1898 թւին էր, երբ առաջին անգամ հանդիպեցի Քրիստափորին Բագւի նաւթահանքերում, մեր հասարակական կեանքի չափազանց մռայլ եւ յուսալքման օրերին:
Անցեալ դարու իննսնական թւականների երկրորդ կէսին կովկասահայ հասարակական կեանքում կատարեալ յուսախաբութիւն եւ մեռելութիւն էր տիրում: Ցարի եւ նրա արբանեակների հրամանով բռնի կերպով փակւել էին հայկական բոլոր դպրոցները եւ հայ մանուկներին ոստիկանական մտրակների տակ դպրոցական նստարաններից փողոց էին նետել. վտանգի տակ էին եւ շուտով փակւեցին նաեւ «Կովկասեան Բարեգործական Ընկերութիւնը» իր բազմաթիւ մասնաճիւղերով, Բագւի հարուստ «Մարդասիրական Ընկերութիւնը», Հայոց Հրատարակչական Ընկերութիւնը... Թէ դպրոցների եւ թէ բոլոր այդ հիմնարկութիւնների շարժական եւ անշարժ կայքերը խլւեցին եւ յարքունիս գրաււեցին...
Զանազան պատրւակներով խլում էին հայ գիւղացու արեան քրտինքով մշակած հողերը եւ յատկացնում ռուսկ ամ ռուսադաւան գաղթականութեան: Չկար ոչ մի կազմակերպութիւն, որ աջակցցէր գիւղացուն իր այս ծանր օրերի նեւ, ընդհակառակը, գաւառներում գտնւած փոքր ի շատէ աչքի ընկնող հայ մտաւորականներին զանազան պատրւակներով հալածում, բանտարկում կամ աքսորում էին: Հայ գիւղացու այդ անճարակութիւնը լաւ էին գիտակցում կառավարական զանազան գործակալներ, որոնք ընկած հայկական գաւառները՝ քարոզում էին, թէ հող տալու միակ միջոցը ռուսադաւանութիւն ընդունելն է, իսկ ռուսադաւանութիւն ընդունելը այն ժամանակւայ պայմաններում, միեւնոյն էր, թէ ռուս դառնալ, որովհետեւ Ռուսաստանում այդ ժամանակ ազգութեան որոշիչը կրօնն էր:
Գտնւեցին թուլամորթ գիւղացիներ, որոնք ընդունեցին ռուսադաւանութիւն, եւ ահա կառավարութեան կարգադրութեամբ խլւեցին լուսաւորչականների լաւագոյն հողերը եւ յատկացւեցին նրանց. ի՜նչ փոյթ, թէ քաղցից կը մեռնէին մնացած լուսաւորչական հայերը... Օրինակը վարակիչ էր եւ վտանգաւոր: Շիրակի սակաւահող գիւղացիներից, մինչեւ իսկ Արարատեան դաշտի, Էջմիածնի գաւառի հայերից ռուսադաւանութիւն ընդունելու փորձեր եղան հողեր ստանալու կա իրենց հողերը խլելուց ազատելու նպատակով: Հայ մամուլը, որն այդ ժամանակ արտայայտւում էր «Մշակ» եւ «Նոր-Դար» թերթերով, դարձել էր բոլորովին անարժէք եւ չունենալով հասարակական ու ազգային իդէլաներ՝ այլ եւս անկարող էր նոր խօսք, սթափեցուցիչ մի մտիք յայտնել յուսալքւած հայութեան, որը կարծես «օրէնքից դուրս էր» համրաում իրեն եւ, ինքնապաշտպանութեան միջոց, ընտրել էր որքան կարելի է աւելի եւս կուչ գալ իր պատեանի մէջ, մատնւել մեռելութեան եւ կենդանութեան ոչ մի նշան չցուցադրել, որպէսզի աւելի եւս չգրգռի ցարի գործակալներին, որոնք հայ իրականութեան մէջ նորանոր որսեր էին փնտռում:
Յուսալքման վիճակ էր տիրում եւ հայ յեղափոխական մտքի մէջ: տաճկահայկական հարցը, որ այն ժամանակ զբաղեցնում էր հայ մտաւորականութեան եւ երիտասարդութեան, կրելէ ր չափազանց ծանր հարւածներ. Վանի եւ միւս վայրերի ջարդերը, հազարաւոր գաղթականների մուտքը Կովկսա, նոցա կրած զրկանքները եւ թշւառ վիճակը կատարեալ յուսալքման եւ անզօրութեան էին մատնել բոլոր նրանց, ովքեր մեծ ակնկալութիւններ ունէին շուտափոյթ իրականացած տեսնելու տաճկահայ ժողովրդի ազատագրութիւնը: Չնայելով, որ այդ ժամանակները տեղի ունեցաւ մինչեւ այդ իր նմանը չտեսնւած «Խանասորի արշաւանքը», երբ մի քանի հարիւր հայ յեղափոխականներ կարողացան ի մի խմբւել եւ հայ արդար ու անմեղ արեան վրէժը լուծել, չնայելով որ քիչ առաջ տեղի էր ունեցել Բանկ-Օթօմանի խիզախ գրաւումը, որը մի բողոքի ցոյց էր եւրոպական դիւանագիտութեան, չնայելով այդ ինքն ըստ ինքեան խոշոր երեւոյթներին, երբ պատմականօրէն իրաւազուրկ «վախկոտ» հայի տեղ ասպարէզ էր գալիս «մարտնչող հայ ֆիդային», երբ «անպաշտպան» եւ «անզօր» հայի տեղ ստեղծւում էր «յեղափոխական», «քաջ», «անձնազոհ» մի նոր ժողովուրդ, այնուամենայնիւ յուսալքումը համատարած էր եւ հաւատը կորցրած հայութիւնը հանգիստ էր որոնում: Դեռ աւելին, այդ յուսալքումը աստիճանաբար անդրադառնում էր եւ թւով քիչ եւ դեռ եւս լաւ չկազմակերպւած յեղափոխականների վրայ, որոնցից շատերը, բնականաբար, պիտի ենթարկւէին ընդհանուր բարոյալքման:
Նոյն այդ հոգեբանութիւնը վարակել էր եւ նաւթաշխարհի շրջանը, ուր թափւել և անդադար թափւում էին գաւառի անգործ ու հալածական մտաւորականներ եւ երիտասարդ աշխատաւորներ , տաճկահայ գաղթականների մի խոշոր մասը, յեղափոխական գործիչներ , Տաճկաստանից և Պարսկաստանից հալածական հայդուկներ , որոնք ենթարկւելով մի կողմից դրսի բարոյալքող ագդեցութեան և միւս կողմից Բագւի ուրոյն պայմաններին մոռանում էին իրենց լաւագոյն իդէալները և անձնատուր լինում ոսկու աստծոյ պաշտամունքին։ Այս ընդհանուր կաշկանդող մթնոլոլոտի մէջ ցանկանում էին բացառութիւն կազմել մի խումբ աշխատաւոր երիտասարդներ , որոնք համախմրւած էին գլխալորապէս «Եղբայրք Թումայևի» նաւթահանքերում և նրա շրջակայքում , ուր Խանասորի արշաւանքից և Երկրորդ Ընդհանուր ժողովից յետոյ բնակութիւն էր հաստատել Նիկօլը (Դումանը): Անշուշտ Դումանի մեծ հմայքն էր պատճառը, որ այդ երիտասարդները համախմբւել էին և փորձում էին մի բան անել նաւթաշխարհի աշխատաւորութեան մէջ։ Կարելի է ասել, որ այդ ժամանակւայ ամբողջ նաւթաշխարհում Դաշնակցութեան արտայայտիչները դրանք էին , որոնց հետ կապել էր էնձ մի քանի ամիս առաջ Սարգիս Օհանջանեանը: Այդ ընկերներից էր, որ ես առաջին անգմա տեղեկացայ Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովի մասին, երբ գործին աւելի մօտ կանգնած անձինք փսփսուկով պատմում էին, որ ԸՆդհ. Ժողովը չափազանց կարեւոր որոշումներ է տւել. ամենքի յոյսերը այժմ կապւել էին Քրիստափորի հե, որը ժողովի որոշումով պիտի անցնէր արտասահման Հ. Յ. Դաշնակցութեան գործերը վարելու եւ «Դրօշակ»-ը խմբագրելու համար: Իսկ նրանք, որոնք Քրիստափորին ճանաչում էին կամ լսել էին նրա մասին, կրկնում էին մեծ ոգեւորութեամբ, թէ այժմ իրաւամբ կարդարանան Ընդհ. Ժողովի բոլոր որոշումները: Այդպիսով այդ փոքրիկ խմբակի մէջ ստեղծւել էր մի անսահման հետաքրքրութիւն դէպի այդ անձն ու նրա գործերը...
Այդ օրերից մէկն էր, երբ զարմացմամբ նկատեցի, թէ ինչպէս Թումայեւի նաւթահանքի մեր ընկերների մէջ մի անսովոր եռ ու զեռ էր սկսւել: Ամենքը մեծ ոգեւորութեամբ խօսում, վիճում էին անհամբերութեամ ժամերն էին հաշւում, թէ Քրիստափորը արդէն Բագու է եկել եւ խոստացել է մեզ եւս այցելել:
Վերջապէս, հասաւ այդ բաղձալի րոպէն: Մի խումբ աշխատաւորներ, թւով մօտ 30-35 հոգի, գիշերը հաւաքւած էինք «Միներվա» նաւթահանքում, երբ երեւաց Քրիստափորը՝ ուղեկցութեամբ Նիկօլի եւ Ս. Օհանջանեանի: Ոմանց Քրիստափորը ճանաչում էր, ոմանց ներկայացրին, սակայն, բոլորն էլ, կարծես մի մեծ վայելքի մէջ էին եւ սրբազան երկիւղածութեամբ ունկնդրում էին նրա ամէն մի խօսքին, ամենաչնչին զրոյցին: Մօտ մի ժամ մնալով մեր շրջանում, զրուցելով մեզ հետ զանազան հարցերի մասին՝ հեռացաւ մեզանից, սակայն, դեռ երկար ժամանակ խօսւում էր այդ այցելութեան մասին, իբրեւ մի արտաքոյ կարգի երեւոյթի: Շատերը գոհ ու երջանիկ էին զգում իրենց, որ ոչ միայն տեսել են Քրիստափորին այլ ւ խօսել նրա հետ: Ես, որ անծանօթ էի այդ միջավայրին, չէի ակրողանում ըմբռնել այդ պարագան եւ շատ անգամ ինձ հարց էի տալիս, թէ ինչո՞վ է արդեօք այս յեղափոխականը ոգեւորութիւն եւ հմայք առաջ բերում իր անւան շուրջը եւ ի՞նչն է արդեօք, որ այդ աշխատաւորները, ծանօթ անծանօթ, կարօտ էին նրա տեսքին, նրա խօսքին: Այդ հանելուկը պարզւեց ինձ համար, երբ ես առիթ ունեցայ երկրորդ անգամ հանդիպելու նրան եւ տեսնելու ոչ մէկ անգամ, այլ երկար ամիսներ...
Այդ մի այցելութիւն էր, որ նա տւեց նաւթաշխարհի դաշնակցական աշխատաւորութեան եւ շուտով մեկնեց Թիֆլիս՝ փոխադրւելու համար արտասահման: Ճիշտ է, այդ այցելւոթիւնը ոչնչով չփոխեց տիրող խաւարը, բայց ունեցաւ այն ազդեցութիւնը, որ այդ խմբակը աւելի եւս սեղմեց իր շարքերը, կրկնապատկեց եռանդը եւ, որ գլխաւորն էր, ոչ միայն չենթարկւեց շրջապատի տիրող յուսալքման, այլ եւ ապագայում, կարելի է ասել, կորիզը հանդիսացաւ այն հսկայական կազմակերպութեան, որը ներկայացնում էր իրենից Ոսկանապատի Կենտրոնական Կոմիտէութիւնը:
Երկրորդ անգամ աւելի երկար ժամանակով հանդիպեցի Քրիստափորին, մօտ երկու տարի յետոյ, բոլորովին այլ պայմաններում, երբ կուսակցութիւնը այլ եւս յաղթանակել էր տիրող յուսալքման, թեւակոխել էր նոր եւ մեծ աշխատանքների շրջան, եւ այդ բոլորի մէջ խոշոր դեր ունէր Քրիստափորը:
Երկրորդ Ընդհ. Ժողովի որոշումը Քրիստափորի վերաբերմամբ եղաւ չափազանց յարմար ժամանակին, եւ, կարելի է ասել, նա կաորղացաւ ամբողջապէս արդարացնել իր հետ կապւած ակնկալութիւններն ու յոյսերը: Քրիստափորը Ժընեւ հաստատւելուց յետոյ, կարծես թէ կուսակցութեան կենտրոնը փոխադւեց արտասահման եւ ամենքի հայեացքը ուղղւեց դէպի այնտեղ: Եւ, յիրաւի, Քրիստափորը շուտով կարողացաւ կենդանացնել «Դրօշակ»-ը եւ ոչ միայն ինքն էր գրում, այլ եւ իր շուրջը համախմբեց մեր երիտասարդ գրողներին՝ Մ. Վարանդեանին, Ղարիբին, Խ. Մալումեանին, Սիամանթօին եւ ուրիշներին, որոնց շնորհիւ «Դրօշակ»-ը դարձաւ իրաւամբ կուսակցութեան ղեկավար օրգանը: Այդ լքման օրերին, երբ յեղափոխական երիտասարդութիւնը եւ հայ հասարակութիւնը սրտապնդիչ խօսք էին փնտրում, Քրիստափորի «Ամբոխային Տրամաբանութիւն» յօդուածաշարքն էր, որ իր երկաթէ տրամաբանութեամբ, հատու մտքերով յուսահատւածին սիրտ տւեց, տատանւողներին՝ կորով ու ոեւորութիւն ներշնչեց եւ նորանոր ուղիներ ցոյց տւեց: Քրիստափորի պակասը լրացնում էին միւս գորղները, որոնցից, մանաւանդ, Ղարիբի պատկերները կլանւում էին ագահաբար երիտասարդ եւ վառվռուն սերնդի կողմից: Ժընեւից հասնող զանազան լուրերը հետզհետէ դառնում էին սրտապնդիչ: Մենք գիտէինք արդէն, որ Քրիստափորին յաջողւել է համախմբել Ժընեւի եւ Զւիցերիայի հայ ուսնաողներին, որոնք իրենց մասնաւոր նամակների մէջ մեծ ոգեւորութեամբ եւ ակնածանքով էին խօսում Քրիստափորի եւ նրա աշխատանքների մասին: Լաւ գիտակցելով ուսնաողութեան ազդեցութիւնը երիտասարդ սերնդի վրա՝ Քրիստափորը Ժընեւի ուսանողներից երբեմն երբեմն կազմակերպում էր առաքելութիւններ դէպի Կովկաս, մանաւանդ, դէպի բագու, ուր անհամբերութեամբ սպասում էին այդպիսի ընկերների: Այդ երիտասարդ ընկերների երեւակը Բագւի շրջանում ստղեծում էր անսահման ոգեւորութեան մի նոր աղբիւր:
Այն ժամանակները թէ դաշնակցականները եւ թէ Դաշնակցութիւնից դւորս գտնւած հայ մտաւորականները չափազանց մեծ նշանակութիւն էին տալիս եւրոպական հասարակական կարծիքին, եւ մեծ եղաւ մեր բոլոր զարմանքն ու ոգեւորութիւնը, երբ Քրիստափորին յաջողւեց ոչ միայն ստեղծել «Պրօ Արմենիա» թերթը, այլ եւ համախմբել այն ժամանակւայ Ֆրանսիայի ականւաոր եւ լուրջ ուժերը այդ թերթի շուրջը – Պրեսանսէ, Կլեմանսօ, Պիէր Քիյար, Ժան Ժօրէս, Անատոլ-Ֆրանս եւ ուրիշներ: Ինչպիսի՞ յոյսեր էին կապւած այդ թերթի եւ այդ անունների հետ. եւ շնորհիւ այդ բոլոր ստեղծւում էր մի ուրոյն պատկեր Քրիստափորի եւ նրա գործերի մասին:
1901 թուականի վերջերին, մեր վերազարթնումի օրերին, երբ մեր նախկին փոքրիկ խմբակը արդէն մեծացել էր, համակիրների եւ գաղափարակիցների շրջանը լայնացել, կրկին երեւաց մեր շրջանում Քրիստափորը:
Ամիսներ առաջ արդէն փսփսուկով խօսւում էր, որ նա շուտով գալու է եւ այս անգամ երկար պիտի մնայ մեր շրջաոնւմ: Չնայելով նրա երկար բացակայութեան եւ հեռաւոր տարածութեան, որը բաժանում էր մեզ Քրիստափորից, նրա եւ մեր մէջ ստեղծւել էր մի անսովոր մտերմութիւն. բոլորս էլ անհամբերութեամբ սպասում էինք նրա գալուն, ճի՛շտ այնպէս, ինչպէս մեզնից ամէն մէկը կը սպասէր իր հարազատին:
Այս անգամ Քրիստփաորին ընդունեցին աւելի մեծ թւով եւ աւելի գիտակից տարրեր, քան առաջին անգամին: Նաւթաշրջանի ծանօթ սրահներից մէկում, ուր համախմբւել էին հարիւրից աւելի մտաւորականներ, Քրիստափորը տւեց իր առաջին ընդարձակ զեկուցումը կուսակցութեան արտասահմանի գործունէութեան մասին: Նա ծնօթացրեց մեզ այն աշխատանքներին, որոնք տարւում էին արտասահմանի քաղաքական գործիչների շրջանում, բացատրեց, թէ մենք ինչպիսի՞ յոյսեր կարող ենք կապել արտասահամնի պրոպագանդին: Ի հարկէ, զեկուցման գլխաւոր առանցքը այն էր, որ արտասահմանի աշխատանքները կարող են արժէք ունենալ միայն այն ժամանակ, երբ Երկրում կը տարւեն ուժեղ կուսակցական աշխատանքներ...
Առաջին անգամն էր, որ մենք հիմնաւոր կերպով լսում էին այդպիսի մի բովանդակալից զեկուցում թէ արտասահմանի գործունէութեան եւ թէ մեր սպասելիքների վերաբերմամբ. մինչեւ այդ մենք ունէինք միմիայն հարեւանցի եւ պատահական ու կցկտուր հասկացողութիւններ եւ տեղեկութիւններ, լսւած այս ու այն ընկերոջից եւ արտասահմանից եկած զանզան անձնաւորութիւններից:
Այն ժամանակւայ այրող հարցերից մէկն էլ «դաշնակցականների» եւ «հնչակեանների» միացման խնդիրն էր: Նաւթաշրջանում կային հին գործիչներ եւ բազմաթիւ մտաւորականներ, որոնք հեռու էին մնում ամէն տեսակ աշխատանքից՝ պատճառաբանելով, թէ ինչո՞ւ այդ երկու յեղափոխական կուսակցութիւնները չեն միանում, քանի որ երկուսի նպատակն էլ նոյնն է: Քրիստափորը ստիպւած էր կանգ առնել ե՛ւ այդ ցաւոտ խնդրի վրա. նա պարզաբանեց այդ բանակցութիւնների մանրամասնութիւնները, լուսաբանեց, թէ ինչի՞սի ջանքեր են թափւել մեր կողմից, որ այդ միութիւնը տեղի ունենայ, բայց եւ այնպէս հնարաւորութիւն չի եղել: Ժողովականներից շատերը գտնում էին, որ աւելորդ է ձգտել միութեան, քանի որ Հնչակեան կուսակցութիւնը մեռնում է արդէն: Կարելի է ասել, որ այդ ժողովն էր, որ շատերի միջից վանեց անորոշութիւնն ու տատանումները, պարզեց մեր հարցի լուծման ճանապարհները եւ շատերին ընդմիշտ կապեց Դաշնակցութեան հետ: Նաւթաշրջանում աշխատող մեր մի շարք աչքի ընկնող ընկերները այդ օր են կապել իրենց կեանքը Դաշնակցութեան հետ:
Քրիստափորը մեր շրջանում մնաց մօտ մէկ ու կէս տարի եւ չափազանց շատ նպաստեց մեր կոււսակցութեան մեծանալուն եւ զարգանալուն: Առանց նրա խորհրդի եւ համաձայնութեան, այդ մէկ եւ կէս տարւայ ընթացքին, ո՛չ մի աչքի ընկնող գործ չի կատարւել մեր շրջանում: Ինչպիսի՞ սիրով ընդառաջում էր նա մեր բոլոր ցանկութիւններին ու բաղձանքներին: Նրա փոքրիկ, անպաճոյճ սենեակը, գիշեր թէ ցերեկ, բաց էր մեզ համար եւ նրան հանդիպելը, մանաւանդ, մի երկու ընկերների համար դարձել էր հոգեկան պահանջ, մենք անկարող էինք օրական գոնէ մի անգամ չհանդիպել նրան, չխօսել հետը, մտքերի փոխանակութիւն չունենալ... Տեսե՞լ ես «Մեր Քրիստափորին», ի՞նչ է ասում այսինչ հարցի մասին «Մեր Քրիստափորը», «Մեր Քրիստփաորը» այստե՞ղ է թէ գնաց,– այս էր քաղաքի կամ նաւաթշրջանի առաջին հանդիպած դաշնակցականի խօսքը: Իրօք որ «Մեր Քրիստափորը» – նա մեր բոլորի մտերիմն էր, մենք բոլորս նրա հետ խօսում էինք եզակի-դու-ով, կանչում էին նրան Քրիստափոր առանց որեւէ յաւելումի եւ այդ կատարւում էր այնպիսի մտերմութեամբ եւ բնականօրէն, որ կարծես, այլ կերպ չէր էլ կարող լինել: Այդ մտերմութեան շնորհիւ էր, որ մենք առանց քաշւելու ամէն ժամանակ դիմում էինք նրա խորհուրդներին, որոնք կարեւոր էին, մանաւանդ, մի այնպիսի ժամանակ, երբ Դաշնակցութիւնը դառնում էր Անդրկովասում քաղաքական մեծ կուսակցութիւն, երբ նրա հմայքը օր աւուր մեծանում էր, երբ ամենայն օր հարիւրաւոր աշխատաւորներ եւ մտաւորականներ ցանկութիւն էին յայտնում մտնելու նրա շարքերը: Ճիշտ այդ ժամանակներն Ռուսաստանում սկսւում էին յեղափոխական շարժումները, որոնց գլխաւոր բոյներից մէկը Բագուն էր, ուր Ռուս Սոցիալ-Դեմոկրատ կուսակցութիւնը տենդագին աշխատանքներ էր սկսել եւ բազմաթիւ ու բազմապիսի գրաւոր թռուցիկներով ողողում էր բանւորական աշխարհը: Բնականաբար, այդ հետաքրքրութիւնը պիտի վարակէր եւ հայ աշխատաւորութեան, իսկ մեր կուսակցութիւնը այդ ժամանակները չունէր եւ ոչ մի տեսական գրականութիւն. ոչ մի խնդիր տեսականօրէն լուսաբանւած չէր ոչ միայն լայն զանգւածների, այլեւ մեզ համար. մե՛զ, որ մեծ պայքարի էինք բռնւել սոցիալ-դեմոկրատների հետ եւ թոյլ չէինք տալիս,ո րհ այ բանւորութիւնը հետաքրքրութիւն ցոյց տայ դէպի սոցիալ-դեմոկրատները: Ահա այդ ժամանակ մեր քաղաքական գիտութեան գլխաւոր աղբիւրներից մէկը Քրիստափորն էր, որի հեղինակութիւնը մեծ էր ոչ միայն մեր շրջանում, այլ եւ հայ եւ օտար կուսակցութիւնների եւ յեղափոխական գործիչների շրջանում:
Նախ քան Քրիստափորի Բագու ժամանելը, որպէսզի կանխենք սոցիալ-դեմոկրատների անճիշտ եւ աննպաստ պրոպագանդը Հ. Յ. Դաշնակցութեան վերաբերմամբ եւ թոյլ չտանք, որ հայ աշխատաւորութիւնը զոհ գնայ զանազան թիւրիմացութիւնների, մենք՝ Բագւում աշխաոտղ դաշնակցական երիտասարդներս սոցիալ-դեմոկրատների մի քանի վարիչների հետ կազմել էինք պարբերական հաւաքոյթներ լուսաբանելու համար մի շարք ծրագրային խնդիրներ: Այդ ժողովները մեծ հետաքրքրութիւն էին առաջ բերել Բագւի, գլխաւորապէս, համալսարանական երիտասարդութեան եւ մտաւորականութեան մէջ, եւ աստիճանաբար յաճախողների թիւը մեծանում եւ ժողովների բնոյթը աւելի էր լրջանում: Այդ ժողովների վիճաբանութեան գլխաւոր նիւթը կազմում էին «ազգային խնդիր»-ը, «Ռուսաստանի դաշնակցականները պէ՞տք է զբաղւե տաճկահայ դատով թէ ոչ», «արժէ՞ արդեօք պայքարել լեզւի համար», «բանւորների դերը այդ հարցերում» եւ այլն: Այդ խնդիրների վերաբերմամբ իրենք սոցիալ-դեմոկրատները թէպէտ վերջնականապէս ձեւակերպւած տեսակէտներ չունէին, բայց ընդհանրապէս նրանց դիրքը բացասական էր. նրանք գտնում էին, որ հայ ազատագրական շարժումը, ինչպէս եւ, առհասարակ, բոլոր ազգային շարժումները յետադիմական երեւոյթներ են, որ փոքր ազգերը բնական օրէնքով պիտի ձուլւեն մեծ ազգերի մէջ, պայքարել լեզւի, ինչպէս եւ ազգային անկախութեան համար, կը նշանակէ ծառայել բուրժուազիայի շահերին, չհասկանալ դարուս ազատամիտ հոսանքները եւ դէմ գնալ չորորդ դասակարգի շահերին, մի դասակարգ, որի ձեռքն է անցնելու բոլոր երկրների ղեկավարութիւնը: Մեզ համար եւս այդ խնդիրները լուսաբանւած չէին տեսականօրէն: Սկզբնական շրջանում, երբ դեռ նոր էինք սկսել աշխատել, մեզ համար այդ խնդիրները անվիճելի աքսիմայական բնոյթ ունէին, եւ երբէք չէինք ենթադրում, թէ մի օր պիտի վիճաբանութեան նիւթ դառնան, մանաւանդ, որ այդ ժամանակները չկային լուսաբանող գրքեր եւ մեր կենտրոնական օրգնաում էլ լոյս չէին տեսնում այդպիսի տեսական յօդւածներ: Բացի այդ, մեր ղեկավարող շրջաններում եւս առիթ չէր եղել այդպիսի խնդիրներով զբաղւելու, եւ մենք պարզօրէն չգիտէինք Դաշնակցութեան տեսակէտը: Մեր դիմումները մեծ ընկերներին մնում էին մեզ համար անբաւարար եւ հրապարակում մնացած մի քանի երիտասարդ ընկերներ, ամբողջ օրեր համախմբւած՝ աշխատում էինք լուսաբանել եւ պատճառաբանել մեր տեսակէտները: Մեր դրութիւնը թեթեւացաւ, երբ մեր շրջանում երեւաց Քրիստաորը, որը հանդիսացաւ մեր վերջնական աղբիւրը եւ որին դիմում էինք ամէն անգամ, երբ անհրաժեշտ էր լինում մի որեւէ խնդիր լուսաբանել:
Ընդհանրապէս այդ խառն ժողովները մեզ համար ունեցան դրական հետեւանքներ. մեր ընկերները սկսեցին աւելի գիտակցօրէն կապւել մեզ հետ: Մեր կուսակցութիւնը քաղաքացիութիւն էր ստանում Բագւի շրջանում, ո՛չ միայն հայերի, այլ եւ օտարների մէջ, որոնք ոչ մի հասկացողութիւն չունէին Հ. Յ. Դաշնակցութեան մասին:
Մեր այդ ժողովները վերջացան մի մեծ եւ կարեւոր ժողովով, որին մասնակցում էին այն ժամանակւայ, կարելի է ասել, Բագւի յեղափոխական եւ ոչ յեղափոխական բոլոր կարեւոր մտաւոր ուժերը՝ հայ, հրեա, ռուս. այս ժողովը, եթէ կարելի է այսպէս ասել, պիտի լինէր համադրութիւնը մեր նախորդ ժողովների: Գրաւոր զեկուցում պատրաստել էին սոց.-դեմոկրատները, իսկ պատասխանողը պիտի լինէինք մենք՝ դաշնակցականներս: Մեզ հետ այս անգամ եկել էր եւ Քրիստափորը: Այդ ժողովը, որ կարելի է ասել, եղաւ մեր յաղթանակի օրը, այնպէս է տպաւորւել մտքիս մէջ, որ չնայած այս 25-26 անցած տարիներին, շատ բաներ յիշում եմ զարմանալի մանրամասնութեամբ: Զեկուցման գլխաւոր նիւթն էր «ժամանակակից ազգային շարժումները», որոնք զեկուցանողի կարծիքով առաջադրւում են միմիայն բուրժուազիայի կողմից, որովհետեւ շնորհիւ այդպիսի շարժումների բուրժուազիան կարողանում է շահագործել եւ իրեն ձեռքին գործիք դարձնել աշխատաւորութիւնը: Նախ, այդ բուրժուազիան է, որ յարուցանում է «լեզւի» խնդիրը, եւ դրանով ցանկանում է երկպառակութիւն սերմանել զանազան լեզուներով խօսող բանւորների միջեւ. մի խօսքով, «ռազմադաշտ» էին բերւած բոլոր այն «զէնքերը», որոնք ահա 25-30 տարի է, թութակի պէս, կրկնում են սոցիալ-դեմոկրատները ինչպէս եւ իրենց յաջորդ բոլշեւիկները, որոնք դեռ այսօր էլ հոլովում են, որ Հայաստանի Հանրապետութեան ստղեծւելը ձեռնտու էր հայ բուրժուազիային: Սակայն, մի տարբերութիւն ունէր այդ զեկուցումը, ուր բերւած օրինակները ոչ թէ հայկական կեանքից էին առնւած, ինչպէս լկտիօրէն խեղաթիւրելով ամէն մի պատմական փաստ, կրկնում են այժմ, այլ եւրոպական կեանքից, գլխաւորապէս, նկատի էին առնւած չեխական շարժումները Աւստրօ-Հունգարիայում եւ դատափետում էր, թէ ինչպէս չեխական եւ գերմանական բուրժուազիան Պրագայում բանւորներին կռւեցնում է միմեանց դէմ՝ մինչեւ իսկ քաղաքի փողոցների անունները ցոյց տւող տախտակների համար չեխերէն կամ գերմաներէն չգրւած լինելու պատճառով, եւ այս բոլորը արւում է նրա համար, որ մթագնեն բանւորի դասակարգային գիտակցութիւնը եւ ծառայեցնեն իրենց շահերին: Հետեւապէս, ով այսպիսի խնդիրներով զբաղեցնի բանւորներին, կատարում է «յեղափոխական շառլատանութիւն»: Ինչ վերաբերում է տաճկահայ հարցին, այդ հարցով չպիտի զբաղւեն ռուսահայերը, մանաւանդ, բանւորութիւնը, այլ պիտի թողնեն, որ իրենք թիւրք բանւորները այնպիսի գիտակցութեան գան, որ ստեղծեն այնպիսի կարգեր, ուր հնարաւորութիւն ունենան ապրելու բոլոր ժողովուրդները, ինչպէս եւ հայերըբ: Եւ իբրեւ եզրակացութիւն. Չպէտք է զբաղեցնել բանւորութիւնը այնպիսի անարժէք խնդրով, ինչպիսին է հայկական հարցը եւ բոլոր հայերը, իբրեւ անդամներ փոքր ազգի, որին վիճակւած է ոչնչանալ, լքեն իրենց ազգային կուսակցութիւնները եւ մտնեն համաշխարհային սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան մէջ:
Քրիստափորը մեծ աւիւնով եւ բազմաթիւ փաստերով ապացուցեց զեկուցում կազմողների անտեղեակութիւնը Տաճկաստանի եւ տաճկահայ ժողովրդի վիճակի մասին, ինչպէս եւ թիւրք ժողովրդի եւ հոգեբանութեան ու բնազդների վերաբերմամբ. հերքեց այն սխալ ըմբռնումը, որ դիտաւորեալ կերպով աշխատում են տարածել սոց.-դեմոկրատները, որ մեր շարժումը չո մի նմանութիւն չունի արեւմտեան Եւրոպայում տեղի ունեցող շարժումների հետ եւ որ նա ոչ թէ մի շովէն շարժում է, այլ անհրաժեշտ շարժում փրկելու մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու վտանգից: Այստեղ էր, որ Քրիստափորը արտասանեց իր նշանաւոր խօսքը, որը այնուհետեւ ստացաւ քաղաքացիութիւն եւ կրկնւել է շատերի կողմից բազմաթիւ անգամներ. «Դուք խօսում էք յաւելեալ աշխատանքի մասին, որ շահագործում է բուրժուազիան յօգուտ իր շահերի, իսկ մենք գործ ունենք յաւելեալ արեան հետ, որ թափւում է ամենայն որ շնորհիւ տաճիկ կառավարութեան բարբարոս կարգերի»: Ժողովականները, մանաւանդ, հրեաները մեծ ոգեւորութեամբ ու ցոյցերով ողջունեցին Քրիստափորին եւ եզրակացութիւնը եղաւ այն, որ Դաշնակցութեան վարած շարժումը անհրաժեշտ պայքար է բռնակալութեան եւ բարբարոսութեան դէմ, որը ոչ մի նմանութիւն չունի այն աշխարհակալ, ազգայնական շարժումների հետ, որոնք մղւում են եւրոպական զանազան պետութիւնների կողմից եւ, հետեւապէս, ամէն կերպ պիտի քաջալերել դաշնակցական շարժումը:
Այդ ժողովի յաջողութիւնը այնպէս էր ոգեւորել հայ մտաւորականներից եւ երիտասարդներից շատերին, որ նրանք ընդմիշտ մոռացան իրենց տատանումները եւ ամուր փարեցին Դաշնակցութեան: Կարելի է ասել, որ այդ ժողովն էր, որ քաղաքացիական իրաւունք տւեց Դաշնակցութեան եւ այնուհետեւ նա աստիճանաբար աւելի եւս զօրացաւ եւ հաստատուն կանգնեց Կովկասում գոյութիւն ունեցող միջազգային սոցիալիստական կուսակցութիւնների շարքին:
Քրիստափորը չէր եկած Բագու կուսակցական ընթացիկ խնդիրներով զբաղւելու համար. եկել էր արտասահմանից Կովկաս յատկապէս «Փոթորիկ»ի գործերով:
Բռնի միջոցներով դրամ հանգանակելու գործին դէմ էր Քրիստափորը, բայց երբ Պատասխանատու Մարմինը, հակառակ իր ձայնին, որոշու մտւեց, նա ի հարկէ, ենթարկւեց մեծամասնութեան որոշման: Բայց, ինչպէս ինքն էր պատմում չափազանց զայրացած եւ կշտամբանքով, ընտրւած մարմինը մօտ 2-3 տարի մատը մատին չխփեց, իսկ որոշ գործեր, որոնք պիտի կատարւէին այդ գումարներով, բոլորովին կանգ էին առել, Քրիստափորը ստիպւած ինքը գործի անցաւ, որպէսզի յարգած լինի կուսակցութեան որոշումը, եւ այդ նպատակով էլ Ժընեւից մեկնեց Կովկաս: Սակայն հէնց սկզբից, գործը գնաց չափազանց անյաջող...
Գործը բոլորովին նոր էր: Անտեղեակ Կովկասում գտնւած ուժերին՝ Քրիստափորը շրջապատել էր իրեն բազմապիսի, միմեանց անհամապատասխան եւ գործի համար միանգամայն անպէտք մարդկանցով: Այդ իսկ պատճառով, գործի դեռ սկզբնական շրջանում, Շուշում, ձերբակալւեցին Գր. Վարդանեանը (Սարգիս Բարսեղեանը), ուսանող Արսէն Ամիրեանը (Մռեաւեանը) եւ Սմբատ Մարգարեանը: Եթէ ամբողջ գործը չբացւեց եւ չդարձաւ հասարակութեան սեփականութիւն, այդ էլ՝ շնորհիւ այն ժամանակւայ կուսակցական խիստ գաղտնապահութեան եւ կովկասեան ոստիկանութեան անկազմակերպ վիճակին:
Քրիստափորը ստիպւած էր անմիջապէս փոխադւել նորից Բագու եւ այս անգամ, նախկին սխալները չկրկնելու համար, խիստ գաղտնապահութեամբ անձամբ էր վարում գործերը. չէր խորհրդակցում ոչ միայն երիտասարդ ուժերի, այլ մինչեւ իսկ իր մտերիմ Լ. Թադէոսեանի հետ, որի խիստ գաղտնապահութեան վրա ոչ մի կասկած չունէր: Լեւոն Թադէոսեանից զատ Բագւում ապրում էին Քրիստափորի միւս քրոջ որդիները – Եղբ. Յովնաթանեաններ, վերին աստիճանի համեստ եւ ազնիւ արհեստաւորներ, որոնք մեծ պաշտամունք ունէին դէպի Քրիստափորը: Սրանց ազգականն էր Մատթէոս Յովհաննիսեանը (որի յուշերը տպւում են «Հայրենիք» ամսագրում), զինւորագրութիւնը վերջացրած մի երիտասարդ՝ բարձրահասակ, կայտառ, եղնիկի աչքերով, իր սեւ, անխնամ մօրուքով, թաւ յօնքերով, կոպիտ, անվարժ շարժումներով միշտ հետաքրքրութիւն էր զարթեցնում դէպի ինքը: Քրիստափորը, որին նա «քեռի» անունով էր մեծարւմ, նրա գերագոյն սրբութիւնն էր, Քրիստափորի խօսքը նրա համար պագամ էր...
Յիշում եմ, թէ ինչպէս մի օր Մատթէոսը շտապով ներս մտաւ եւ «Քեռուն» հարցրեց. «Քեռին» իրեն կանչել է, ինքը չգիտէ, թէ ինչի՞ համար... Քրիստափորը զբաղւած էր միւս սենեակում: Մատթէոսը երկիւղածութեամբ ներս մտաւ նրա մօտ եւ մի քանի րոպէից դուրս եկաւ փայլուն ու կենսուրախ աչքերով եւ մնաց բարեւ արաւ ինձ՝ յայտնելով, որ մի քանի ամսով պէտք է գնայ իրենց գիւղը: Ուրախ եւ ինքնագոհ հեռացաւ: Շատ ուշ միայն պարզւեց ինձ համար, որ Մատթէոսը ոչ թէ հայրնեի գիւղն էր գնացել, այլ Մոսկւա:
Որոշ ժամանակ անց, Մոսկւայում, օրը ցերեկով, հայոց եկեղեցու բակում, հարիւրաւոր մարդոց ներկայութեամբ սպանւեց մեծահարուստ Ժամհարեանը: Այն ժամանակւայ հայ, բայց մանաւանդ օտար մամուլի լիքն էր սպանութեան մանրամասնութիւններով, ահաբեկիչի նկարագրութեամբ. նրա յաղթական կեցւածքը, յանդուգն յայտարարութիւնը, թէ ինքը անձնական ոչ մի թշնամութիւն չունէր Ժամհարեանի վերաբերմամբ, որ այդ սպանութիւնը կատրել է երկար ժամանակ խորհելուց յետոյ եւ այդ նպատակով էլ եկել էր Մոսկւա, որովհետեւ Ժամհարեանը, հակառակ տւած ազնիւ խօսքին, ոչ միայն չվհարեց իր խոստացած գումարը յօգուտ տաճկահայ ժողովրդի դատին, այլ եւ տմարդօրէն մատնութիւններ կատարեց. հայ ժողովրդի արդար վրէժն է, որ ինքը հանեց այդ մեծահարուստից, որը մի քանի գիշերների ընթցաքում վատնում է շատ աւելի, քան իրենից ուզւած գումարը:
Սպանութիւնը շատ շատերի, մանաւանդ հարուստների համար դարձել էր միանգամայն խորհրդաւոր. ոչ ոք չգիտէր, թէ ո՞վ է այդ ահաբեկիչը եւ որտե՞ղից է եկել, որովհետեւ Մատթէոսը յամառօրէն ծածկում էր իր ինքնութիւնը: Այս հանգամանքը կատարեալ խուճապի էր մատնել բոլոր նրանց, ովքեր գիտակցում էին, թէ հայ լինելով հանդերձ՝ չեն կատարել իրենց պարտականութիւնը եւ թէ ահա մօտենում է հատուցման ժամը...
Պէտք է ենթադրել, որ Քրիստափորը որոշել էր օգտագործել այդ դրութիւնը, որովհետեւ նոյն օրերին Բագու եկաւ մի անձնաւորութիւն՝ յանձնարարւած Բաթումի Կ. Կոմիտէից, որին դիմել է րՔրիստափորը՝ խնդրելով ուղարկել մի տաճկահայ դաշնակցական («Փոթորիկ»-ը գործում էր յանուն Վիշապի (Պոլսի) Կ. Կոմիտէի. Ստացւած գումարները պիտի գործադրւէին ցուցական ձեռնարկների վրա Վիշապում եւ ծովանեայ քաղաքներում, ուստի եւ դիմումներ կատարող անձինք խօսում էին իբրեւ Պոլսից եկածներ եւ Վիշապի Կ. Կոմիտէի անունից): Մի երեկոյ ինձ ներկայացաւ Քրիստափորի հասցէն ստանալու համար Բաթումի Կ. Կոմիտէի նամակով, ասիական եւ եւրոպական տարօրինակ ու մաշւած հագուստների խառնւածքով մի երիտասարդ, որի արտաքինը այնքան ճնշիչ էր, որ երկար տատանւում էի այդ մուրացիկի կերպարանքով մարդուն տանել Քրիստափորի մօտ: Քրիստափորը ընդունեց նրան նոյնպէս բաւական զարմանքով, կարդաց Բաթումի Կ. Կ.-ի նամակը եւ ոտից մինչեւ գլուխ նայելով նրան խոժոռ հայեացքով, իր ակնոցների տակից, այդպէս նայում էր, երբ մի անախորժ բան էր լսում կամ տեսնում: Ու հարցրեց.
–Անունդ ի՞նչ է:
–Միհրան:
–Գիտե՞ս ինչի համար են ուղարկել քեզ:
–Ոչ:
Եւ դառնալով ինձ կրկնեց, թէ Միհրանը կը մնայ իմ մօտ եւ այստեղ էլ կը քնի, իմ սենեակում: Գիշերը կը խօսենք ինչ որ պէտք է, վաղը առաւօտեան կասեմ, թէ ինչ պէտք է անել:
Միւս օրը Քրիստափորի կարգադրութեամբ Միհրանը բոլորովին կերպարանափոխւեց: Երբ մի առաջնակարգ հագուստավաճառի մօտից դուրս եկանք, Միհրանը դարձել էր մի կատարեալ ճէնտլմէն: Երբ վերադարձանք, Քրիստափորը բոլորովին չէր հաւատում, թէ սա Միհրանն է, այնքան փոխւած գտաւ նրան:
Քրիստափորի կարգադրութեամբ Միհրանը անմիջապէս պիտի մեկնէր Թիֆլիս եւ ներկայանար Մ. Եւ Ա. Մեծահարուստներին, որոնց պիտի յանձնէր «Փոթորիկ»-ի կողմից ուղարկւած նամակները: Դրանից զատ ուրիշ ոչ մի դեր չունէր: Միայն պիտի աւելացնէր, եթէ պէտք լինէր, որ յատկապէս եկել է Պոլսից այդ նամակները նրանց յանձնելու համար, եւ այսօր եւ եթ վերադառնում է: Այդ յանձնարարութիւնը կատարելուց յետոյ, անմիջապէս պիտի վերադառնար Բագու զեկուցանելու Քրիստափորին:
Չորրորդ, թէ հինգերորդ օրն էր, երբ Միհրանը վերադարձաւ Բագու: Քրիստափորը գոհ էր, որ Միհրանը յաջողութեամբ կարողացել էր կատարել իր վրա դրւած պարտականութիւնը, եւ կարգադրեց, որ հէնց նոյն օրը վերադառնայ Բաթում իր գործին:
Երեկոյեան դէմ էր, երբ ես մտայ Քրիստափորի մօտ: Նախասենեակում լսւում էր նրա բարձր ձայնը: Սենեակի մէջտեղը կարմրած աչքերով, անկարգ մազերով կանգնած էր Քրիստափորը եւ սոսկալի ծանր յանդիմանական խօսքեր էր թափում Միհրանը գլխին, որ ընճւած, ոչնչացած, չգիտէր ինչ անել: Մէկ եւ կէս տարի Քրիստափորին համարեա թէ տեսնում էի ամէն օր, տեսել էի նրան ուրախութեան, տխրութեան եւ յուզմունքի ժամերին, բայց այդպէս յուզւած եւ այլայլւած երբեք չէի տեսել: Ինձ համար պարզւեց հետեւեալը. Միհրանին կայարան ուղարկելուց յետոյ, Քրիստափորը, յանկարծ, յիշում է, որ որոշ յանձնարարութիւններ պիտի անի Թիֆլիսի վերաբերմամբ եւ անմիջապէս մարդ ուղարկելով՝ յետ է կանչում Միհրանին՝ պատւիրակելով, որ թողնէ այդ գնացքը եւ յաջորդ գնացքով մեկնէ: Միհրանը արդէն տեղաւորւած է լինում գնացքում, երն նրան գտնում եւ բերում է Քրիստափորի մօտ: Եթէ ճանապարհորդները նշանակւած գնացքով չէին մեկնում, այն ժամանակւայ օրէնքով, կայարանում պէտք է որոշ ձեւականութիւն կատարէին, որպէսզի տոմսը չկորցնէր իր արժէքը: Քրիստափորը մտահոգւած, թէ Միհրանը անծանօթ կը լինի այդ օրէնքներին, ուզում է տեղեկանալ, թէ արդեօք կատարւե՞լ է այդ ձեւականութիւնը եւ երբ առնում է տոմսը, զարմացած նկատում է, որ Միհրանը գնած է եղել առաջին կարգի տոմս փոխանակ երրորդ կարգի, ինչպէս վարւում էին անխտիր մեր բոլոր ընկերները եւ, առհասարակ, դիմոկրատական ըմբռնում ունեցող մարդիկ: Ահա այդ տոմսն էր Քրիստաորի այդպիսի փոթորկոտ զայրոյթի առիթը: Իմ ներկայութեամբ Միհրանը աշխատում է արդարանալ, թէ ինքը մեղաւոր է, թէ խնդրել է երրորդ կարգի տոմս, իսկ տոմսավաճառը սխալմամբ աւելի է առաջին կարգի, եւ այդ բացարձակ սուտը աւելի էր զայրացանում Քրիստափորին, որը դառնալով ինձ հարցնում էր զայրացած, թէ հնարաւո՞ր է արդեօք այդպիսի թիւրիմացութիւն: Ես չէի կարող ստել եւ չպաշտպանեցի Միհրանին, որովհետեւ երրորդ եւ առաջին կարգի տոմսերը բոլորովին այլ տեղեր էին վաճառւում եւպ արզ էր, որ Միհրանը փոխանակ իր արածը անկեղծօրէն խոստովանելու, ստում էր: Քրիստափորը զայրացած պատռեց առաջին կարգի տոմսը, դուրս վռնտեց սենեակից Միհրանին եւ խնդրեց ինձ երրորդ կարգի մի տոմս գնել եւ անմիջապէս ճանապարհ դնել, որպէսզի այլեւս չերեւայ իր աչքին...
Այդ դէպքը այնպէս էր ազդել Քրիստափորի վրա, որ նա զանազան ժամանակներ զայրացած կրկնում էր Միհրանի այդ «քաջագործութիւնը».
–Տեսա՞ր այդ ողորմելուն, յիշո՞ւմ ես նրա ցնցոտիները. հագնւեց զարդարւեց կուսակցութեան հաշւին, այդ բաւական չէ, այժմ էլ համարձակւում է առաջին կարգով ճամբորդել: Դեռ եւս մի չնչին գործ էր կատարել, միայն մի նամակ էր տեղ հասցրել, հապա եթէ փոքր ի շատէ աչքի զարնող գործ կատարէ, կը խեղդէ՜ մեզ, կը խեղդէ՜ կուսակցութիւնը (Դժբախտաբար, Քրիստափորի վախերը իրականացան. Միհրանը այնուհետեւ մասնակցեց մի երկու ձեռնարկների եւ ստացաւ խմբապետ անունը, որից յետոյ պատուհաս դարձաւ կուսակցութեան գլխին: Եւ երբ կուսակցութիւնից արտաքսւեց, գործիք դարձաւ դատական քննիչ Լիժինի ձեռքին, 1907-08 թւականներին՝ մատնելով իր բոլոր ընկերներին, մինչեւ որ Դաշնակցութեան գնդակը երջ տւեց նրա կեանքին):
Եւ պատմում էր, որ թէ ինքը եւ իր ընկերները՝ Սիմոնը, Ռոստոմը եւ ուրիշները երբեք երկրորդ կարգով չեն ճանապարհորդել, այլ միշտ երրորդով:
–Մի անգամ միայն բացառութիւն է եղել իմ ամբողջ կեանքի մէջ, պատմում էր Քրիստափորը, երբ Թիֆլիսից գալիս էին գանձակ, երբ ես ստիպւած էի զիջել ուրիշների թախանձանքին, որոնք նոյնպէս գնում էին նոյն գնացքով եւ որոնց հետ անհրաժեշտօրէն պիտի լինէի եւ ես:
Այս ինքն ըստ ինքեան փոքրիկ դէպքը հաւանօրէն չեն կարող ըմբռնել մեր երիտասարդ ընկերներից շատերը. այսպիսի խիստ վերաբերմունքը առաջ էր գալիս գլխաւորապէս ոչ թէ խնայողութեան ըմբռնումից, այլ որ յեղափոխականը հեռու պիտի լինէր քաղքենի, շռայլ եւ շքեղ կեանքից, յեղափոխական պէտք է լինէր ոչ միայն արտաքին ձեւերով դեմոկրատ, այլ եւ իր էութեամբ, այլապէս նա արժանի չէր յեղափոխական լինելու. գործով եւ ոչ խօսքով պէտք էր ապացուցանել, որ յեղափոխականները ժողովրդի հետ են եւ ժողովրդի համար են աշխատում. այս է եղել մեր կուսակցական ըմբռնումը եւ այն անհասկացողութեան դէմ էր, որ այնքան յաճախ եւ արդարացիօրէն զայրանում էին մեր հին ընկերները, որոնք ոչ միայն խօսքով, այլ եւ իրենց ամբողջ կեցւածքով ու կեանքով մնացին իսկական դեմոկրատներ եւ երբեք չդաւաճանեցին իրենց բարձր վարդապետութեան:
Քրիստափորը ապրելով Բագւում եւ կլանւած թէ կուսակցական եւ թէ «Փոթորիկ»-ի գործերով, իր ապրուստը հոգալու համար ծառայում էր «Նաւթարդիւնաբերողների խորհրդի» մէջ եւ չնայելով այդ բազմակողմանի աշխատանքներին՝ միաժամանակ զբաղւած էր եւ Պոլսի գործերի համար ընկերներ ճարելով: Ենթադրում եմ, որ Պոլսի գործի ամբողջ նախագիծը, ինչպէս եւ իր մասնակցութիւնը այդ գործի մէջ վերջնականապէս ձեւակերպւել է Բագւում: Ասում եմ այս ենթադրաբար, որովհետեւ այդ բոլորի մասին բացի անմիջապէս մասնակցողներից, միւսները ոչինչ չգիտէին կամ ենթադրաբար կռահում էին, որ ծովափնեայ քաղաքնեորւմ եւ գլխաւորապէս Պոլսում որոշ բաներ պիտի կատարւէին, սակայն, թէ ի՞նչ, գուցէ եւ իրենք մասնակցողներն էլ չգիտէին: Գուցէ այս բոլորի մէջ բացառութիւն կազմէր միայն Դումանը, որի հետ յաճախ էր խորհրդակցում եւ որի փորձառութիւնը, մանաւանդ, այսպիսի գործերի մէջ, շատ էր գնահատում Քրիստափորը: Լաւ ճանաչելով Քրիստափորի տարօրինակ գաղտնապահութիւնը, անհաւանական եմ համարում, որ Բագւում լինէին անձինք, մինչեւ իսկ կուսակցութիւնից հեռու մարդիկ, որոնք հեռաաւոր գաղափար անգամ ունենային Քրիստափորի դերի մասին «Սուլթանի մահափորձի» մէջ. նա ինքը այդ խնդիրը վճռել էր վերջնականապէս եւ լռիկ մնջիկ լրացնում էր իր ընկերներին, որոնց մեծագոյն մասը նոր ուժեր էին:
Քրիսափորի Բագու գտնւած ժամանակ, մեր կենտրոնը դարձել էր «Նաւթարդիւնաբերողների խորհրդի» Բալախանիի մասնաճիւղը, որի վարիչն էր Յովհ. Քաջազնունին, որը այն ժամանակ թէպէտք իրեն Դաշնակցութեան համակրող էր համարում, բայց միշտ մեզ հետ էր եւ մտերմական կապերով էր կապւած մեր ընկերներից շատերի հետ: Այստեղ էին ծառայում Յարութիւն Շահրիկեանը, Մարտիրոս Մարգարեանը (Սաֆօ), Նիկօլը (Դուման) եւ շատ ուրիշ երկրորդական ընկերներ: Նաւթարդիւնաբերողների խորհրդի բազմաթիւ ծառայողները բոլորն էլ սկսել էին տարւել դաշնակցական հոսանքով եւ եռանդով մասնակցում էին եղած եռ ու զեռին: Այդ շարժումը սկսել էր վարակել նոյն տեղում ծառայող նոյնպէս ռուսախօս հայ մտաւորականներից շատերին, որոնք մինչ այդ բոլորովին կտրւած էին հայութիւնից. դրանց մէջ էին բժ. Յ. Զաւրեանը, որը ապագայում դարձաւ մեր կարեւորագոյն ընկերներից մէկը: Նրա քոյրը՝ տիկին Անչուկովան, օր. Ս. Արէշեանը (Ռուբինան), օր. Մ. Զէյց (գերմանուհի) – եւ գլխաւորապէս սրանցից էր, որ Քրիստափորը ընտրեց իրեն ընկերներ Պոլսի գործի համար, եւ բոլորը արւում էր այնպիսի ձեւերով, որ հեռու է մնացել ամէն բանով հետաքրքրւող եւշ ատ բան տեսնող աչքերից: Հեշտութեամբ է արդեօ՞ք Քրիստափորը տւել այդ վճիռը, դժւարանում եմ ասել: Ճիշտ է, ր ես մի երկու անգամ նկատել էի, որ նա աւելի եւ աւելի մտազբաղ է դառնում. սկսել էր յաճախ մրմնջալ իր սիրած ռուսական յեղափոխական տխուր երգը, որ նշան էր, թէ ծանրաբեռնւած է ինչ որ հոգսով, բայց չէի կարողանում անդրադառնալ, թէ ի՞նչ մտազբաղում է, որ տիրել է նրան: Ես այն ժամանակները շատ անփորձ էի մարդկային հոգիները կարդալու, իսկ մտերմօրէն հարցնել չէի համարձակւում: Եւ այսպիսով երբեք չիմացայ նրա ապրումներն ու մտահոգութիւնները...
Մի գիշեր, յիշում եմ, հաւաքւած էինք նոյն այդ «Նաւթարդիւնաբերողների խորհրդի» Բալախանիի շրջանի շէնքում, Մարտիրոս Մարգարեանի մօտ: Ընկերական մի հաւաքոյթ էր իր պատիւ Սարգիս Օհանջանեանի, որը գնում էր «Երկիր»: 1898 թւից յետոյ ոչ ոք «Երկիր» չէր անցել, կարել իէ ասել, որ կուսակցական կապը կտրւել էր «Երկրի» եւ Անդրկովկասի միջեւ. Ի՞նչ էր կատարւում այնտեղ – ոչ ոք չգիտէր, եւ մեծ էր մեր ոգեւորութիւնը, երբ Ս. Օհանջանեանը ցանկութիւն յայտնեց Երկիր անցնելու: Ընկերները մի առանձին գուրգուրանքով էին վերաբերւում նրան. ամենքին թւում էր, թէ նա վիտակցօրէն դէպի մահ է գնում. այդ իսկ պատճառով մտածում էինք ամէն կերպ գոհ ճանապահ ձգել նրան: Հաւաքոյթում, բնականօրէն, եղան բազմապիսի ճառեր ու բարեմաղթութիւններ, խօսեցին համարեա թէ ամենքը, խօսեց եւ Քրիստափորը, որի մօտ նստած էր Յով. Քաջազնունին: Մեզնից շատերը նկատեցին, որ Քրիստափորը իր ճառից յետոյ այլայլւած ելաւ սեղանից եւ դուրս եկաւ. նրան անմիջապէս հետեւեց եւ Քաջազնունին: Մեր հաւաքոյթը շարունակւեց մինչեւ ուշ գիշեր, եւ երբ պատրաստւում էինք ցրւելու, Քաջազնունին, անցած Քրիստափորի թեւը, կարելի է ասել ուժով ներս մտցրեց: Քրիստափորի աչքերը տարօրինակ կերպով կարմրել էին, կարծես լաց էր եղել, դէմքը այլայլւած եւ յուզումնալից էր եւ մի կողմից աշխատելով ազատել իր ձեռքը, միւս կողմից կրկնում էր զայրոյթով, թէ՝ «դու ինձ խորը, շատ խորը վիրաւորեցիր»: Մենք փորձեցինք միջամտել, հասկանալ այդ բոլորը, բայց թէ Քրիստափորը եւ թէ Քաջազնունին յամառօրէն լռեցին եւ ոչ մի խօսք չասացին: Շատ տարիներ յետոյ մաիյն, երբ այդ դէպքը յիշեցրի Քաջազնունուն, նա պատմեց, որ երբ Քրիստափորը Ս. Օհանջանեանի մասին գովասանական խօսքեր է ասել եւ նստել տեղը, Քաջազնունին, իրեն յատուկ սառնասրտութեամբ եւ տարօրինակութեամբ, կշտամբել է նրան եւ մեղադրել, թէ անկեղծ չէր իր խօսքերի մէջ, որովհետեւ եթէ այդպէս անհրաժեշտ է «Երկիր» գնալը, ի՞նչի ինքը Քրիստափորը չի գնում եւ սրանց նմաններին է ուղարկում... Ահա այդ անտեղի եւ անարդար մեղադրանքն էր եղել պատճառը, որ յուզել էր Քրիստափորին այնքան խորը, մինչեւ լաց լինելու աստիճան:
Ես չեմ սխալւի, եթէ կրկնեմ, որ հաւանաբար այն ժամանակները եղել են եւ ուրիշ նոյնաման ակնարկներ ու մեղադրանքներ ուրիշների կողմից էլ, որովհետեւ այն ժամանակւայ ըմբռնումներով ով Տաճկահայաստանում չէր եղել, նրան յեղափոխական չէր կարելի համարել, յեղափոխական էին մանաւանդ նրանք, որոնք մի անգամ եղել էին «Երկրում» ու տեսել էին վառոդի հոտը կամ տաճկական բանտերը: Անշուշտ, մօտիկ ընկերական շրջանակներում եւ կարեւոր ժողովներում նոյնաման ակնարկներ պիտի լսած լինէր եւ Քրիստափորը, որը, իրօք, մինչեւ այդ «Երկիր» չէր գնացել եւ չէր էլ կարող գնալ իր ֆիզիքական պակասութեան պատճառով (նա կաղ էր). բայց կուսակցութեան մէջ երեւի որոշ խաւեր ողջակէզ էին փնտրում եւ այդ ողջակէզը պահանջում էին, որ լինի ամենից լաւը – իրենց ղեկավարը:
Նման անտեղի ակնարկները, անշուշտ, դեր են կատարել եւ ներշնչել են, որ Քրիստափորը գիտակցօրէն գնար այդ ճամբով՝ լռեցնելու համար զանազան անարժէք կշտամբանքներ եւ խուլ փսփսուկներ: Մեր այն ժամանակւայ դաժան իրականութեան արդիւնք պէտք է համարել, որ կուսակցութեան ղեկավարները, նրա սիրտն ու հոգին գիտակցօրէն դնում էին դէպի մահ – Սիմոնը գնաց Կիլիկիայի խորքերը, Քրիստափորը՝ դէպի Պոլիս...
Քրիստափորը մօտ մէկ եւ կէս տարի Բագու մնալուց յետոյ, ստիպւած էր հեռանալ, որովհետեւ նախ՝ որոշել էր մասնակցել Պոլսոյ գործին, երկրորդ՝ պիտի աշխատէր Երրորդ Ընդհանուր Ժողովը գլուխ բերելու, որի վերաբերմամբ բաւականին շատ պահանջներ կային եւ, որ գլխաւորն է, նրա կացութիւնը Բագւում հետհետէ դառնում էր վտանգաւոր: Գրիգոր Վարդանեանը (Սարգիս Բարսեղեանը), որը, ինչպէս ասացի, բանտարկւած էր Շուշւայ բանտում եւ որին դատական քննիչը մեղադրում էր ծանր պատժական յօդւածով՝ համարելով նրան Ժամհարեանի գործի գլխաւոր կազմակերպիչներից մէկը, Շուշւայ բանտից Գանձակի բանտը փոխադրւելու ժամանակ, Մարգար Մելիք-Շահնազարեանի աջակցութեամբ կարողանում է փախչել եւ հետքը կորցնել: Ժամհարեանի ահաբեկիչ Մատթէոսը, հակառակ դատական քննիչի խիստ պահանջներին, չի խոստովանում իր ով լինելը եւ որտեղից գալը եւ ամէն կերպ աշխատում է այդ գործին անհատական բնոյթ տալ, բայց երկար խուզարկութիւնները ապացուցանում են, որ նա մենակ չէ եկել Մոսկւա, որնրան ուղեկցել է մի ուրիշը, որի հետ իջել են միեւնոյն հիւրանոցում, եւ այդ միւս անձը, որի ով լինելը չկարողացան երբեք պարզել, նախ քան Մոսկւա գալը, նոյն անցագրով իջած է եղել եւ Բագւում: Այս բոլորը ցոյց էին տալիս, որ գոյութիւն ունի մի գաղտնի կազմակերպութիւն, որը զարմանալի կերպով ղեկավարում է այդ գործը թէ Անդրկովկասում եւ թէ Մոսկւայում: Այն ժամանակները դեռ եւս յայտնի չէր Դաշնակցութեան ինչպիսի կազմակերպութիւն լինելը, մանաւանդ պետական պաշտօնէութեան համար, որը իր խուզարկութիւնները բնականաբար պիտի տանէր ոչ թէ կուսակցական ճանապրհով, այլ գործին մասնակից անհատներ փնտրելով: Այդ իսկ պատճառով Մոսկւայի դատական քննիչը խիստ հրաման էր տւել կովկասեան ոստիկանութեան ամէն միջոց գործադրել եւ անպատճառ բանալ այդ գործի ղեկավարներին եւ մասնակիցներին»:
Ոստիկանութենա յաջողւել էր Շուշում գտնել այն բնակարանը, ուր ապրել էր Քրիստափորը, եւ խուզարկու ոստիկանութիւնը փնտրում էր նրան Բագւում, իր տրամադրութեան տակ ունենալով Քրիստափորի մանրամասն նկարագրութիւնը: Թէպէտ Քրիստափորի ներկայութիւնը շատ օգտակար էր Բագւում, որը սկսել էր դառնալ Դաշնակցութեան գլխաւոր կենտրոնը ամբողջ Անդրկովկասի մէջ, բայց եւ այնպէս թոյլ տալ, որ վերջ ի վերջոյ ոստիկանութիւնը նրան գտնի եւ պատասխանատւութեան ենթարկի, կը լինէր անհանդուրժելի մեզ համար, ուստի ամէն կերպ նպաստեցինք, որ նա ապահով կերպով կարողանայ անցնել սահմանը, առանց գաղտնի ոստիկանների կողմից նկատւելու:
Նախ քան Քրիստափորի հեռանալը Բագւում մի շարք ժողովներ տեղի ունեցան մօտիկ եւ կարեւոր ընկերների շրջանում: Մենք դեռ եւս չէինք կաորղանում անդրադառնալ, որ սա մեր վերջին հանդիպումը պիտի լինի, որովհետեւ լաւ չէինք պատկերացնում նրա խաղալիք դերը Պոլսում, իսկ որ նա կարող է սպանւել, այդ երբեք մեր մտքերից չէր անցնում: Անդրկովկասում աշխատող ընկերներիս համար չափազանց կարեւոր էր այն, որ շուտով պիտի կայանար Երրորդ Ընդհանուր Ժողովը, որին բնականաբար, պիտի մասնակցէր եւ Քրիստափորը: Եւ այդ ժողովից էինք սպասում մենք, թէ արդեօք Դաշնակցութիւնը պիտի՞ զբաղւի ռուսահայ ժողովրդի շահերի պաշտպանութեան խնդրով, թէ ոչ, որովհետեւ խոշոր հայ զանգւածները, որոնք օր ըստ օրէ աճում եւ քաղաքականապէս զարգանում էին Դաշնակցութեան մէջ, չէին կարողանում բաւարարւել այն աշխատանքով,ո րը տարւում էր տաճկահայ դատի համար. տաճկահայ դատը այն ժամանակները այն կերպարանքը ունէր, որ չէր կարող մշտապէս զբաղեցնել լայն զանգւածները: Սակաւաթիւ անահտներ էին, որոնք նւիրւած էին գործին՝ ոմանք «Երկիր» անցնելով եւ ոմանք զբաղւելով արտասահմանի պրոպագանդայի գործով, լայն զանգւածից պահանջւում էր դրամական օժանդակութիւն միայն, որը, բնականաբար, պէր կարող բաւարարել նրանց, որոնք կենդանի գործ էին պահանջում, տեսանելի ե՛ւ իր շօշափելի արդիւնքի հետմ իասին: Աշխատաւորին մօտիկ կանգնած դաշնակցական ընկերները լաւ գիտակցում էին, որ եթէ օր ըստ օրէ աճող տեղական խնդիրների վերաբերմամբ Դաշնակցութիւնը որոշ քայլեր չանէ, նա կը զրկւի կենդանի ուժերից, որոնք պիտի գնան ձուլւելու օտար, անհարազատ կուսակցութիւնների մէջ, գտնելու համար իրենց հոգուն համապատասխան գործեր: Մեր մէջ կային եւ այլ կերպ մտածողներ, որոնք բոլորովին ուրիշ տեսակէտ ունէին. նրանց պատաճառաբանութիւնը այն էր, որ Դաշնակցութիւնը կազմակերպւած է յանուն տաճկահայ դատի, հետեւապէս եւ պիտի զբաղւի միմիայն տաճկահայ խնդրով՝ թողնելով Կովկասին վերաբերող հարցերը այլ տարրերի եւ կուսակցութիւնների: Գործնական տեսակէտից եւս օգտակար պէին գտնում, որ Դաշնակցութիւնը խառնւի ռուսական գործերի մէջ, որովհետեւ դրանով նախ՝ մեզ պէս փոքր մի ժողովուրդ անկարող է միաժամանակ երկու ճակատի վրա կռւելու եւ երկրորդ՝ դրանով աւելի խստացրած կը լինենք ռուսական կառավարութեան վերաբերմունքը տաճկահայ դատին նւիրւած հայ յեղափոխականների հանդէպ: Այդ ընկերների կարծիքով ռուս կառավարութիւնը գիտակցօրէն չի խանգարում Տաճկաստանի դէմ ուղղւած մեր աշխատանքներին եւ դիտաւորեալ կերպով չտեսնել է ձեւացնում մեր զինական խմբերի եւ զէնքերի փոխադրութիւնները (Ապագայում եղած փաստերը ապացուցեցին, որ մեր ընկերները սխալւում էին եւ որ ռուս կառավարութիւնը ոչ միայն լռելեայն չէր քաջալերում մեր սահմանի վրա եղած շարժումները, այլ եւ համախորհուրդ տաճիկ կառավարութեան անխնայօրէն հալածում եւ կոտորում էր հայ յեղափոխական զինւած խմբերը): Այս տեսակէտը, որ սկզբի շրջանում համեմատաբար ուժեղ էր, աստիճանաբար թուլանում էր. որովհետեւ 1902 թւի սկզբները յեղափոխական ալիքները Ռուսաստանում աւելի եւ աւելի էին ծաւալւում: Յեղափոխականների գնդակից ընկան բռնապետութեան կարեւոր սիւներից լուսաւորութեան նախարար Բոգօլեպովը եւ ներքին գործոց նախարար Սիպեագինը, անկարգութիւնների համար փակւեցին Մոսկւայի եւ այլ քաղաքների համալսարանները, ուսանողները, մտաւորականները եւ բանւորները մարտակոչ էին ուղղում Ռուսաստանի բոլոր ճնշւած ազգերին՝ անողոք կռիւ սկսել բռնակալութեան դէմ: Քաղաքներում սկսխած շարժումները արձագանք էին գտնում գիւղերում, գիւղացիական եւ կալւածատիրական հողերի շրջաններում:
Ռուս «մուժիկ»-ը, որ միշտ համարւել էր անտարբեր, անշարժ, կրաւորական եւ հլու հնազանդ տարր, 1902 թւականի երկրորդ կէսից սկսում է սաստիկ ալեկոծւել, եւ այդ շարժումները մեծ արագութեամբ անցնում էին մի կալւածքից միւսը, մի նահանգից երկրորդը՝ Վոլգայից մինչեւ Դնեպր: Զուր էր փորձում կառավարութիւնը այդ շարժումները զսպելու համար զօրք, կոզակներ կենտրոնացնել մի որեւէ նահանգում: Մի նահանգում չզսպած շարժումը բռնկւում էր միւս նահանգում եւ այսպէս անվերջ: Մի խենթ, մոլեգին ցասում էր պատել ռուս գիւղցաուն, որը դուրս գալով իր անասնական վիճակից փշրում, այրում եւ ոչնչացնում էր ամէն ինչ, որ պատկանում էր հալւածատիրոջ. խօսում էին արդէն, որ Նիկոլայ Բ. կայսրը որոշել է «ազատութիւններ շնորհել» իր ժողովրդին, որ իբր թէ կազմւել են առանձին յանձնաժողովներ սահմանադրական օրէնքներ մտցնելու համար, որ նորից հրապարակ է եկել «Լորիս-Մելիքովի սահմանադրութիւնը» եւ այլն: Թէպէտ այդ լուրերը յաջորդաբար հերքւում էին ուրիշ լուրերով, բայց եւ այնպէս հաւատ էին ներշնչում, որ միապետութեան դէմ մղւող պայքարը այնչափ էլ անյոյս գործ չէ:
Այդ բոլորի հետ միասին, շնորհիւ փոխարքայ Գոլիցինի, աստիճանաբար զարգանում էր Կովկասում հայահալած քաղաքականութիւնը: Ճիշտ այն ժամանակ, երբ Ռուսաստանի լաւագոյն տարրերը պայքար էին մղում եւ պահանջում ազատութիւն եւ հաւասարութիւն բոլոր ճնշւած ժողովուրդների համար, Անդրկովկասի էքզարխը (ռուսադաւանների հոգեւոր պետը) անվախ կերպով եւ մեծ շուքով շրջագայում էր Երևանի նահանգում ռուսադաւանութիւն ընդունած հայ գիւղերը, օծում էր նորակառոյց ռուս եկեղեցիները, հիմք էր դնում ռուսական դպրոցների հայկական գիւղերում եւ յանուն Քրիստոսի քարոզա «Մեկ հօտ եւ մէկ հովիւի»՝ առաջարկում էր հայոց կաթողիկոսին միանալու ռուսական եկեղեցուն: Իսկ փոխարքայ Գոլիցինը հայ «սեպարատիզմը» ոչնչացնելու համար (Այն ժամանակները հայ ժողովրդի թշնամիները թէ ռուսական մամուլի մէջ եւ թէ պետական շրջանակներում յամառօրէն տարածում էին այն միտքը, թէ հայերը ցանկանում են մի պետութիւն ստղեծել անջատ Ռուսաստանից, որը պիտի սկսէր Արարատից եւ տարածւէր մինչեւ Նոր-Նախիջեւան, Դոնի ափը կամ, նոյն իսկ, Վորոնեժ) դեռ եւս 1901 թւին գնացել էր Պետերբուրգ, ուր մի տարօրինակ զեկուցումով, առաջարկում էր բոլոր հայերին գաղեցնել Անդրկովկասից դէպի Սիբիր, իսկ նրանց տեղը բերել վստահելի ռուս գաղթականներ, ճիշտ այնպէս, ինչպէս տասնեակ տարիներ յետոյ հայ ժողովրդի մի ուրիշ թշնամին՝ բոլշեւիկ Չիչեինը Լոզանի խորհրդաժողովւոմ, հայկական հարցը մէջ տեղից հանելու եւ թիւրքերին սիրաշահելու համար առաջարկում էր հայ գաղթականներին փոխադրել Իւզբէկստանի եւ Ուրալի կողմերը գտնւած տափաստանները: Ճիշտ է, այն ժամանակւայ Պետերբուրգը ընդառաջ չգնաց Գոլիցինի այդ խելագար առաջարկին, սակայն, անվհատ Գոլիցինը նոյն այդ 1902 թւականներին էր, որ ներկայացրեց հայկական եկեղեցական կալւածների գրաւման ծրագիրը՝ առաջարկելով յարքունիս գրաւել հայ եկեղեցական կալւածները, որոնց բազմամիլիոն եկամուտները, իբր թէ, ծախսւում են անկոնտրոլ կերպով հայ յեղափոխականների ձեռքով զանազան հակապետակա նպատակների համար...
Այն բոլոր տեղեկութիւնները, որ գալիս էին մի կողմից գաւառներից եւ միւս կողմից՝ Պետերբուրգից ու Մոսկւայից, վհատեցնելու չափ ազդում էին բոլոր նրանց վրա, որոնց համար թանկ էին հայ ժողովրդի շահերը: Տեսնել այդ բոլորը եւ լռել, ոչ մի քայլ չանել, մնալ անարգ դիտողի դերում եւ համակերպւել այդ բոլորին,– անկարելի էր թւում գլխաւորապէս երիտասարդներիս համար: Այդ էր ահա մեր մտահոգութեան առարկան, եւ կամենում էինք, որ Քրիստափորը աշխատի, որ Երրորդ Ընդհանուր Ժողովը դրական կերպով լուծէ այդ խնդիրները: Մանաւանդ, որ Քրիստափորը ինքն եւս համակարծիք էրմեզ եւ նոյնպէս գտնում էր, որ Դաշնակցութիւնը պիտի դուրս գայ այդ անշարժ դրութիւնից եւ մտնի գործօն աշխատանքների շրջանը...
Քրիստափորը գնաց եւ այդ եղաւ մեր վերջին հանդիպումը...
Ինչպէս յայտնի է, Գ. Ընդհ. Ժող.ը ոչ միայն զբաղւեց կովկասահայերի վիճակով, այլ եւ հակառակ նրան, որ կուսակցութեան առաջ գրած էին չափազանց կարեւոր աշխատանքներ Տաճկաստանի վերաբերմամբ, գիտակցելով այն յարաճուն շարժումը, որը տեղի էր ունենում Ռուսաստանում եւ այն վիճակը, որին ենթարկւում էր հայութիւնը Կովկասում, որոշեց – «Հ. Յ. Դաշնակցութիւնը, ընդունելով հանդերձ, թէ իր հիմնարկութեան նպատակը եղած է եւ այսօր ալ է Օսմանեան Հայաստանի պատմական դատը, ճանչցւած եւ վաւերացւած միջազգային դաշնագրերով, չի կրնար, սակայն, անտես ընել հայ ժողովուրդի մարդկային իրաւունքներու բռնաբարումի ծանր դէպքերը, որոնք վերջերս տեղի են ունեցած եւ սկսած են յաճախել Թիւրքիայէն դուրս եւս, սկզբունքով ընդունեց պաշտպանել այդ կարգի իրաւունքները, տակտիկին վերապահելով որոշել՝ ի՞նչ չափերով կատարել ինքնապաշտպանութեան այդ գործը: Ներկայից Դաշնակցութիւնը իր վրա առնելով կովկասահայ տարրի ինքնապաշտպանութեան գործը՝ որոշեց յանձնել այդ՝ Կովկսաի Պատասխանատու Մամրնին, որը պահելով իր «Ինքնապաշտպանութեան Կենտ. Կոմիտէ» անունը՝ պիտի շարունակէ գործել «Դաշնակցութեան» պաշտօնական անւան տակ:
«Ընդհ. Ժողովը Կովկասի վերաբերմամբ ընդունեց բերանացի եւ գրաւոր պրոպագանդի, տեռորի, ժողովրդական ցոյցերու եւ զինւած դիմադրութեան տակտիկը», «դաշնակցական բանւորական խումբերը, այն գործարաններու սահմաններու մէջ, ուր անոնք կաշխատին, կը մասնակցին բոլոր բանւորական գործադուլներուն եւ շարժումներուն, երբ անոնք կապւած են բանւորներու ընդհանուր վիճակին հետ, իսկ ինչ կը վերաբերի գործնական կեանքէն դուր ցոյցերուն, ոորնք կրնան առաջարկւել ուրիշ կուսակցութիւններու կողմէն, բայց որոնց առիթներն ու նպատակը կրնան տարբեր ըլլալ, իւրաքանչիւր դէպքի համար մասնակցելու կամ չմասնակցելու խնդիրը կը վճռէ Պատասխանատու Մարմինը». (Քաղւած «Երրորդ Ընդհ. Ժողովի ատենագրութիւններէ». Կոմիտէներու համար. Ժընեւ, 1905թ. «Դրօշակ»-ի տպարան):
Կարելի է ասել, սա եղաւ Քրիստափորի վերջին աշխատանքներից մէկը մեր կուսակցութեան համար:
Անցեալ դարու վերջին, իննսունական թւականների սկզբներին հասարակական գործչի սուր հոտառութեամբ նա կարողացաւ ցրւած եւ բազմապիսի ձգտումներ ունեցող հայ յեղափոխականներից կազմել Հ. Յ. Դաշնակցութիւնը, որը համաձայն այն ժամանակւայ իդէալներին, պիտի զբաղւէր միմիայն տաճկահայ դատով: Ուղիղ 13 տարի յետոյ, երբ Հ. Յ. Դաշնակցութիւնը մեծացել եւ ուժեղացել էր, մէկը եղաւ, գուցէ եւ կարեւորներից մէկը, որ մղեց Դաշնակցութիւնը վերցնել իր վրա հայ ժողվորդի բովանդակ շահերի պաշտպանութիւնը. այլ եւս չկային սահմանի այս կամ այն կողմի խնդիրներ կամ, ինչպէս ինքը Քրիստափորն էր ասում «մեզ համար գոյութիւն չունեն միապետ կոչւած աւազակների ձեռքով գծւած սահմանները, հայ ժողովուրդը մէկ է, լինի նա սահմանի այս կամ այն կողմը»:
1905 թւի հայ-թաթարական ընդհարումների շրջանին էր, երբ կովկասահայութիւնը, մանաւանդ Հ. Յ. Դաշնակցութիւնը ամբողջապէս լարւած աշխատանք էր դարձել, մի ծանր եւ ցաւոտ օր հեռագիրը գուժեց, թէ Սոֆիայում, Վիտոշ լերան լանջին, ռումբի զոհ գնաց մեր անզուգական Քրիստափորը:
Մենք գիտէինք, որ Քրիստափորը գնւոմ էր դէպի մահ, որ վերջ ի վերջոյ այդպիսի վախճանը անխուսափելի էր, բայց մեզնից եւ ոչ մէկը չէր հաւատում, որ, իրոք, Քրիստափորը կարող էր մեռնել...
Այժմ, երբ մօտ 25 տարի է անցել նրա մահից, երբ մեր ժողովրդի գլխից անցան մեծամեծ փոթորիկներ, երբ մեր կուսակցութիւնը երեւան բերեց նորանոր եւ խոշոր դէմքեր, Քրիստափորի դերը մնաց միշտ եզակի մեր կուսակցութեան մէջ... Մեր ընկերական եւ մտերմական շրջանակներում դեռ եւս Քրիստափորի եւ Սիմօնի կենդանութեան ժամանակ, երբ երիտասարդական խանդավառութեամբ կլանում էինք բոլոր այն տեղեկութիւնները, որոնք վերաբերում էին մեր աւագ ընկերների կեանքին, ես առիթ եմ ունեցել մեր աւագ ընկերներից շատ անգամ լսելու, որ Քրիստափորը եւ Սիմոնը հակոտնեայ ուժեր լինելով՝ միմեանց խանգարում են: Կային ընկերներ, որոնք մինչեւ իսկ չէին քաշւում արտայայտւելու, որ կուսակցութեան շահի տեսակէտից լաւագոյնը կը լինէր, եթէ դրանցից մէկն ու մէկին յանձնւի կուսակցութեան ղեկավարութիւնը եւ միւսը հեռանայ ասպարէզից...
Դիտելով մեր կուսակցական կեանքը այն ժամանակները եւ նրանից յետոյ էլ, ես եկել եմ այն վճռական համոզման, որ այդպիսի նկատողութիւնները արդիւնք էին խորը տգիտութեան եւ տհասութեան. թէ՛ մեր կուսակցութեան առաջադրած գաղափարների եւ թէ՛ մեր խոշորագոյն երկու ընկերների վերաբերմամբ:
Անշուշտ, թէ Քրիստափորը եւ թէ Սիմոնը այն մեծ ուժերից էր, որոնք ոչ միայն կարեւոր դեր կարող էին խաղալ մեզ պէս մի փոքրիկ ժողովրդի մէջ, այլ եւ մեծ եւ խոշոր ազգերի հասարակական կեանքի առաջաւոր շարժիչները կարող էին լինել. չնայելով իրենց խառնւածքի հիմնական տարբերութեան Քրիստափորը եւ Սիմոնը զարմանալիօրէն միմեանց լրացնում էին եւ ստեղծում մի մեծ ամբողջութիւն. Կարելի է ասել, որ մէկի գործը առանց միւսը պիտի լինէր պակասաւոր: Քրիստափորը այն ճարտարագէտնրեից էր, որ յղանալով խոշոր ծրագրեր եւ հիմք դնելով որոշ շէնքերի, շատ անգամ զանցառութեան էր տալիս թէ ինչից է պատրաստւած շինւածանիւթը. Սիմոնն էր, որ իր սուր աչքերով, զարմանալի վարպետութեամբ մաղում էր զանգւածը, որով շէնքը դառնում էր աւելի կանգուն եւ հաստատուն. դեռ աւելին, չնայելով Սիմոնի խորաթափանց խելքին, հասարակական երեւոյթները ճշգրտօրէն ըմբռնելու կարողութեան, հակառակ նրա ինքնուրոյն եւ անկախ մտածելակերպին, նա մենակ անկարող էր այնպիսի հմտութեամբ եւ տեւականօրէն վարել մեր հասարակական կեանքի ղեկը, ինչպէս այդ կատարում էր Քրիստափորը, որը ժողովրդական զանգւածների գլուխն անցնելով՝ արտակարգ վարպետութեամբ վարում էր նա երասանակները: Սխալւած չենք լինի, եթէ ասենք, որ մեր ընկերներից եւ ո՛չ մէկը չէ ունեցել ղեկավարղի այն մեծ ընդունակութիւնը, որ ունէր Քրիստափորը, որը նոյնպիսի հմտութեամբ կարող էր լծել անհամար բազմութիւններ: Քրիստափորի գերագոյն առաւելութիւններից մէկը այն էր, որ նրա համար բացի հասարակական գործից չկար ուրիշ ասպարէզ. աշխարհի փառքը, հարստութիւնը, որով սկսել էին յղփանալ նրա նախկին ընկերներից շատերը, մանաւանդ Բագւում, երբեք չգրաւեցին նրան. այդ բոլորի մօտից նա անցաւ առանց գրաւելու, մնալով միշտ իդէալիստ, հոգով եւ գործով իսկական դեմոկրատ. նա ամէն կերպ աշխատում էր, որ երբեք ոգրծը չհակասի խօսքին. այդ երկուսի անխախտ զուգորդութիւնն էր, որ վերջ ի վերջոյ նրան տարաւ հայկական Գողգոթան: Չնայելով իր փորձառութեան նրա հողին երեխայի պարզութիւնն ու միամտութիւնը ունէր, ընկերների խօսքը անքննադատելի մի ճշմարտութիւն էր նրա համար. նա հաւատում էր ամէն բանի, մինչեւ իսկ չափազանցութիւնների, եթէ հաղորդողը ընկերն էր, բայց վայ նրան, ով ի չարը կը գործածէր նրա հաւատը, այդպիսի դէպքերում նա անողոք էր եւ կատաղի, այլ եւս ոչ մի գնով եւ ոչ մի ձեւով չէր կարելի վերականգնել նրա հաւատը դէպի այդ անձը: Ուղղամիտ իր համոզումների մէջ մէկ անգամ ընտրած ուղին նա կը գնար յամառութեամբ եւ մեծ վճռականութեամբ, առանց տատանւելու: Եւ շնորհիւ այդպիսի բարձր առաքինութիւնների, նա դարձել էր հայ մտաւորականութեան եւ երիտասարդութեան կուռքը, որի ձայնին ունկնդրում էին ամենամեծ երկիւղածութեամբ եւ ակնածանքով, աշխատելով իրենց ուժերի չափ օգտակար լինել այն գործին, որին ծառայում էր Քրիստափորը:
Մի կողմ թողնելով Քրիստափորի գրաւոր կերպով արտայայտւած գաղափարները, որոնք արժանի են մեծ ուշադրութեան եւ վերլուծման. ընկերական մտերմական շրջանակներում նա այսպէս էր ըմբռնում հայկական դատի իրականացման ճանապարհը. Երկրում պէտք է շարունակել ժողովրդական զինումը, մինչեւ որ ժողովուրդը ի վիճակի լինի ինքն իր ուժերով պաշտպանւելու: Եթէ այդ զինման ընթացքին տեղի ունենան ընդհարումներ, որոնք կարող կը լինեն որոշ վայրերում ժողովրդական ապստամբական շարժումների կերպարանքը ստանալ, այդպիսի շարժումներից չպէտք է խուսափել եւ երբեմն պէտք է քաջալերել, բայց հարցի վերջնական լուծումը գլխաւորապէս պիտի կախւած լինի եւրոպական դիպլոմատիայից, որը կը միջամտէ այն ժամանակ միայն, երբ կը վտանգւեն եւրոպական պետութիւնների շահերը: Այդ իսկ պատճառով մեր հարցի հանգոյցը նա համարում էր Պոլիսը եւ ծովափնեայ քաղաքները, որոնց մէջ գլխաւորապէս Իզմիրը, ուր, Պոլսոյ հետ միասին, սկսւեցին դաւադրական աշխատանքներ:
Եւրոպական քաղաքական շրջանակների վերաբերմամբ այնքան էլ մեծ կարծիք եւ հաւատ չունէր. նա համոզւած էր, որ դրամով ամէն ինչ կարելի է անել՝ ե՛ւ մամուլ, ե՛ւ քաղաքական գործիչներ, մինչեւ իսկ նախարարներ եւ կառավարութիւններ կարելի է դարձնել յօգուտ մեզ, եթէ անհրաժեշտ դրամը լինի: Այդ էր պատճառը, որ նա մինչեւ ինքնամոռացութեան աստիճան կլանւում էր այն մտքով, թէ ե՞րբ, վերջապէս, կարելի պիտի լինի անհրաժեշտ քանակութեամբ դրամը ճարել եւ յաճախ, երբ մի որեւէ նախարարական տագնապ էր առաջ գալիս եւրոպական պետութիւններից մէկում, նամանաւանդ Ֆրանսիայում, անկեղծօրէն բացականչում էր. «Տեսա՞ր, այ քեաֆուր, դարձեալ ուշացանք, էլի՛ փող չկայ, որ ամէն ինչ կատարէին յօգուտ մեր դատի»...
Քրիստափորը խորապէս համոզւած էր, որ հայկական հարցը շուտով, շատ շուտով կը լուծւի, առնւազն ներքին ինքնավարութիւն կը ստացւի, եթէ անհրաժեշտ աշխատանքները թափւեն: Յաճախ մտերմական խօսակցութեան ժամանակ մեզ՝ երիտասարդ ընկերներից ոգեւորւած՝ յայտարարում էր. «Տեսէ՛ք, շուտով Հայաստանը պիտի ազատւի, Սասնոյ բարձունքների վրա կը շինեմ իմ դղեակը եւ կը յանձնեմ ձեզ երկիրը կառավարելու. վա՜յ ձեզ, եթէ վատ կառավարէք եւ կամ ժողովրդի շահերը չպաշտպանէք, այն ժամանակ, չնայած իմ կաղ ոտքիս, կայծակի արագութեամբ կիջնեմ ցած եւ չարաչար կը պատժեմ ձեզ»...
Նրա մահից յետոյ նրան ճանաչող մի խումբ ընկերներ յաճախ առիթ էինք ունենում խօսելու նրա մասին եւ մե րմէջ, մանաւանդ, Կոստեա Համբարձումեանի եւ իմ մէջ հասունացել էր այն միտքը, որ անհրաժեշտ է Քրիստափորի կեանքի գծերից կազմել մի դասագիրք, մի ընթերցանութեան գիրք դպրոցական մատաղ սերնդի համար, որպէսզի պատանի սերունդը դպրոցական նստարանից սկսած շնչի նրա հոգին եւ դաստիարակւի այդ մեծ հայ քաղաքացու իդէալներով, բայց, դժբախտաբար, մեր հասարակական կեանքը այնպիսի փոթորիկների ենթարկւեց, որ Քրիստափորին ճանաչող ընկերներից մեծաոյնը անդարձ կերպով կորաւ գնաց, առանց մի խօսք անգամ գրելու նրա մասին, եւ զարմանալի չէ, երբ այժմ նոր սերունդը կամ բնաւ չէ ճանաչում նրան, կամ գիտէ շատ չնչին եւ հատ ու կտոր պատմութիւններ ու դէպքեր նրա կեանքից, որով չի կարողանում պատկերացնել, թէ որքան մեծ բաց է ունեցել մեր հասարակական կեանքը նրա մահւան պատճառով:
Ամէն անգամ, երբ առիթ է լինում վերյիշելու Քրիստափորին եւ նրա եղերական վախճանը, հոգիս լցւում է մի անզօր կատաղութեամբ, երբ մտածում եմ, որ շնորհիւ մեր կեանքի դաժան պայմանների, նա ընկաւ իր կեանքի կատարեալ հասունութեան շրջանում, երբ դեռ եւս հնարաւորութիւն ունէր ապագայում աւելի մեծ գործերի ղեկավարութիւնը ստանձնելու եւ հայ հասարակական կեանքի փոթորկոտ նաւի հմուտ եւ կորովի նաւավարը լինելու: