04 April, 2025

Հայկական վերջին կոտորածը. Արճէշ

Հեռագիրը հաղորդեց Արճէշի առման մասին: Դա մի փոքրիկ քաղաք է Վանայ լճի հիւսիսային ափին: Սրա անունը խորապէս արմատացել է յիշողութեանս մէջ, որովհետեւ այդ անունը անընդհատ կրկնում էին իրենց պատմածների մէջ Դիագինում, Ղարաքիլիսէում հանդիպածս փախստական հայերը- առաջին փախստականները այն կոտորածի վայրերից, որ տեղի ունեցաւ ապրիլին Թուրքհայաստանի հարիւրաւոր գիւղերում եւ փոքրիկ քաղաքներում:

Մասնակի սպանութիւնները եւ թալանները սկսւել էին մարտից: Դեռ մարտի 11-ից մի նամակ հասաւ Ռուսաստան (Կոստանդնոպօլսից պտոյտ գործելով, որի մէջ խօսւում էր այն բացարձակ անվստահոթեան մասին, որ արտայայտում է թուրք իշխանութիւնը դէպի հայերը, մասնաւորապէս հայի ասկեարները: Ամէն տեղ զինաթափ էին անում եւ ուղարկում էին սեւ աշխատանքների: Սկսւել էին սպաննութիւններ սահմանամերձ շրջաններում Բաշկալայում, Սարայում, Արջակում, Աղբակում եւ այլ տեղեր: Երկու գիւղում կոտորւած է երկու հարիւր հոգի: Թալանչիները սոսկումներ էին գործում մանաւանդ Արճէշի գաւառակում: Բանտերից արձակւած աւազակենրից կազմւում էին չետնիկների խմբեր, որոնք գործում էին Էրզրումում, Մուշում, Բիթլիսում, Դիարբեքիրում, Ակնում եւ Կիլիկիայի շրջաններում: Նահանգապետի կարգադրութեամբ սպանւեց թեմական առաջնորդ Օդաբաշեանը: Այնթաբից, Դորդ-Եօլից, Քաջինից եւ Կիլիկիայից աւելի քան տասը հազար տղամարդ քշւեցան ճանապարհների վրա աշխատելու:

Թրքական պարլամենտի պատգամաւոր Վռամեանը խիստ կերպով բողոքեց այս բռնութիւնների դէմ: Թալէաթ բէյը, վախնալով որ Մուշի (Բիթլիսի) եւ Վանի վիլայէթների հայերը, որ բաւական լաւ զինւած են, կարող են ապստամբւել եւ դրանով ռուս զօրքերին նպաստել, հեռագրել էր նահանգապետին, որ դադարեցնեն ջարդերը: Սակայն կարգադրութիւնը մնացել է անհետեւանք: Կոտորածը աճում էր եւ ապրիլի սկզբին դարձել էր ընդհանուր եւ սիստէմատիք: Այդ սիստէմի մասին պատմեցին ինձ ապրիլի 8ին Արճէշի փախստականները: Բոլոր հայ զինւորները, իբր թէ սուլթանի իրատէով, զինաթափ էին արւում եւ ճանապարհների վրա աշխտաելու: Երկուշաբթի, ապրիլի վեցին, թուրք ժանդարմները եւ չենտիկները ձերբակալեցին քաղաքում բոլոր հայերին եւ փակեցին բանտում ու զօրանոցներում: Կանանց եւ երեխաներին փակեցին տներում: Գիշերը տղամարդկանց, խումբ խումբ կապոտած, դուրս բերեցին քաղաքից, յայտնելով, որ նրանք մահւան եւ դատապարտւած իրենց դէպի Ռուսաստանը ունեցած համակրանքների պատճառով, եւ սկսեցին հրացանազարկ անել: Իմ տեսած փախստականներից միայն մէկն էր ականատես եղել այդ սպանութիւններին: Նա ընկնում է գետին եւ մեռած է ձեւանում: Իսկ երբ թուրք չետնիկների մէջ շփոթութիւն է ընկնում (նրանք մթութեան մէջ իրար վիրաւորել էին), նա բացում է իր կապանքները եւ դուրս սողում: Միւս փախստականները դեզերտիրներ էին, որ թաքնւելիս էին եղել շրջակայքում: Արճէշից չետնիկները միւս օրը շարժւեցին դէպի շրջակայ գիւղերը: Միւս փախստականների ասելով շրջանում աւերւած է 20 գիւղ եւ կոտորւած մինչեւ ինը հազար տղամարդիկ, պառաւներ եւ երեխաներ: Երիտասարդ կանայք տարւել են Թուրքիա: Նոյն սիստէմը գործադրւել է Աբաղայում, Բերկրիում, Ալճավազում, Մանազկերտում, Պատնոսում եւ այլ տեղերում: Ամէն տեղ տղամարդիկ ապրիկ 6ին բանտարկւում էին զօրանոցներում, գիշերը դուրս էին բերւում եւ հրացանի բռնւում: Միաժամանակ քուրդերը խուժում էին հայոց տները, բռնաբարում էին կանանց եւ աղջիկներին, իրենց հետ տանում ջահիլներին, իսկ մնացածներին եփում էին կաթսաներում, գցում էին թոնիրները, շիկացած պայտեր էին կպցնում ոտքերին, հանում էին աչքերը, եւ ենթարկում էին այլ տանջանքների ու անարգանքների:

Թէ որքան սիստէմաթիկօրէն էր գործադրւած այս ջարդը, երեւում էր նրանից, որ ազատւել եւ եկել են հազիւ մի քանի հարիւր առողջ տղամարդիկ, որոնք գաղտագողի անցել են Ալադաղի լեռնային ճանապարհներով: Նրանք փախել են միայն այն պատճառով, որ զէնք չեն ունեցել: Նրանց առաջարկում էին ամէն տեսակ, նոյնիսկ շահաւէտ աշխատանքներ, բայց նրանք ոչինչ չէին ուզում լսել եւ ժամերով հառաչում էին մեր բնակարանների շուրջը. «տւէք մեզի զէնք»: Նրանց մեծամասնութիւնը միացաւ հայ կամաւորների գնդերին:

Ովքեր զէնք են ունեցել, ապստամբել են: Ապստամբութեան կենտրոնը եղել է Վանը – Հայաստանի հին մայրաքաղաքը: Համաձայն մի տեղեկութեան (անկասկած չափազանցրած), Վանում եղել է մինչեւ 10 հազար զինւոր (զինւած հայեր). աւելի հաւանական է միւս տեղեկութիւնը, թէ եղել է 1,500 զինւոր: Սկզբում ապստամբները ունեցել են որոշ յաջողութիւնը, ջարդելով թուրքերին մի գիւղի մօտ: Բայց յետոյ, երբ Ջաւդադ բէյի զօրքերին օգնութեան է հասալ Օմար բէկի քիւրդ ալայը (գունդը), հայերը նահանջել են եւ փակւել Վանի մէջ, որը այժմ պաշարւած է 6,000-7,000 կանոնաւոր թուրք զօրքերով եւ քիւրդերով: Եղել են եւ այլ ընդհարումներ. ասում են, նոյնիսկ Կարճկանում խլել են երեք թնդանօթ:

Այսպէս են առաւելապէս հաւաստի տեղեկութիւնները ապրիլի ջարդերի մասին, որոնք ընդհանրապէս խուլ են եւ մութ: Պէտք է յուսալ, որ այժմ հեռու չէ այն մոմենտը, երբ մեր զօրքերի առաջխաղացութեամբ դէպի խորքերը՝ Հայաստանի պատմութեան մէջ այս վերջին կոտորածն էլ կդադրեցւի եւ վախճանի կյանգի ռուս զօրքի ազատարար միսսիան, որի սկիզբն եղաւ քրդերի կողմից փախցրած ութսուն աղջիկների ազատումը Թափառէզի կիրճն անցնելու ժամանակ:

Ն. Օգանովսկի
«Հայրենիք», Պոսթոն
1915, Թիւ 78 (1039)