Ղազար Հաւատորիկցի.- Քառասունհինգ տարեկան էր, ամուսնացած, հայր 4 տարեկան մի զաւակի. բարձրահասակ, ճերմկած մազերով, թիկնեղ, թեթեւաքայլ եւ հայդուկային կեանքի բոլոր նեղութիւններին համբերութեամբ տոկացող:
1898 թւից առաջ գնացել էր Ռուսաստան ապրուստ վաստակելու նպատակով: Այնեղ շփւում է յեղափոխական ընկերների հետ եւ իւրացնում նրանց գաղափարները: 1891 թւին Ճարտարի խմբի հետ, իբրեւ տասնապետ, երկիր է անցնում, միանում է Սերոբի խմբին եւ մասնակցում քրդերի եւ զօրքերի դէմ եղած մի կարգ կռիւներում: Սերոբի մահից վերջ, կառավարութիւնից իբրեւ յեղափոխական ճանաչւելով՝ պարտաւորւում է փախստական ապրել: Աւելի ուշ՝ ընտանիքն եւս հետը վերցնելով՝ բնակութիւն է հաստատում Սասունում, եւ իւր համեստ ուժերը միացնում Անդրանիկին, Հրայրի եւ Վահանի գործունէութեան: Սասնոյ մե կռիւների ժամանակ՝ Տալւորիկի կողմերի պաշտպանութեան համար նշանակւած խմբի մէջն է գտնւում: Ապա Տալւորիկից փոխադրւելիս՝ Հոսնուտ գիւղի մօտ, մի պուրակի մէջ, մի քանի ընկերներով կռւի է բռնւում թիւրք զինւորների դէմ: Կռւի ժամանակ գնդակահար է լինում:
Ղազար Զօրօեան.- Շէնըքցի, 21 տարեկան: Անդամ գիւղի հարուստ մի ընտանիքի՝ եռանդուն եւ կտրիճ մի տղայ էր: Շատ ոգեւորւած էր Սասունում բուն դրած յեղափոխականների ներկայութիւնից եւ շարունակ յարաբերութեան մէջ էր նրանց հետ: Խմբերին օրերով հիւրասիրում է, պատսպարում եւ ճամբայ գցում: Ոչ մի զոհողութիւն չէր կարողանում արգելել նրան՝ յարաճուն եռանդով փայփայելու յեղափոխութեան միտքը:
Երբ բռնկւեց ապստամբութեան հրդեհը եւ սկսեց անհաւասար, օրհասական կռիւը Սասունցու եւ համիդիական բանակների միջեւ, նա ասպարէզ նետւեց իբրեւ հասարակ զինւոր եւ հայրենասէր երիտասարդի ամբողջ թափովը՝ մասնակցեց Լաճըկանցիքի, Սէմալի եւ Գէլիէ-Գուզանի կռիւներին, որոնց մէջ ցոյց տւեց Սասունցուն պատիւ բերող քաջ ոգի: Գէլիէ-Գուզանի կռւում նա էլ ընկաւ:
Իր մօր մին ու ճարն էր: Սակայն կտրիճի արիւնը բաւական չէր, կարծես, որպէսզի թշնամին իր կատաղութիւնը ամբողջապէս թափած զգար: Սոսկումը կատարեալ անելու համար հարկաւոր էին նաեւ անպաշտպան մօր եւ նորահարսի խողխողած մարմինները: Կռիւներից յետոյ, երբ Ղազարի մայրը իր հարսի հետ ուզում էր Շէնըք վերադառնալ, ճանապարհին հանդիպում է թշնամի քիւրդերի: Անկարելի է լինում քիւրդերից խոյս տալ: Երկու սասունցուհիներն իրենց պատիւը անարատ պահելու համար, գրկում են իրար եւ մօտակայ գետը նետւում: Երկու րոպէ վերջ գետի ալիքները իրենց յորձանքների մէջ առաջ էին քշում ինքնակամ նահատակների անշունչ դիակները...:
Ղազար Մօսօեան.- Շէնըքցի ռէս, 65 ամեայ, 94-ի յայտնի հերոս Գրգօի եղբայրը, մի բազմանդամ ընտանիքի հայր: Միջահասակ, լայնկեկ, խոժոռ դիմագծեր, լայն-ճակատ, առատ-բեխ, առոյգ-կարմիր դէմք, մեղմ եւ դուրեկան խօսւածք: Համագիւղացիների համերաշխութեան կապն էր նա: Մեծ հաւատք էր տածում յեղափոխութեան մասին: Իրեն համար ամենից հաճելի ժամերը յեղափոխականների հետ խօսակցութեամբ անցկացրած ժամերն էին: Քանի՜ քանի՜ անգամ դրանցից մէկին կամ միւսին իր մօտ է պահել, երկրա ու բարակ վիճաբանութեան համար թէ՝ ի՞նչ է Օսմանեան կառավարութեան մտադրութիւնը հայերի մասին, թէ նա ի՛նչ աչքով է նայում Սասունի վրայ մասնաւորապէս, թէ ի՛նչպէս պէտք է ժողովուրդը պատրաստել ինքնապաշտպանութեան համար, թէ արտասահմանի հայերը ինչպէս եւ ինչ կերպով կարող են ու պէտք է օգնեն երկրացիներին եւայլն: Կռիւների ժամանակ ոչ միայն գիւղացիներից խմբեր էր պատրաստում, խրախուսում եւ կռւի ուղարկում, ոչ միայն կանանց խմբեր էր ճամբում՝ կռւողներին պաշար եւ ռազմամթերք փոխադրելու, այլ եւ գրեթէ բոլոր կռիւներին մասնակցում էր անձամբ, զէնքը ձեռքին, հակառակ իր ալեւոր հասակին: կռիւներից յետոյ նա էլ, ուրիշների պէս, դաշտն է իջնում: Մի ժամանակ Գոմերումն է մնում, ապա անցնում է Խորոնք գիւղ, ուր դաւաճանութեամբ սպանւում է թշնամի քրդերից:
Գրգօ Սինօեան.- Աղբեցի. 20 տարեկան, գիւղի յայտնի ընտանիքներից մէկի զաւակ: Կարճահասակ, եռանդուն պատանի: Տարիներ առաջ՝ երբ տակաւին փոքր էր, յաճախ ներկայ էր եղել Մուրատի՝ իւր հօր եւ եղբօր հետ ունեցած խօսակցութիւններին յեղափոխութեան մասին, որոնք իւր մատաղ սրտի մէջ վառել էին յեղափոխական գաղափարի առաջին կայծը: Տարիների ընթացքում որքան հասունանում է իւր միտքը, նոյնքան աճում, արծարծւում է եւ այդ կայծը: Երբ Մուշ ու Սասուն սկսում է նոր գործունէութիւն, կազմւում են հայդուկային նոր խմբեր, նրանց գլխաւոր ընդունող ու պաշտպանողը նա է լինում իրանց գիւղում. շատ անգամ էլ առաջնորդութիւն ու փոխադրութիւններ է արել: Համագիւղացիներ կամ բարեկամներ շատ անգամ խրատելիս են եղել նրան՝ ետ մնալ իւր ուղղութիւնից, շատ անգամ էլ սպառնալիքներ է լսել,- բայց միշտ ի զուր: Քաջութեամբ մասնակցում է Գէլիէ-Գուզանի կռւին, որի մէջ ճակատից գնդակահար լինելով՝ մեռնում է: Թշնամին իւր գազանութեան մի նոր փաստ տալու համար, թնդանօթի բերանին է կապում նահատկի մարմինը ու պայթեցնում:
