Մի երիտասարդ Դաշնակցական, որ հմայուել էր հայ հերոսների փառքով, հարց տուաւ Դրոյին.
–Ի՞նչպէս կարելի է երբեք վախ չունենալ, մշտապէս անվախ լինել:
Դրօն իր խորաթափանց հայեացքը սեւեռեց երիտասարդի աչքերի մէջ, ուր կարդաց անկեղծութիւն եւ հոգեկան վերացում:
–Բալիկս, ասաց Դրոն, հայրական քնքոյշ հոգածուիւնով, մարդ էակը ստեղծուել է վախի զգացումով: Արարչութիւնը այդ բնազդով օժտել է նրան՝ ինքնապաշտպանութեան համար: Դա բարիք է: Բայց չարիք է դառնում այդ, երբ փախուստ է տալիս նրանից: Որքան փախչես, այնքան պինդ կը կպչի քեզ: Համարձակ նայիր նրա աչքերի մէջ. երբ ճանչնաս նրան, նա զինաթափ կը լինի:
Ինձ զարմացրեց Դրոյի այս ինքնատիպ բացատրութիւնը, որ հոգեբանական վերլուծումներով չէ, որ գտել էր, այլ փորձառութեամբ, մանաւանդ ներիմացումով:
Հերոսը նա չէ, որ իր կեանքը վտանգելով, արտակարգ ու հրաշապատում գործեր է կատարում, ինչպէս աւազակները, յելուզակները եւ կենկստրները: Հերոսը նա չէ, որ ներքին անզուսպ մղումով, դէպի մահ է սլանում, ինքնաոչնչացումի քայլ է առնում, անձնասպան է լինում, ինչպէս անմխիթար սիրահարը, անբուժելի յուսահատը եւ խելագարը: Սրանք վախկոտներ են, որոնց համար կեանքը չարչարանք է, տառապանք եւ անտանելի բեռ: Սրանք աբարի, եղկելի վատեր են, որոնք սարսափած կեանքի դաժան փուլերից, անզօր են զգում դիմագրաւելու վտանգը եւ փախուստի այս ուղին են ընտրում: Սրանք ինքնամոլոր են, որոնց անյագուրդ եսը պարտութեան է մատնուած, կեանքի խոչընդոտները անյաղթելի գտնելով:
Հերոսը անվեհեր մարտիկն է: Նա պայքարում է կեանքի թիւրին եւ ծուռին դէմ: Նա կռւում է յաւիտենական արժէքների համար. ազատութեան, անկախութեան, ճշմարտութեան, արդարութեան համար: Այդ նպատակին հասնելու համար, նա ոչ մի զոհողութեան առջեւ կանգ չի առնում: Հերոսի եսը տիրական չէ. նա սոսկ ծառայ է: Հերոսը ամէն օր իր եսից մի բան է մեռցնում, որպէսզի վեհ սկզունքները իշխեն ամէնուրեք եւ միշտ:
Դրօն հերոս էր:
Նա շէնչող, լաւատես եւ կենսուրախ էր: Ձախողանք եւ դժբախտութիւն չէին կարող խորտակել նրան, չէին կարող խաթարել իր սիրտը, որովհետեւ անսպառ կորով ունէր մաքառելու եւ յաղթելու: Կեանքը մի ելեւէջ է. նա ունի իր մութ եւ պայծառ երեսները, տխուր եւ զուարթ կողմերը:
Հերոսական, յաւերժական հայութեան փիլիսոփայութիւնն է սա կեանքի մասին, որ Դրոյինն էր միաժամանակ: Պէտք է պայքարել, անդուլ պայքարել, իսկ պայքարը յաջողութեամբ պսակելու համար, պէտք է զոհել, միշտ զոհել, եւ զոհել ամէն բան իր անձից, անգամ իր կեանքը:
Մահ իմացեալ անմահութիւն է:
Հերոսի համար կեանքը՝ առկայութիւն եւ մահը նրա բացակայութիւնը չէ: Կեանքն ու մահը իրերայաջորդ տեւողութիւն են: Մարդն իր կեանքով ու մահով բնութեան յայտնութիւնն է: Բնութեան, որ բեղմնաւորող, ստեղծարար արգանդ է, արարիչ ոգիների եռուն աշխատանոցը: Հերոսը մշտապէս այդ ոգիների հետ է ապրում եւ զգում է իրեն բնութեան մի անքակտելի մասնիկը: Կեանքն ու մահը հերոսի մէջ, նրա էութեան խորքում լուծուել են, իբրեւ դաշնաւոր եւ ներդաշնակ միութիւն:
«Հող էիր եւ ի հող դարձիր»: Հերոսը իր մահով չի անհետանում, այլ վերադառնում է բնութեան: Դրանից է բխում իր անմահութիւնը:
* * *
Աննման Դրօ. անշունչ մարմինդ, նիւթեղէն անօթը քո Ոգու, յանձնեցինք հողին, իսկ հոգիդ սլացաւ միանալու Հայոց հոյակապ ու փառաշուք պանթէոնի պաշտելի հսկաներին:
Քո սիրտն ու քո թոքից հանուած թշնամու գնդակը պիտի պահենք իբրեւյուշք եւ յիշեցում գալոց հայ սերունդներին:
Քո սիրտը խորհրդանշանն է այն բոլոր առաքինութիւնների, որ դու ժառանգել ես յաւերժական հայութիւնից:
Քո թոքում թաղուած գնդակը խորհրդանիշն է Հայ Դատին, անիրաւուած քո ժողովուրդի իրաւունքներին, որին կեանքդ նուիրեցիր եւ որի մարտական յարածածան դրօշը ամրակուռ բազուկովդ միշտ բարձր բռնեցիր:
Վշտակոծ ենք, բայց ողբ չենք արձակում: Արցունք էլ չենք թափում, որովհետեւ արցունքը ընկրկումի, տկարութեան նշան է, ինչպէս դու սովոր էիր մեզ ասել: Չենք ողբում, որովհետեւ հաւատացած ենք, որ մեր ժողովուրդը, որ քեզ է ծնել, կարող է Դրօներ նորէն ծնել:
Այսօր, քո աճիւնին առջեւ կանգանծ, գլուխներս բարձր, նորոգում ենք մեր ուխտը: Ուխտում ենք բարձր բռնել այն պաշտելի դրօշակը, որ մեզ փոխանցեցիր, եւ ընթանալ այն նուիրական ճանապարհից, որ դու ցոյց տուիր:
Դու անմահացար, որովհետեւ հայ ժողովուրդը անմահ է: