Բագու 10/23 փետրւարի
Կաոավարութիւնը հասաւ իր նպաաակին, ամիսներից ի վեր նա թիւրք ամբոխին գրգռում՝ էր հայերի դէմ. վերջերս սկսեց նաև զինել: Թիւրք Աշիր բէյի փետրւարի 6-ին տեղի ունեցած սպանութիւնը եղաւ ազդանշան: Կառավարութիւնը, ուզենալով խեղդել սպասւող զինւած ցոյցը, որի մասին լուրեր էին պտտում քաղաքում՝ դիմեց իր սովորական «միջոցին»: Ահա փաստեր:
Մի քանի օր առաջ նահանգապետ Նակաշիձէն առաջարկում է հարուստ թւիրքերին մի քանի օրւայ համար պաշար գնել, պատրւակելով, թէ հայերը ցոյց են պատրաստում: Միաժամանակ ոստիկանութեան ստորին պաշտօնեաները, որոնք անմիջական կապեր ունեն ժողովրդի տականքների հետ, թիւրք սրիկաներից կազմում են խմբեր եւ զինում օֆիցերական ատրճանակներով: Կռւի ժամանակ թիւրքերի մեծ մասը այդ ատրճանակներով էր զինւած: Այդ դեռ բաւական չէ: Կռւի օրերին՝ թիւրքերի Չեմբերիքէնտի կողմերում շարունակ մտնում էին ոստիկանատուն եւ փամփուշտներ ստանում: Բալախանիից եւ Սեւ քաղաքից Բագու էին գալիս զինւած թիւրքեր եւ հայեր: Առաջինները կոտորելու եւ թալանելու համար, իսկ հայերը՝ յեղափոխական զինւորները՝ իրենց անզէն ժողովրդին պաշտպանելու համար: Պահապան կօզակները քաղաք մտնող թիւրքերին բաց էին թողնում ազատ եւ անարգել, իսկ հայերին խուզարկում եւ զէնքերը խլում: Այս բոլորը փաստեր են, որոնք ժամանակին – եթէ դատ եւ քննութիւն լինի – բիւրաւոր ականատեսների վկայութեամբ կ'ապացուցւի:
Անցնենք կռիւներին: Առաջին օրը երկու կողմից էլ 6 հոգի սպանւեցին եւ վիրաւորւեցին: Ոչ ոք չէր ենթադրում եւ չէր հաւատում, որ դրան կը հետեւի մի սոսկալի կոտորած: Միայն կառավարութիւնն էր, որ նախատեսնում էր ամեն ինչ եւ կրակի վրայ իւղ ածում: Միւս օրը հազարաւոր թիւրքեր, յանկարծ, անսպասելի կերպով յարձակում գործեցին անզէն ժողովրդի վրայ եւ սկսւեց կոտորածը... Ոստիկանութւինը ոչ միջամտեց եւ ոչ էլ օգնեց: Նախորդ ցոյցերի ժամանակ հազարաւոր զօրքեր էին երեւում, իսկ ջարդի օրը եւ ոչ մէկը կար: Հայերը դիմեցին նահանգապետի նեւ օգնութիւն խնդրեցին: Իսկ նա անդադար նոյն էր պատասխանում. «Զօրք չկայ, ի՛նչ կարող եմ անել»: Դիրք ունեցող հայերը խնդրեցին զէնք տալ հայերին ինքնապաշտպանութեան համար – մերժւեց: Հ. Յ. Դաշնակցութեան տեղական կօմիտէն գրաւոր դիմումով յայտնեց նահանգապետ Նակաշիձէին. «Պաշտպանեցէք ժողովուրդը, թէ չէ անձամբ պատասխանատու կը լինէք»: Դարձեալ ոչ մի արդիւնք:
Իրիկնադէմին միայն զօրքեր երեւացին, այն էլ, ինչպէս երեւում է, որոշ հրահանգներով: Նախ երկար ժամանակ զէնքի չէին դիմում եւ այդպէս կողմնակի կերպով խրախուսում էին թիւրք ամբոխին, իսկ կօզակները մեծ գումարներ էին պահանջում անզէն ընտանիքներին տնից տուն, կամ տնից կայարան փոխադրելու համար:
Դաշնակցութեան կօմիտէն երկու օր ապարդիւն սպասելուց յետոյ, որոշեց դիմել զէնքի: Սրտի ցաւով նա խաչ դրեց տարիների համերաշխութեան փորձերի վրայ, հաւաքեց իր զինւորներին եւ քաղաքի մեծ մասը թիւրքերի յարձակումներից պաշտպանեց: Յեղափոխական զինւորները երկու ժամւայ ընթացքում քաղաքի կենտրօնից վռնտեցին թիւրքերին: Դա միակ օգնութիւնն էր, որ անպաշտպան ազգաբնակութիւնը ունեցաւ ջարդի օրերին* (*Պարտք ենք համարում յիշել, որ դաշնակցական խմբերի շրաքերում կռւում էին երկու հնչակեան, որոնք դրին մեր տրամադրութեան տակ 875 ատրճանակի փամփուշտ):
Ամբողջ ազգաբնակութիւնը միաձայն մի բան է պահանջում՝ գտնել յանցաւորներին: