Հ. Յ. Դաշնակցութեան Դիւանի պատմական նիւթերի մէջ պահւած է Քրիստափորի ձեռքով գրւած հետեւեալ երկու ոտանաւորը: Առաջինը, թւում է թէ, Քրիստափորի իր յօրինածն է եւ այնպէս հարազատօրէն յատկանշում է մեր մեծ վարպետի հոգին: Երկրորդը Քրիստափորի կատարած թարգմանութիւնն է ռուս բանաստեղծ Պ. Վէյնբերգից: Այս թանկագին նշխարները ներկայացնում ենք ընկերներին, իբրեւ անակնկալ նւէր Հ.Յ.Դ. Օրւայ առթիւ:
Խմբ.
1
Կայ մի բան – քաղցըր ու վեհ ամենից-
Այս փուչ կեանքի մէջ թանգ է ընկերից.
Օ՜, նա երկնատուր պարգեւ է մարդկանց,
Որ ամփոփում է վըշտերը նըրանց:
Աստւած ուղարկեց աշխարհը նորան –
Կորուսած դրախտի տեղը գրաւել.
Դա՛, հայրենիքն է իմ այն սըրբազան,
Որին սիրում եմ մօրից առաւել:
2
Ես երգեցի ծովի ափում
Իմ վըշտերը ահագին,
Ծովը դողաց խոր անդընդում,
Մըխիթարեց անբախտիս:
Ես յայտնեցի ազատ հողմին,
Որ խեղդւում եմ այս կեանքում,
Նոր պարգեւեց զով իմ սրտին,
Նոր ոյժ կռւել խաւարում:
-Ես յոգնած եմ, թաւուտ անտառ,
Ես հիւանդ եմ, ասացի...
Օր-օր խըշշաց նա ինձ համար
Եւ ես անդորր նընջեցի:
Ես խնդրեցի արեգակից
Տաք ու պայծառ ճաճանչներ.
Նա ինձ փայլեց ամպի տակից,
Տաքացըրեց իմ ջղեր:
Ես ասացի ընկեր մարդկանց,
Որ խիստ նեղ է իմ ճամբան,
Նոքա թթու դէմքը իրանց
Խոժոռեցին եւ անցան:
«Դրօշակ»
Հոկտեմբեր 1931
Թիւ 10 (313)