Քեռի Կուրավցի (Քիւրդ Բարսեղ).- 50 տարեկան, միջահասակ, առոյգ կազմւածքով. Հարուստ ընտանիքի զաւակ: հէնց փոքր հասակից ցոյց էր տալիս վերին աստիճան անհանդարտ բնաւորութիւն. 15 տարեկան հասակում իսկ նա չէր քաշւում իրենց գիւղում պատահող քրդերի հետ կռիւներ սարքել, քրդեր՝ որոնք գալիս էին իրենց քմահաճոյքի թելադրած նեղութիւններին ենթարկելու գիւղացիներին: Չափահաս դառնալուն պէս թողնում է տունը պանդխտում Պօլիս: Այնտեղ մի քանի տարի ծառայութիւն անելուց եւ փող աշխատելուց յետոյ՝ անցնում է Բօլգարիա: Իրեն շրջապատող միջավայրի եւ ընկերների շնորհիւ՝ կապւում է յեղափոխական գործին եւ քիչ վերջ բոլորովին նրան նւիրւում: Ճիշտ այն ատենները, երբ Հրայր Բօլգարիայում տեսնւում էր հայաստանցի գաղթականների հետ, Բարսեղն էլ շատերի պէս նրա ամենամօտ բարեկամներից է լինում: Զինւորագրւում է, ստեփական փողով իրեն համար զէնքեր է հայթայթում ու անցնում Կովկաս՝ Երկիր վերադառնալու համար: Բարսեղի վերջին նպատակը անմիջապէս չի յաջողւում եւ նա պարտաւորուած է լինում Կովկասում ապրել, դարձեալ իր սեփական աշխատանքով, մինչեւ վերջ յանձն չառնելով բեռ դառնալ կազմակերպութեան համար: Որոշ ժամանակամիջոց անցնելուց յետոյ՝ Հրայրի խումբը Բասեն պէտք է մտնէր, բայց Բարսեղ այդ ատեն հիւանդ լինելու պատճառով կորցնում է վաղուց ցանկացած առիը եւ մի քիչ աւելի մնում Կովկաս: Ճարտարի խմբի հտ յաջողւում է Երկիր մտնել, եւ շուտով գնում է միանալու Սերոբ-Աղբիւրին, որ տակաւին ողջ էր եւ գործում էր: Քիչ յետոյ Սերոբ պարտաւորւած լինելով զինւորներին առժամապէս արձակելու, Բարսեղն եւս հեռանում է Սերոբից ու մտադրւում նորից Կովկաս վերադառնալ, բայց գալուց առաջ որոշում է այցելել գէթ մի անգամ իրենց տունը: Եւ գնում է:
Իբրեւ գիւղում աչքի ընկնող տուն, շատ սովորական որ օտարականներ գային Բարսեղենց տունը, պատսպարւէին, պարենաւորւէին ճամբան շարունակելու համար: Այն օրից երբ Բարսեղ թողել էր իր ծնողներին եւ պանդխտութեան դիմել, 25 երկար տարիներ էին անցել. պատանին այժմ մեծացել, չափահաս տղամարդ դարձել, դէմքով եւ արտաքինով միանգամայն փոխւել: Այդ պատճառով էլ ընտանիքի անդամներից ոչ ոք չի կարողանում ճանաչել նրան, երբ նա հայրենական յարկին տակն էր գտնւում. իսկ ինքն չէ ուզում իրեն յայտնի կացուցանել: Հետեւեալ օրը ճանապարհը շարունակում է մինչեւ Խնուս հասնում: Յայտնի չէ թէ ի՞նչ պատճառով չի կարողանում այնտեղից առաջ գնալ ու նորից դառնում է տուն:
Այնտեղից Բարսեղի գործն էլ ինում իրենց եւ շրջակայ գիւղերում նոր ընկերներ ճարել եւ նրանց կազմակերպել. ընդունում էր Սերոբի յանձնարարութիւնները ու ճշտութեամբ կատարում: Բայց իր յարաբերութիւնները երկար ժամանակ գաղտնի չը մնացին կառավարութիւնից, որ նրան, իբրեւ կասկածելի անձի, սկսեց քայլ առ քայլ հետեւել: Բարսեղ ինքզինքը ապահով չը զգալով՝ բարձրացաւ դէպի Սասուն ու նորից սկսեց զինւորական ծառայութիւնը: Սերոբ տեսնում էր նրա ճարպիկ եւ անձնւէր գործունէութիւնը եւ առանձին վստահութիւն ունէր դէպի նա նրան էր յանձնում շատ անգամ այնպիսի պատասխանատու գործեր, որ դժւար թէ ուրիշներ կարողանային ստանձնել: Նա այնուհետեւ էլ շատ անգամ իջաւ դաշտ եւ այնտեղ մնաց կարճ ու երկար ժամանակով:
Սերոբի սպանւելուց յետոյ Բարսեղի գլխաւոր գործիչ-ընկերներն եղան Սարօն եւ Սեդրակ: Մի անգամ Բարսեղ այդ երկուսի հետ գտնւում էր Կուրավա գիւղում: Կառավարութիւնը մի մատնիչ հայի – հաւատորիկցի Մակարի – ցուցմունքով գալիս է ձերբակալելու դրանց: Ալաբէյը 50 ձիաւոր զինւորներով պաշարում է գիւղը. զինւորներից մէկը ջուր ուզելու համար՝ մտնում է մի տուն, ուր տեսնում է Սարօին ու Սեդրակին: Վերջիններս փորձում են բռնել թիւրքին, որպէս զի սա չը հաղորդէ զինւորներին իրենց մասին. թիւրքը դուրս է ցատկում տնից, տղաները ետեւից հրացան են կրակում ու գլորում նրան: Հրացանի ձայնից թիւրքերը անմիջապէս պաշարում են տունը, երկու կտրիճները դիրքեր բռնած՝ սկսում են կռւել: Դժբախտաբար երկար չի տեւում դիմադրութիւնը: Սեդրակի հրացանը աւրւում է: Սարօն դուրս է գալիս տնից՝ աւելի յարմար դիրք բռնելու համար, աջից ու ձախից կրակելով կռւում է իրեն շրջապատող զինւորների հետ ու առաջ անցնում, բայց ընկնում է թշնամու գնդակների տարափի տակ: Թշնամին չէր իմանում թէ Սեդրակի հրացանը փչացել է, ուստի շարունակում է հրացանաձգութիւնը. Սեդրակ պաշտպանւելու եւ ազատւելու ուրիշ միջոց չունենալով՝ քանդում է իր հրացանի մասերը, փամփուշտների հետ ցրիւ է տալիս, կորսնցնում եւ ապա ողջ ողջ թշնամու ձեռքը չ'ընկնելու համար՝ հանում է դաշոյնը ու իր սիրտը խրում...
Քեռին գտնւում էր մի ուրիշ տան մէջ. հրացանաձգութեան ձայներից հասկացել էր թէ բանը ինչումն էր, ուստի դուրս գալով տնից եւ գիւղի մի ուրիշ կողմ դիրք բռնելով՝ սկսում է գնդակ տեղալ զօրքերի վրայ. իրեն ընկերակցել էին համագիւղացի Նազար հրացանով եւ Ցրօնքցի Շուշանիկ ատրճանակով: (Շուշանիկ քոյրն է Ցրօնքցի Խուշիկի: Շուշանիկ մեծ ոգեւորութեամբ օգնել է Գուրգէնին եւ իր խմբին: Համագիւղացիներից շատերը նկատած լինելով նրա յարաբերութիւնները յեղափոխականների հետ, կառավարութեան էին մատնել: Շուշանիկ պարտաւորւած եղաւ փախստական ապրել. ման էր գալիս գիւղերում եւ յատկապէս աշխատում կանանց մէջ եւս յեղափոխական մտքեր սերմանելու: Հրայրը վարժապետ է եղել, որից նա կարողացել էր սովորել գրել-կարդալ եւ բաւական գիտելիքներ ձեռք բերել): Թշնամիներից մէկը՝ Իւսուֆ չաւուշ, որ միւսներից աւելի խիզախ էր, յարձակւում է Քեռու վրայ, բայց վայր է գլորւում սրա գնդակից: Քեռին նկատում է քիչ վերջ, որ Սարօի եւ Սեդրակի կողմ հրացանաձգութիւնը դադարած է, եւ կարծելով թէ նրանք հեռացել, ազատւել են, ինքն էլ է քաշւում գիւղից: Գիշերով վերադառնում է գիւղ, եւ այն ատեն է միայն իմանում, որ Սարօն ու Սեդրակ սպանւել են:
Այս միեւնոյն դէպքի ժամանակ մատնւում է նաեւ Հրայր (Արմենակ), որ այնուհետեւ պարտաւորւած է լինում փախստական ապրել: Քեռին սրա հետ գործով Ախլաթ է գնում, ուրկից վերադառնալիս Չուխուրա-Շամբի մէջ մի անգամ եւսկ ռւի է բռնւում: Այնուհետեւ նա ստանձնում է Խնուս գնալու եւ այնտեղի ժողովուրդը կազմակերպելու գործը: Այդ ժամանակ էր, որ կառավարութիւնից կասկածների է ենթարկւում, իր դրութիւնը օրէ օր վտանգաւոր դառնում, ուստի առժամապէս բարձրանում է Սասուն: Բայց Քեռու պէս յաջողակ մի գործիչ անհրաժեշտ էր Խնուսի համար, այդ պատճառով շատ չանցած վերադարձաւ Խնուս, ուր շարունակեց կազմակերպել ժողովուրդը, զինել նրան ամեն հնարաւոր միջոցներով եւ օգնել փոխադրութիւններին:
Սասունում սկսւեցին կռիւները: Քեռին այդ ատեն իրենց գիղումն էր գտնւում: Համագիւղացիներից մի խումբ է պատրաստում եւ օգնութեան է գնում Սասուն: Մասնակցում է բոլոր կռիւներին, որոնց մէջ ցոյց է տալիս մեծ քաջասրտութիւն եւ շրջանկատ սառնասրտութիւն: Մասնակցում է նաեւ Կոփի կռւին, որից յետոյ, նահանջելու ժամանակ, ջուրը անցնելիս թրջւում է, ապա Կուռթըքի ցրտերից ծանր կերպով ծեծւում եւ հիւանդ վիճակի մէջ վեց ընկերների հետ նորից գնում Կուրավա: Այդ գիւղում նա չէր կարող, ի հարկէ, երկար ժամանակ մնալ, որովհետեւ կառավարութիւնը աւելի քան երբեւիցէ խիստ կերպով հետեւում էր՝ յեղափոխականներին ձեռք ձգելու համար: Քեռին դուրս է գալիս գիւղից, մօտակայ գետի ափում մի գետնափոր սարքել տալիս եւ ընկերներով այնտեղ պահւում առժամապէս: Ոչ ոք տեղեկութիւն չէ ունենում այդ գետնափորի մասին, բացի գիւղից պաշար փոխադրողներից: Դժբախտաբար երկար չէ անցնում եւ պատահմամբ գաղտնիքը յայտնւում է:
Մի օր ընկերներից մէկը, Նազար, գետնափորից դուրս գալով, ջրի ափը իջնելու ժամանակ՝ գիւղի կողմը նկատում է կառավարական զինւորներ. չէ կարողանում երկար ուշանալ դրսում եւ վերադառնում է ընկերների մօտ: Զինւորներն եւս իրենց կարգին նկատում են մենակ հեռացող Նազարին, որ տափարակութեան վրայ յանկարծ անյայտանում է նրանց աչքերից: Այս հանգամանքը աւելի է հետաքրքրում ու կասկածանքի մէջ գցում զինւորներին, որոնք իսկոյն եւ եթ բռնում են Նազարի հետքը: Մօտերքը, սեփական արտի մէջ աշխատելիս է լինում մի գիւղացի. հարցնում են նրանից, նա չէ կարողանում գոհացուցիչ պատասխան տալ, ուստի սպանում են նրան. ապա դարձեալ շարունակում են պրպտել շրջակայքը: Գտնում են մի ցաք, վեր են բարձրացնում այն: Գետնափորը բացւում է զինւորների առաջ, որոնք առանց ժամանակ տալու ներսիններին՝ սկսում են միահամուռ գնդակ տեղալ ներսը: Քեռին վանդակի մէջ փակւած առիւծի կռիւ է մղում եւ նահատակւում բոլոր ընկերների հետ:
Թովմաս Կուրավցի.- Երեսուն տարեկան, ամուսնացած. գիւղի քեաթիպը: Սահակեան շրջանի յեղափոխական կոմիտէի անդամներիցն էր: Մեծ դեր է խաղացել իրանց շրջանի գիւղերը զինելու գործում: Մի քանի անգամ ճամբորդել է Բուլանըխ եւ Խնուս, զէնքեր գնելու համար: Երբ Սասունում սկսւում է կռիւը, նա պատրաստում է կամաւորների խմբեր եւ դաշտից Սասուն ուղարկում: Ինքն էլ պատրաստւում է լեռ գնալ, երբ այնտեղից Քեռին (Կուրավցի) վերադառնալիս է լինում՝ ցրտահար եւ հիւանդ: Մի քանի օր սրան պատսպարում է գիւղում, բայց ինքն եւս կառավարութիւնից իբրեւ յեղափոխական ճանաչւած լինելով, պարտաւորւում է փախստական ապրել. Քեռու եւ ուրիշ ընկերների հետ քաշւում, մտնում է գետեզերքում պատրաստւած գետնափորի մէջ, ուր եւ սպանւում է թուրք զինւորներից:
Խուշիկ Ցրօնքցի.- 25 տարեկան, ամուսնացած, միջահասակ, շէկ մազերով: Նա իրենց գիւղում կազմակերպել էր խմբեր, որոնք հարկը պահանջած ժամանակ՝ պէտք է օգնութեան գնային շրջակայ գիւղերին կամ Սասուն: Երբ յեղափոխական մարտիկ խումբը Առաքելոց վանքում պաշարւած էր, Խուշիկ 6 հոգու զինւած խմբով գնաց նրան միացաւ: Իրանց գիւղումն էր, երբ 1899 թւին, Գուրգէն կռւի բռնւեց թուրք զինւորների հետ եւ նահատակւեց: Սրա յիշատակը նա անմոռաց պահեց իւր սրտում եւ դրանով վրէժխնդրութեան զգացում էր արծարծում համագիւղացիների մէջ: Խուշիկ սպանեց իրանց գիւղացի մի յայտնի մատնիչ, որ զանազան մատնութիւններով 32 հրացան կառավարութեանն էր յանձնել տւել: Յուլիսի 16-ին մասնակցում է Կուրավուի մեծ կռւին, ուր եւ սպանւում է: Ընկերները յարգանքով վերցնում են նահատակի մարմինը եւ թաղում:
Իսրօ Մկրտչեան.- Մոկունքցի, 23 տարեկան, միջահասակ, ուժեղ, գեղեցկադէմ, զւարճախօս եւ լաւ երգիչ: 17 տարեկան հասակում ծանօթացաւ Սերոբ-Աղբիւրի զինւորների հետ: Հէնց այն օրից ի վեր հայդուկային կեանքը շատ գրաւեց նրան: Նա այդ կեանքի սիրահարը դարձաւ. շատ անգամ էր լինում հայդուկների հետ եւ անում նրանց ամեն օգնութիւն՝ ինչ կարող էր: Ծնողքը, նկատելով իրենց որդու հոգեկան փոփոխութիւնը, որ օր օրի վրայ աւելի էր աճում, աշխատեցին արգելել, չափ դնել. բայց Իսրօն միայն իր հոգու թելադրութեանն էր լսում, միայն իր կոչման ձայնին էր ականջ դնում, որին եւ շատ անգամ զոհում էր տնային պարապմունքները:
Երբ յայտնի թիւրք Շէրիֆը, Մոկունքի մէջ, իր գործած մի լրբութեան համար սպանւեց, կառավարութիւնը գիւղից ձերբակալել տւեց գրեթէ 40 անձ: Իսրօն, որ արդէն ճանաչւել էր իբրեւ համակիր յեղափոխականներին, նոյնպէս պէտք է ձերբակալւէր, եթէ շուտով չը հեռանար գիւղից: Փախստական դառնալով՝ գնաց միանալու Անդրանիկի խմբին: Ինչպէս ընդունւած կանոն էր՝ հայդուկային խմբերին միանալ ցանկացող բոլոր նորեկ զինւորների համար, Իսրօն եւս ամբողջ վեց ամիս խմբի հետ պէտք է ման գար առանց զէնքի, միայն զինւորների բեռները վերցնելու եւ հայդուկային կեանքի դժւարութիւններին վարժւելու համար: Իսրօի համար տակաւին այդ որոշւած պայմանաժամը չէր լրացել, երբ առիթ ներկայացաւ՝ իր հայդուկի արժանապատւութիւնը ցոյց տալու: Անդրանիկի խումբը արացել էր Առաքելոց վանքում: Պէտք եղաւ Ուրուղցի Արթենին Սասունից օգնութեան կանչել: Իսրօն երկու ընկերների հետ յաջողութեամբ դուրս է գալիս վանքից եւ խմբապետի հրահանգները տանում Արթենին: Մինչեւ Ուրուղցու հասնելը՝ վանքը աւելի խիստ պաշարւեց. պէտք եղաւ պաշարողներին վրայ տալ: Ընդհարման ժամանակ սպանւում է Գէլեցի Ղազարը. Իսրօն անմիջապէս հանում է սպանւածի զէնքերը, իր վրան առնում եւ սկսում քաջութեամբ կռւել: Խմբի մեծ մասը յաջողում է կտրել թիւրքերի շղթան եւ պաշարւածներին միանալ, իսկ փոքր մասը, որի մէջ եւ Իսրօն, դուրս է մնում եւ ետ դառնում Վանքից՝ ուրիշ ուղղութեամբ: Իսրօն վերադառնում է Մոկունք:
Վանքի կռիւը յաջողութեամբ վերջացնելուց յետոյ՝ Անդրանիկ բարձրացաւ Սասուն եւ այնտեղից Գէորգ Չաւուշի ու Վաղարշակի ղեկավարութեամբ մի խումբ ուղարկեց դաշտ՝ հանգանակութիւն անելու: Իսրօն միացաւ այս խմբին եւ շրջան գործեց դաշտում: Նորշէն գիւղում եղած ժամանակ խումբը պաշարւեցաւ. կռւի ժամանակ Իսրօն իր քաջութեամբ խրախուսիչ օրինակ եղաւ ընկերների համար. նա կռւում էր եւ միեւնոյն ժամանակ երգում – «Ընկերնե՛ր, կանչում էր նա, յիշեցէ՛ք վանքի կռիւը, թշնամին արդէն չափել է մեր գնդակների ոյժը»: –Իսրօն արդէն պաշտօնապէս զինւոր էր. նա հասաւ իր վաղուցւայ փափաքին: Նա զինւորական կանոններին հետեւում էր ամենաճիշտ կերպով, որով առհասարակ շատ սիրելի էր թէ ընկեր-զինւորներին, թէ խմբապետներին եւ թէ պատասխանատու մարմնին: Ընկերների հետ վէճ ու կռիւ ունենալ – նրա ընկերասէր բնաւորութեան համար անծանօթ սովորութիւն էր: Սասնոյ կռիւների առաջին նահատակն եղաւ Իսրօն. սպանւեցաւ Լաճըկանցիքի կռւի սկզբում եւ իր մահովը վրէժ արծարծեց ընկերների սրտի մէջ:
Համբարձում Կօտօեան.- Բնիկ մշեցի. Հարուստ ընտնաիքի զաւակ, չորս եղբայրներից երկրորդը, 21 տարեկան, նոր ամուսնացած, թեթեւաքայլ, կրակոտ նայւածքով եւ յանդուգն բնաւորութեամբ: Մանուկ հասակում յաճախում էր քաղաքի կեդրոնական վարժարանը. բայց երբ դպրոցը գոցւեցաւ եւ երկրորդ եղբայրն էլ մեռաւ, նա պարտաւորւած եղաւ կիսատ թողուլ եւ առեւտրական ասպարէզ մտնել: Համբարձում (Համբօ) փոքր հասակում յայտնի էր իր անհանդարտ բնաւորութեմաբ, չէր պատահում որ մեծ եղբայրը տարւան մէջ մի քանի անգամ կառավարութեան տուգանք չը տար՝ սրա չարաճճիութեան պատճառով: Մեծ հետաքրքրութեամբ էր հետեւում այն բոլոր այցելութիւններին, խօսակցութիւններին, որ մի կարգ մարդիկ գաղտնի կերպով ունենում էին մեծ եղբօր հետ, որը քաղաքում գործող յեղափոխական կարւոր անհատներից մինն էր. թէեւ իր երեխայութեան պատճառով՝ չէր վստահացւում քօղը բաց անել նրա առաջ, այնուամենայնիւ նա առիթներ էր ստեղծում իր հետաքրքրութիւնը գոհացնելու համար: Շատ անգամ, երբ իմանում էր որ այստեղ կամ այնտեղ յեղափոխականները համախմբում ունին, որպէսզի առիթ ունենար նրանց տեսնելու, նրանց հետ շփւելու, պատրւակելով թէ եղբօր կողմից է ուղարկւած, գնում էր նրանց մօտ՝ առանց թոյլտւութիւն ուզելու:
Տակաւին փոքր հասակի մէջ՝ Համբարձում տեսաւ, թէ ինչպէս կառավարութիւնը իր մեծ եղբօրը՝ Հաջուն շղթայակապ աքսոր էր քշում: Նրա մատաղ երեւակայութեան մէջ բեւեռւած մնաց այդ յուզիչ պատկերը, եւ օրէցօր իր մէջ աւելացրեց ատելութեան եւ վրէժի թոյնը: Հաջին վերադարձաւ աքսորից: Կառավարութիւնը շարունակում էր խորթ աչքով նայել նրա վրայ: Մի օր, երբ իրենց ընտանեկան շրջանում, խօսք է լինում Հաջու կասկածելի եւ անապահով դրութեան մասին, Համբարձում ասում է եղբօրը. «Ի՞նչ ես սպասում: Նորի՞ց պիտի երթաս բանտի մէջ կեանքդ մաշեցնելու. Անդրանիկը այնտեղ է – Սասունին ակնարկելով – նա պէտք ունի, գնա՛, նրան միացի՛ր»: Հաջին այդպէս էլ անում է: Շատ չի անցնում, չորրորդ եղբայրն էլ է բանտարկւում: Տանը ինքը մնում է մենակ. բայց այս հանգամանքը արգելք չի լինում նրան՝ թէ տնային գործերը հոգալու եւ թէ միանգամայն կատարելու յեղափոխականի պարտականութիւնները: Առաքելոց վանքի պաշարման ժամանակ դրսի հետ յարաբերութիւն պահպանող սուրհանդակներից մինն էր: Մշոյ «Ծաղիկ» խմբի տասնապետ էր նշանակւած:
Վերջապէս սկսւում է կռիւը: Հրացանները սկսում են որոտալ Սասունում եւ արիւնը նորից ներկում է խրոխտ լեռները: Մշոյ դաշտում հնչում է կամաւորների կոչը: Համբօն էլ է հրացան վերցնում եւ պատրաստւում գնալու. Բարեկամները շատ են աշխատում համոզել նրան, ետ կանգնեցնել իր նպատակից, բայց նա կտրուկ կերպով պատասխանում է իրեն արգելողներին. «Եթէ մեր տունը իմ հեռանալով մենակ է մնում՝ առանց օգնականի, այդ հոգս չէ, որովհետեւ այնտեղ լեռներում հարիւրաւոր ընտանիքներ կան՝ մենակ եւ օգնութեան կարօտ: Եւ եթէ դուք ասում էք, թէ Սասունը պաշարել են թիւրքերը եւ ներս մտնելը վտանգաւոր է, ես ասում եմ, որ նոյնիսկ հարիւրապատիկ սատանաներ պաշարած լինեն Սասուն, ես դարձեալ պիտի անցնեմ, այնտեղ հասնեմ: Ես այդ երդւել եմ անել»: Եւ բարեկամներ, հակառակ իրենց խիստ հսկողութեան, մի օր զարմացած լսեցին որ Համբօն երկու ընկերների հետ գնացել է արդէն:
Նա գնացել էր: Հարստահարւած ընտանիքների իրաւունքը, ճնշւած եղբարյների բողոքը անչափ վառել էին ճշմարիտ հայրենասէրի կտրիճ ոգին: Մասնակցում է Սասնոյ կռիւներին, ներկայ էր նաեւ Քոփի կռւի ժամանակ եւ ամենից աւելի ոգեւորւած խիզախողներից մէկն էր: Երբ թշնամին պարտւած ետ դառնալու վրայ էր, Համբօն դուրս է նետւում դիրքից եւ յարձակւում թունդ պայքարի ժամանակ՝ չէ իմանում թէ ինչպէս է վիրաւորւում. բայց վէրքերի պաղելուն ուշաթափ գետին է ընկնում: Կռիւը վերջանում է. ընկերները մօտ են գալիս. նա բաց է անում աչքերը, ջուր է ուզում եւ հարցնում կռւի վախճանի մասին. երբ իմանում է որ յաղթութիւնը տարւած է, մրմնջում է. «Է՜հ ուրեմն ես հանգիստ կը մեռնեմ, իսկ դուք գնացէք եւ սիրած գործս շարունակեցէք»: Ջուր են տալիս: Համբօն գոցում է աչքերը եւ անշարժ ընկնում: Ընկերները կարծելով որ հոգին աւանդեց, համբուրում են անգին ընկերոջ եւ արիասիրտ նահատակի մարմինը եւ հեռանում: Երեք օր վերջ նոյն տեղից անցնում են սասունցիներ, գտնում են Համբօին մացառների ետեւ պահւըտած, բոլորովին գունաթափ, կմախքացած, բայց... տակաւին կենդանի: Վերցնում են նրան ու հետերնին դաշտ տանում, ուր 15 օր եւս փախստական հիւանդի տառապալից կեանք վարելուց յետոյ, ստացած վէրքերից մեռնում... Ընկերները արժանաւոր կերպով յարգած լինելու համար անմոռանալի ընկերոջ յիշատակը, փառաւոր հանդիսով նրա մարմինը թաղել են տալիս եկեղեցու մէջ:
Քէլ Օհաննէս Զիարաթցի.- 45 տարեկան, միջահասակ, երկար բեխերով, խրոխտ նայւածքով: Իր տոկունութեան եւ քաջութեան համար ընկերներից ստացաւ Քէլ մակդիրը: 15 տարեկան հասակից սկսած՝ պանդխտութեան մէջ էր գրեթէ 30 տարի շարունակ: Գլխաւորապէս եղել էր Իզմիրում: Երբ ծանօթացաւ յեղափոխականների հետ եւ իրեն համար պարզւեց նրանց գործունէութեան նպատակը, հիմնովին յեղաշրջեց իր մտածելու եւ ապրելու կերպը: Այլ եւս նրա համրա զզւելի դարձաւ պանդուխտի միօրինակ եւ աննպատակ կեանքը. օտարութիւնը նրա համար կորցրեց իր բոլոր հրապոյրը, հայրենի երկրի յիշատակներն ու ցաւերը օրէցօր գրաւում էին նրա մտածմունքը եւ նա փշի վրայ էր զգում իրեն հեռու հայրենի հողից ու ջրից: հայրենիքում տիրած սարսափները փոխանակ վախեցնելու նրան, վրէժի հատուցման զգացումն էին վառում նրա սրտում: Այդ զգացումը եւ հայրենի կարօտը վերջապէս նրան քաշեցին դէպի երկիր մի քանի ուրիշ ընկերների հետ: Երկիր մտնելուց յետոյ՝ իրեն դրեց յեղափոխական մարմնի տրամադրութեան տակ, նրա որոշումով կատարեց մի տէրրօր նոյնիսկ իր հօրեղբօր վրայ, որ մի կարգ մատնութիւններով իրենց գերդաստանի պատիւն էր արտաւորել: Այդ տէրրօրից յետոյ՝ Օհաննէս պաշտօնապէս ճանաչւեց զինւորական մարմնի անդամ եւ աչքի ընկնող մասնակցութիւն ունեցաւ Սասնոյ կռիւների մէջ... Նահատակւեց Գէլիէ-Գուզանի կռւի ժամանակ:
Փոքրիկ Պետրոս (Ներսէսեան).- Մշոյ դշատի Արագ գիւղից. 18 տարեկան, վառվռուն աչքերով, վայելչակազմ եւ աշխոյժ զինւոր: Հազիւ գաղափար էր կազմել յեղափոխութեան վրայ, երբ ամենաբուռն փափագով որոշեց զինւոր դառնալ: Այդ նպատակով մի քանի անգամներ դիմում արեց տեղական յեղափոխական մարմիններին, որոնք մերժեցին բաւականութիւն տալ նրա խնդիրքին՝ առարկելով թէ փոքր է եւ չի կարող տոկալ հայդուկային կեանքի պայմաններին: Պետրոս վիրաւորւած է զգում իրեն, երբ ուղիղ իր երեսին անկարող են անւանում իրեն, բայց առանց մէկին յայտնելու իր վիրաւորանքը, լուռ անցնում գնում է: Քիչ ժամանակ յետոյ՝ նորից է յայտնում, հետը բերելով մի հրացան որ խլած էր մի քիւրդ բէգից: Այս անգամ նա երկար չը խնդրեց.- բերած հրացանը արդէն բաւական մեծ փաստ էր իր քաջութեան: Զինւորների շարքում ընդունւեց եւ սկսեց զինավարժութեամբ պարապիլ: Իր գրաւիչ եւ ընկերասէր վարմունքով այնքան սիրելի դարձաւ ընկերներին, որ սրանք խմբի հրեշտակ էին կոչում նրան: Սսաունի կռիւներին մասնակցելուց յետոյ, Շամիրամի կռւի ժամանակ եւս՝ խմբի հետ էր գտնւում:
Շամիրամ գիւղում, արշալոյսին, պահապանը լուր է բերում, թէ թշնամիները ուզում են գիւղը պաշարել: Բոլոր զինւորները նախորդ օրերի յոգնութիւնից՝ խոր քնով քնած են լինում: Պետրոս պաշարւելու լուրը առնելուն պէս, երկու ընկերներով անմիջապէս դուրս է թռչում դէպի թշնամիները: Եւ մինչ միւս ընկերները արթնանում, պատրաստւում եւ խմբերի էին բաժանւում, նա արդէն դիրք բռնած կռւելիս է լինում թշնամու դէմ. բայց անողոք գնդակը ուրտեղից որ է ծակում է նրա գանգը ու անցնում: Փոքրիկ ֆէդային իր անմեղմելի թափին մէջ վար է գլորւում, նահատակ...
Սիմօն Պօղոսեան.- Սա Խնուսի Խալիլ-Չաւուշ գիւղից էր եւ ամենահարուստ ընտանիքի զաւակ: 15 տարեկան էր տակաւին, երբ մասնակցում էր Համբարձում Պօյաճեանի (Հնչակեան յայտնի գործիչ Մեծն Մուրատ) գործունէութեան: Բոլոր յեղափոխական անհատներին ու խմբերին, որոնք պէտք է Խնուսից անցնէին, նա էր ընդունում, պատսպարում ու ճամբայ գցում: Մի անգամ մի քանի ընկերներով ընդհարում ունեցաւ Ջիբրանցի աւազակների հետ, որոնց յաղթեց եւ հալածեց: Իր կռւելու ընդունակութիւնների պատճառով՝ մեծ յարգանք էր վայելում քրդերից, որոնք նոյնիսկ իր անունը լսելիս դողում էին: 1895 թւին եւս մի ընդհարում ունեցաւ Հաջի-Հայդար-Շէյխի հետ, որին եւ սպանեց: Այնուհետեւ Սիմօնի համար դժւար եղաւ, թշնամիների պատճառով, իրենց գիւղը մնալ, ուստի պարտաւորուեցաւ ընտանիքով փոխադրւիլ Արօս գիւղը: Ծանօթացաւ Հրայրի հետ եւ նրա զինւորներին միանալով, սկսեց այս կամ այն յանձնարարութեամբ շրջել Խնուսի գիւղերը. յաջողեց մի քանիսին շատ լաւ զինել, որոնք 1895 թւի կոտորածների ժամանակ մեծ ինքնապաշտպանութիւն ցոյց տւին քիւրդերի եւ թիւրքերի դէմ: Այդ նոյն կոտորածների ժամանակ՝ Սիմօն մի զինւած խմբով փոփոխակի օգնութեան հասաւ Էլբիս, Քաղքիկ, Հարամիկ եւ ուրիշ գիւղերի, որոնց պաշտպանեց թէ կոտորւելուց եւ թէ թալանւելուց: Կոտորածներից վերջ վերադառնում է տուն: Գիւղի տղան, որ շատ լաւ էր ճանաչում Սիմօնի ամեն մի քայլափոխը, ձերբակալել տւեց նրան, իբրեւ Հաջի-Հայդարի սպանողին, եւ Կարին ուղարկեց, ուր երեք տարի մնաց բանտարկւած:
Ազատւելուց յետոյ նա դարձեալ գտաւ Հրայրին, դարձեալ շարունակեց նախկին գործունէութիւնը: Տէրրօրի է ենթարկում սեփական ձեռքով Թաթուլի (Արամ Արամեան) մատնիչին, որ իր հօրեղբօր տղան էր, Տիգրան անունով (Տիգրան Գէորգեան «Ազրայէլ». Ահաբեկուած Խնուսի մէջ 14 նոյեմբեր 1903-ին): Մատնիչի արիւնը թափելուց յետոյ, ընկերական պարտականութիւնը կատարած՝ քաշւում է Սասուն: Այնտեղ մասնակցեց կռւի համար լինելիք նախապատրաստաութիւններին եւ ապա սկսւեց կռւի փոթորիկը, անվախ նետւեց նրա մէջ: Կռիւներից վերջ Քեռու հետ վերադարձաւ դաշտ եւ նրա հետ էլ սպանւեցաւ պատմական գետնափորի մէջ:
Արթեն Շէնըքցի.- 21 տարեկան, երկարահասակ, շէկ մազերով, եռանդուն երիտասարդ: Յեղափոխական գործը միշտ բարձր էր դասում ստեփական գործերից, եւ շատ անգամ վերջիններս զոհում առաջիններին: Մասնակցեցաւ Լաճըկանցիքի կռւին, եւ այնտեղ ծնկներից վիրաւորւելով՝ փոխադրւեց հիւանդանոց, Խդան գուղը: Երբ թիւրքերը գրաւեցին Գէլիէ-Գուզան, մտան նաեւ Խդան, ուր նոյնիսկ հիւանդանոցին մէջ սպանեցին Արթենին:
Խաչիկ Մշեցի.- 22 տարեկան, միջահասակ, շէկ մազերով, ծաղկատար, կորովի երիտասարդ: Փոքր հասակից իսկ՝ աչքի էր ընկնում իր կռւող բնաւորութեամբ. շատ անգամ էր պատահում, որ նոյնիսկ ամենաչնչին առիթով կռիւներ էր անում թուրք երեխաների հետ, որով միշտ տեղի էր տալիս հօր յանդիմանութիւններին: Հայրը որմնադիր էր. ինք եւս մի ժամանակ այդ արհեստով օգնեց հօրը: Բայց որմնադրի աշխատութիւնը շուտով ձանձրացրեց նրան... Նրա միակ ցանկութիւնն էր զինւոր դառնալ եւ Սասուն երթալ: Այդ առիթով նա դիմումներ արեց յեղափոխական մարմիններին, բայց մի քանի անգամներ մերժւեց: Սակայն երբ կռիւը սկսւեց, նա ինքնաբերաբար մտաւ կռւողների շարքը: Գէլիէ-Գուզանի կռւի ժամանակ վիրաւորւեց եւ գերի ընկաւ թիւրքերի ձեռքը, որոնք խնամքով վերցրին իրեն, յոյս ունենալով որ պիտի կարողանան նրանից գաղտնիքներ որսալ: Այդ նպատակով առանձին ջանք թափեց նոյնիսկ կուսակալը, բայց միշա ի զուր: Վերջին անգամ, երբ թշնամիները յոյսները կտրեցին նրանից ոեւէ գաղտնիք կորզելու, փայտի հարւածների տակ՝ ջարդ ու փշուր՝ սպանեցին...
Տէր Գաբրիէլ Փուրխվացի.- 40 տարեկան: Աչքի ընկնող մասնակցութիւն ունեցաւ գործին 1894 թւի կռիւների ժամանակ, երբ իր օրինակելի քաջութեամբ խրախոյս եղաւ շատերին: Կռւից, կոտորածից յետոյ՝ Քօռ-Սըլօ յայտնի քիւրդ աղան նրան ընտանիքով միասին աքսորեց Բսանաց գաւառ, ուր մի քանի տարի մնալուց յետյո՝ կրկին վերադարձաւ Փուրխվա (Տալւորիկի մի թաղ): Երբ Հրայր Տալւոիկ մտաւ, Տէր-Գաբրիէլ բարոյական մեծ օժանդակութիւն ցոյց տւաւ նրան, ոյժ տալով նրա պրօպագանդին: Կռիւների ատեն, երբ պէտք եղաւ Տալւորիկի ժողովուրդը փոխդարել Գէլիէ-Գուզան, նա էլ եկաւ իր հօտի հետ եւ մասնակցեցաւ միօրեայ կռւին: Կռիւներից վերջ՝ Տալւորիկ է վերադառնում. ճանապարհին յանկարծակի կերպով պաշարւում է քրդերից եւ սպանւում, Խլհովիտցի Կամէ անունով 80 ամեայ մի ծերունու հետ:
Ալէքսան Մահտէսի Աղաջանեան.- Մշեցի, 30 տարեկան, գեղեցկադէմ եւ առոյգ երիտասարդ, հարուստ ընտանիքի զաւակ, հայրը քաղաքի մեծ կալւածատէրերից մինն էր: Գիտէր լաւ ձի նստել եւ ուղիղ նշան խփել: Երբեմն ծառայում էր կառավարութեան մօտ՝ իբրեւ ձիաւոր ոստիկան: Վերջերը թողել էր այդ ծառայութիւնը եւ գործումէ ր իբրեւ յեղափոխական: Սասուն գնացող կամաւորներից մէկը եղաւ: Ծնողքը շատ աշխատեցան նրան արգիլել լեռ գնալու եւ յաոջղեցին էլ անգամ: Բայց մի օր Ալէքսանն իր զէնքերը մօտակայ գիւղը ուղարկելով, ինքն եւս մի պատրւակով տնից դուրս գալով՝ ուրիշ կամաւորների հետ գաղտնի՝ Սասուն անցաւ: Կռւի ամենատագնապալի ժամանակն էր: Թշնամին պաշարել էր Գէլիէ-Գուզանը իր շրջականերով: Լինում է Մըջըլների ամենավտանգաւոր կռւում. նոյնպէս եւ Քոփի վանքի կռւում: այս վերջին կռւից յետոյ գետն անցնելիս, ջրի հոսանքիցն է տարւում թէ Կուռթըք բարձրանալիս սառնամանիքին զոհ լինում, յայտնի չէ. անյայտանում է:
Վահան Ակէեան.- Մշեցի, 25 տարեկան, ամուսնացած. հայրը կօշկակար էր, ինքն եւս պարապում էր նոյն արհեստով: Կռիւները սկսելուն մտնում է կամաւոր զինւորների շարքի մէջ: Դաշտ վերադառնալիս՝ Կուռթըքի բուքերից է բռնւում, ընկերներից ետ մնում ու ցրտահար մեռնում: Մի քանի օր վերջ ճամբորդ սասունցիներ պատահում են նրա դիակին, զէնքերը վրայից առնում են եւ թաղում:
Ըռքօ Կընէեան.- Շէնըքցի, 85 տարեկան, բոլորովին ալեւորած, երկարահասակ, կարմրերես եւ երիտասարդական աշխոյժով. դէմքի աջ կողմի վրայ ճակատից մինչեւ այտի կէսը կրում էր մի խոր սպի, մի ուրիշը ճակատի ձախ կողմում, դաշոյնի ուրիշ երկու հարւածներ եւս նկատւում էին ձեռքի եւ կողի վրայ եւ այդ սպիները ստացել էր քրդերի դէմ եղած կռիւների մէջ, որոնցով լի է իր երիտասարդական կեանքի պատմութիւնը: Քիւրդերի վրայ յարձակւիլ, նրանց ոչխար, տաւարը թալանել, փոխադարձաբար նրանց պատճառած մէկ վնասի փոխարէն տասն հատուցանել, նրա համար ամենասովորական բաներ էին: Այդպիսով նա մեծ սարսափ էր թողել քիւրդերի մէջ: 1894 թւի կռիւների ժամանակ մեծ քաջութեամբ կռւեցաւ թիւրքերի եւ քիւրդերի դէմ, իսկ այս վերջին կռիւների ատեն երբէք կռւողների առաջին շարքերից չը հեռացաւ: Երբ որ թշնամին պիտի գրաւէր իրենց գիւղը, իր ոչխարն ու տաւարը փոխադրել տալուց յետոյ, իր ձեռքով այրեց տան բոլոր պաշարեղէնները, որպէսզի թշնամիները չօգտւէին նրանցից: Գէլիէ-Գուզանի գրաւումից յետոյ, դաշտ իջնելու ժամանակ, Կուռթըքի մօտ, հանդիպում է մի խումբ քիւրդերի, որոնք ճանաչում են նրնա եւ շրջապատում: Ըռքօն հերոսաբար կռւում է, բայց եւ սպանւում: Թշնամիները կտոր կտոր են անում նրա մարմինը...
Կուրճօ Կընէեան.- Նախորդի եղբայրը, 70 տարեկան, սպանւում է, յայտնի չէ, կռիւներից ո՛րի մէջ:
Արութ Հարթերթցի.- 20 տարեկան, ընկերների հետ կռւած է եղել Աղճան գիւղում, ուր եւ սպանւել է:
Չորս Աղճանցիներ Արշակ, Տիգրան, Սէյդօ եւ Մինաս.- Չորսն էլ կտրիճ զինւորներ: Կռիւների սկսելուն Սասուն գնացին իբրեւ կամաւորներ եւ մասնակցեցան բոլոր կռիւներին: Դաշտ վերադարձին, երբ Անդրանիկ սկսում է Կուրավուի մեծ կռիւը, սրանք եւս կռւում են Աղճանում. մի օրւայ պայքարից յետոյ անցնում են Շէյխ-Իւսուֆ գիւղը, ուր շարունակում են կռւիլ մինչեւ կէսօր. միայն վերջին փամփուշտը կրակելուց յետոյ է որ իրենք եւս սպանւում են:
Յակոբ Կորավցի.- 34 տարեկան, ամուսնացած, եռանդուն երիտասարդ: Եղել է Սասնոյ բոլոր կռիւներում: Սապնւեց Քեռու հետ:
Գասպար Կուրավցի.- 28 տարեկան, ամուսնացած, հարուստ ընտանիքի զաւակ. բաւական ժամանակ իբրեւ զինւոր ծառայել է Սասունի խմբերի մէջ, ապա իրենց գիւղը վերադառնալով աշխատել է տեղական գործերում: Երբ Քեռին վերադառնում է Սասունից, միանում է նրան եւ նրա հետ էլ սպանւում:
Նազար ԿՈւրավցի.- 27 տարեկան, նոր ամուսնացած: 1904 թւին, երբ Հրայր փախստական է դառնում, սա իբրեւ զինւոր միանում է նրան, գնում է Ախլաթի կողմերը: Երբ Հրայր Սասուն է անցնում, Նազար առժամանակ զէնքը յանձնում է ու վերադառնում գիւղ: Կռւիները սկսելուն լեռն է գոնւմ, մասնակցում է Գէլիէ-Գուզանի կռւին, ապա Քեռու հետ դաշտ վերադառնում եւ նրա հետ էլ սպանւում:
Գալօ Մովսէսեան.- Աղբեցի, 70 տարեկան: 15 տարեկան հասակից սկսած մինչեւ ալեւորելը պարապելիս է եղել հովւութեամբ. իր օրերը անցրել է միշտ բնակութիւններից հեռու լեռներում: Այն օր, երբ առաջին յեղափոխականը յայտնւել է Սասունում, նա ամեն կերպ օգնութիւն է արել լեռան հայդուկին: Վերջին կռիւների ատեն քիւրդերը հասնում են եւ նրա բարձունքներին. նա կռւում է քաջաբար եւ ինքնիրեն պաշտպանելով՝ անցնում է երկու ժամւայ ճանապարհ, այնուհանդարձ քիւրդերը շարունակում են հետապնդել նրան եւ նա, ազատւելու հնարաւորութիւնից ու միջոցնեիրց զրկւած, սպանւում է... Խաղաղ, աշխարհի չարն ու բարիից հեռու հովւի արիւնն էլ է հոսում...
Ոսկան Արաղցի.- 17 տարեկան: Սա 1903 թւին Մշում ծառայելիս է եղել մի Յոյն բժշկի մօտ: Մի օր գալիս են իր գիւղի ընկերներից մի քանիսը եւ համոզում նրան՝ վերցնել իր տիրոջ փողերը եւ իրենց հետ փախչել Սասուն՝ յեղափոխականների մօտ, որ այդ փողով զէնք առնեն եւ զինւոր դառնան: Ոսկանի պատանեկան երեւակայութիւնը շուտով խաբւում է եւ նա ընկերների խորհուրդը գործադրում է. վերցնում է բժշկի 80 լիրան եւ փախչում Սասուն: Բժիշկը տեղն ու տեղը իմանում է եղելութիւնը եւ լուր է ճամբում Հրայրին իր փողերի համար: Հրայրը կանչում, հարցաքննում է Ոսկանին, որ ամբողջապէս խոստովանում է իր խաբէութիւնը ու անմիջապէս յանձնում է փողերը, որ տիրոջն են ուղարկւում:
Ոսկանը մնաց Սասուն. նրա փափագը գոնէ փոքր չափով գոհացնելու համար, թոյլ տրւեց որ յարաբերութիւն ունենայ զինւորների հետ: Կռիւների ժամանակ թէեւ իբրեւ կռւող մասնակցութիւն չունեցաւ, բայց իր բաժին օգնութիւնը արեց կռւողներին՝ ժամանակին փոխադրութիւններ անելով եւ այլն: Դաշտ իջնելուց յետոյ, մի անգամ, երբ իրանց գիւղից զինւորներին հաց է առնելիս լինում, կառավարական զօրքեր նշմարում են նրան, վրայ տալիս եւ սպանում: Անփորձ, բայց վառվռուն եւ անձնւէր աշակերտ յեղափոխութեան:
Կրպէ Սէմալցի.- 35 տարեկան, երկարահասակ, ուժեղ եւ կատաղի կռւող: Գիւղի իշխններից մէկն էր. իրենց ցեղի անունն է Կապրցի կամ Պօղկներ. Բաղկանում է 70 տնից, ցրւած Սասունի այս ու այն գիւղերում, եւ քիւրդերի մօտ, իբրեւ կռւող ոյժ, մեծ անուն ունի: Կրպէն եղբայրն է յայտնի Գրգօի, որին կառավարութիւնը 10 տարի առաջ խաբեբայութեամբ բանտարկեց Պիթլիսի մէջ եւ քիչ ժամանակ վերջ խեղդել տւեց:
Շատ անգամ առանձինն յաջող ընդհարումներ է ունեցել քիւրդերի հետ: Մօտ տարիներումս Քաջի-Ջահվար անունով մի քիւրդ աղա Սէմալ է գալիս եւ կառավարութեաննը կասկածելի հանչցւած երկու երիտասարդներ բռնում է ու տանում: Այդ ատեն գիւղացիները դաշտում աշխատելիս են լինում: Կրպէն մի քանի ընկերներով Ջահվարի վրայ է յարձակւում եւ մի փոքր կռւից յետոյ խլում է ձերբակալւածներին:
Մասնակցում է Լաճըկանցիքի եւ Սէմալի կռիւներին: Վերջին կռւի ժամանակ սպանւում է Հրայրի հետ միասին:
Աստուր Մոկացի.- 26 տարեկան, բարձրահասակ, թիկնաւէտ, ծաշկատար եւ խոշոր դիմագծերով. Դաշնակցութեան ամենալաւ զինւորներից մինն է եղել: Իր ոյժի մասին մի գաղափար տալու համար ընկերները պատմում են, որ կատակի ժամանակ իրենցից մէկի կամ միւսին ամենայն դիւրութեամբ մէկ ձեռքով բռնում, վեր էր բարձրացնում կամ նետում:
Սպանւեց Կծվակի կռւում:
Գիրօ Ալիանցի.- 20 տարեկան, ամուսնացած, գիւղի մէջ յայտնի իր քաջասրտութեամբ: Մի քանի անգամ մասնաւոր կռիւներ է ունեցել քիւրդերի դէմ: Շէնըքի կռւին, չը նայելով որ ձեռքում ունեցածը մի չախմախլի հրացան էր, այնուհանդերձ թիւրք ձիաւոր զինւորների դէմ ամենից աւելի խիզախողենրիցն էր. սպանւեց այդ նոյն կռւի մէջ: Ականատեսները պատմում են, որ նրա սպանւելուն ներկայ են լինում նաեւ մայրն ու եղբայրը. վերջինս, եղբայրական սիրուց տարւած, աճապարում է նրա դիակը վերցնելու, բայց մայրը մի կողմ է հրում նրան՝ ասելով. «Մեռածը թո՛ղ դրա համար յետոյ էլ կարելի է հոգալ, դու վրէժ լուծել աշխատիր»...
Խաչիկ Գիէլիէ-Գուզանցի.- Ռէս Թաթօի տղան, 18 տարեկան, շէկ, միջահասակ: Դեռ շատ կանուխից ուզում էր հայդուկ դառնալ, բայց հասակի փոքրութեան պատճառով մերժում էին իր խնդիրքը: Սպանւեցաւ Կռըշիկի մօտ թիւրքերի դէմ տեղի ունեցած մի ընդհարման մէջ:
Մխիթար Կուրավցի.- 21 տարեկան, ամուսնացած: Քեռու պատրաստած յեղափոխականներից մինն էր: Երբ լեռնից կամաւորներին հրաւէր եկաւ, վերցրեց սեփական փողով գնած հրացանը եւ ուրիշ ընկերների հետ՝ Սասուն բարձրացաւ: Նահանջի ժամանակ՝ Քոփի կռւի մէջ նահատակւեց:
Ըռնօ Դաեօ.- Հայրենիքի ազատագրութեան գործի համար մեր այս նահատակ ընկերների շարքի մէջ, մեզ պարտականութիւն ենք համարում մի քանի տողով յիշատակել ե՛ւ մի սասունցուհու Ըռբօի այն գորովն ու անձնւիրութիւնը դէպի ֆէդայիները, որով արժանի եղաւ սրանց Մայրիկը (Դաեօ) կոչւելուն:
Ըռբօն մի այրի կին էր, գրեթէ 70 տարեկան, զրկւած միանգամայն երկու աչքերից. ունէր 5 տղայ եւ 3 աղջիկ զաւակ, որոնցից մի տղան եւ մի աղջիկը խուլ ու համր էին: Իրենց տունը գտնւում էր Գէլիէ-Գուզանի Մխիթար թաղում: Բնութեամբ լինելով բարեպաշտ եւ հւիրասէր՝ նա խիստ գորովալիր էր մասնաւորապէս մայրերնին կորցրած Մեծ Մօր փնտռելու ելնողներին: Իր ամուսին Աւօից եւս, նրա մահւան ժամանակ, ստացել էր մանաւանդ հետեւեալ կտակը,- չը խնայել ամեն կերպ պաշտպանութիւն եւ օգնութիւն ֆէդայիներին: Սասուն հաւաքւած մեր զինւորներից ո՞րն է որ անծանօթ է Դաեօին կամ կարող է մոառանալ նրա յիշատակը: Շատ քիչ անգամ էր լինում որ նա առանց ֆէդայիների սեղան նստէր: Իսկ երբ սրանք ներկայ էին լինում, մարդ կարող էր շփոթել թէ ո՛րն է տանտէրը եւ որը հիւր. բոլորը կրածես նոյն տան անդամները լինէին, միեւնոյն մօր զաւակները: Երբ զինւորները մեկնելիս էին լինում, նա միշտ լաց էր լինում եւ շա՛տ խնդրում, որ գոնէ շուտով վերադառնան: Այնքան էր ընտելացել բոլորին, որ իւրաքանչիւրին ձայնից ճանաչում էր:
Պատահում էր որ զինւորները հեռւեց իջնում էին դէպի մօտակայք, այն ատեն նա իր տղաներին էր դիմում այս խօքերով. «Օ՜, մալավէ՛ք, կըսին տղէք ըկել են, ջամբրուկ մի քեատ ու մատ, սիր ընէ, թացան տարէ՛ք, գացէ՛ք մըտ տղէք, ի՞նչ նստըր իք մալավա՛, ծպացէ՛ք...»: –Իր զաւակներից մի տղան մշտական զինւոր էր դարձրել, որ շրջում էր խմբերի հետ, իսկ ուրիշ երկուքը տեղական զինւորների կարգումն էին:
Յիշենք այստեղ իր կեանքի վերջին օրերից մի անեկդոտ, որ բացատրում է թէ ի՛նչ էր զգում նա այդ ատենները: Երբ կռիւները կամաց-կամաց փոխադրւեցան աւելի հեռուներից դէպի Գէլիէ-Գուանի շրջակայքը, նա քաշւել էր մի պուրակի մէջ եւ այնտեղ էր անցկացնում իր ժամերը: Պէտք է երեւակայել թէ սրտի ի՜նչպիսի տրոփիւնով էր ականջ կախում պարբերաբար իրեն մօտեցող հարսների կամ զինւորների քայլերի ձայնին, ի՜նչպէս ականջով լափում էր ամեն մի պատմւածք կռիւների ընթացքի մասին, ի՜նչպէս ուրախանում, ի՜նչպէս էր յուզւում ու աղօթում...
Մի օր երբ իր առանձնութեան մէջ նստած՝ հետեւելիս է լինում հեռւում որոտացող հրացանների ձայնին, իր քովի թփերի միջից լսում է մի երեխայի ձայն, որը հետզհետէ աւելի է մօտենում, մինչեւ որ մի չորս տարեկան երեխայ իր դիմացն է կանգնում: Նա իր մայրն էր փնտրում, որ իրեն պուրակի մէջ թողնելով՝ գնացել էր զինւորների համար պաշար տանելու եւ որ ուշացել էր եւ որ շա՜տ ուշացաւ... է՜հ, մայրը պատրաստ էր արդէն. Ըռբօն դրաւ նրան իր ծնկների վրայ ու սկսեց փայփայել երեխային, որ նոյնէս կարիք էր զգում ընկերոջ, մի կենդանի շունչի...
Երեկոյեան կողմ նրա մօտ են գալիս երկու զինւորներ, իրեն տեղափոխելու համար: Վեր է կենում Ըռբօն եւ միեւնոյն ատեն ետեւից քաշ տալիս անտէր երեխային: «Ի՞նչ ես ետեւիցդ քաշ տալիս այդ երեխային, նկատում են նրան, թո՛ղ դրան այստեղ, մայրը ուր որ է կը գայ, կը վերցնի»–առհասարակ նման դէպքեր պատահում են–«է՜հ լա՛օ, ընչի իմալ կըսիք, հիմի Աստւած կըրակ կ'արկէ մըր վրայ, իս զէդի կը պհէմ, որ Աստուած տեսնի ու զձըց անփուր անի»:
Գէլիէ-Գուզանի կռւից վերջ փոխադրւում է Կըռշիկ, ուր վրայ են տալիս քիւրդերը: Սրանց եւ Ըռբօի հետ եղողների միջեւ տեղի է ունենում խիստկ ռւ: Այստեղ սպանւո՛ւմ է Ըռբօն, եւ Դատօի արիւնն էլ խառնում է սիրած զինւորների արեան...