռնտու էր հայերին խեղդել թաթարների միջոցով:
Հայ ժողովուրդը լինելով զարգացած եւ խելօք ազգ, իր ձեռքն էր առել ամբողջ Կովկասի վաճառականութիւնը եւ արհեստը: Այդ իսկ պատճառով էր, որ 1904ին յաջողեց բոյկոտի ենթարկել պետական հաստատութիւնները մեծ վնասներ հասցնելով կառավարութեան: Այս հակառակ լինելով ռուսների քաղաքականութան, նախանձի առարկայ էր նաեւ միւս ազգերին, որոնք չէին հանդուրժում իրենց քթի տակ տեսնել հայի բարգաւաճումը: Ռուսական Հայաստանը շրջապատուած էր թշնամիներով եւ նրանք սպասում էին առիթի ոչնչացնելու հայ ժողովուրդը:
Ցարական կառավարութիւնը եւս պիտի աշխատէր առիթ ստեղծել, որպէսզի իր նպատակին հասնի: Առաջին ազդանշանը տւեց Բագուն: Մոլորւած եւ գրգռւած ամբոխները զէնքերով զինւած, սեւ զանգւածների նման յարձակւեցին հայկական խաղաղ թաղերի վրայ: Առաջին գրոհները անպատասխան մնացին հայերի կողմից, որոնք տասնեակ զոհեր տալով ահաբեկման ու մշփոթի մատնւեցին: Մոլեռանդ ամբոխը կողոպտելու եւ սպանելու բուռն ցանկութեամբ շարժւեցին դէպի հայերի խանութներն ունեցւածքը կողոպտելու համար: Երեւանում, Թիֆլիսում, Ղարաբաղում եւ ամենուրեք հայերը ուշքի գալով դիմեցին դիմադրութեան: Նրանց դիմումները՝ պետութեան, իզուր անցան: Թաթարները ոստիկանութեան աչքի առաջ յարձակւում էին անմեղ բնակչութեան վրայ:
Հայ գիւղացին շտկեց փափախը եւ բացագանչեց «Ես էլ հայ եմ» եւ դիմեց կռւի դաշտ՝ իր կեանքն ու պատիւը պաշտպանելու համար: Ամէն տեղ եռ ու զեռ եւ զէնքի դղրդիւն կար: Հասել էր ժամը, երբ հայը մի դաս պիտի տար թաթարներին, որոնք իրենց «աղաներ» էին համարում: Ամէն տեղ Դաշնակցութիւնը զինեց ժողովրդին եւ առաջնորդեց նրան այդ պայքարում: Կային նաեւ մարդիկ, որ սարսափելով թշնամու ամբոխներից եւ տեսնելով որ ռուսները օգնում են նրանց, մտածեցին անձնատուր լինել, բայց յեղափոխականները թոյլ չտւին այդպիսի խայտառակ քայլեր վերցնել եւ խրախուսեցին տղամարդու նման կանգնել եւ զարկել թշնամուն:
Ժողովուրդը զէնքի դիմելով կարողացաւ յանկարծակիի բերել թշնամու եւ պատժել նրան: Հարիւրաւոր ֆիդայիներ տեսնելով արեւելահայերի օրհասական մարտերը, օգնութեան փութացին՝ փրկելու համար իրենց եղբայրներին: Լեռներում կռւած եւ թրծւած հայդուկները վրիժառու հոգիներով իջան թշնամու գլխին եւ ղեկավարեցին այդ կռիւները: Երէկ արեւելահայերը անցնում էին Երկիր եւ իրենց տանջւած հայրենիքի փրկուեթան համար արիւն թափում, այսօր Երկիրն էր, որ իր օգնութեան ձեռքը մեկնում էր նեղն ընկած հայրենակիցներին:
Խռովութեան առաջին պահերին բազմաթիւ հայկական թաղեր այրւեցին եւ մոխիրի վերածւեցին: Այնինչ միամիտ թաթարները թանգ գնով մազապուրծ եղան: Երբ գրգռւած ամբոխները հրի ու սրի էին մատնում հայկական թաղերը, մենք մտածում էինք որ այս լուրջ բնոյթ չի կրում եւ շուտով կառավարութեան միջամտութեամբ դրութիւնը կը խաղաղւի: Բայց չիրականացաւ մեր յոյսը եւ պարտաւորւած մեր գոյութիւնը պահելու համար այնպիսի միջոցի դիմեցինք, որ ոչ թաթարները եւ ոչ էլ ռուսներն էին սպասում: Թաթարները կողոպուտ ու աւեր ձեռք բերելու համար խաղալիք դարձան ռուսների ձեռքը եւ երբ տեսան հայերի ուժն ու քաջութիւնը, աղաչելով ու լացով ընկան մեր ոտքերը եւ անիծեցին այդ բռնակալներին, որ երկու «եղբայր» ազգերի մէջ խռովութիւն էր գցել: Արդեօք եթէ թաթարները կոտորէին հայերին եւ նրանց հարստութեան տէր լինէին կը զղջային իրենց «եղայրներին» մահւան համար: Յետագային նրանք ցոյց տւին իրենց բուն կերպարը:
Նրանք բարեբախտաբար չ'յաջողեցին եւ յաղթեց հայը: Այսպիսով երկրորդ հարւածը հասաւ Ռուսաստանին հայերի կողմից:
Այս կռիւներին մասնակցեցին մեծ թւով յեղափոխականներ եւ փորձառութիւն ձեռք բերին: Ժողովուրդը տեսաւ, եւ զգաց, որ ռուսը լինելով քրիստոնեայ պետութիւն զինում է ուրիշին կոտորել տալու համար հայերին եւ վհատեցին, որովհետեւ իրենց փրկութիւնը սպասում էին Ռուսաստանից, բայց միայն չարիք հասաւ նրանից: Այս տխուր իրողութիւնը թէեւ յուսախաբեց մէկ մասին, բայց պատճառ դարձաւ, որ ժողովուրդը յոյսը դնի իր սեփական ուժի վրայ եւ քաջաբար կռւի: Այլեւս հայը իրեն խեղճ չէր զգում: Նա կարող էր կռւել եւ իր հայրենիքը պաշտպանել թշնամիներից: Վերջապէս ամենից կարեւորը, նա սովորեց ընդունել զէնքը, որպէս կեանքի եւ ապահովութեան իր ընկերը եւ նրանով հրաշքներ գործել:
Այդպէս էր որ կառավարութիւնը մեղմացնելու համար իր չարիքները, վերաբացեց դպրոցները եւ վերջ տուաւ խստութիւններին: Թէեւ այդ չարիքների պատասխանատու պաշտօնեաները անպատիժ չմնացին եւ Դաշնակցութիւնը շշմեցուցիչ հարւածներով նրանց դատաստանը տեսաւ, բայց այս անգամ ձերբակալութիւնները քիչ եղան եւ, պետութիւնը չաշխատեց բարբոքւող կրակին իւղ աւելացնել: Վերջապէս հայութեան արժէքը աւելի բաձրացաւ եւ միւս ազգերը հաշիւ քաշեցին հայերից, որոնք իրենց ուժեղ կազմակերպութեամբ կարողացան փրկւել: