16 March, 2025

Կովկասահայի Տագնապը

«Այս է իմաստութեան վերջին խօսքը–
Նա է միայն արժանի ազատութեան եւ
Կեանքի, ով որ ամէն օր կռւով նւաճում է նրանց»:
Գէօթէ («Ֆաուստ») 

1825 թւին «Խելքից պատուհաս»-ի հռչակաւոր հեղինակ և Արևելքին քաջ ծանօթ Գրիբօեդով իր բարեկամ Բէգիշեվին Թէոդոսիայից ուղղած մի նամակում գրոմւ էր. «Ջենովացիներից և հովիւ-թաթարներից յետոյ Ղրիմ եկանք մենք (ռուսներս) – ընդհանուր ժառանդներս, – իսկ մեզ հետ նաև՝ աւերման ոգին, այդ սովորական մեր ուղեկիցը Արևելքում և Արևմուտքում»:

Եւ առաջ ընթանալով միշտ հաւատարիմ աւերման իր ոգուն՝ Ռուսաստանը, ինչպէս անցեալում, նոյնպէս և այսօր՝ ներկայացնում է ընդհանուր հալածանքի, ընդհանուր աւերածի ու բռնութիւնների մի լայնածաւալ ասպարէզ: Ազգութիւն չմնաց Ռուսաստանում, որ չճնշւէր, ժողովուրդ չմնաց, որ չխեղդւէր, խօսք, կարծիք, իրաւունք, օրէնք չմնաց – նոյնիսկ կայսերական գահերից հռչակւած – որ չտրորւէր: Իշխողների և ստրուկների , գիշատիչների և զոհերի, լրտեսների և լրտեսւողների մի ահաւոր բեմ է դա՝ փոխադարձ ոխի և ատելութեան կրքերով թունաւորւած: Ռուսաստանը մրցումէ Տաճկաստանի հետ պետկաան կեանքի բոլոր ասպարէզներում՝ նոնյչափ յաջող բացասականում, որչափ և դրականում: Եւ վատաբախտ հային վիճակւած է ապրել, օր-արև տեսնելու իրաւունք հայցել այդ երկու մահաբեր բռնակալութիւնների սահմաններում – «սատանայի և խորը ծովի միջև» ինչպէս ասում են անգլիացիք:

Եթէ այս դրութիւնը ընդհանրապէս պարզ չէր մեր նախորդների, մեր պապերի ու հայրերի համար, հապա 80-ական թուականներից սկսած, այստեղ և այնտեղ, մէկը միւսի ետևից տեղացող ծանր հարւածները այլևս կասկած չթողին այդ մասին՝ ժամանակակից սերունդների մէջ:

Եւ հայ դպրոցների փակումից յետոյ, ահա մենք ականատես ենք հայ եկեղեցական կալւածքների յափշտակման: Այս կարգի երևոյթները արդէն սովորական ճնշումների արտայայտութիւն չեն, այլ բացայայտ ձեռնոց, որ վայրագօրէն նետում է ռուս աւազակապետութիւնը կովկասահայի ազգային ինքնուրոյնութեանը: Ինչպէս Տաճկաստանում, նոյնպէս և Ռուսաստանում, իզուր անցան ուրեմն «լռութեան», «խոհեմութեան», «բարեմիտ հպատակութեան» և «յարմարւելու» այն բոլոր պատգամները, որ կովկասահայը դաւանում էր ռուս կառավարութեան վերաբերմամբ: Իզուր էինք մենք լսում, ուրեմն, մեր անասնացած բուրժուազիային ու նրա որդեգրած նորագոյն ինտելիգենցիայի ներկայացուցիչներին – այդ գարշելիներին, որոնք ընդունակ են, կառավարութիւնից վարձատրւելու չափ արժանի եռանդով, հայ ժողովրդից պատրաստել խողխողւող ոչխարների կամ այլասերւած անտարբերների մի հօտ միայն: Իզուր էր ուրեմն կովկասահայը հետևում իր կղերին – այդ պատմական անդամալոյծին, որ կախւած ժողովրդի յոգնած, արիւնոտ մարմնից, բազմել էր Էջմիածնում, առաջնորդարաններում, պետական դպրոցներում և այլուր՝ պրօկուրօրների, նահանգապետների, դիրեկտօրների և յետին ոստիկանի հրամանները կատարելու համար: Իզուր էինք, ուրեմն, կեանքի գծուծ շահերից մղւած – ինչպէս այդ արել ենք հայերս շատ անգամ – այստեղ ևս խլացնում մեր մէջ բոլոր բարձր պահանջները՝ պատուասիրութեան, համարձակութեան, զոհողութեան, ազնիւ պայքարի մեր ամենալաւ հակումները:

Այո՛, իզո՜ւր, բոլորովին իզուր անցան այդ բոլոր խաբուսիկ ջանքերը, «զգուշութեան» այդ թունաւոր քաղաքականութիւնը, անսիրտ ու ստրկամիտ «խելօքների» այդ վարակիչ, այդ անբարոյականացնող և միմիայն իրենց «խելօքների» համար անձնականապէս շատ եօնտու երեմիականները:

Ներկայ համարում տպւած «Կովկասեան խաբրիկները» և մի շարք թղթակցութիւններ արդէն տեղի ունեցած հակակառավարչական ցոյցերի մասին՝ գաղափար են տալիս այն դիմադրական տրամադրութեան մասին, որ արտայայտւում է կովկասահայերի մէջ: Պատկերը լրացնելու համար առաջ ենք բերում այստեղ կրկին մի կտրո մեր ընկերոջ մի նամակից.

«Կալւածների յափշտակման այս տանապալից խնդրում ամենաուշագրաւ երեւոյթն է ժողովրդի ծայրէ ի ծայր ցնցւելն ու շարժւելը: Հայ ժողովուրդը ելէքտրականացել է մի կրակով, մի զգացումով – դիմադրել, կռւել, արիւն թափել. գիւղ, քաղաք, համարեա ամէն դասակարգ, ամէն հասակ այժմ միատեսակ են զգում ու մտածում, միատեսակ պահանջներ արտայայտում, միատեսակ ծրագիրներ կազմում՝ վրէժխնդրութեան, ինքնապաշտպանութեան եւայլն: Լեռներում եւ բարձրավանդակներում ժողովուրդը զինւում է: Մի տեղ ես հանդիպեցի մօտ 200-300 երիտասարդների՝ ձիաւոր, զինավառ, սպասող ազդանշանի, որ գրոհ տան Մայր-տաճարի պաշտպանութեան համար: Ահա ինչու Էջմիածինը պաշարւած է զօրքերով:

«Դուք լսել էք երեւի Աշտարակի ցոյցի մասին, բայց չէք լսել, որ երբ Վաղարշապատի գաւառապետը հրամայում է կօզակներին՝ մտրակներով հալածել ժողովրդին դէպի գիւղ, այն ժամանակ Օշականից կօզակների ու գաւառապետի վրայ տեղում են հրացանի գնդակներ բաղերի խորքերից և ժայռերի արանքներից, ու գաւառաչետը ստիպւում է կօզակներով յետ գնալ:

«Այլեւս անկարելի է զսպել ընդհանուր ցասումը, ինչպէս անկարելի է Մասիսից ներքեւ թռչող քարաժայռերը կանգնեցնել:

«Միակ պախարակելի մօմէնտը, որ թոյլ տւեց հոգեւորականութիւնը – դա միւռօնի վռազ, համրեա ծածուկ օրհնելն էր... Ժողովուրդը – ուր որ եղայ – ցաւ է զգում այս առթիւ եւ սիրտը լցւում է վրէժի թոյնով: Լինչեան թուրը նրա բռունցքումն է հիմա, եւ մի քանի ժամանակից յետոյ, գուցէ, դուք լսէք սոսկալի վրէժխնդրութեան դէպքերի մասին»...

Ոգևորիչ տրամադրութի՜ւն, սրտի խորքում անպատւած, վիրաւորւած ժողովրդի զայրո՜յթ. ո՞ւր էիք դուք մինչև այժմ... Եթէ դպրոցների փակման ժամանակ հանդէս գայիք շատ նւազ չափերով անգամ՝ գուցէ իստերիք Գալիցինների, դահիճ Պլէվէների և անուղեղ Նիկօլաների համար այսօր ճանապարհը դէպի եկեղեցական կալւածքները այնքան բաց չհամարւէր, որչափ այդ երևաց այժմ:

Բաց անցածը անցել է, և միանգամայն մխիթարական է այն վճռական սթափումը, որ տիրել է վերջապէս կովակսահայ հասարակութեան և ժողովրդին: Մենք յոռետես չենք և կարծում ենք, որ մի անգամ արիւնով սրբագործւած դրութիւնը կունենայ իր նշանակալից հետեւանքները և այլևս անդարձ պիտի անցնին-գնան հայ յեղափոխական շարժման առթիւ օրօր երգողների ժամանակները: Անէ՜ծք այսուհետև լռութեան, համբերութեան և ամէն տեսակ «խոհեմութիւնների» առաքեալներին: Նզո՜վք այսուհետև՝ կռւից խուսափելու, հարւածի տակ ընճւելու, զէնքից փախչելու, վախ ու երկիւղի տեսակէտից իւրաքանչիւր քայլ լուսաբանելու ընդունակ՝ ամէն կարգի խրտւիլակներին: Մեղ անդորրութիւնը չէ, որ ապահովում է մարդկային Իրաւունքը, այլ Կռիւը՝ անդուլ, անվկանդ: «Առանց կռւի չկայ իրաւունք, ինչպէս որ առանց աշխատանքի չկայ սեփականութիւն: Որքան ճիշդ է ասւած թէ՝ «երեսիդ քրտինքով պիտի վաստակես քո հացը», նոյնքան ճիշդ է և այն՝ թէ «կռւի մէջ միայն պիտի գտնես քո իրաւունքը»... Արդարութիւնը մի ձեռքում բռնած ունի կշիռ, միւս ձեռքում՝ սուր: Կշիռով նա կշռում է իրաւունքը, սրով պաշտպանում, հաստատում է նրան: Սուրը առանց կշռի՝ մերկ բռնութիւնն է, կշիռը առանց սրի՝ իրաւունքի անզօրութիւնը» – այսպէս է տրամաբանում գերմանացաի Երինդ, եւրօպական ամենահռչակաւոր իրաւաբաններից մէկը:

Թուլամիտ պէտք է լինել՝ այս խօսքերում պարզունակ ճշմարտութիւնը չ'ըմբռնելու համար: Սակայն եթէ իրաւունքը իր պաշտպանութեան համար կռիւ է պահանջում, հապա կռիւը իր յաղթանակի համար նեցուկ պիտի ունենայ՝ ուժը: Ուժն է, որ կառավարում է աշխարհս, և մենք ձեռք կը բերենք մեր ուզածները՝ երբ ուժ կ'ունենանք: Ո՞վ նոյնիսկ մի հասարակ լակէյի պաշտօն կը հաւատար այսօրւայ ռուս կայսր Նիկօլայ II-ի պէս ապուշին, եթէ նա չլինէր Ալէքսանդր III-ի որդին. ո՞վ այնպիսի մի էպիլէպտիքի, ինչպիսին է Գալիցինը, հասարակ ախոռապահի դեր անգամ կը յանձնէր իր տանը, եթէ նա մեծացած չլինէր ռուս կայսերական աւազակաբունի մօտերքում: Բայց ահա այդ այլասեռւած յիմարների, այդ ցաւագար լրբերի իրար վայել խմբակցութիւնը՝ յենւած որոշ տրադիցիաների և հապտակ ժողովուրդների տգիտութեան վրայ, իր տրամադրութեան տակ է առել միլլիարդների բիւջէ և իշխում է, ինչպէս ուզում է: Նոյնն է և Տաճկաստանում, ուր Աբդիւլ-Համիդ կոչւող հրէշը, եթէ ծնւած լինէր հպատակի ընտանիքում, վաղուց արդէն, իբրև ստորագոյն կարգի ոճրագործ, կախաղան կը լինէր հանւած: Նոյնն է և ուրիշ միապետական ու կէս-միապետական երկրներում:

Համարձակութիւն է հարկաւոր՝ իշխողների լպիրշ երեսին շպրտելու համար իրենց պատշաճ տեղը մարդկային հասարակութեան մէջ. բայց այդ բաւական չէ: ԸԻշխողների կազմակերպւած ուժի դէմ հակադիր ուժ ստեղծելու համար անհրաժեշտ են. ա) ընդհանուր դրութեան և շահերի պարզ գիտակցութիւն, բ) ոչ մի տեսակ զոհողութիւնից յետ չկանգնելու անյողդողդ վճռողականութիւն և գ) համաձայնութիւն, համերաշխութիւն կռւելու կոչւող տարրերի մէջ:

Անդրադառնալով ընդհանուր հայկական կեանքին այս պայմանների տեսակէտից, կարելի է ընդունել, որ վտանգաւոր կացութեան գիտակցութիւնը օրէցօր աւելի և աւելի է ծաւալւում: Հայ ժողովուրդը իր գլխաւոր և երկրորդական մասերում այսօր արդէն տեսնում է, թէ որքան նման են Համիդ և Նիկօլայ, քիւրդ և կօզակ, մէկը՝ գազանութիւնը և արիւնարբութիւնը զէնք ընտրած, միւսը՝ մարդատեացութիւնը և ցինիկութիւնը:

Զոհողութեան ընդունակութիւն և արտայայտեցինք. Պօլսի, Սասունի, Վանի, Զէյթունի և Տաճկահայաստանի բազմաթիւ ուրիշ վայրերի տւած արիւնին գնաց միանալու Գանձակում, Թիֆլիսում, Բագւում  և այլ տեղերում յանուն հայ ժողովրդի իրաւունքների նահատակւածների արիւնը:

Հմաերաշխութան սկզբունքը շեշտւած է արդէն այն գործօն հետաքրքրութեամբ, որով ռուսահայը հետևեց տաճկահայկական դատին, իսկ այսօր գալիս է նոր արտայայտութիւն գտնելու այն բողոքների մէջ, որոնցով տաճկահայ հոգևորականութիւնը, ժողովուրդը և ուրիշ գաղութներ ձայնակցում են ռուսահայի կռւին՝ ռուս կառավարութեան դէմ:

Սակայն այդ բոլոր դրական երևոյթները կազմում են դեռ ևս անհրաժեշտ պահանջների սաղմը միայն: Մինչև այժմ ո՛չ զոհողութեան ինքնավստահ պատրաստականութիւնը ընդգրկեց ազգութեան բոլոր դասակարգերը, ո՛չ էլ համերաշխութեան, միաբանութեան սկզբունքը դարձաւ կենդանի պահանջ, արիւն ու մարմին՝ ամենուրեք հալածւող հայ տարրի մէջ ժամանակ է վերջապէս, որ ներկայ մահաշունչ կացութեան դիմաց, երբ տաճկահայկական կոտորածներից յետոյ, գուցէ, գտնւում ենք կովկասահայկական կոտորածների նախատօնակին, կռւելու անդրդւելի վճռողականութիւնը և իրար խառնւելու, իրար հետ միանալու, իրօք մի ամբողջութիւն կազմելու միահամուռ, միահոգի պահանջը մեր ընդհանուր նշանաբանը դառնայ: Պատռել է հարկաւոր քարտէզների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծւած սահմանները, ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից և որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատև են լինում: Ո՛չ մի բռնութիւն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չէ կարող բաժանել մի ժողովուրդ, եթէ նա, տոգորւած ընդհանուր շահերի գիտակցութեամբ, ունի նաև կռւելու անսասան վռողականութիւն և կապւած, միացած է դարերով սնւած ու պահպանւած ընդհանուր բնազդների ու զգացմունքների առողջ զարկերակով:

Համարձակութի՜ւն գահակալ խրտւիլակների և նրանց շրջապատող, նրանց գործակից բոլոր դահիճների ու անբան ստրուկների դիմաց...

Ինքնավստահ վճռողականութի՜ւն՝ ընդհանուր շահերի գիտակցութեամբ լուսավառւած...

Մէ՜կ նպատակ, մէ՜կ ամբողջութիւն՝ յեղափոխական անհաշտ կռւի համար...