13 March, 2025

Պատմաբան Լէոն՝ Քրիստափորի մասին

Լաւ Մարդու Յիշատակին

Բագուի լրագիրներից մէկի առաջին երեսում – մի շարք սեւ յայտարարութիւններ: Սեւ ենք անուանում մենք, լրագրական աշխատողներս, այն յայտարարութիւնները, որոնք հաստ սեւ շրջանակների միջից գուժում են մէկի մահը:

Պատահում է, որ դրանք շատ են լինում մի օրվա մէջ. պատահում է, որ լրագրի առաջին երեսը մի ամբողջ գերեզմանոց է ներկայացնում: Այսպէս էր եւ Բագուի լրագրի այդ համարը: Եւ այդ սեւերի մէջ մէկը, մի անուն, դրոշմված խոշոր, սեւ տառերով, պարզ ու անողոք, անհերքելի, ինչպէս ինքը, մահը:

Ճիշտ էր, ուրեմն: Սխալ չը յայտնվեց այն լուրը, որ ես լսել էի երկու օր առաջ: Բայց որքան ցանկանում էի, որ լուրը սխալ լինի, սուտ լինի: Ո՞ւմ չեն ծանօթ այն րօպէները, երբ մարդու սիրտը ըմբոստանում է նոյն իսկ ամենապարզ, բացարձակ ճշմարտութիւնների դէմ, երբ նրանք չափազանց դառն են լինում, չափազանց ցնցող՝ իրանց տխուր բովանդակութեամբ:

Ի՞նչպէս,– մի ամբողջ մարդ՝ մարդ իսկական, լաւագոյն մտքով եւ արժէքով – այդպէս հասարակ, սովորական կերպով անյայտանայ, դառնալով սեւ տառերով արձանագրված մի անուն սուգի յայտարարութեան մէջ...

Թէեւ օրէնք է դա, թէեւ կեանքիս մէջ շատ ու շատ անգամ եմ կանգ առել այդ դժբախտ, վրդովեցուցիչ հարցի առջեւ, բայց եւ այդպէս, սիրտս դարձեալ բողոքում էր, չէր ուզում հաշտվելու ծանր լուծի տակ մտնել. նա որոնում էր նեցուկ, որոնում էր մխիթարութիւն – աւա՜ղ – միայն չը հաւատալու մէջ...

Եւ դարձեալ նա ընճվեց, դարձեալ ընդունեց, որ վաղանցուկ, անհիմն մի պատրանք էր ուզում ստեղծել իր համար: Ռուսերէն եւ հայերէն խոշոր տառերը ապացուցեցին, որ իրականութիւնը անջնջելի է, որ նա, այո՛ չը կայ այլ եւս:

Ո՞վ:

«Մեր Քրիստափորը»:

Քրիստափորներ շատ կան: Բայց մի հատիկ էր այն Քրիստափորը, որին անփոփոխ կպած էր այդ մտերմական «մեր»ը: Ամեն մէկը նրան համարում էր իրանը: Եւ նա իր ամբողջ էութեամբ մի փայլուն փաստ էր, որ դա սխալ չէ, որ ինքը պատկանում է ամենքին եւ ամենքից յետոյ, ամենքից քիչ՝ իրան:

Ես գոնէ այսպէս էի ճանաչում եւ հասկանում Քրիստափոր Միքայէլեանին մեր ընկերական շրջաններում:

Եօթ-ութ տարի առաջ էր: Լրագրական գործը գիշերային երկար աշխատանք էր պահանջում, եւ ես յաճախ խմբագրատնից դուրս էի գալիս գիշերվայ ժամի 2-ի կամ 3-ի միջոցներին:

Այդ ժամերին, երբ երթեւեկութիւնը Թիֆլիսի փողոցներում դադարում է եւ քնած մեռելութիւնն է սկսում տիրել ամեն տեղ, ինձ շատ յաճախ վիճակվում էր մի շատ ախորժելի հանդիպման ուրախութիւնը: Գօլօվինսկի պրօսպեկտում, Կօզլօվսկու տպարանի կողմից, իր հանդարտ, բնորոշ քայլերով, դէմս էր գալիս «մեր Քրիստափորը»:

Նա էլ լրագրական անանուն, անյայտ բանուոր էր: Լոկ ապրուստի միջոցներ գտնելու համար տարիներից ի վեր կատարում էր «Hовое Обоэрбиiе» լրագրի սրբագրիչի մաշեցնող պաշտօնը:

Հանդիպում էինք իրար, մոռանում էինք յոգնածութիւնը, գիշերային ուշ ժամը, յաջորդ առաւօտից սպասող աշխատանքը: Եւ մոռացողը ես չէի երբէք, այլ նա, միմիայն նա: Այդ կարողութիւնը առատ չափերով նրան էր տրված:

Սկզբում մի փոքրիկ նախաբան նրա կողմից, մի քանի միանման ստէրէօտիպ խօսքեր թէ այս գիշեր գործակալական հեռագիրներն ուշացան եւ նա նոր միայն վերջացրեց դրանց սրբագրութիւնը: Բայց այդ խօսքերի մէջ բանուորի գանգատի, յոգնածութեան նշոյլ անգամ չէր նկատվում: Կեանքի հանգամանքները, որոնք այս կամ այն կերպ ազդում են անձնականի վրա, ոչինչ նշանակութիւն չունէին նրա համար: Այդ կողմից «մեր Քրիստափորը», չը նայած իր վտիտ, փխրուն արտաքինին, եկրաթէ մարդ էր: Ճիշդ երկաթէ: Միայն երկաթը կարող է այնքան անհոգի սառնութեամբ վերաբերվել դէպի աշխարհը դղրդեցնող կենսական հոգսերը – զգեստի, ուտելիքի, կուշտ ու հանգիստ լինելու հոգսերը...

Թեթեւ առաջաբանից յետոյ նա իսկոյն անցնում էր օրվա խօսք ու զրոյցներին, փաստերին, րէալականութեան: Պրծա՜ւ: Այլ եւս չէր կարելի դուրս գալ նրա դիւթող իշխանութեան տակից:

Ու մենք հանդարտ, դանդաղ սկսում էինք քայլել խուլ ամայութեան մէջ: Մենաւոր, ուշացած, շտապող անցորդները, մի-մի անգամ դղրդացող կառքերը – ոչինչ, ոչինչ չէր կաորղ կտրել խօսակցութեան թելը, գրաւել իմ ուշադրութիւնը դէպի մի այլ կողմ: Թիֆլիսի լապտերների աղօտ լուսաւորութեան մէջ այդ վտիտ, գունատ, բայց համակրելի, ինտելիգէնտ դէմքն էր, որ ամեն անգամ նոր եւ նոր ոյժով, գրաւչութեամբ յափշտակում էր իմ ամբողջ ուշքն ու միտքը: Սպիտակ ակնոցների ետեւից նայող բարի աչքերը, շրթունքների վրա մշտապէս խաղացող մեղմ ժպիտը, որ փոսիկներ էր կազմում նօսր միրուքով ծածկված այտերի վրա,– այդ բոլոր քնքոյշ, հանդարտ գծերը այնքան հարազատ, այնքան մտերմական էին, որ չէր կարելի նրանց համար չը մոռանալ ե՛ւ քուն, ե՛ւ հանգստութիւն:

Եւ ես տարվում էի նրան լսելու, նրան առարկելու, հակառակվելու, նրա հետ վերջ ի վերջոյ համաձայնվելու հաճոյքով: Եւ ի՞նչն էր այդ հաճոյքի գաղտնիքը: Ո՛չ հռտեօրական կարողութիւն էր տուած նրան, ոչ նոյն իսկ միջակ պերճախօսութիւն: Բայց կեանքի հարուստ փորձը, ուժեղ ու առողջ լօգիկան, զարգացումը, լուսաւոր հայեացքները գրաւիչ, ախորժալուր էին դարձնում նրա հասարակ, անարուեստ խօսքը:

Այդքանը, ի հարկէ, բաւական չէ: Լսելով նրան, իսկոյն կարելի էր հասկանալ թէ ինչով է ապրում ապրուստի վերաբերմամբ այնքան անհոգ այդ մարդը, թէ ո՞րն է այն կերակուրը, որ կեանքի ջերմութւին, եռանդ էր պահպանում այդ կազմուածքի մէջ: Ահա այս էր գլխաւորը:

Մեր Եղիշէն, նկարագրելով հինգերորդ դարի հայ հերոս կանանց, նմանեցնում է նրանց անարիւն ճպուռների, որոնք ապրում են իրանց երգերի քաղցրութեամբ, կերակրի կարիք չունեն, կենդանի են մնում մաիյն օդը ծծելով եւ անմարմին էակների օրինակն են հանդիսացնում:

Սա բանաստեղծական անկարելիութիւն չէ, այլ մարդկային բնաւորութեան մէջ թագնված հերոսական գծերի ճիշդ նկարագրութիւն: Նիւթական աշխարհում գղաափարներով եւ միմիայն գաղափարներով ապրող անհատներ – ահա անմարմինների օրինակ բերող հերոսութիւնը, մի հերոսութիւն, որի համար անպատճառ պատերազմական դաշտեր եւ բարձրագոչ, ահեղ մեծագործութիւններ չեն հարկաւոր, որ կրաող է ծլել ու ծաղկել եւ սովորական, մոխրագոյն աշխարհում, իբրեւ առօրեայ կեանքի խորշերից մէկը զարդարող աստուածային ջերմութիւն:

Համեստութեան, անսահման պարզութեան տակ թագնված աննման գոհարներ,– ահա ինչով է երկինքը յաճախ օրհնում ցաւերի հայրենիք ներկայացնող մեր աշխարհը: «Մեր Քրիստափորը», այդ համեստութեան ու պարզութեան մի ծայրագոյն օրինակ, ԵՂիշէի գեղանկարած հերոսութեան մի նշուշն էր: Նա էլ մի ճպուռ էր: Նրա կամաւոր աղքատութիւնը, անարծաթութիւնը, նրա մարմինը ծածկող հնոտիները երբէք թոյլ չէին տալիս, որ այդ մարդու վերաբերութեամբ որ եւ է նիւթական, շահադիտական հասկացողութիւն ոչ միայն կազմվի, այլ եւ կազմվելու հնարաւորութիւն անգամ ունենայ: Նա էլ ապրում էր իր սեփական երգի քաղցրութիւնը ծծելով: Իսկ նրա երգը կեանքի ընթացքում, մինչեւ վերջը, մէկ էր – գաղափար...

Օդ եւ գաղափար – այսքանն էլ շատ բաւական էր, որ նա ապրէր մարդկութեան մէջ, ապրէր ոչ թէ իբրեւ մի դառնացած յոռետես, այլ իբրեւ անսահման հաւատով լցված, զարմանալի սիրող եւ կենսաթրթիռ սրտի տէր մի մարդ, ապրէր միշտ առոյգ ու աննկուն, դառնութիւն, վիշտ ու զրկանք արհամարհող: Հացը խլելով նրա ձեռքից, չէր կարելի նրան սպանել,– նա կարող էր առանց հացի էլ ապրել: Նրան սպանելու համար բաւական էր մի բան – ջարդել, ոչնչացնել գաղափարը. առանց սրան նա, ճիշդ որ, չէր ապրի եւ ո՛չ մի րօպէ:

Այդ գաղափարամոլութիւնը ձուլվել էր նրա գոյութեան ամեն մի փաստի հետ եւ նա յիշեցնում էր ինչ-որ անցած էպիքական շրջանների մի մարդ, որին չէր կարելի հասկանալ մեր գործնական ժամանակներում: Սեփականութիւն նա չունէր. նրա աղքատիկ բնակարանը, նրա մաշեցնող աշխատանքի հայթայթած դրամական միջոցները հաւասար իրաւունքներով պատկանում էին եւ նրա ընկերներին ու ծանօթներին: Նրա մօտ մտնում էին առանց հարցնելու եւ նա ուրախ էր, որ այդպէս են վարվում իր հետ: Նա ինքը քնում էր չոր յատակի վրա, որպէս զի հւիրերը քնեն նրա մահճակալի վրա, նրա անկողնի մէջ...

Չէր կարելի այդ մարդուն երեւակայել անգամ չարքաշութիւնից, զրկանքներից դուրս: Կարծես բոլորովին անհնարին բան էր նրա համար ապրել փոքր ի շատէ բարեկեցիկ, փոքր ի շատէ յարմար պայմանների մէջ: Աղքատութեան, կարիքի պողվատէ ճիրանները միշտ հարկաւոր էին, որպէս զի այդ բիւրեղեայ, քնքոյշ, սիրող սիրտը ցոյց տայ իր ստոյիկեան ամբողջ կորովը, որպէս զի կարողանայ սիրտ տալ, տաքացնել դառնութիւններից յուսահատվածներին, որպէս զի ինքն իրան զրկելով, հայրական եւ եղբայրական գթառատութեամբ խնամէ, փայփայէ իր սիրելիներին: Իսկ սիրելիներ նա շատ ունէր – նրա գաղափարակիցները: Նրան գտնում էին, որոնում էին եւ նա ինքն էլ որոնող էր, գտնող էր:

Մի բուռն, հրաբղխային բնաւորութիւն չէր «մեր Քրիստափորը»: Ընդհակառակն – չափազանց խոնարհ, կորած՝ ինչպէս ասում ենք. բռնկվել, պայթել չը գիտէր նա, ներքին մի խաղաղ կրակի ցհամաչափ, հանդարտիկ այրվող էր: Ընկերական վէճերի մէջ, յիշում եմ, եղել են նոյն իսկ այնպիսի վայրկեաններ, երբ նրան անուանում էին «փալաս»: Բայց նա մի շատ փայլուն ապացոյց էր, որ այդ հեզ ու մեղմ յատկութիւնների տակ էլ կարող է անսասան համոզմունք, անյողդողդ վճռականութիւն, տոկուն հաստատակամութիւն ամբարված լինել: Դա ժայռի ճակատից աղմուկով ու որոտով ցած նետվող մի վտակ չէր, այլ դալար մարգի մէջ անձայն դուրս հոսող մի յորդառատ, վճիտ աղբիւր, որի ակը երբէք չէ նուազում, որի ջրերը չեն կանգնում արգելքների առաջ:

Միշտ սաստիկ խիստ, պահանջկոտ իր վերաբերմամբ, նա զարմանալի ներողամիտ էր դէպի ուրիշների պակասութիւնները, թուլութիւնները: Ներել գիտէր նա անսահման չափերով: Թւու մէր, թէ մարդկանց մէջ հաշտութիւն, միութիւն տարածելու համար էր նա ստեղծված: Բայց ոչ: Ներել չէր կարող նա միայն մի բան – գաղափարական դաւաճանութիւնը: Այստեղ – ոչ մի զիջում: Այստեղ նոյն իսկ բռնակալութեան ընդունակ էր դառնում այդ հեզ, բարի մարդը:

Նրա հետ կարելի էր երկար ու երկար վիճել, կարելի էր չը հաւանել նրա հայեացքները, կարելի էր նոյն իսկ դատապարտել նրա գաղափարական աղանդաւորութիւնը, որ մի անխուսափելի բան է այդպիսի մարդկանց մէջ: Բայց եւ այդպէս, մնալով սեփական կարծիքի եւ համոզմունքների մէջ, չէր կարելի այնու ամենայնիւ չը յարգել, չը սիրել նրան ամբողջ սրտով, չը մեծարել նրա մէջ անհուն ու անսպառ եռանդը, չը մեծարել եւ մտքի ֆանատիկոսին:

Մտքի, գաղափարի ֆանատիկոսներ... Սրանք են կեանքի զարդերը, սրանք են գրանիտեայ փարոսների պէս կանգնում կեանքի ալէկոծված, խաւար ովկիանոսում:

Մեր գիշերային հանդիպումները շատ երկար չը շարունակվեցին: Վերջապէս նրան մի օգնական էին տուել եւ նա կարող էր գոնէ հեռագիրների կէս-գիեշրային սրբագրութիւններից ազատվել:

Բայց երկուսս էլ լրագրական աշխատողներ էինք, եւ հասարակական, գրական, կուսակցական հարցերը այնուհետեւ էլ շատ յաաճխ հանդիպեցնում էին մեզ՝ մտքեր փոխանակելու համար: Մի եւ նոյն շրջանի, մի եւ նոյն աշխարհայեցողութիւնների մարդիկս շուտ շուտ էինք համախմբվում, եւ «մեր Քրիստափորը», միշտ լաւատեղեակ, միշտ հեղինակաւոր, մեր շրջանների աչքն էր, հոգին էր:

Նա հեռացաւ Թիֆլիսից, եւ ես այնուհետեւ երբէք չը տեսայ նրան, գրաւոր յարաբերութիւններ էլ չունեցայ նրա հետ: Բայց այդպիսի ընկերները երբէք չեն մոռացվում: Եւ ամեն ժամանակ, երբ պէտք էր երեւակայել բարի, անձնուէր սիրառատ եղբօր, անկեղծ բարեկամի, անշէջ գաղափարներով վառված հեզ գործիչի տիպը, իմ մտքի մէջ իսկոյն պատկերանում էր «մեր Քրիստափորի» գունատ, նիհար, համակրելի դէմքը, որի մի հատ գիրծն անգամ չէ ջնջվել սրտիս մէջ:

Եւ այդ սիրելի դէմքը այսօր սուգի շրջանակի մէջ դրված մի անուն է միայն:

Անուն միայն, այո՛, բայց ի՜նչ անուն...

Լէօ
«Հայրենիք», Պոսթոն «Մշակ»-էն
1905, Թիւ 17